RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3227, Տպվել է` 302, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈԼՈՐ ՀԱՐԿՎՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ԲԱՅՑ ՈՐՈՇ ՀԱՐԿՎՈՂՆԵՐՙ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ամերիկյան մայրցամաքը հայտնաբերել է Քրիստափոր Կոլումբոսը, բայց այն կոչվում է մեկ այլ իտալացի ճանապարհորդիՙ Ամերիգո Վեսպուչիի անունով, որովհետեւ վերջինս, չնայած նրան, որ ավելի ուշ է հայտնվել Ամերիկայում, խնդրին մոտեցել է ճիշտ կողմից եւ իրերը կոչել իրենց անուններով. տեխնիկայի հարց է:

Օրեր առաջ իշխող խմբակցության մի թերուս պատգամավոր, որը, ճիշտ է, Կոլումբոսի ու Վեսպուչիի պես ճանապարհորդ չէ, բայց շատ է քայլել, որի համար էլ պատգամավորի անդամտոսի ու պետական աշխատավարձի է արժանացել, լավ թղթախաղ է խաղում եւ ատամներով գարեջրի շիշ բացող է, հայտարարեց, ավելի դիպուկՙ առանց մտածելու ասաց, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն լցնելու նպատակովՙ պետք է հարկել բոլորին, եւ առհասարակ, կարելի է ցանկացած քայլի գնալ: Իհարկե, բարդ է հասկանալ այս մտքի տիտանի «ցանկացած քայլ» ասածը, որովհետեւ, օրինակ, իրենց դասարանի Չաղ Վագիֆը, որն, ի դեպ, հաջողել է տեխնիկումի ընդունելության քննությունները, կարող է պետբյուջեն լցնելուն ուղղված որեւէ քայլ համարել, ասենք, եգիպտացորենի ու բժշկական երշիկի գողությունը, խոշոր եղջերավոր անասունների պտուկների, ներող եղեքՙ ստինք պետք է ասեի, լվացումը, եւ, ասենք, երեք տարեկան մոխրագույն ավանակների թրիքի, կրկին ներող կլինեքՙ գոմաղբի արտահանումը Բարբադոս ու Մալազիա:

Բայց, այնուամենայնիվ, կարծում եմՙ այս երեսփոխանի ասածների մեջ ճշմարտություն կա, բացառիկ ճշմարտություն, որն անվիճելի մի զորություն է, իր այդպես էլ չավարտած դպրոցի բավարար գնահատականներով լեցուն վկայականի պես: Անկասկածՙ պետք է անել ամեն բան, որպեսզի լցվի պետբյուջեն: Օրինակՙ կարելի է այսուհետ տուգանել նրանց, որոնք առավոտյան արթնանալիսՙ առաջինը ձախ ոտքն են դնում գետինՙ անուղղակիորեն հարելով հակահեղափոխական տարրերին: Ծանր տուգանքի են արժանի նաեւ նրանք, որոնք երեկոյան վեցից հետո սնունդ են ընդունում, հատկապես բլինչիկ եւ խոզի բուդ: Անհրաժեշտ է տուգանային հրապարակ հրավիրել նաեւ այն հակապետական տարրերին, որոնք պատառաքաղը բռնում են ոչ թե աջ, այլՙ ձախ ձեռքով, դա հակահեղափոխականություն է, եւ գոնե տուգանքի արժանի:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրության ներքո պահել նաեւ նրանց, ովքեր անհարկի կգործածեն վարչապետ, հունիս, Մակեդոնիա, բարենորոգումներ, աղքատ եւ անհնազանդ բառերը: Արդար կլինի նաեւ հարկային դաշտ բերել նրանց, ովքեր քայլելիս նայում են դիմացինին, հատկապես եթե դիմացինը կին է, եւ նայողն անպարկեշտ մտքեր է արծարծում, թող կրկնակի հարկվի ու արժանանա մտրակի 40 հարվածի: Եւ ամենակարեւորը, որպեսզի արդար լինի եւ բյուջեն էլ չտուժի, թող հայհոյողները տուգանվեն, չհայհոյողներըՙ հարկվեն, անազնիվներըՙ տուգանվեն, ազնիվներըՙ հարկվեն, «դուխով» վանկարկողներըՙ հարկվեն, չվանկարկողներըՙ տուգանվեն, վարչապետին հավատացողներըՙ հարկվեն, չհավատացողներըՙ տուգանվեն. զի ազնիվ, պետականամետ ու նոր է հարկվողը, իսկ անազնիվ, հին ու մերժելիՙ տուգանվողը:

Իսկ եթե ավելի լուրջ, վերոհիշյալ պատգամավորը ամենաբույժ Ցոլակ Հակոբյանի օգնության կարիքն ունի, անհապաղ եւ շատ երկար ժամկետով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ