RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



Տեղադրվել է` 2020-03-05 23:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1717, Տպվել է` 246, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՔՆԱՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ «ԴԱՎԱՃԱՆ» ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԵՏ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իդլիբի ճգնաժամի թեժ պահին Թուրքիայի նախագահ Էրդողանը իր թվիթերյան էջում հանդես է եկել կոչով: Նրա խոսքերովՙ ներկայումս պայքար է ծավալվել Թուրքիայի այսօրվա եւ վաղվա համար եւ տարածաշրջանի իրադարձությունները Թուրքիայի համար պակաս կարեւոր չեն, քան մոտ հարյուր տարի առաջ տեղի ունեցածները, երբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ ազգային-ազատագրական պայքար էր մղվում: Ըստ որում, նախագահն ավելացրել է, որ «այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է Թուրքիան, իր ամբողջ պատմության ընթացքում բախվել է գրավման վտանգին, եւ մենք չենք մոռանա ոչ մի դավաճանություն»:

Աթաթուրքի օրինակով պատմական փաստերին դիմելը, մեղմ ասած, կարելի է անվայել համարել թեկուզ այն պատճառով, որ Աթաթուրքը պայքար է մղել իր երկրի տարածքում, մինչդեռ Էրդողանը ռազմական գործողություններ է ձեռնարկում հարեւան երկրների հողերում, մասնավորապես Իրաքի եւ Սիրիայի տարածքներում, ինչպես նաեւ ռազմական ստորաբաժանումներ է ուղարկել Լիբիա:

Փաստորեն արմատավորելով պատմական ռեւանշիզմի գաղափարը, Էրդողանն ընթանում է առնվազն Օսմանյան կայսրության սահմանները վերականգնելու ուղիով: Բայց ամենագլխավորն այն է, որ Էրդողանը Աթաթուրքին եւ նրա զինակիցներին անվանում է գրեթե ազգային դավաճաններ:

Ելույթ ունենալով Աթաթուրքի մահվան 79-րդ տարելիցի արարողության ժամանակ, Էրդողանը հայտարարեց. «Թուրքիան չկարողացավ իր սահմանները պաշտպանել ազգային-ազատագրական պայքարի սկզբնական փուլում: Հարավային սահմանների մոտ անհաջողության գլխավոր պատճառը հրաժարումն էր ազգային ազատագրական պայքարի նպատակներից: Եթե դա տեղի չունենար, ապա այսօր Թուրքիան կլիներ միանգամայն ուրիշ մակարդակի վրա: Այն ուժերը, որոնք ժամանակին մեզ ստիպեցին նահանջել ազատագրական պայքարից, այսօր փորձում են Անկարային ստիպել վերադառնալու Սեւրի պայմանագրի պայմաններին»:

Ավելի վաղՙ 2016 թվականի աշնանը Էրդողանը ելույթներից մեկում կոչ էր արել վերանայել Լոզանի 1923 թ. պայմանագիրը, որով ձեւակերպվել էր Օսմայնան կայսրության տրոհումը, երբ Թուրքիան կորցրեց կայսրության մեջ եղած նահանգների վերահսկողությունը, որոնց թվում էին Արաբիան, Լիբանանը, Եգիպտոսը, Սուդանը, Տրիպոլիտանիան, Այսրհորդանանը, Պաղեստինը, Սիրիան, Էգեյան ծովի կղզիները եւ Միջագետքը:

Միեւնույն ժամանակ, Աթաթուրքի եւ Էրդողանի միջեւ ինչ-որ ընդհանուր բան կա: Աթաթուրքն իր պայքարում հենվում էր ներքին Անատոլիայի ուժերի վրա, ինչպես որ ներկայումս դա անում է էրդողանը: Բայց, ինչպես գրում է Stratfor հետախուզական-վերլուծական կենտրոնը, տարօրինակությունն այն է, որ Աթաթուրքի համար պահպանողական Անատոլիան դարձել էր դեպի Եվրոպա ցատկելու հարթակ, իսկ այսօր նույն Անատոլիան Էրդողանին օգնում է վերադարձնելու օսմայնան քաղաքակրթական ինքնությունը: Երկրի բոլոր քաղաքացիներին թուրք հայտարարած քեմալականությանը հաջողվեց պահպանել երկրի ներկայիս սահմանները: Էրդողանի որդեգրած նեոօսմանիզմի գաղափարախոսությունը փաստորեն ենթադրում է հրաժարում թուրքականությունից եւ պանթուրքիզմից, ինչը սպառնալիքի տակ է դնում երկրի ներկայիս վարչատարածքային կառուցվածքը: Հասկանալի է, որ խոսքն առաջին հերթին թուրքական քրդերի մասին է: Թուրքիայում անառարկելի հեղինակություն դարձած Աթաթուրքը բեկում էր երկիրը: Խարիզմատիկ Էրդողանը նույն բանն է անումՙ սեփական սկզբունքներն ու գաղափարները արմատավորելով, սրելով հակասությունները ինչպես երկրի աշխարհիկ զարգացման կողմնակիցների, այնպես էլ քրդերի հետ, որոնք ներկայումս պայքար են մղում հանուն ինքնուրույն պետության ստեղծման, ինչը կտրուկ փոխում է իրավիճակը:

Ինչպես գրում է ամերիկյան The National Interest հրատարակությունը, Թուրքիան տեղափոխվել է խառնակ ժամանակաշրջան, երբ Արեւմուտքում բացեիբաց քննարկվում է երկիրը աշխարհիկ արեւմուտքի եւ իսլամական արեւելքի բաժանելու հարցը: Ըստ որում, պնդում է արվում, թե Անկարային ներքաշել են «Արաբական գարնան» իրադարձությունների եւ Սիրիայի ճգնաժամի մեջՙ ուրվագծելով Մերձավոր Արեւելքի վերաձեւման սցենարներից միայն մեկը: Ինչպես կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը , դժվար է միանշանակ կերպով բացատրել նաեւ Իդլիբի ճգնաժամի պատճառները, որի հետեւանքներից մեկը կարող է դառնալ ռազմական գործողությունների տեղափոխումը Թուրքիայի խորքերըՙ Անատոլիա: Հնարավոր է, որ այդ ժամանակ, ինչպես անցյալում Աթաթուրքը, այդտեղից սկսի նոր ազգային-ազատագրական պայքար, նշում է փորձագետը:

Պատահական չէ, որ ներկայումս կրկին վերհիշում են Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը, որը 2013 թվականին The New York Times թերթում հրապարակեց ամերիկացի գիտնական Ռոբին Ռայթը : Նա գտնում էր, որ «Արաբական գարնան» արդյունքը պետք է դառնա ներկայիս հինգ պետությունների փոխարեն 14-ի ստեղծումըՙ ըստ գոյություն ունեցող ազգայնական շարժումների: Բացի դրանից, ինչպես նշում էր գիտնականը, միջդավանանքային վեճերը հանգեցնում են սուննիների եւ շիաների պառակտմանը այնպիսի չափերով, որոնք Մերձավոր Արեւելքը երբեւէ չի տեսել: Ֆրանսիացի հայտնի արեւելագետ Ալեն Ռոդյեն հայտարարում է, որ Էրդողանը վախենում է Սիրիայում թուրքական սահմանի երկայնքով քրդական պետության ստեղծումից, որը կարող է թիկունքային հենակետ դառնալ դեպի Թուրքիայի խորքերը ձգտող քրդերի արմատական շարժումների համար:

«Անկարելի է չխոստովանել, որ Բաշար Ասադի ուժեղ դիմադրությունը անսպասելի էր սեփական միջազգային ազդեցության ուժեղացմանը ձգտող Էրդողանի համար: «Արաբական գարնանից» հետո նա հույս ուներ սուննի աշխարհի առաջատարը դառնալՙ հենվելով «Մուսուլման եղբայրներ» խմբավորման վրա, մինչդեռ այժմ ստիպված է եկիրը փրկել պառակտումից», ասում է Ռոդյեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ