RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Երբ հույսդ դնում ես տուրիզմի վրա....

#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



Տեղադրվել է` 2020-03-05 23:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2215, Տպվել է` 248, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՒՄ ԶԵՆՔՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆՙ 5000 ՏԱՐՎԱ ՍՈՒՐԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մարտի 2-ին Քյոլնից սփռվող Դոյչլանդռադիոյի երրորդ ծրագիրըՙ Deutschlandfunk Nova-ն, ավելի ուշՙ մարտի 3-ին, 4-ին գերմանական մյուս լրատվամիջոցներըՙ մասնավորապես հեղինակավոր «Զյուդդոյչե ցայթունգը» ծանուցեցին նոր գտածոյի մասին. Վենետիկի Մխիթարյան վանքի թանգարանում իտալացի գիտնականը պատահաբար բացահայտել է աշխարհի ամենահին սուրըՙ 5000 տարվա մետաղյա մի իր, որի ծագման վայրը, ինչպես հաղորդեցին, Արեւելյան Անատոլիան էՙ Արսլանթեփեն, որ ներկայիս Թուրքիայի տարածքում է: Վայր, որ քաղաքակրթության օրրան է, այնտեղի բնակիչները քաջ ծանոթ էին մետաղամշակման եղանակներին, տեղեկացրին գերմանացի մեր գործընկերներըՙ առանց ճշգրտելու, որ Արեւելյան Անատոլիա այն ժամանակ չկար, եւ 5000 տարվա գտածոյի մասին պատմելիս այդ տեղանվանը հղում անելը նվազագույնը գիտական չէ: Ռադիոհաղորդավարն այնպիսի՛ ցնծությամբ էր շեշտում գտածոյի բացառիկությունը, դրա գիտական կարեւորությունը, որ անտեղյակ ունկնդրին մղում էր մեղմել Թուրքիայի հանդեպ հնարավոր բացասական վերաբերմունքը, մանավանդ, երբ գերմանացի քաղաքական գործիչներից շատերիՙ Իդլիբի հարցում Թուրքիայի փոխարեն Ռուսաստանին նոր պատժամիջոցների ենթարկելու բարձրաձայնումների պակաս չկա այս օրերին: Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան Իդլիբ մտնելու ոչ թե նպատակ, այլ իրավունք ունի: Սա կգրեի՞, եթե հաղորդավարը, նրբանկատ լիներ ու չաղավաղեր պատմությունըՙ իրազեկ լինելով, որ Արեւելյան Անատոլիա ձեւակերպումը Թուրքիայի պահանջով 1941- ից է շրջանառվում, եւ իրականում վիրավորում է մեր հիշողությունը, չապաքինվող մեր տրավման շոշափում...

Բայցՙ անկեղծ լինենքՙ միջազգային հարթակում լուրջ ու հետեւողական կռիվ տվե՞լ ենք Հայաստանի տեղանունների, մեր ստեղծածի չօտարման համար. ներկան, որի մեջ լրագրողի վազքը կրճատվել է ԱԺ- ից կառավարություն, ՍԴ- իցՙ ծնունդ, վթար ու հարսանիք, իհարկե փաստում է, որ իտալացի գիտնականիՙ մեր պատմության վերաբերյալ այսպիսի բացահայտումը , չասենքՙ հպարտ, այլ գիտություն ու մշակույթ կենդանի պահող Հայաստանի առօրյայի մաս չէ, այնինչ արդարացված կլիներ, որ նման լուրը նաեւ մեր պետությունը կարողանար շրջանառելՙ վերջին տարիներին նորաձեւ դարձած հանրահռչակման տեսակետից էլ:

Այն, որ տարիներ ի վեր Ս. Ղազար կղզու Մխիթարյանների վանական թանգարանում պահվող այդ փոքրՙ հազիվ 40 սանտիմետրանոց, թեթեւ կանաչ երանգ ստացած մուգ մետաղյա սուրը թվագրվածից ավելի հին է եղել, որեւէ մեկի մտքով չի անցել ստուգել: Թանգարան այցի ժամանակ գտածոն նկատել է Վենետիկի Կա Ֆոսկար համալսարանի հետազոտող գիտնական Վիտտորիա Դալլ Արմելինան , որ կասկած է հայտնել, թե թվագրումը բավականին «երիտասարդացրել» է ցուցանմուշի տարիքը: Այն, որ սուրը բացառիկ է, չի վիճարկում որեւէ գիտնական: Հնագետներն ու պատմաբանները շեշտում են, թե գտածոն վկայում է, թե 5000 տարի առաջ դյուրաթեք պղնձին արսեն պարունակող հանքանյութ են խառնել, որ կարծրացրել է մետաղը, հետեւաբար հնարավոր դարձրել զինատեսակ արտադրել:

Թե ով է այս սուրը գործածել, ինչպես է մեր օրեր հասել, գիտնականներն առայժմ միայն վարկածներ են նշումՙ հնարավոր է, որ ռազմիկներից մեկի դամբարանում գտնված լինի, երբ դամբարանադաշտը բացվել է, գյուղացիները հնարավոր է վաճառել են գտածոն, իսկ Վենետիկ է հասել, նվիրաբերվել վանքին 19 դարի երկրորդ կեսին, վանահայր Ղեւոնդ Ալիշանի ձեռամբՙ ի թիվս այլ իրերի:

Այս օրերին, երբ Թուրքիան ռազմական սատարում է խոստանում Ադրբեջանին, իսկ Բաքուն մարտի 2 -7- ը զինավարժություն է անցկացնումՙ ցուցադրելով իր գերարդիական զինտեխնիկան, Կա Ֆոսկարի համալսարանի գիտնականին երախտապարտ լինենք այն ազդակի համար, որ ակամա փոխանցեցՙ 5000 տարի առաջ սուր կռած ազգը պարտվել չի կարող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

AZG Daily #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ