RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



Տեղադրվել է` 2020-03-05 23:13:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2184, Տպվել է` 249, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻԴԼԻԲՈՒՄ ՍՐԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Սակայն գլխավոր դերակատարը Սիրիայում Թուրքիան չէ, այլ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն

Փետրվարի 3-ին Իդլիբում, ենթարկվելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի հարձակմանը, թուրքերը կորցրել էին 8 զինծառայող: Փետրվարի 10-ին սպանվեց եւս 5-ը, ապաեւ 2-ը: «Ազգը» նախավերջին համարում անդրադարձել է թուրք զինծառայողների կորուստներին եւ մատնանշել, որ կրած կորուստներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնագիր ներկայացրեց Բաշար Ասատին մինչեւ փետրվարի վերջը զորքերը դուրս բերել Իդլիբի վարչական սահմաններից: Նա սպառնացել էր, որ այլապես իրենք կդիմեն ռազմական գործողությունների եւ սիրիական բանակին ետ կշպրտեն Իդլիբում տեղակայված թուրքական ռազմական դիտակետերի շրջակայքից, որոնք իբր տեղակայվել էին համաձայն 2018 թ. սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի:

Իրականում այդ հուշագրով Թուրքիան պարտավորվել էր մինչեւ հոկտեմբերի 15-ը զինաթափել Իդլիբի ահաբեկիչներին, իսկ մինչեւ 2018-ի հունվարը Սարակիբն ազատել ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից: Իդլիբի արեւելքում գտնվող այս ավանն ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ Դամասկոսը Հալեպին կապող M5, իսկ Հալեպի եւ Լաթաքիայի հաղորդակցությունը, հետեւաբարՙ քաղաքի ելքը Միջերկրական ծով ապահովող M4 մայրուղիները հենց այնտեղ են ճյուղավորվում: Այսինքն խնդիրը Սարակիբը չէր, այլ մայրուղիները:

Ինչ վերաբերում է Իդլիբի վարչական սահմանների երկայնքով եւ Թուրքիայի Հաթայ վիլայեթին հարող (Ալեքսանդրեթի սանջակ) ռազմական դիտակետերին, որոնք թուրք քաղաքագետների բնութագրմամբ ժամանակավոր ռազմաբազայի բնույթ են կրում, թվով 12 հատ էին, տեղակայվել էին, որպեսզի թուրքական կողմը դրանց միջոցով կանխի Իդլիբի ահաբեկիչների հարձակումները մերձակա բնակավայրերի վրա:

Թուրքիան ստանձնած պարտավորություններից ոչ մեկը չկատարեց: Պարզապես, ի դեմս Էրդողանի, սկսեց գոռոզանալ, թե սպանված թուրք զինվորների փոխարեն վնասազերծել են 1750 սիրիացի զինծառայող, եւ սկսեց նոր դիտակետեր տեղակայել, որպեսզի առհասարակ չկատարի դրանք: Ստեղծված իրավիճակում հակահարձակման անցան Բաշար Ասադի զորքերը: Նրանք Սարակիբը մաքրեցին ահաբեկչական հրոսակներից եւ վերահսկողություն հաստատելով մերձակա բնակավայրերի վրաՙ ուղղություն վերցրեցին դեպի Իդլիբ:

Դրան հետեւեցին Թուրքիայի նոր սպառնալիքները: Վերստին շրջանառության դրվեց Հալեպիՙ Թուրքիայի 82-րդ վիլայեթը լինելու հանգամանքը, միաժամանակ Դամասկոսը գրավելու բացականչություններով:

Մինչ շարունակվում էին վայնասունները, ահա փետրվարի 27-ի գիշերը, Էրդողանի Սիրիայի վարչակարգին ներկայացրած վերջնաժամկետից երկու օր առաջ, Իդլիբում նոր հարձակման թիրախ դարձան նրա ստորաբաժանումները, տալով նոր զոհեր: Ըստ երեւույթին այս հարձակումը շփոթմունք էր առաջացրել Էրդողանի վարչակարգում, որ նոր զոհերի մասին հայտարարությունն արեց ոչ թե Էրդողանը, պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կամ որեւէ նախարար, այլ Հաթայի նահանգապետը, այն էլ առանձնակի զգուշավորությամբ:

Նա սկզբում ասաց, որ Իդլիբում «նահատակվել» է 9 թուրք զինծառող: Երկու ժամվա տարբերությամբ նահատակվածների թիվը բարձրացրեց նախ 29-ի, ապա 33-ի: Հաջորդ օրը, մինչ Թուրքիան արտակարգ նիստի էր հրավիրում ՆԱՏՕ-ին ու ՄԱԿ-ին, մահացավ եւս մի քանիսը, իսկ մարտի 3-ին հայտարարվեց նոր հարձակման հետեւանքով մեկ զինվորի սպանության մասին: Հայտարարությունն այս անգամ արեց պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը : Նա միաժամանակ ասաց, որ իրենց զորքերը վնասազերծել են հակառակորդի ավելի քան 2500 զինծառայողի:

Էրդողանը «նահատակների» մասին արձագանքեց սպանություններից երկու օր հետո միայն, այն էլ ի միջի այլոց, իր կուսակիցների առջեւ Ստամբուլում ունեցած ելույթի պահին, որի ընթացքում նա անդրադարձավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցին, չկարողանալով սրամտելու պահին զսպել ծիծաղը: Նրա այս անվայելուչ պահվածքն ու «նահատակների բլուրը չպետք է դատարկ մնա» արտահայտությունը բուռն հակազդեցություն առաջ բերեց երկրի քաղաքական եւ հասարակական շրջանակներոմ: Նրանց չէին համոզում սպանված ինչպես թուրք, այնպես էլ սիրիացի զինծառայողների սպանության մասին հայտարարված տվայները: Ընդդիմադիր հեռուստատեսությունների էկրանից պաշտոնաթող գեներալները հարցնում էին, թե իրենց հրանոթային արկերի վրա արդյոք հաշվի՞չ էր դրած...

Խնդիրը, սակայն, սպանված զինծառայողների թվի ճշգրտությունը չէ, այլ սպանությունների առնչությամբ Ռուսաստանի դեմ հարուցվող մեղադրանքները, նաեւՙ ընդդիմության «մենք ինչ գործ ունենք Իդլիբում» հարցին իշխանությունների պատասխանը, թե Իդլիբի կորուստը կհանգեցնի Հաթայի, Գազիանթեփի, Մալաթիայի կորուստյան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի Իդլիբի հարցում Թուրքիայի կողքին լինելու այնտեղ իսկույն հրադադար հայտարարելու մասինՙ սնանկ հայտարարությունները:

Այն առումով, որ մարտի 2-ին, երբ Ռուսաստանը հայտարարեց Սարակիբի վերահսկողությունը իրենց վրա վերցնելու մասին, Պենտագոնը, որ օրերս հերթական անգամ մերժել էր «Patriot-ներ» տրամադրելու Թուրքիայի խնդրանքը, ընդգծեց, որ չի կարող Իդլիբում օդային պաշտպանություն ապահովել թուրքական զորքերին: Նա հրաժարվեց նաեւ կատարել այդ հատվածը թռիչքազերծ գոտի հայտարարելու Անկարայի պահանջը, որքան էլ Թուրքիայի վտարումը Իդլիբից նախընտրելի չլինի ԱՄՆ-ի համար:

Ինչու: Այն պարզ պատճառով, որ Իդլիբում վերահսկողություն հաստատելու դեպքում նախագահ Բաշար Ասադին տալու է Թուրքիային նաեւ Ջարաբլուսից, Ազազից, Աֆրինից եւ Ալ Բաբից վտարելու հնարավորություն, ինչը նրա առջեւ, իհարկե Ռուսաստանի աջակցությամբ, կբացի Հյուսիս-արեւելյան Սիրիա շարժվելու հեռանկարը, իսկ դա սպառնալիքի տակ կդնի ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունը երկրի այդ հատվածում, ավելինՙ վերջինին կզրկի քրդական ուժերի միջոցով գործելու հնարավորությունից: Քաղաքական նման զարգացումների պարագային Հալեպին հավակնող Թուրքիան կկանգնի Սիրիայից վերջնականապես հեռանալու փաստի առջեւ:

Իդլիբից Թուրքիայի վտարումը խիստ կարեւոր է նաեւ Ռուսաստանի համար: Նա դրանով կձերբազատվի թուրքական ներկայությունն օգտագործելու միջոցով Արեւմտյան Սիրիա ներթափանցելու հաշվարկներ անող ԱՄՆ-ի հետ նաեւ այնտեղ մրցակցության մեջ մտնելու մտահոգությունից, երկրում կվերականգնվի Բաշար Ասաղի իշխանությունը եւ առաջիկա ապրիլին Սիրիայում նախատեսվող ընտրությունները, երկրում ռազմաքաղաքական ներկայությունը պահպանելու առումով, այլեւս չեն մտահոգի ռուսներին:

Հիմա արդեն թուրքերն էլ գիտակցում են, որ ռուսներն Իդլիբի հարցում ավելի քան վճռական են, M4 եւ M5 մայրուղիներով այնքան շահագրգռվածՙ որքան Բաշար Ասադը: Չմոռանալ, որ ռուսական ռազմածովային եւ ռազմաօդային բազաները տեղակայված են Լաթաքիայում: Գալով զինադադարին, Էրդողանը Մոսկվա մեկնեց փետրվարի 4-ի գիշերը, իսկ երեկ ուշ երեկոյան ավարտվեցին նախագահ Պուտինի հետ նրա բանակցությունները: Ինչ արդյունքի հանգեցին բանակցությունները, կանխատեսել չեմ կարող: Պարզապես կարող եմ ենթադրել, որ եթե անգամ հայտարարվի զինադադարի հարցում կողմերի փոխհամաձայնության գալու մասին, այդ զինադադարը երկարատեւ չի լինի: Որքան էլ թուրք զինծառայողների վերջին սպանությունները սրեն ռուս-թուրքական հարաբերությունները, գլխավոր դերակատարը Սիրիայում Թուրքիան չէ, այլ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ