RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



ԱԽՏԱՃԱՆԱՉՈՒՄ

Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2851, Տպվել է` 173, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՐ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ...

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել...

Դարեհ Առաջին

Վերջերս համացանցում կարդացի մի տխուր վիճակագրություն, չնայած այն միայն տխուր կոչելը շատ անգետ ու միամիտ (իսկ գուցե եւ վտանգավոր) մոլորություն կլիներ: Թղթի այդ երկու թերթիկների մեջ ատոմային ռումբի պայթյունի չափ տագնապ կար, սթափվելու հրաման: Ահա այդ բառե ռումբը. «2020 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերում մահացել է 13 զինծառայող, որոնցից եւ ոչ մեկը չի զոհվել հակառակորդի կողմից արձակած կրակոցից»:

Հաղորդագրության ներքո գրված են 13 զինծառայողների անուն-ազգանուններըՙ անվան դիմաց մահվան վայրը եւ մահվան պատճառը նշումով: Ամենատագնապալին հաճախ կրկնվող երեք պատճառներ ենՙ չպարզված հանգամանքներՙ ինքնասպանության հասցնել, հիվանդություն, հանկարծամահ, ծառայակցի կողմից արձակված կրակոց, ձնահոսքի տակ մնացած եւ ավտովթար:

Ինչո՞ւ... Ինչպե՞ս... Մենք այնքան շատ ենք, որ կարող ենք կրակել մեկս մյուսի վրա՞: Այդպիսի շռայլություն չեն կարող թույլ տալ անգամ աշխարհի վրա միլիոններով աճող ժողովուրդները: Գիտեմ, որ հարցը հնչեցնելու առաջին իսկ ակնթարթից կունենամ «վայ հայրենասերների» մի մեծ ընդդիմություն, ովքեր անմիջապես կհնչեցնեն հերթապահ նախադասությունըՙ իսկ աշխարհում կա՞ մի բանակ կամ մի ժողովուրդ, որտեղ յուրայինը չի կրակում յուրայինի վրա, կա՞ մի երկիր, որտեղ բոլորը սիրում են միմյանց: Բայց մեր խնդիրը աշխարհի երկրները եւ բանակները չեն, այլ մե՛ր երկիրը ու մե՛ր բանակը, որտեղ ծառայելու են գնում ամեն մի հայի տանՙ զավակները, որտեղ ամեն մի զինվորի կորստի հետ մարում է մի հայ տան ճրագ: Խոսքը այս «ռումբի» մասին է, որն ավելի վտանգավոր է, քան Ցեղասպանությունը...

Կարծիք կա, որ միջին վիճակագրական հայ գոյություն չունի, որովհետեւ յուրաքանչյուր հայ անհատականություն է: Ուստի խոսելով հայի մասին, պիտի հաշվի առնենք, որ խոսում ենք անհատականության մասին, բայց չպիտի մոռանանք նաեւ, որ այդ անհատականությունը օդից ծնված արժեք չէ, դա սնվում է մի մեծ ավազանից, որ կոչվում է հայկականություն:

Հայտնի մեծերի կողմից գրված բազմաթիվ ասույթներ կան հայերի մասին, բայց պատահական չէ, որ այս խոհագրության համար ընտրվեց Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ Մեծի (Ք.ա.522-486թթ.) ասույթը: Դա ուժեղիՙ ռազմական, պետական հզոր գործչի խոստովանություն էՙ հիմնված ուրիշների եւ սեփական փորձի վրա: Դեռ հին ժամանակներում ուժով, կռվով, զենքով, առճակատմամբ մեզ նվաճելու մեջ պարտված ռազմատենչ տերություններն են «հայտնագործել» մեզ մասնատելով հաղթելու դավադիր, անազնիվ ու սրբապիղծ զենքը: Եվ այդ ժամանակներից սկսածՙ մեզ իրար դեմ հանելը մտել է ոխակալ, խորամանկ, արդար կռվում պարտության դատապարտված թշնամիների նվաճողական ծրագրերի ու նպատակների մեջ, դարձել հայատյացությամբ շնչող ցեղերի ինքնաշեն զենքը, թաքնված ու աներեւելի վառոդը, որի պայթյունից հաճախ վնասվել են հենց իրենք: Հաճախ, բայց ոչ միշտ: Իսկ այն, ինչ եղել է ոչ միշտ-ի դեպքում, մասնատել է մեր հավաքական ամբողջության ուժըՙ ցավ պատճառելով ամեն մի հայիՙ հայրենիքում ու Սփյուռքում:

Եթե մենք առերեսվում ենք մեր պատմությանըՙ երբեք չմոռանալով ու ի լուր աշխարհի ասելով, որ թշնամին տիրացել է մեր բնօրրանին, սպանել մեկուկես միլիոն հայ, տեղահան արել, ցաքուցրիվ նետել աշխարհի բոլոր ծեգերը, եթե մենք պահանջում ենք ճանաչում եւ հատուցում, ուրեմն պիտի քաջություն ունենանք առերեսվել նաեւ ոչ պակաս աղետալի չարիքիՙ բարոյական, արժեհամակարգային կորուստների ու ձեւախեղումների հետ, եւ չամաչենք խոստովանել, որ, ցավոք, թշնամուն հաջողվել է թեկուզ մասամբ մեզ քայքայել նաեւ ներսից:

Եղել է մի բան, որը կարող էր լինել...

Մեր ժողովրդի պատմության մեջ համատեղվել են անհամատեղելի իրողություններՙ ողբերգություն, հերոսություն ու կենսունակություն: Արդյունքում ստացվել է չհաղթված, տխուր, բայց ապրելու կամքով օժտված մի զարմանալի ժողովուրդ: Ու ինչպես ամեն մի ժողովուրդ, որ նաեւ մի կենդանի օրգանիզմ է, իր գոյատեւման ընթացքում ունեցել է եւ ունի սայթաքումներ, սխալներ, վրիպումներ: Բայց ի տարբերություն մյուս ժողովուրդներիՙ մենք ունենք նաեւ մեր թերությունները խոշորացույցի տակ դնելու խոշոր թերություն: Ուստի, ինչի մասին էլ որ խոսելու լինենք, արտառոց է միայն նրանով, որ մենք չենք ընդունում, որ բոլորի նման մենք իրավունք ունենք նաեւ վատը լինել: Մենք մեզ չենք վերապահում այդ իրավունքը: Մենք հայ ենք... Բայց ուզում ենք հասկանալ նաեւ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս կարող են մեր մեջ բույն դնել օտար ու խորթ գծեր:

Մենք ոչնչի չենք հասնի, եթե մեզանում տեղ գտած թերությունների, մեզ մտատանջող խորթ երեւույթների, մեր հոգեկերտվածքին անհարիր դրսեւորումների պատճառները փնտրենք մեր պատմությունից ու ճակատագրից դուրս: Մենք պիտի հասկանանք, որ ներսից մեզ ուտելով ու ջլատելովՙ մենք ջուր ենք լցնում հենց թշնամու ջրաղացին: Որովհետեւ երբ թշնամին առերես չի կարողացել հաղթել մեզ, նա դիմել է մեր խառնվածքի ազնիվ կողմերը շահարկելու նենգությանը, նա մեր ներսում, մեր մսից ու մեր արյունից «թշնամիներ» է կռել: Ու այդ «թշնամիների» սերունդներն են, որ այսօր զենք են բարձրացնում յուրայինի վրա: Այսօր առավել, քան երբեւէ, մեզ հարկավոր է ինքնաճանաչում, ապա նաեւՙ ինքնամաքրում:

Քիչ բարեկամներ ու շատ թշնամիներ ունեցող ժողովուրդ... Այո, բայց եթե թշնամին միայն դրսում լիներ կամ դրսից լիներ...

Դ. Դեմիրճյանը հավատացնում է, որ ամեն ինչից զատՙ «ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ: Սա նրա անհրաժեշտությունն է»:

Այս ժողովուրդը գոյության կռվում կարո՞ղ էր անխաթար պահել իր հոգեկերտվածքի անաղարտությունը, իր նախասկզբնական կատարելությունը, որով նրան օժտել էր Աստված: Ժողովուրդը կարո՞ղ էր սիրել իր ներքին թշնամունՙ իրեն հարստահարող տերերին, իշխանավորներին ու հոգեւորականներին, եթե թշնամու հետ հավասար, երբեմն թշնամու հետ դաշինք կնքածՙ նրանք նույնպես հարստահարում ու թալանում էին, չարաշահում իրենց ուժն ու իշխանությունը: Ժողովուրդը կարո՞ղ է օրհնել ու արեւշատություն մաղթել նրանց: Եթե այո, ապա Վարդան Այգեկցու «Այրի կինը եւ իշխանը» առակի այրի կնոջ պես, որը վատագույնի գալու վախից օրհնում էր վատին: Բայց ավելի շատՙ ոչ, մանավանդ հայ ժողովրդի պարագայում. «Տաղանդ էՙ իր դեմ ատելություն ստեղծելու: Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ»,- գրում է Դ. Դեմիրճյանը:

Չվախենանք բաց ու անկեղծ խոստովանել, որ մեր ժողովուրդը չի սիրել իր իշխանավորներին... Խոստովանենք, որ առաջ գնալիս ավելի լավ հասկանանք մեզ հուզուղ հարցի արմատի հիվանդության պատմությունը, բժշկական լեզվովՙ ախտորոշումը: Իսկ ինչո՞ւ չի սիրել: Դեռ մեր պատմության ամենաառաջին ու հավաստի մատյանում քերթողահայր Խորենացին նույնպես մեղմ ասած հիացած չէ մեր տիրասիրությամբ: Խորենացու «Հայոց պատմությունը» մեր նախնականության, մեր ազգային ինքնագիտակցության, ազգային հպարտության անմահ գրավոր հուշարձանն էՙ ասես գրված երեկ: Խորենացին, որ լավ գիտի մեր բոլոր առաքինություններն ու թերությունները եւ զերծ է ազգային սնապարծությունից, այնուամենայնիվ, ինքն էլ է մոլորվում ու խճճվում ամենակարեւոր հարցի մեջՙ մենք կորցրեցինք մեր պետականությունն ու կաթողիկոսությունը բարոյալքվելու, մեր խիղճն ու ամոթը կորցնելու պատճառո՞վ, թե՞ կորցրեցինք պետականությունը, անկում ապրեց հայ եկեղեցին, ասես հողը սահեց մեր ոտքերի տակից եւ այդ պատճառով բարոյալքվեցինք... Ինչ էլ որ եղած լիներ, արդեն եղել էր, բայց այնուամենայնիվ մութ է մնում եւս մի կարեւոր հանգամանքՙ մենք տիրասեր չենք եղել... ինչո՞ւ մենք չենք սիրել մեր տերերին: Չէ՞ որ մեր ներքին պառակտման խոցը հենց այդտեղ է: «Հայը անկարգ է եւ անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության եւ թե՛ գաղափարների մեջ: Ուր հեղափոխություն, այնտեղ հայություն: Ծայրահեղական է: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ, բայց չխրատվեց»,- գրում է Դ. Դեմիրճյանը: Ինչո՞ւ:

Հարցը օձագալար պտույտներով անցնում է դարերի ու պատմության միջով, մեկ թաքնվում, մեկ կորչում, մեկ տարբեր ձեւեր ընդունում, ինչպես հեքիաթների փոխակերպուկները, բայց իր բովանդակության խորքում այն հստակ է ու անառարկելի... կա այդպիսի բան:

Տեղափոխվենք 21-րդ դար, 2018 թվականի մայիս. «Թավշյա հեղափոխության» հաղթանակի համատեքստում այս հարցը հնչեց անգամ պետական ամենաբարձր մակարդակովՙ Ազգային ժողովի ամբիոնից: Վկայակոչելով հեղափոխության ոգուց բխող «սիրո եւ հանդուրժողականության» կարգախոսըՙ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը դժգոհեց, որ մեզանում ամենեւին էլ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ չկա, մենք չենք սիրում միմյանց: Հետեւեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի պատմական պատասխանը Աշոտյանին, որի մեջ արտահայտված էր հայ մարդուՙ դարերով կուտակված ցասումը, վրեժը, ոխն ու վիրավորանքը պետական պաշտոնյայի հանդեպ, ամեն ինչ միաժամանակ. «Ախր քո ի՞նչը սիրեն, դու ի՞նչ սիրելու բան ես»: Ընդ որում, թեեւ սա ուղղված էր Աշոտյանին, բայց ինչպես կասեին ռեալիզմի դասականները, սա տիպական հարց էր, ընդհանրական բոլոր վատ պաշտոնյաների համարՙ գրեթե առանց բացառության: Մեր ներսում այդ ե՞րբ է պաշտոնյան զուգորդվել լավ հասկացության հետ:

Դիմելով Դարեհի խորամանկ ու դավադիր մարտավարությանըՙ թշնամին հաղթել ու նվաճել է նաեւ այդպեսՙ նենգաբար ու անարյուն: Բայց մեր ուժը եղել ու մնում է ոչ միայն զենքով հաղթելը, մեր տարածքները, կրոնն ու լեզուն կյանքի գնով պահպանելը, այլ այդ սրբազան կռվում թշնամու անտեսանելի զենքը ճանաչելը, նրանից զգուշանալն ու պաշտպանվելը: Որքա՜ն իրական պատմություններ ու լեգենդներ կան այն մասին, թե ինչ դավեր է նյութել թշնամին մեր ժողովրդին պառակտելու, խաբելու, սուտ խոստումներ տալու, իր կողմը գրավելու, կաշառելու միջոցով դավաճանության մղելու մասին: Հեշտ չի եղել անզեն աչքով տեսնել ու ճանաչել թշնամու դիվանագիտական զենքըՙ խնամքով թաքցրած, բարեկամության, կեղծավորության քողով փաթեթավորված «փափուկ բարձը», հեշտ չի եղել հոգնատանջ գլուխն այդ բարձին դնելու գայթակղությանը չտրվելը:

Հենց այդպես է ծնվել մեր ներքին թշնամինՙ դանդաղ, աննկատ, լուռ... ժողովուրդն անգամ չի էլ հասցրել հասկանալ, որ իր ծոցում թշնամի է ծնվում ու տաքանում: Լաբորատոր գորտի հայտնի օրինակը հաստատում է, որ երբ գորտին նետում են եռացող կաթսայի մեջ, նա կարող է կտրուկ ցատկով դուրս թռչել ու փրկվել, բայց երբ գորտին դնում են սառը ջրով կաթսայի մեջ ու դնում դանդաղ վառվող կրակին, գորտը տաքանում է, հետո սկսում է եռալ ու խաշվելՙ առանց դիմադրություն ցույց տալու: Դանդաղ ու պայմաններին հարմարվելով նա չի զգում վտանգը, մոտալուտ մահը, չի պայքարում կյանքի համար..

Այդպես էլ մենք... ժամանակին չենք զգացել մեր ներքին թշնամու դանդաղ, աննկատ ծնունդը, չենք պայքարել, իսկ երբ զգացել ենք, արդեն ուշ է եղել... Բայց եթե այսքանը հասկանում ենք, ուրեմն դեռ ուշ չէ, ուրեմն կարող ենք բռնել կաթսայի կրակը վառող թշնամու ձեռքը...

Մեր հարցի պատասխանը փնտրելու ճանապարհին կրկին ու կրկին մեր աչքի առաջ հառնում է մեծ ու հանճարեղ լոռեցու խոհուն հայացքըՙ իր «աչքի լույսի պես պարզ ու աչքի լույսի պես բարդ» իմաստնությամբ, իր հառաչանքով ու ափսոսանքով. «Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության. թե շատ չարություն կա մեր հոգում»,- ցավով ու դառնությամբ գրում է նա իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածում: «Ինչո՞ւ է էդպես»,- հարցնում է ինքն իրեն ու, պատմության վրա նետելով իրՙ թումանյանական մաքուր, «լայն, խաղաղ ու խորը հայացքը», անառարկելի ու ճշմարիտ անկեղծությամբ մոտենում է մեր հին ու իմաստուն ժողովրդի չարության ակունքին, հասնում խորը գնացած արմատին, այն նախասկզբին, որի պատճառով ժողովուրդը կարող էր չարանալ: Ու հասնելով մի տեղ, որտեղ կարմիրով սպիտակի վրա գրված էՙ եղել է մի բան, որը կարող էր լինել, հսկա Թումանյանն ասես փոքրանում է, կուչ գալիս ու ասես պարտված ու խեղճացած հանձնվում պատմական օրինաչափության ամենակուլ հարվածին... .եւ հենց այստեղ է, որ ցավն ավելի է խորանում, կասեր մեր մյուս մեծըՙ Պարույր Սեւակը...

Շարունակությունը` հաջորդ համարում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ