RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-03-05 23:13:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2716, Տպվել է` 252, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՎ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՀԵՏՙ ՄԻՆՉԵՎ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Խոստովանեմՙ զվարճանում եմ, երբ հեռուստատեսությամբ մեր փառապանծ ոստիկանությունը լրահոսով ներկայացնում է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր: Գրեթե առանց բացառության բոլորն էլ տան ձեղնահարկում, նկուղում եւ կամ խորդանոցում շա՜տ պատահաբար են գտել հրացաններ, նռնակներ, պարկուճներ: Բոլորն էլՙ հանգուցյալ հայրիկին կամ հորեղբորը պատկանող զինատեսակներ, որոնց ծագումը հայտնի է միայն... հանգուցյալին:

Վատ ձեւ չէ քաղաքացիներից զենք-զինամթերք հավաքելու համար: Ոստիկանությունը գոհ է, գոհ է նաեւ քաղաքացին, որ ոչ ոք չի խորանում գույքի ծագումնաբանության մեջ: Բացատրագիրը ոստիկանությունում ընդունում են այնպես, ինչպես կա: Միայն թե, իմ կարծիքով, ոստիկանությունը կարող էր խրախուսման ձեւեր կիրառելՙ ազգաբնակչության մոտ գտնվող ապօրինի զենքը ավելի մեծ ծավալներով հավաքելու համար: Մանավանդ որ, հանձնվող հրացանների մեջ ոչ միայն 80-ական թվականների (ինչպես գանգատվում էր Սերժ Սարգսյանը Անգելա Մերկելի մոտ Քառօրյա պատերազմից հետո), այլեւ նախորդՙ 19-րդ դարի «Մոսին», «Կարաբին», նույնիսկՙ Նիկոլի ժամանակներից մնացած «Չախմախլու» տիպի (կայծկահանային) թանգարաններում ցուցադրվելու արժանի զենքեր են լինում:

Կարծես շատ հեռու գնացի: Բայց այս պարագայում նպատակը արդարացնում է միջոցը: Իսկ նպատակս վերջին երկու օրերին խորհրդարանում քննարկվող-անցկացվողՙ «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին» օրինագծին ինչ-որ չափով անդրադառնալն է:

Այն պահից, երբ, 1991 թ.ին, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը խորհրդարանում հայտարարեց, որ մեր երկրում կուլակաթափություն չի՛ լինելու, նախկին ռայկոմի քարտուղարներ, սովխոզի դիրեկտորներ, գործարանների տնօրեններ եւ, մեկ խոսքով, կոմունիստական վերնախավի ներկայացուցիչներ խորը շունչ քաշեցին: Դրան, ավելի ուշ, հաջորդեց զանգվածայինՙ այսպես կոչված պետական գույքի «վաուչերային» սեփականաշնորհման հիմար օրենքը, որը նույն վերնախավին եւ նրանից սնվող մարդկանց տվեց լայն հնարավորություն հարստություն կուտակելու: Մյուս կողմիցՙ Արցախյան պատերազմից, շրջափակումից, վառելիքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների չգոյութունից, էլեկտրականության «հովհարային» անջատումներից օգտվողների մի մեծ խումբ առաջացավ, որը հներից մնացած մի մասի հետ հետագայում կազմեցՙ այսպես կոչված ռազմաքաղաքական եւ առեւտրատնտեսական մեր նոր վերնախավը, որն այսօր շարունակում է կլանել գրեթե ամեն ինչ, ընդհուպՙ «նոր» կոչվող, բայց արագ հարստանալու հին եւ հնագույն ցանկությունից հրաժարվելու փափագ չունեցող շատ իշխանավորների:

Անշուշտ, ողջախոհ ոչ մի մարդ չի կարող վիճարկել պետական ունեցվածքի, պաշտոնեական դիրքն ու հնարավորություններն օգտագործելով հանրային ու մասնավոր սեփականությունների հափշտակումները օրինական ձեւով բացահայտելու եւ դրանք բռնագրավելու վերաբերյալ օրինագիծ ընդունելու մեր խորհրդարանականների նախաձեռնությունը: Սակայն ներկա պայմաններում, երբ վրեժխնդրությունը, նախկիններին քաղաքական հաշվեհարդարի ենթարկելու մոլուցքը մոլեգնում է երկրում, խիստ ռիսկային է գործերի բացահայտման ու հետապնդման գործընթացը արդարադատական ոլորտից դուրս տեղափոխելը: Մանավանդ երբ այդ առաքելությունը պատրաստվում են վստահել փաթեթային վարձատրությամբ գոտեպնդված դատախազական աշխատակիցներին: Մանավանդ երբ անօրինական գույքի արժեքային շեմը իջեցվում է մինչեւ 25 մլն դրամի, այսինքն ընդամենը մեկ սենյականոց փոքրիկ բնակարանի տարածքի չափին: Այնինչ դա, իմ կարծիքով, պետք է լիներ նվազագույնը 1 մլն դոլարի արժեքին, այսինքնՙ իսկապես խոշոր յուրացումներին ու հափշտակություններին վերաբերող: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ է կատարվելու մեր երկրում, ստեղծվելու է նորից «փայ մտնելու», կաշառք տալ-վերցնելու, մարդկանց իսկապես հարստահարելու, ունեզրկելու, նաեւՙ փախեփախի մի մթնոլորտ, որից հանրային շահը լինելու է, վստահ եմ, չնչին, իսկ վնասըՙ ահագին: Թող ոչ ոք չփորձի համոզել, որ ժողովուրդը գոհ կլինի դրանից: Ժողովրդի գոհունակությունը, եթե լինի, կլինի ժամանակավոր, ընդամենը «սիրտ պաղեցնելու» չափ, ինչպես ասում ենք արեւմտահայերս:

Իմ կարծիքով, առաջին հանգրվանում բռնագանձումը մեզ պետք չէ, բացարձակապես: Այլ պետք է քաջալերել, նույնիսկ խրախուսել կամավորության սկզբունքը, ինչպես մեր ոստիկանությունն է անում ապօրինի զենքերի կամավոր հանձնման ժամանակ: Այնուհետեւ, երբ ողջախոհության պայմանաժամն ավարտվիՙ հասցեական ձեւով ստիպել նրանց, որպեսզի վերադարձնեն յուրացրած գույքը, որից հետո նոր միայն անցնել բռնագանձման գործողություններին, առանց ցուցադրականության սակայն, առանց «սելֆիների» եւ «լայքերի»:

Զարգացած բոլոր երկրները վաղուց են անցել այս ճանապարհը: Մյուս բոլոր ճանապարհները մեզ տանելու են 2011 թ.ից (երբ ընդունվեց հանրային ծառայողների ունեցվածքի հայտարարագրման օրենքը) այն կողմՙ մինչեւ սովետական ժամանակաշրջան, մինչեւ, միգուցե, Առաջին հանրապետության տարիներ: Հանգուցյալ պապերի ու տատերի հոգին ողջ լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ