RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



ԴԻՏԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2020-03-05 23:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2762, Տպվել է` 249, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

ՀՐԱՉ ՍՏԵՓԱՆՅԱՆ (*), Թեհրան

Թուրքիայի վերջին ներխուժումը Սիրիա բացահայտեց Թուրքիայի եւ քրդերի արդեն մեկդարյա խոր հակամարտությունը: Ներխուժումը ցույց տվեց նաեւ, որ քրդերը հերթական անգամ զոհն են դարձել այլ ուժերի (այս անգամՙ Ամերիկայի) աշխարհաքաղաքական նպատակների համար: Քրդերի ընդհանուր թվաքանակը շուրջ 35-40 միլիոն է, որի շուրջ կեսը բնակվում է Թուրքիայում (քրդական աղբյուրները նշում են ավելի մեծ թվեր): Մնացյալը հիմնականում ապրում են Իրանում, Իրաքում եւ Սիրիայումՙ Թուրքիայի քրդաբնակ տարածքներին կից: Վերոնշյալ չորս երկրներում քրդերը երկար պայքարել են հանուն իրենց ազգային իրավունքների: Առայժմ նրանք Իրաքում ձեռք են բերել ինքնավար երկրամաս: Հավանաբար շուտով Սիրիայում եւս քրդերը կունենան ազգային-մշակութային ինքնավարություն: Իրանում այժմ ծրագրեր են մշակվում տեղական եւ էթնիկ լեզուների դասավանդումը դպրոցներում իրականացնելու մասին:

Սակայն Թուրքիայում նման ձեռքբերումներ հնարավոր չէ, զի այն բախվում է երկրի պետական գաղափարաբանությանՙ թուրքիզմի եւ պանթյուրքիզմի հետ, որոնք տիրական են Թուրքիայում, սկսած երիտթուրքերի ժամանակվանից մինչեւ այսօր: Թուրքիզմը համատարած թրքացման քաղաքականությունն է երկրի ներսում, որին դեռեւս դիմադրում են Թուրքիայի ոչ-թուրք ազգությունները, մասնավորապես քրդերը: Իսկ պանթյուրքիզմը Թուրքիայի ազգային քաղաքականությունն է Թուրքիայից դուրս բնակվող թյուրքալեզու ժողովուրդների նկատմամբ, նպատակ ունենալով այդ ժողովուրդներին միավորել մեկ դաշնության կամ միության մեջ, որը հաճախ կոչում են «Թուրան»:

Նշենք որ Թուրքիայից դուրս ապրում են շուրջ քսան մեծ ու փոքր թյուրքալեզու (թյուրքական լեզվաընտանիքի լեզուներով խոսող) ժողովուրդներ եւ էթնիկ խմբեր (ադրբեջանցիներ, թուրքմեններ, թաթարներ, ույղուրներ...),որոնք մեծ մասամբ բնակվում են նախկին խորհրդային հանրապետություններում, Իրանում եւ Չինաստանում: Թուրքիայի թուրքերը մյուս թյուրքալեզու ժողովուրդներից աշխարհագրականորեն անջատված են քրդաբնակ եւ հայաբնակ տարածքներով: Ահա թե ինչու պանթյուրքիստների առաջնահերթ խնդիրներից մեկը մշտապես եղել է այդ երկու խոչընդոտ ժողովուրդների վերացումը «Թուրանի» ճամբից: Երիտթուրքերը դրա կենսագործումը հնարավոր էին համարում: Թուրքիայի նախկին բռնակալ Սուլթան Համիդը նրանց թողել էր մի կարեւոր ժառանգությունՙ հայ եւ քուրդ թշնամացած ժողովուրդներ: Օգտվելով այդ պատեհությունից, երիտթուրքերը նախ քրդերի ակտիվ մասնակցությամբ կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, իսկ դրանից անմիջապես հետո անցան քրդերի հալածանքին, ընդհուպՙ Դերսիմի շրջանում նրանց զինյալ ապստամբության ճնշմանը:

Հայերի եւ քրդերի մեջ դեռեւս 19-րդ դարից սկսվել էին ազգային ազատագրական շարժումներ Օսմանյան բռնապետության դեմ: Այդ երկու շարժումներում էլ կային մարդիկ, որ գիտակցում էին հայ-քրդական համագործակցության անհրաժեշտությունը: Սակայն հայ եւ քուրդ ազատագրական շարժումները շատ շուտ շեղվեցին իրենց ուղուց, հայերը եւ քրդերը կանգնեցին իրար դեմ եւ երկուսն էլ չարաչար տուժեցին: Սուլթան-խալիֆ Համիդին հաջողվեց քրդերին գայթակղել պանիսլամիստական լոզունգներով եւ նրանց դարձնել ձեռքի զենք ընդդեմ «գյավուր» հայերի: Իսկ հայ ղեկավարները տասնամյակներ շարունակ, սկսած 1878թ. Բեռլինի կոնգրեսից, աչքերը տնկած «քրիստոնյա» պետություններինՙ սպասում էին որ սրանք գան իրենց փրկեն թուրքերի եւ քրդերի զուլումից: Հայերը կույր հավատով եւ մեծ հույսերով անգամներ ծառայեցին այդ «հայասեր քրիստոնյաներին», բայց հենց նրանց աչքի առաջ ցեղասպանվեցին: Հայ օտարամոլների սպասումը տեւեց մինչեւ 1923 թ., երբ նրանց երազանքը վերջնականապես հօդս ցնդեց Լոզանում: Բայց այդ ժամանակ,Հայաստանից մնացած վերջին հողակտորի վրա արդեն կար, թեկուզ կիսանկախ, Խորհրդային Հայաստանը: Իսկ ձեռնունայն մնացած քրդերը դեռ երկար շարունակեցին իրենց պայքարը ծանր զոհերով: Քրդերի հալածանքը ահռելի չափերի հասավ անցյալ դարի 20-ական եւ 30-ական թթ., Աթաթուրքի հանրապետական Թուրքիայում: Քուրդ ղեկավարությունը հաճախ կրկնել է հայոց սխալըՙ հույսեր կապելով այլ պետությունների հետ: Դրա վերջին օրինակն էր Սիրիայի քրդերիՙ Ամերիկայի վրա հույս դնելը եւ մեծ զոհաբերություններով Ամերիկայի հետ համագործակցելը, որն ի վերջո հանգեց մեծ հուսախաբության, երբ նախագահ Թրամփը միանգամից որոշեց իր ուժերը հետ քաշել Թուրքիա-Սիրիա սահմանից, քրդերին մենակ թողնելով թրքական ներխուժման դեմ հանդիման:

Ինչեւէ, քանի կա պանթյուրքիզմը, քուրդ-թրքական (ինչպես նաեւ հայ-թրքական) հակամարտությունը լուծվելիք հարց չէ, զի պանթյուրքիստների առաջին իսկ քայլում քրդերը եւ հայերը խոչընդոտում են թուրքերի միացումը Կովկասի ադրբեջանցիներին եւ Իրանի ազերիներին: Միակ զիջումը, որ պանթյուրքիստները կարող են թույլ տալ, դա քրդական (եւ հայկական) որեւէ ինքնավարության կամ պետության գոյությունն է «Թուրանի» ճամբից դուրս, ինչպես օրինակ Իրաքի հյուսիսում ստեղծված քրդական ինքնավարությունը ( իհարկե պայմանով, որ այն որեւէ կապ չհաստատի Թուրքիայի քրդերի հետ): Նմանապես Թուրքիան կհանդուրժի Սիրիայի քրդերի ինքնավարությունը, պայմանով որ նրանց եւ Թուրքիայի քրդերի միջեւ Թուրքիան ստեղծի «անվտանգության գոտի», այնտեղ բնակեցնելով ոչ-քուրդ բնակչություն:

Որպես այլ օրինակ հիշենք Բաթումի պայմանագրով թուրքերի ընդունած Հայաստանը: Ուշադրության արժանի է Բաթումի բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Վեհիբ փաշայի խոսքը ուղղված հայ պատվիրակներին.

«... Մենք պետք է տարածվենք դեպի արեւելք, հոն է մեր արյունը, մեր կրոնքն ու լեզուն: ...Մեր եղբայրները Բաքու, Դաղստան, Թուրքստան եւ Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի հոն: Եվ դուք հայերդ կանգնած եք մեր ճամփուն վրա: Պահանջելով Վանըՙ դուք կփակեք մեր ճամբան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջեւանը եւ Զանգեզուրը, դուք արգելք կդառնաք մեզ իջնելու Քուռի հովիտը եւ Բաքու: Կարսն ու Ախալքալաքը կփակեն մեր ճամփան դեպի Ղազախ եւ Գանձակ: Դուք պետք է մեկ կողմ քաշվիք ու մեզ ճամփա տաք: Ահա թե ուր է մեր հիմնական վեճը»:

Հենց այդ սկզբունքով էլ թուրքերը թելադրեցին Բաթումի պայմանագրի պայմանները եւ Սարդարապատի գոյամարտում հաղթած հայերը Բաթումում ստացան թուրքերի «ճամփից մեկ կողմ քաշված» եւ շրջափակված մի Հայաստան (Երեւանից Սեւան), որից դուրս էր մնացել Սարդարապատը, քանի որ այն գտնվում էր դեպի Ջուլֆա եւ Թավրիզ տանող երկաթուղագծի վրա եւ պիտի հանձնվեր թուրքերին:

Հայկական պատվարը այս կերպ շրջանցելուց եւ «Թուրան» տանող ճանապարհները ապահովելուց հետո, թուրք զորքը Ղարաքիլիսայից եւ հայաբնակ տարածքներից այժմ «բարեկամաբար» անցնելով մտավ Ադրբեջան, ուր եւ Բաքվում կազմակերպեց հայերի ջարդը: Ապա թուրք զորքը շարունակեց առաջ ընթանալ Դաղստանում: Մյուս կողմից թուրքերը գրավել էին Ատրպատականը: Եվ այսպես, արեւելյան ճակատներում թուրք զորքը «Թուրանի» տեսլականով առաջ էր շարժվում, բայց 1918 թ. աշնանը գերմանա-թուրքական բլոկը Եվրոպայում պարտվեց, որով եւ վերջ գտավ Առաջին Համաշխարհային պատերազմը: Օսմանյան Թուրքիայի բանակը ստիպված նահանջեց Կովկասում եւ Իրանում գրաված վայրերից, բայց երկու տարի անց Հայաստանի Հանրապետության վրա հարձակվեց քեմալական Թուրքիայի բանակը, այս անգամ նպատակ ունենալով «ջնջել Հայաստանը աշխարհագրական քարտեզից» եւ Թուրքիան միացնել Ադրբեջանին: Սակայն Հայաստանի խորհրդայնացումով թուրքերի ոտը լիովին կտրվեց Կովկասից եւ ձախողվեց Հայաստանը ոչնչացնելու կամ կղզիացնելու նրանց ծրագիրը:

Այսպիսով Հայաստանը մնաց, եւ պանթյուրքիստների աչքում մնաց որպես սեպ խրված «Թուրանի» ճամբին (ըստ Թուրքիայի նախկին նախագահներից Օզալիՙ «անիծյալ սեպ» Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ): Այդ ցավը շատ ծանր են տարել պանթյուրքիստները: Ի. Ալիեւը երկու անգամ թյուրքալեզու պետությունների գագաթաժողովներին հիշեցրել է, որ թյուրքական աշխարհի միացման միակ խոչընդոտը Զանգեզուրն է (Սյունիքի մարզը), որն իբր թե ադրբեջանական հող է եւ իբր թե բոլշեւիկները այն տվել են հայերին:

Թուրքիան եւ Ադրբեջանը առայժմ Զանգեզուրի հարցի լուծումը թողնելով ապագային, ներկայումս տենդագին լծված են Վրաստանի հարավը թրքացնելու ծրագրին, որով նրանք կմիանան իրար եւ որով պիտի շրջափակեն Հայաստանը հյուսիսից: Արդեն Թուրքիայի սահմանակից Աջարիան գրեթե գրավված է թուրքական կապիտալով, իսկ Ադրբեջանի սահմանակից Մառնեուլիում կազմակերպվում է տեղացի թյուրքալեզու բնակչությունը: Այդ երկուսի մեջտեղում մնացել է Ջավախքը, որի համար էլ լուրջ ծրագրեր են մշակում պանթյուրքիստները:

Առավել դժվար է Թյուրքիայի քրդերին կղզիացնելը: Քրդերը, բարձր ծնելիության բերումով, թուրքերի համեմատ ավելի արագ բազմանում են, այնպես որ մի քանի տասնամյակ անց Թուրքիայի թուրքերը հարավից եւ արեւելքից կշրջափակվեն քուրդ ստվար բնակչությամբ: Այդ իսկ պատճառով պանթյուրքիստների համար Թուրքիայի քրդերին կղզիացնելը կենաց ու մահու խնդիր է: Եթե թուրքերը հապաղեն այդ ծրագրում, ապա իրենք են որ կմեկուսանան եւ վերջնականապես կկտրվեն թյուրքական աշխարհից:Քրդական հարցից ազատվելու համար Թուրքիան այժմ հետամուտ է երկու ծրագրի: Մի կողմից աշխատում է քրդական հարցը տեղափոխել Թուրքիայից դուրսՙ Իրաք, Սիրիա եւ Իրան, հանդուրժելով, որ այդ երկրներում «Թուրանի» ճամփից հեռու կազմվեն «Քրդստան»ներ (իհարկե Թուրքիայի սահմանից կտրված «անվտանգության գոտիներով»): Մյուս կողմից աշխատում է երկրի արեւելյան շրջաններում պառակտում սերմանել քրդերի, զազաների, ծագումով հայերի եւ այլ ազգությունների միջեւ, որից շահած դուրս կգա «թուրք ազգը», ինչպես որ եղավ մեկ դար առաջ հայ-քրդական հակամարտության արդյունքում:

Միայն հայերին եւ քրդերին մեկուսացնելուց հետո Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են միանալ իրար եւ, հարմար առիթը ընծայվելուց հետոՙ տարածվել դեպի Ատրպատական, Միջին Ասիա, ինչպես նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի թյուրքաբնակ շրջաններ եւ ստեղծել «Թուրանական» միությունը:

Արեւմուտքում ըստ արժանվույն գնահատել են պանթյուրքիզմը եւ տարբեր ժամանակներում արեւմտյան տարբեր ուժեր սատարել են այնՙ մերթ Ռուսաստանի առաջխաղացքը դեպի հարավ թյուրքական գոտիով պատնեշելու նպատակով, մերթ կոմունիստական աշխարհը ապակայունացնելու հեռանկարով, իսկ հիմաՙ Չինաստանում, Ռուսաստանում եւ Իրանում ապստամբություն հրահրելու ցանկությամբ: Թուրքիայի եւ պանթյուրքիզմի այս ունակությունը նկատի ունենալով, արեւմտյան պետությունները ճակատագրական պահերին լքել են հայերի եւ քրդերի նման մանր «դաշնակիցներին» եւ գերադասել են լինել Թուրքիայի հետ:

Թուրք պետական այրերն էլ որպես վարժ լարախաղացներ, մանեւրելով Արեւմուտքի եւ Արեւելքի, ինչպես նաեւ իսլամի եւ լաիցիզմի միջեւ, առիթը բաց չեն թողել հանդես գալու որպես տարբեր երկրների թյուրքալեզու ժողովուրդների պաշտպան: Թուրքիան երբեմն դիմել է նաեւ գործնական քայլի շրջապատի թրքությանը «փրկելու» համար: Այսպես, 1920 թվականին Հայաստանից պոկեց Կարսը, 1939-ին Սիրիայիցՙ Իսկենդերունը, 1974-ին գրավեց Կիպրոսի մի մասը, իսկ 1993-ին, արցախյան պատերազմի ժամանակ պատրաստ էր ներխուժելու Հայաստան, որը, սակայն, չստացվեց: Թուրքիայի թրքապաշտպան հայտարարությունները նաեւ հուշում է Արեւմուտքին, թե պանթյուրքիզմը որոշ դեր կարող է ունենալ Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը ապակայունացնելու համար:

Իրատեսակա՞ն է արդյոք պանթյուրքիզմը, թե՞ ոչ, կամ կհաջողե՞ն արդյոք պանթյուրքիստները իրենց պլաններում, թե՞ ոչ, դա այլ հարց է: Սակայն կարեւոր է այն, որ պանթյուրքիզմ իրականացնելու որեւէ փորձ, թեկուզ անհաջող, կարող է աղետի վերածվել այլ ժողովուրդների, հատկապես հայերի եւ քրդերի համար: Հենց այդպես եղավ երիտթուրքերի ժամանակ, երբ «Թուրան» ստեղծելու նրանց ձախողած պատերազմը ավարտվեց Օսմանյան կայսրության փլուզմամբ, բայց այդ կործանվող կայսրությունը փուլ եկավ հայերի գլխին, մեծ պետությունների ներկայությամբ:

Այսպես թե այնպես, պանթյուրքիզմը նորից գործողության մեջ է: Սա, իհարկե, աննկատ չի մնում Չինաստանում, Ռուսաստանում եւ Իրանում, որոնք մշտապես զգաստ են պանթյուրքական շարժումների հանդեպ: Հավանաբար հիմա քրդերը եւս զգաստացած լինենՙ Թուրքիայի հակաքուրդ վերջին մոլուցքն էլ տեսնելուց հետո:

Իսկ Հայաստանի շուրջ իր թելն է մանում պանթյուրքիզմը:

*) Հոդվածագիրը մասնագիտությամբ պատմաբան-քաղաքական վերլուծաբան է: 2005 թ.ին Թեհրանում նա հրատարակել է պարսկերեն «Պանթուրքիզմի նախաբան» գիրքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ