RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1799, Տպվել է` 178, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻԴԼԻԲԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՌԵԲՈՒՍՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանեւրելու հուսահատ ջանքեր է գործադրումՙ մեկը մյուսի հետեւից ստեղծելով դիվանագիտական ռեբուսներ: Օրերս Իզմիրում ելույթ ունենալով նա հայտարարեց, որ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանյուել Մակրոնի, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` քննարկելով Իդլիբի խնդիրը: Այդ զրույցների արդյունքում իբր ի հայտ է եկել ճանապարհային քարտեզ, որի բովանդակությունն առայժմ որեւէ մեկին հայտնի չէ: Նա նաեւ հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում տեղի կունենա Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի քառակողմ հանդիպում, թեեւ, որոշ տվյալների համաձայն, հանդիպելու եւ Իդլիբի իրադրությունը քննարկելու նախաձեռնությունը պատկանում է Մակրոնին եւ Մերկելին:

Էրդողանի ելույթը նախատեսված էր հիմնականում ներքին լսարանի համար եւ պարունակում էր «մեծ դրամատուրգիայի տարրեր», նշում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Նպատակը այն տպավորության ստեղծումն էր, թե Թուրքիայի նախագահը մշտական շփումներ է ունենում աշխարհի առաջատար երկրների ղեկավարների հետ: Նախագահը իբրեւ նախաբան օգտագործում է մեծ տերությունների ղեկավարների հետ իր անձնական զրույցները, որից հետո ի հայտ է գալիս կատարսիսը. ամենքը պատրաստ են քննարկել Իդլիբի հետ կապված իր նոր պայմանները: Այդպես բարձրանում է քաղաքական աստիճանը, երբ Իդլիբի իրադրությունը, համենայն դեպս տեղեկատվական դաշտում, դուրս է գալիս Աստանայի ձեւաչափից: Բայց նման բանի համար անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական նախապատրաստություն: Դա չի նկատվում:

Ավելին, Անկարան քաղաքական միեւնույն հարթության վրա է դնում 2019 թվականի հոկտեմբերի 22-ին ստորագրված Սոչիի հուշագիրը եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագիրըՙ դա ներկայացնելով գրեթե որպես «գլոբալ տերությունների սցենար»:

Եթե այժմ չխորանանք այդ համաձայնագրերի տեխնիկական մանրամասնությունների մեջ, ապա կառանձնանա մի յուրահատկություն: Վաշինգտոնը փորձել է Թուրքիային դրդել համաձայնությունների հասնել Քրդստանի Բանվորական կուսակցությանՙ ՔԲԿ-ի հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական, եւ Վաշինգտոնը հավանություն չի տվել առանց քրդերի մասնակցության տեղական վարչակազմերի ստեղծմանը: Իրենց հերթին Մոսկվան եւ Թեհրանը Անկարային հորդորել են վերականգնել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 1998 թվականին կնքված եւ 2010 թվականին հաստատված Ադանայի համաձայնագիրը: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, այդ փաստաթուղթը նախ եւ առաջ ուղղված է ահաբեկչական կազմակերպությունների դեմ երկու երկրների համատեղ պայքարին, եւ, երկրորդ, օրինականացնում է Սիրիայի հյուսիսում թուրքական զորաբաժնի ներկայությունը: Իսկ ահա Վաշինգտոնի հետ ստորագրած համաձայնագրից եւ Սոչիի հուշագրից ինչ-որ հիբրիդային բան ստեղծելու եւ այդ ուղղությամբ ԱՄՆ-ին եւ Թուրքիային հակադրելու Թուրքիայի փորձերը ձախողվեցին:

Երբ Անկարան սկսեց միայնակ գործելՙ փորձելով յուրովի մեկնաբանել Սոչիի հուշագիրը եւ ԱՄՆ-ի հետ կնքած գործարքը, Իդլիբում եւ դրա շուրջը իրադրությունը բարդացավ: Իսկ հիմա Էրդողանը փորձում է «պիեսի» մեջ ներառել Փարիզն ու Բեռլինը, որոնք որեւէ ձեւով կապված չեն Իդլիբի հետ: Նրանց մտահոգող գլխավոր հարցը փախստականների խնդիրն է: Սակայն, ինչպես այս կապակցությամբ գրում է շվեյցարական Neue Zurcher Zeitung հրատարակությունը, «փախստականների խնդիրը իր սրությամբ, հրատապությամբ եւ կարեւորությամբ հանդերձ Թուրքիայի համար երկրորդական է»: Առաջնային խնդիրը դեպքերի բացասական ընթացքի կասեցումն է Իդլիբում, ինչը, թերթի կարծիքով, անհնար է առանց Մոսկվայի եւ Անկարայի միջեւ փոխզիջման կայացման: Բայց փոխզիջումները լինում են տարբեր: Անկարան չգիտես ինչու կարծում է, որ Իդլիբին առնչվող բոլոր փոխզիջումները պետք է լինեն իր օգտին եւ որ դրան կարելի է հասնել Պուտինի հետ Էրդողանի հերթական հանդիպման ժամանակ: Բայց առայժմ ամեն ինչ սահմանափակվում է հեռախոսազրույցներով, որոնց արդյունքները չեն գոհացնում Թուրքիային: Մոսկվան պահանջում է, որ Իդլիբում պահպանվեն ձեռք բերված համաձայնությունները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկարան չկարողացավ կատարել Իդլիբի առնչությամբ ստանձնած մի շարք կարեւոր պարտավորություններ: Մասնավորապես, նա չսահմանազատվեց զինված ընդդիմությունից: Լավրովը նաեւ արձանագրել է Իդլիբում թուրք զինվորականների ներկայությունըՙ հիշատակելով Իդլիբի ապառազմականացման գոտուց բոլոր ահաբեկչական խմբավորումների դուրսբերմանն առնչվող հարակից պայմանները, այդ գոտու սահմանների վրա ռազմական գործողությունների դադարեցման նպատակով միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը: Բայց ներկայումս Իդլիբի գոտում գրոհայինները շարունակում են զենք ստանալ Թուրքիայիցՙ Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու, արմատական ահաբեկիչների դուրսբերմանը հասնելու փոխարեն: Խոսքը մասնավորապես «Հայ՛աթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման մասին է, որը փաստորեն վերահսկողության տակ է առել ամբողջ Իդլիբը:

Մինչդեռ Մոսկվան մատնանշում է Սոչիի հուշագրի 10-րդ հոդվածը, որը Իդլիբի ապառազմականացման գոտում հակաահաբեկչական պայքարի կոչ է անում, ընդգծում է, որ այնտեղ ջիհադիստական տարրերի ներկայությունը օրինական բնույթ է տալիս Սիրիայի կառավարական ուժերի հարձակմանը: Ի պատասխան, Անկարան պարզապես սկսել է շանտաժի ենթարկել Մոսկվային: Էրդողանը հարցը սրությամբ է առաջադրում Պուտինին. «կա՛մ ես, կա՛մ էլ Ասադը»: Նա քննադատում է Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը CNN հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալով հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Իդլիբում բախում ունենալ Ռուսաստանի հետ, միակ թիրախը Սիրիայի կառավարական զորքերն են: Ակնհայտ է նաեւ Աստանայի ձեւաչափը խոյահարելու միտումը: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքերովՙ «մենք չենք կարող ասել, թե Աստանայի եւ Սոչիի գործընթացները դադարել են գործել, բայց կարող ենք ասել, որ դրանց վնաս է պատճառվել: Նման դատողությունները հարցականի տակ են դնում ազդարարված Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթաժողովը:

Թուրքական լրատվամիջոցներում, դիվանագիտական աղբյուրների վկայակոչմամբ, հայտվել են Ռուսաստանի առջեւ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները փակելու կոչերՙ ակնարկելով, որ Մոսկվան դեպի Սիրիա բոլոր մատակարարումներն իրականացնում է այդ նեղուցներով: Վերջապես, թուրքական հաղթաթղթերի թվին է դասվում նաեւ ռուսական գազի տարանցումը Թուրքիայով, հայտարարում են, թե Ռուսաստանին կարող է փոխարինել Ադրբեջանը, որը շրջանցիկ գազամուղ է կառուցել: Իսկ ինչ վերաբերում է թուրքական դիվանագիտությանը, ճգնաժամը քաղաքական միջոցներով հաղթահարելու ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս, քանի որ Անկարայի սիրիական քաղաքականությունը ի սկզբանե չի կառուցվել լավ կշռադատված եւ հավասարակշռված ռազմավարության վրա: Էրդողանը զգում է, որ իրեն չի հաջողվում դառնալ տարածաշրջանային կարեւոր խաղացող: Նա հաճախ հայտնվում է ծուղակներում, այստեղից էլ միայն դիվանագիտկան ռեբուսների առկայությունը, որոնք դժվար է լուծել: Մինչդեռ, ըստ Ստանիսլավ Տարասովի, գոյություն ունեն ճիշտ քայլեր. հարկավոր է երկխոսություն ծավալել Մոսկվայի եւ Դամասկոսի հետ, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում փոխել իրադարձությունների ընթացքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ