ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՓՈՐՁ ԻԴԼԻԲԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ Ա. Ք. Սիրիայումՙ Իդլիբի նահանգում, ահաբեկիչները փորձել են գրոհ կազմակերպել քիմիական թունանյութերով: Այդ մասին մարտի 4-ին հաղորդել է Սիրիայում «Թշնամական կողմերի հաշտեցման» ռուսական կենտրոնը: Մի խումբ ահաբեկիչներ մտադրվել էին կանգնեցնել սիրիական զորքի առաջխաղացումը Սարակիբ քաղաքի արեւմուտքումՙ պայթեցնելով թունանյութեր պարունակող ֆուգասային ռազմամթերք: Ենթադրվում էր, որ դրանից հետո Սիրիայի իշխանությունները կմեղադրվեն քիմիական զենքի օգտագործման մեջ: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին, օրվա մութ ժամերին: Սադրանքին մասնակցել է 15 գրոհային: Ահաբեկիչները, սակայն, իրենք իրենց են թունավորել, քանի որ, վտանգավոր նյութերի հետ վարվելու ձեւը չիմանալով, վնասել են տարաներից մեկը: Տեղի է ունեցել արտահոսք, գրոհայինները սաստիկ այրվածքներ են ստացել: Զինամթերքի պայթեցումը եւ սադրանքը չեն հաջողվել: |