RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1831, Տպվել է` 174, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԱՊԱԳԱՆՙ ՈՉ ՀՀ-Ի ՀԱԳՈՎ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանյան հանրության որոշ մասի կողմից ՀՀ կառավարության ու իշխանության այլ թեւերի պարբերաբար հիշատակվող տնտեսական ու քաղաքական փոփոխությունները սեփական մաշկի վրա չզգալու իրողությունը անորոշությունից մինչեւ հուսալքության տրամադրություններ է առաջացնում: Նման դեպքերում ասպարեզ է նետվում «մեկ-երկու տարում հնարավոր չէ սպասվող փոփոխություններ ապահովել ամբողջ երեք տասնամյակ արձանագրված ու շարունակվող ամենաթողության պարագայում» գնահատականը, որն առայժմ ինչ-որ առումներով իրեն արդարացնում է: Առայժմ ենք ասում, քանզի հայաստանցու որոշակի տեսակը զգուշավորից մինչեւ համբերատար է, մասամբ իրատես ու լավատես, անգամ զիջող ու զուսպ:

Այսուհանդերձ կա նաեւ այն տեսակը, որը մերժելով նախկինների ներկայիս պահվածքը, մանրադիտակի թե խոշորացույցի օգնությամբ է դիտարկում մեզանում ծավալվող ընթացիկ ու հեռանկարային գործընթացները, քանզի դրանց արդյունքներից են կախված մեր երկրի ու մարդկանց առօրյան, անգամ ճակատագրերը: Արդեն մի քանի ամիս է նման մի ծրագիր է շրջանառվում կառավարական օղակներում, որն ավանվում էՙ ոչ ավել ոչ պակաս... «2020-2030 թթ ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների ռազմավարություն»: Նպատակը լրջագույն պատասխանատվություն է պահանջում այն պարագայում, երբ փաստաթղթի հեղինակներն անթաքույց նշում են, որ «ՀՀ-ում առկա է ագրարային կրթության ցածր եւ անբավարար մակարդակ, հաճախ նույնիսկ ագրարային գիտելիքների եւ մասնագիտական հնարավորությունների իսպառ բացակայություն», որի արդյունքում ունենք այն, ինչ ունենքՙ պարենային անվտանգության հիմնավորապես վտանգված վիճակ, գյուղոլորտում ընդգրկված հարյուր հազարավոր մարդկաց էապես ցածր արդյունավետ աշխատանք, գյուղական բնակչության արտահոսք, դատարկվող գյուղեր: Ռազմավարության հեղինակներն առանց երկմտելու նշում են նաեւ, որ «նախանշված խնդիրների ազդեցությունը տեսանելի կլինի հաջորդ տասնամյակում, իսկ փոփոխություններն ու արդյունքները ակնհայտ կլինեն հետեւյալ ժամկետներում. կարճաժամկետՙ 1218 ամիս, միջին տեւողությանՙ 3-5 տարի, երկարատեւՙ 5-10 տարի»

Ակամայից ցանկություն է առաջանում հիշել «ե՛ւ գայլերն են կուշտ ե՛ւ ոչխարներն են տեղում» արտահայտությունը, քանզի որեւէ արդյունքի թերակատարումից մինչեւ ձախողումը կարելի է հիմնավորել նշված ժամկետների սահմանմամբՙ հավելելով տեխնածին ու երկնային աղետներն ու արհավիրքները: Այսօրինակ գնահատականն ինքնանպատակ չէ որ հնչեցվում է, այլ կազմավորվում է «Թիրախային ցուցանիշներ» որակված հավելված 2-ում ամրագրված որոշ թվերի արդյունքում, որոնցում մի շարք առաջնահերթությունների կողքին անտեսվում է նաեւ մեր մարդկանց պարենային նախապատվության գործոնը:

Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է հայաստանցիներիս կողմից օգտագործվող, ասենքՙ թռչնի մսի սպառմանը: Վերջին 10-15-ամյակում այս մսատեսակի սպառումը ՀՀ-ում աննախադեպ աճել է, որոշ տարիների 5 հազար տոննա տեղական արտադրության կողքին մինչեւ 35 հազար տոննա ներմուծվողի արդյունքում: Ստանում ենք մեկ բնակչի հաշվով 13-15 կգ: Իսրայելում այս ցուցանիշը մոտ 70 կգ է, ԱՄՆ-ում 50 կգ, Ավստրալիայում 46 կգ, Արգենտինայում 40 կգ, ՌԴ-ում 30 կգ, Ֆրանսիայում 25 կգ: Տարբեր մայրցամաքների այս 6 երկրներում մոտ կամ ավելի 6 մլն հայեր են ապրում, որոնցից մեր հարազատների թե ծանոթ-բարեկամների հետ զրույցներից դժվար չէ պարզել, որ ամենուր հաճույքով են վայելում այս մսատեսակը. հայաստանաբնակներս բացառություն չենք: Սակայն չգիտես ինչու, առայժմ այսպես որակենք, ինչ-ինչ նպատակներով, որն ամրագրված է շրջանառվող պետական փաստաթղթում, մեր առայժմ 3 մլն բնակիչներից յուրաքանչյուրին առաջարկվում է, ասենք 2026 թվականին, բավարարվել տեղական արտադրության մոտ 10 կգ թռչնամսի սպառումով, դրա կրկնակի-եռակի-քառապատիկը թողնելով ներնուծվողին, որի արտադրության, տեղափոխման, պահպանման պայմանները տարօրինակից մինչեւ արտառոց են, սպառողին ոչ հասու:

Այս վիճակը պետության պարենային քաղաքականության բաղադրիչ է, որով է նաեւ պայմանավորված հանրություն-իշխանություն հարաբերությունների բարերար միջավայրի ստեղծումն ու պահպանումը: Քաղաքական գնահատականներից, հատկապես դրանց կտրուկ ոճից չօգտվող հայաստանյան հատվածը այս պարագայում անկարող է, ենթադրենք, չհիշել հարազատների հետ կապի արդյունքում պուտինյան Ռուսաստանի օրինակը: Պարենային լրջագույն խնդիրներ ունեցող այս երկրում հավի մսի արտադրությունը 2007-2017 թվականներին 1,7 մլն տոննայից հասել է մոտ 5 մլն տոննայի, կիլոգրամի դիմաց 1,2-1,5 դոլար արժեքով: ՀՀ-ում արտադրվածի գինը այդ թվի կրկնակին է, ներմուծված խոր սառեցվածըՙ 1,2-1,4 դոլար: Սա պարզապես անհարգալից է սեփական քաղաքացիների հանդեպ, որպիսի երեւույթ այլ երկրներում գրեթե չի նկատվում: Եվ հարցըՙ մեզ պե՞տք է արդյոք նման տնտեսական հեռանկար, հնչում է ինքնաբերաբար:

Ոչ իհարկե: Իշխանության այն մոտեցումը, թե նախարարներին ու տեղակալներին միլիոնավոր դրամներ ամսավճար-պարգեւավճարներ սահմանելով խթանում են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, որեւէ ձեւով չի արտացոլվում տվյալ դեպքում հիշատակված ռազմավարական հռչակված փաստաթղթում: Ամբողջ 90 էջ լցնելով ու լրացնելով- թվային գյուղատնտեսություն, կատարելագործել նախարարության կառուցվածքը, զարգացնել խորհրդատվական ծառայությունների ու խորհրդատուների կարողությունները, ստեղծել նոր լիազոր մարմին, խոչընդոտներ են շրջափակումը հարեւան երկրների կողմից, ինքնաբավության բարձր մակարդակ է մանր եղջերավոր կենդանիների մսի առումներով ձեւակերպումները- բոլորովին չեն վկայում ՀՀ գյուղատնտեսական ոլորտում ակնկալվող բարեփոխումների մասին: Պատկեր է ուրվագծվում, որ շատ հաճախ ձեռքի հետ լուծվող խնդիրներում նվազագույն տեղաշարժ արձանագրելու համար պահանջվում է պետական ապարատի հերթական ուռճացում, աշխատավարձերի էլՙ սովորական դարձած բարձրացում: Անգամ այս պայմաններում 2018-ին ՀՀ-ում չմշակված 203 հազար հեկտար հողատարածքներից 112 հազար հեկտարը 2029-ին կշարունակեն անմշակ մնալ: Պարզ չէ ոռոգվող հողերի մասնաբաժինը, որոնք, ըստ փաստաթղթի, այսօր գյուղնշանակության հողերի հազիվ 7,6 տոկոսն են կազմում: Մի այլ թիվ. 2029-ին խաղողի համախառն բերքը նախատեսվում է հասցնել 273 հազար տոննայի, երբ այս ցուցանիշից ավելին ապահովվել է տարիներ առաջ: Եվ սաՙ ճյուղի հանդեպ պետական հոգածության պայմաններում: Հիշատակված փաստաթղթում ամրագրված ցուցանիշները հիմնականում կային ՀՀ նախորդ կառավարություններից մեկի հաստատած 2003-2015 թվականների ռազմավարական ծրագրում: Դրանք ձախողվեցին պարզապես անհիմն լինելու պատճառով, ուստի պարզ չէ դրանք մինչեւ 2029 թվականը տեղափոխելու շարժառիթը, որն էլ առիթ է դառնում ասելու. գյուղոլորտի ապագան, իր կանխատեսվող ձեւ ու չափով ՀՀ-ի հագով չէ:

Տխուր, թե՞ մի այլ վիճակ, ինքներդ գնահատեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ