RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 3269, Տպվել է` 180, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄհամալսարանի լրագրության 2-րդ կուրսի ուսանողուհի

Առաջընթա՞ց, թե՞...

2020թ.-ի հունվարից ուժի մեջ է մտել երթեւեկության կանոնների բալային համակարգը: Սակայն նոր կանոնները բոլորի սրտով չեն: Դա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ:

Հունվարից կիրառվող բալային համակարգի շուրջ թեժ բանավեճեր են ծավալվում: Ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, օրենքի ընդունմանը հաջորդել է հասարակության ու փորձագետների ոչ միանաշանակ արձագանքը: Ոմանք նախաձեռնությունը ճիշտ են համարում` նշելով, որ նոր կանոնները կսանձեն հանդուգն վարորդներին:Ոմանք էլ պնդում են, որ նոր կարգավորումների բեռն իրենց վրա կզգան հիմնականում բարեխիղճ վարորդները, քանի որ աննշան խախտումներ յուրաքանչյուրը կարող է անել, այդ թվում` կարգապահ վարորդները, իսկ «քյալագյոզներն» արդեն գիտեն, թե որտեղ գերազանցեն արագությունը, որտեղ` ոչ:

Եվս մի խոչընդոտ: Կարծիքներ կան, որ ոմանք կարող են փող աշխատել բալային համակարգի միջոցով: Ինչպե՞ս: Ամեն ինչ պարզ է. մարդն ունի վարորդական իրավունքի վկայական եւ ամեն տարի ստանում է 9 բալ: Գալիս է նրա մոտ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած հարեւանը կամ ընկերը եւ խնդրում որոշակի գումարի դիմաց իր վրա վերցնել խախտումը: Անշուշտ, թանկարժեք բալերը փողի դիմաց սպառելն ամենախելամիտ որոշումը չէ, բայց հայկական մտածողությունը նուրբ հասկացություն է, եւ միշտ չէ, որ համընկնում է չոր տրամաբանության հետ:

Մեր անցկացրած հարցախույզի արդյունքում պարզ դարձավ, որ բալային համակարգից դժգոհ հիմնական խավը տաքսիստներն ու առաքիչներն են: «Սաղ օրը դվիժեննու մեջ ենք, ո՞նց կարա տաքսին բալային չունենա, երկու ամսից պրծնելու ա, տասը ամիս էլ տանը քնելու ենք էլի: Քշում էինք էլի, բալայինը ո՞րն ա էլ: Ո՞վ խախտում չի անում, չուզես էլՙ ստացվելու ա, էն էլ տաքսիստների մոտ», իր խոսքում նշեց 45-ամյա Արամ Սարգսյանը:

Արշակունյաց պողոտայում աշխատող տաքսու մեկ այլ վարորդ ասացՙ իրենց նկատմամբ անհատական մոտեցում պետք է դրսեւորվեր, ի տարբերություն տնից աշխատանքի եւ հակառակ ուղղությամբ ամեն օր երթեւեկող վարորդների, իրենք ռիսկային գոտում են գտնվումՙ ԱՊՊԱ-ի համար ավելի մեծ գումար են վճարում, քան մյուսները, մի խոսքովՙ բալային համակարգը իրենց համար չէ:

«Ինքը մեքենան շահագործում է ընդամենը 1-2 ժամ, ես շահագործում եմ 18 ժամ, ինձ էլ 9 բալ, իրե՞ն էլ 9 բալ: Տաքսու վարորդՙ 18 ժամ, հնարավոր չի առանց սխալի, անկախ ամեն ինչից ստացվում ա: Թող ինձ էլ բալ գա, բայց իմ բալերի թիվը ավել լինի: Ուղեւորը ձեռքը բարձրացնում ա, բոլորը փողոցում շարված են, ես տեղ չեմ կարողանում գտնեմ, որ ուղեւոր վերցնեմ, ստիպվածՙ կամերան նկարում ա երկրորդ շարք»,- ասաց վարորդներից մեկ ուրիշը:

Բալային համակարգից անհանգստացած վարորդների երկրորդ խումբը առաքիչներն են. «Ես, օրինակ, առաքիչ եմ աշխատում, ինձ ձեռք չի տալիս այս նոր օրենքը, որովհետեւ ես երկրորդ գիծ շատ եմ կանգնում: Ստացվում էՙ մի երեք-չորս ամիս կքշեմ, ու կզրկվեմ իրավունքից: Գոնե ժամանակ դնենՙ ես աշխատող եմ, ես հինգ րոպե կարողանամ կանգնել, սովորական վարորդը հինգ րոպե կարողանա կանգնել»:

Շարքային վարորդները բալային համակարգից ակնկալում են երթեւեկության ագրեսիայի նվազում: Մատնանշում են որոշ թերություններՙ գծանշումները երբեմն չեն երեւում, կան թաքնված նշաններ, որոնք հանգեցնում են ինքնըստինքյան խախտումների, այդուհանդերձ, մեզ հանդիպած վարորդները կողմ են ճանապարհային երթեւեկության կանոնների խստացմանըՙ հույսովՙ որ խախտումները կնվազեն:

Մի քիչ կձգվեն վարորդները, կզսպվեն մի քիչ, կսկսեն իրենց ճիշտ պահել, կարգին քշել, չխանգարել, երթեւեկության կանոնները պահպանել: Պիտի որ դրական արդյունք տա, վատ վարորդները թերեւս մի քիչ կքչանան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ