RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



Տեղադրվել է` 2020-03-05 23:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2187, Տպվել է` 247, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱՆԻ՜ ՏԵՍՆՈՂՆԵՐԻՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Փետրվարի 27-ի երեկոյան հեռուստաընկերություններից մեկի եթերոմ հարցազրույց էր մեր դիվանագետներից Արման Նավասարդյանի հետ: Այս անգամ նա անդրադարձավ 2021 թվականին լրացող ռուս-թուրքական պայմանագրերի 100 ամյակին: Նա միանգամայն իրավացիորեն մատնանշում էր, թե 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական (Մոսկվայի) պայմանագիրը, որը հետագայում դրվեց 1921 թվականի հոկտեմբերի 13-ի խորհրդա-թուրքական (Կարսի) պայմանագրի հիմքում, միջազգային-իրավական առումով ամենեւին հիմնավորված չէր: Նախ այն պատճառով, որ Թուրքիան եւ Ռուսաստանը այն ժամանակ իրենք էլ դեռ միջազգայնորեն ճանաչված պետություններ չէին: Այդ դեռ չճանաչված պետությունները Մոսկվայում, ապա նաեւ Կարսում միմյանց միջեւ բաժանում էին երրորդ պետությանՙ Հայաստանի Հանրապետության տարածքները, դրա համար հարկ չհամարելով անգամ հաշվի առնել այդ տարածքների իսկական տիրոջ կարծիքը: Դա երկու գիշատիչների ամենաիսկական կեղտոտ գործարք էր մի կողմից Լենինի ու Ստալինի, մյուս կողմիցՙ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ներկայացուցիչների միջեւ:

Այդ կեղտոտ գործարքի հետեւանքով, ի լրումն դատարկաված Արեւմտահայաստանի, Թուրքիային անցան Արարատ լեռը, Սուրմալուի գավառը, Կարս եւ Արդահան քաղաքները: Նույն պայմանագրերով մեծ մասամբ հայաբնակ Նախիջեւսնը, երբեւէ երրորդ կողմին չզիջելու (այսինքնՙ Հայաստանին չվերադարձնելու) պայմանով, որպես Բաքվի խնամակալությանը հանձնված տարածք, բռնակցվեց թուրքերի կրտսեր եղբայր Ադրբեջանին: Հետագայում Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը իր խնամակալությանը հանձնված տարածքը հռչակեց իրենըՙ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն անվամբ:

Մատնանշելով այս փաստերը, դեսպան Նավասարդյանը հեռուստաեթերից հայտարարում էր, թե մեր դիվանագիտությունը պետք է ջանքեր գործադրիՙ հարյուրամյա վաղեմության անարդարությունը վերացնելու, գոնե Արարատ լեռը, Կարսը, Արդահանը, Սուրմալուն Հայաստանին վերադարձնելու հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու համար: Այստեղ է, որ ես լուրջ կասկածներ ունեմ միջազգային ատյաններում նման հարց բարձրացնելու նպատակահարմարության վերաբերյալ: Թուրքիան այն գամբռը չէ, որ երբեւէ իր հափռած ոսկորից կամովին հրաժարվի: Եթե նույնիսկ ՄԱԿ-ը միաձայն որոշում կայացնիՙ ուղղել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ թույլ տրված անարդարությունը եւ վերադարձնել դեսպան Նավասարդյանի մատնանշած տարածքները, հիմնվելով Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի վրա, Թուրքիան, միեւնույն է, ոչ մի սանտիմետր նվաճած հող կամովին չի վերադարձնի մեզ: Այդ բարբաբոս երկիրը մինչեւ հիմա ուրանում է Հայոց ցեղասպանությունը, որպեսզի թալանածը երբեւէ զոհերի ժառանգներին չվերադարձնի, հատուցում չտա:

Մոսկվայի եւ Կարսի 1921 թվականի պայմանագրերը, ինչ էլ լինի, այսօր ապահովում են Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը Թուրքիայի դիմաց: Բավական է միջազգային որեւէ հարթակից ՀՀ որեւէ պետական պաշտոնյա Հայաստանից զավթած հողերը վերադարձնելու հարց բարձրացնիՙ Թուրքիան կարող է դա առիթ դարձնել մեր երկրի վրա հարձակվելու համար: Քանի դեռ այդքան հզոր չենքՙ Անկարային հողային պահանջ ներկայացնել մենք չենք կարող: Հզորներից ոչ մեկը մեզ չի պաշտպանի, չի ցանկանա հանուն անցյալի արդարությանՙ փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Նույնիսկ Վրաստանը, եթե հարկադրված լինի Բաթումը վերադարձնել Թուրքիային, որի դիմաց Լենինն ու Ստալինը մեր հողերն են զիջել Աթաթուրքին, չի պահանջի, որ Արարատ լեռն ու Կարս-Արդահան-Սուրմալուն վերադարձվեն Հայաստանին: Բաթումի դիմաց, ամենայն հավանականությամբ, վրացիներն իրենց համար որեւէ ա՛յլ զիջում պահանջեն Անկարայից: Այնպես որՙ իրատես լինենք եւ ինքներս մեզ չխաբենք շուտափույթ արդարության հասնելու պատրանքներով:

Միգուցե դա երբեւէ լինի, բայցՙ շատ հեռավոր ապագայում, երբ հողի հարցը դադարի արյան հարց լինելուց:

Երանի՜ այդ ժամանակը... տեսնողների՛ն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ