RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հետևեք կարանտինի օրենքներին

#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2020-03-05 23:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 3204, Տպվել է` 256, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարցազրույց քաղաքագետ Իվան Գաստանյագայի հետ

Մադրիդում բնակվող Իվան Գաստանյագան քաղաքագետ է, միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների մագիստրոս (Գրանադայի համալսարան) եւ Միջին Արեւելքի ուսումնասիրությունների փորձագետ (Երուսաղեմի Եբրայական համալսարան): Նրա հետազոտության թեման է «Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ դիվանագիտական եւ հյուպատոսական նամակներում (1914-1925)»: 2018 թվականի ապրիլի 24-ին իսպանական կենտրոնական «Էլ Պաիս» թերթում լույս է տեսել Գաստանյագայի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին:

Մենք հանդիպել էինք 2017-ինՙ Հայաստան Իվանի կատարած առաջին այցի ժամանակ, որի ընթացքում նա հետազոտություններ էր իրականացնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտումՙ որպես Լեմկինի կրթաթոշակառու...

- Իվան, որքան գիտեմ դու առաջին իսպանացի գիտնականն ես, որն ուսումնասիրում է Հայոց ցեղասպանությունը...

- Անկեղծ ասած, իրականում չգիտեմ առաջինն եմ, թե ոչ, բայց կարծում եմ, որ ես առաջին հետազոտողն եմ, որին հետաքրքրեց Հայոց ցեղասպանության բացահայտումն ու վերլուծումն ա՛յդ տեսանկյունիցՙ մեր Ազգային պատմական արխիվում առկա դիվանագիտական նամակների հիման վրա: Այստեղ մենք ունենք փաստաթղթերՙ սկսած առնվազն 1915 թվականից, որոնք վկայում են երիտթուրքերի կազմակերպած ջարդերի մասին:

Հայոց ցեղասպանությանը Իսպանիայում վերաբերվել են շատ անորոշ, հնարավոր է, որպես Առաջին աշխարհամարտի հետեւանքի կամ նույնիսկ տարածաշրջանային հակամարտությանՙ Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների միջեւ: Սա է այն պատճառներից մեկը, թե ինչու Հայոց ցեղասպանությունը չի դասավանդվում համալսարանում եւ դեռեւս արդիական չէ այստեղի միջազգային հարաբերություններ կամ միջազգային իրավունք ուսանողերի համար: Այն պարզապես գոյություն չունի: Բայց իսպաներենով գերազանց գրականություն եւ հետազոտություններ կան Լատինական Ամերիկայիցՙ այնտեղի մեծաթիվ հայ համայնքների շնորհիվ:

- Իսպանական հասարակության տեղեկացվածությունը հայկական խնդիրների վերաբերյալ հիմնականում կապված է Գոնսալո Գուարչի եւ Խոսե Անտոնիո Գուռիարանի երկու գրքերի հետ...

- Գոնսալո Գուարչի «Հայկական կտակը» պատմական վեպ է, ոչ գիտական հետազոտություն: Նա գրում է գեղարվեստական տեսանկյունից, ինչը շատ է օգնում ընթերցողին իմանալ թուրքերի կողմից հայերի դեմ կատարված վայրագությունների մասին:

Խոսե Անտոնիո Գուռիարանը մահացավ անցած տարի, ինչը շատ ցավալի էր: Թեեւ նա 1979 թվականին Մադրիդում ԱՍԱԼԱ-ի կողմից իրականացված հարձակման անմիջական զոհն էր, նա գրեց Հայոց ցեղասպանության մասին: Նա ուշադրություն դարձրեց այն բանի վրա, թե ինչո՞ւ հայկական ահաբեկչական խումբը ռումբ պայթեցրեց Մադրիդում: Ո՞ւմ դեմ էր այն ուղղված եւ ի՞նչ նպատակով: Չնայած իր տրավմայինՙ նա մեկնեց Հայաստան եւ Լիբանանՙ հասկանալու, թե ինչու է 1915 թվականին մեկուկես միլիոն հայ անհետացել Օսմանյան կայսրությունից:

Կա մեկ այլ լրագրող-ազգագրագետՙ Վիրգինա Մենդոսա Բենավետեն, որը հրատարակել է «Քամու վերքերը» գիրքը Հայաստան կատարած իր ճանապարհորդությունների եւ փորձառության մասին: Նա գրում է հայկական միջավայրից, օրինակՙ զրուցում է Ցեղասպանությունից փրկվածների հետ, որոնք այլեւս չկան:

- Դու ուսումնասիրում ես դիվանագիտական եւ հյուպատոսական նամակներ: Իսպանական արխիվում նման փաստաթղթերը շա՞տ են: Վարդան Մատթեոսյանը «Սպանիոյ թագաւորը եւ Մեծ Եղեռնի զոհ մտաւորականները» հոդվածում խոսում է Իսպանիայի Ալֆոնսո XII թագավորին հղված հայցադիմումների մասին, որոնցում հայերը խնդրում են միջամտելՙ փրկելու համար աքսորված հայ մտավորականներին...

- Իսպանական արխիվներում կա առնվազն 20 փաստաթուղթ, որոնք նկարագրում են Ցեղասպանության հղացքը, զարգացումը եւ ազդեցությունը: Արդեն 1915-ի սկզբին, Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոս Խոսե Ա. դե լա Սիերվա ի Լեւիտան, նախազգուշացրել է Ալֆոնսո XII-ին քրիստոնյա եւ հրեա բնակչության մեջ տիրող վախի մասինՙ մուսուլմանների ցույցերի եւ իրենց հանդեպ կիրառված բռնության պատճառով: Սեպտեմբերին, Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Խուլիան Արրոյոն տեղեկացրել է Թեհջիրի կամ Ժամանակավոր օրենքի, հայերի ունեցվածքի բռնազավթման եւ կողոպուտի ու դեպի անապատ կազմակերպված մահվան երթերի մասին: 1915-ի սեպտեմբերից մինչեւ 1916-ի փետրվարը հյուպատոսն իր նամակներում եւ «գաղտնի» հեռագրերում գործածել է հանցագործությունների վերաբերյալ տերմիններ եւ սահմանումներ, որոնք այդուհետ պիտի կիրառվեին որպես ցեղասպանության սահմանման տարրերՙ այլատյացություն, ատելություն, հալածանք, փոքրամասնությունների բնաջնջում, ժողովրդի սպանդ եւ ոչնչացում: Արոյոն վկայել է Ադանայի կոտորածի, նաեւ երկու միլիոն զոհերի մասին: Ամռանը Իսպանիայում տեղեկացան Անատոլիայում ապրող սակավաթիվ հայ եւ հույն վերապրածների դեմ թուրքական նոր օրենքների եւ նրանց սպասվող ծանր կյանքի մասին:

- Դու պատմում էիր, որ մի քանի իսպանական փաստաթղթերում հիշատակված է Կոմիտաս Վարդապետը ...

- Կա մի հատուկ թղթապանակՙ «Ընթացակարգեր հօգուտ հայր Կոմիտասի, 1915»: Այն պարունակում է 8 նամակ, որոնցում խնդրվում է երաժիշտ եւ ֆոլկլորիստ Կոմիտաս Վարդապետին Կոստանդնուպոլսում վերցնել իսպանական պաշտպանության տակ: Խուլիան Արրոյոն գրել է, որ ինքն անձամբ զրուցել է Կոմիտասի հետ եւ հարցրել, թե ինչ կարող է անել իր համար: Նա հստակ ասում է, որ Կոմիտասը Կոստանդնուպոլսից վտարվեց հայերի դեմ առաջին կոտորածների եւ սպանդի ժամանակ: Ավելի ուշ Կոմիտասն աքսորից վերադարձել է Միացյալ Նահանգների դիվանագիտական պաշտպանության շնորհիվ. նրան ասել են, որ ինքը պիտի մեկնի Վիեննաՙ իր գրքերով եւ գրություններով: Արրոյոն հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանին. վերջինս ասել է, որ այլեւս ոչինչ չի կարող անել, այնպես որ Արրոյոն պետք է ապահովի Կոմիտասի պաշտպանությունը Վիեննայում Իսպանիայի դեսպանատան ներքո: Խուլիանը հանդիպել է Հալիլ բեյին եւ խնդրել է խնայել Կոմիտասի կյանքը: Չկարողանալով ավելի սպասելՙ նա անմիջականորեն դիմել է արտաքին գործերի նախարարին, որն էլ Խուլիանին ասել է, որ Թալեաթ բեյը ժպիտը դեմքին մերժում է Կոմիտասի ազատություն շնորհել, քանի որ «իրենք» ցանկանում են պահպանել նրա երաժշտությունը Կոստանդնուպոլսում: Պատմության ավարտը շատ տխուր է, Խուլիանն իր կարծիքը գրեցՙ հայտնելով ճշմարտությունը. «Թուրքերը ցանկանում են հայ մտավորական պատանդներ պահել, քանի որ եթե Թուրքիայից հեռանալովՙ նրանք կպատմեն հայերի դեմ գործած սարսափների ու կոտորածների մասին, իսկ վերջում թուրքերը կարող են նրանց դեմ ատելություն սերմանել»:

- Դու ապրում ես թուրքական ուժեղ լոբբի ունեցող երկրում: Իսպանիայի կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Ի՞նչ ես կարծում, Գերմանիայի եւ ԱՄՆ կառավարությունների կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո դեռ կարեւո՞ր է այլ երկրների ճանաչումը:

- Իսպանիայի չորս ինքնավարություններըՙ Կատալոնիան, Նավառան, Բասկերի երկիրը եւ Բալեարյան կղզիները, իրենց տարածաշրջանային խորհրդարաններում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն Իսպանիայի կառավարությունը, նախագահը, թագավորը կամ խորհրդարանը երբեք որեւէ բառ չեն արտասանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Երբեմն այս հարցը հայտնվում է օրակարգումՙ որոշ քաղաքական կուսակցությունների կամ առանձին պատգամավորների կողմից: Բայց առաջարկը միշտ մերժվում է: Կարծում եմ, որ խորհրդարանից ոչ ոք չի կարող քարտեզի վրա ցույց տալ Հայաստանի տեղը եւ ասել, թե 105 տարի առաջ ինչ է պատահել հայերի հետ: Դա նրանց պարզապես չի հետաքրքրում:

Գերմանիան եւ ԱՄՆ-ը Թուրքիայի հզոր դաշնակիցներն են միջազգային ասպարեզում. նրանք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, եւ ոչ մի ամերիկաթուրք կամ գերմանաթուրք քաղաքացի չբողոքեց: Նույնը տեղի ունեցավ Ֆրանսիայում: Ապացույցներն անհերքելի են: Իսպանիան պետք է լինի Ցեղասպանությունը ճանաչած պետությունների կողքին, այլապես դա հասկացվում է որպես ժխտում: Խնդիրը ոչ թե թուրքական լոբբին է, այլ հայկական լոբբիի պակասը: Ի դեպ, փետրվարի 3-6-ին Մադրիդի Կամիլո Խոսե Սելա համալսարանում տեղի ունեցավ միջազգային սեմինարՙ «Եվրոպան ընդդեմ ցեղասպանության. 1915-2015» խորագրով, աշխարհի վեց հիմնական ցեղասպանությունների միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դրանք ներառում են մասնավորապես հայերի, հրեաների - գնչուների դեմ կիրառված ցեղասպանությունները: Որոշ քաղաքական գործիչների մենք հրավիրեցինք ներկա գտնվելու:

- Կապ ունե՞ս Ցեղասպանությունն ուսումնասիրող թուրք հետազոտողների հետ:

- Միայն մեկիՙ ԱՄՆ-ում բնակվող թուրք գիտնական Թաներ Աքչամի հետ, որը հարցի ամենանշանավոր գիտակներից է: Նախքան Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ ուսումնասիրությունները սկսելըՙ նա ինձ ուղղորդում էր խորհուրդներով, խթանեց ինձ եւ տվեց բազմաթիվ ցուցումներՙ ինչպես վարվել պատմական փաստաթղթերի հետ եւ վերլուծել դրանք:

- Իսկ Լեմկինի թոշակառու լինելը արդյունավե՞տ էր քո հետազոտության համար:

- Իհարկե, ես Հայաստանում էի 2017-ի սեպտեմբերին: Ես նաեւ դրամաշնորհ էի ստացել Հայագիտական հետազոտությունների ազգային ընկերակցությունից (Բելմոնթ, ԱՄՆ): Աշխատում էի պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի հետ, որն ինձ տվեց գրականության մեծ ցանկ, բացատրեց հայոց պատմությունը եւ ինձ համար աշխատանքային ծրագիր կազմեց: Կապի մեջ էի նաեւ Ցեղասպանության թանգարանի այլ հետազոտողների հետ: Երեւանում ամենուրեք ինձ դուր էր գալիս: Ես շատ եմ ճանապարհորդել Հայաստանում եւ սովորեցի ժամանակը չափելու մեկ այլ ձեւ: Մինչ օրս կապ եմ պահում իմ այն ընկերների հետ, որոնք ինձ շատ օգնեցին իմ հետազոտության մեջ, այդ թվում քեզ հետ, Արծվի Բախչինյան, կամ Աշոտ Պարսյանի, որն ինձ ցույց տվեց Երեւանի տեսարժան վայրերը: Երեւանում ես անգամ հանդիպեցի Երուսաղեմի իմ լավագույն հայ ընկերոջը` գրող Անուշ Նագգաշյանին:

- Երեւանում գտնվելու ընթացքում դու ասացիր, որ Հայաստանի հետ դու նաեւ անձնական մի առնչություն ունես...

- Ունեմ: Իմ կապը Հայաստանի եւ հայերի հետ առանձնահատուկ է: Ես ծնվել եմ 1990-ին, Մոսկվայում, եւ մեկ տարի անց գնացել եմ Իսպանիաՙ դառնալով իսպանացի ծնողների որդեգրած առաջին խորհրդային երեխան: 2014-ին, ավելի քան 10 տարվա իմ որոնումներից հետո ես Մոսկվայում գտա իմ մի քանի կենսաբանական հարազատների: Նրանք ասացին, որ իմ կենսաբանական մայրական գիծը կազմված է հույներից, հրեաներից եւ ռուսներից, իսկ հայրական կողմս հայեր են: Մի քանի տարի իմ կենսաբանական հորը ես ապարդյուն փնտրում էի միայն անուն-ազգանունով: Ես նրան ընդհանրապես չկարողացա գտնել Հայաստանում: Շնորհակալ եմ Աստծուն, որ 2017-ի վերջին գիշերը ես գտա քրոջս, ուրիշ հարազատների եւ, վերջապես, հորս, որին դեռ անձամբ չեմ հանդիպել: Իմ հետազոտությունը մի պարգեւ է, որն ինձ թույլ է տալիս ապրել 1915-ին եւ 1990-ին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

AZG Daily #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ