RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3184, Տպվել է` 301, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդես եկավ մամլո ասուլիսով: Նրան ուղղված հարցերից առանձնացման արժանի եմ համարում երկուսը: Լրագրողներից մեկը տարակուսում էր, թե ինչո՞ւ Հայաստանի հեղափոխական իշխանությունները չեն հանում Գարեգին Նժդեհի արձանը Երեւանի կենտրոնից, մանավանդ Հայրենական մեծ պատերազմի ավարտի 75-րդ տարում, այն դեպքում, երբ հանրահայտ է, որ Նժդեհը երկրորդ աշխարհամարտի տարիներին համագործակցել է նացիստների հետ: Երկրորդ հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարման համակարգում օլիգարխների առկայության փաստին: Ի պատիվ իրենՙ վարչապետը հմտորեն դուրս եկավ այդ հարցերի տակից: Նախ հայտարարեց, թե օլիգարխատ նշանակում է փոքրամասնության իշխանություն, իսկ այժմ Հայաստանում մեծամասնությա՛ն իշխանություն է: Երկրորդ, Հայաստանի կառավարող վերնախավում այժմ ոչ մի մեծահարուստ չկա, երկրի քաղաքականության վրա նրանց ազդեցությունը չնչին է: Երրորդՙ Գարեգին Նժդեհի արձանը հեղափոխական իշխանությունները չեն հանել, քանի որ դեռ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին նա կռվել է թուրքական ցեղասպան բանակների դեմ, մեծ ավանդ է ներդրել Հայաստանի Առաջին Հանրապետության կայացման գործում: -Եթե Նժդեհի նմանները չլինեին, հնարավոր էՙ ես էլ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այսօր այստեղ չլինեի,- նկատեց նա: Այստեղ Փաշինյանը միանգամայն տեղին մատնանշեց Բաքվում գտնվող Ռասուլզադեի արձանն ու նրա անունով փողոցը: Ռասուլզադեն երկրորդ աշխարհամարտի տարիներին նույնպես համագործակցել է գերմանական ֆաշիստների հետ, կռվել է ռուսների դեմ:

Հիմնականում հավանություն տալով Հայաստանի վարչապետի այս պատասխաններին, կուզենայի ե՛ւ նրա, ե՛ւ մեր հասարակական լսարանի ուշադրությունը սեւեռել որոշ մանրամասների վրա: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայանի եւ այլոց համագործակցությունը գերմանական ֆաշիստների հետՙ կրում էր զուտ ձեւական բնույթ: Գերմանական համակենտրոնացման ճամբարներից իրենց գլխավորած հայկական լեգեոնների շարքերում կենտրոնացնելով հայազգի գերիներին, նրանք առաջնորդվում էին բացառապես նրանց կյանքը փրկելու մտահոգությամբ: Իսկ երբ հայկական մի լեգեոն, շուրջ 8 հարյուր հոգի, գերմանացիներն ուղարկում էին բելառուսական պարտիզանների դեմ կռվելու, նույն Գարեգին Նժդեհը իր մոտ հրավիրեց գումարտակի հրամանատար Վլադիմիր Ղազարյանին (պատերազմից հետո ապրում էր Թբիլիսիում) եւ հանձնարարեց տեղ հասնելուն պես անցնել... խորհրդային պարտիզանների կողմը: Երկու ամսից այդպես էլ եղավ, գումարտակը, «Անաստաս Միկոյանի անվան պարտիզանական ջոկատ» անվամբ, լրիվ կազմով մտավ գեներալ Նաումովի պարտիզանական բանակի շարքերը: Այնպես որՙ հակառակ վրացական, ադրբեջանական, միջինասիական լեգեոնների, գրեթե ոչ մի հայ լեգեոնական չի կռվել խորհրդային զորքերի դեմ: Ոչ ոք ավելի մեծ ցնծությամբ չդիմավորեց խորհրդային զորքերի հաղթանակը Ստալինգրադի ճակատամարտում, քան Գարեգին Նժդեհը, նաեւՙ Դրաստամատ Կանայանը: Նրանք երկուսն էլ առավել քան հիմքեր ունեին խորապես ատելու խորհրդային ղեկավարությանը, բայց գիտեին, որ Արաքսի այն ափին, Հայաստանի սահմանի ողջ երկարությամբ, Թուրքիան կենտրոնացրել էր շուրջ մեկ միլիոն զինվորից կազմված բանակ, որը պիտի մտներ Անդրկովկաս, եթե գերմանացիները Ստալինգրադը գրավեին: Հայաստանի բնակչությունը այն ժամանկ 1,5 միլիոն էր: Պատկերացնո՞ւմ եք, թե 1 միլիոնանոց թուրքական զորքն ի՛նչ կաներ Հայաստանում: Նժդեհն ու Դրոն ծրագրում էին իրենց լեգեոններով շտապել Հայաստան եւ կանխել թուրքերի կողմից հայոց նոր ցեղասպանությունը: Գուցե դա միամիտ պատկերացում էր եւ ուշացած լիներ, սակայն փրկության այլ ճանապարհ չէր նշմարվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ