RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2411, Տպվել է` 301, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՈՒՐԻԶՄԸՙ «ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...

ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ

Հայաստանը որպես տուրիստական վայր բավականին հետաքրքրական է արտասահմանցիների համար: Մեր երկրում կարելի է գտնել մշակութային հրաշքներ, էկո տուրիզմի համար հրաշալի վայրեր, էքստրեմալ պայմաններում հանգիստ.... Մի խոսքովՙ մեր երկիրը համապատասխանում է տուրիզմի գրեթե բոլոր ճյուղերի պահանջներին: Միակ բացառությունը թերեւս լողափնյա տուրիզմն էՙ պարզ ու բոլորին ընկալելի պատճառով: Բայց այս ամենը չի ապահովում տուրիզմի զարգացման այն մակարդակը, որը կարելի էր ակնկալել ռեսուրսների այսչափ առատությունից: Չի ապահովում մի քանի հստակ պատճառներով:

Տուրիզմի ոլորտը Հայաստանում գրեթե չի վերահսկվում, թողնված է ազատ ու բաց. իսկ կասե՞քՙ ի՞նչ է աճում բաց ու չվերահսկվող դաշտում: Ճիշտ եքՙ մոլախոտ, որը վաղ թե ուշ խժռում է ամբողջ բերքը: Վերահսկողության բացակայությունը հնարավորություն է տալիս բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալ ու անազնիվ խմբերի մուտքը ոլորտ: Գիդերից սերտիֆիկացում չի պահանջվում, մեքենաների համար չեն սահմանվում մինիմալ տեխնիկական, անվտանգության եւ հարմարավետության պայմաններ: Սա լուրջ խնդիր է, որը կարելի է եւ պետք է կարգավորել:

Երկրորդ լրջագույն խնդիրը ենթակառուցվածքների վատ վիճակը, իսկ հաճախ նաեւ ի սպառ բացակայությունն է: Սրա մեջ կարելի է ներառել ճանապարհների անբարենպաստ վիճակը, սանիտարական ենթակառուցվածքների բացակայությունը եւ նմանատիպ այլ խնդիրներ: Հայաստանը նաեւ զուրկ է դասական իմաստով մոթելներից: Այո՛, ճիշտ եք կարդում. կթվաՙ մոթելները գոնե Երեւանում բազմաթիվ են: Հենց դրա համար ենք գրումՙ «դասական իմաստով»: Իրականում, մոթելների մասին մեր պատկերացումները կապ չունեն իրականության հետ: Մոթելները մայրուղիների վրաՙ սահմանված կիլոմետրի հեռավորությամբ օբյեկտներ են, որոնք առաջարկում են գիշերակացի, սնունդի, ավտոտեխսպասարկման, վառելիքի լիցքավորման ծառայություններ եւ ունեն նաեւ առեւտրի կետեր: Համաձայնենք, որ Հայաստանում այդպիսիք շատ չեն, այնպես որ, մեքենայով ճամփորդելու անհարմարության միակ պատճառը ճանապարհների վիճակը չէ:

Ինչպես ամեն հայի հայտնի է դեռ նախադպրոցական հասակից, մենքՙ հայերս ունենք հարուստ մշակույթ: Սակայն տուրիզմով թեկուզ մեկ օր զբաղված ու գոնե 2 երկիր տուրիստական այց ունեցած յուրաքանչյուրը կփաստի, որ մենք ունենք ներկայացման մեծ խնդիր: Սա մեր եւս մեկ ու ամենակարեւոր խնդիրներից է: Երբ անցած տարի արտասահմանցի երկու ընկերների հետ այցելեցինք Հաղարծինՙ այնտեղ ամեն տարի անցկացվող փառատոնի օրերին, ես հաճելիորեն զարմացած էիՙ տեսնելով այնտեղ ազգագրական պարեր պարող եւ դասավանդող երիտասարդների: Ցավոք, այս երեւույթը ամենեւին հաճախ հանդիպողներից չէ:

Նշեմ, որ մեր հարեւան Վրաստանում գրեթե բոլոր տուրիստական վայրերում կարելի է հանդիպել ազգային տարազներով մարդկանց, լսել վրացական երաժշտություն եւ ընկղմվել վրացական կոլորիտի մեջ:

Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանն ունի մի բան, որին աշխարհի քիչ երկրներում կարելի է հանդիպել: Մեր երկիրը անասելի հյուրընկալ է զբոսաշրջիկների համար:

Անցած տարի Ալեք Մանուկյան փողոցում հանդիպեցինք մարդկանց մի հոծ խմբի: Կարծեցինքՙ բողոքի նոր ակցիա է: Սակայն պարզվեց, որ մի զբոսաշրջիկ իրեն վատ է զգացել ու մարդիկ հավաքվել են օգնություն ցույց տալու: Վերջում, երբ հիվանդին հոսպիտալացրին, նրա դուստրըՙ հուզված այս ջերմությունից ու նաեւ խիստ զարմացած, հերթով գրկում էր մարդկանց ու շնորհակալություն հայտնում: Մեկ այլ օրինակ: Թերեւս քիչ երկրներ կան, որոնց շուկաներում զբոսաշրջիկին անվճար կհյուրասիրենՙ նույնիսկ եթե նա ոչինչ չի գնում: Սա գնահատվում է մեր արտասահմանցի հյուրերի կողմից:

Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, բայց տուրիզմի զարգացման համար պետք են ինստիտուցիոնալ լուծումներ եւ ճիշտ ու հավասարակշռված քաղաքականություն: Մենք չենք ունենա տուրիզմի զարգացման բարձր տեմպեր, քանի դեռ մի շարք հարցեր լուծված չեն, եւ կունենանք անկում, քանի դեռ մամուլի էջերից չեն իջնում Հայաստանում ձերբակալությունների մասին ամենօրյա հրապարակումները: Չենք ունենա, որովհետեւ զբոսաշրջիկին պետք է հանգիստ, կայուն վիճակ եւ անվտանգություն, իսկ մենք ամեն օր խոսում ենք «առերեւույթ հանցագործների» ու ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների մասինՙ փոխանակ գործով զբաղվելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ