RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2856, Տպվել է` 312, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՄԱՍԿՈՍԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Երբ Սիրիայի խորհրդարանը օրերս Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային կոտորածները ճանաչեց ցեղասպանություն, անմիջապես գտնվեց այդ քայլի բացատրությունըՙ թուրք-սիրիական հարաբերությունների կտրուկ սրումը Իդլիբում տիրող իրադրության պատճառով, գրում են ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանները: Դամասկոսը որոշել է Անկարային հիշեցնել նրա պատմական ցավոտ հարցի մասին, մանավանդ որ Դեր Զորի անապատով հայերին տարել էին դեպի ոչնչացում: Դա հանրահայտ փաստ է, թեեւ Սիրիան երկար ժամանակ շրջանցել էր այն: Այժմ, ինչպես գտնում է հայտնի արեւելագետ Եվգենի Սատանովսկին , անհրաժեշտություն է ծագել Հայոց ցեղասպանության հարցը հիշատակելու որպես ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի, այլեւ հենց Սիրիայի պատմության մաս:

Իսկ եթե իրադրությունը գնահատենք լայն համատեքստում, հաշվի առնելով նախորդ տարի ԱՄՆ Կոնգրեսի ընդունած համանման բանաձեւը, ապա կարելի է նկատել, որ սիրիացի խորհրդարանականները ձգտում են շփման եզրեր գտնել ամերիկացի կոնգրեսականների հետ եւ ստանալ ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական լոբբիի աջակցությունը, վերջինիս ուշադրությունը բեւեռել Սիրիայի խնդիրների վրա: Ինչպես գրում է The New York Times թերթը, թուրք պաշտոնական անձինք ամերիկյան Կոնգրեսի որոշումը համարում են վրեժխնդրություն այն բանի համար, որ վերջերս թուրքական զորքերը սկսել են քրդերին դուրս մղել նրանց վաղեմի տարածքներից: Քրդական թեման շարունակելով նշենք, որ Սիրիայի Դեմոկրատական խորհրդի ղեկավար Մուստաֆա Մաշայխի խոսքերովՙ սիրիացի քրդերի եւ Դամասկոսի միջեւ վերջերս կայացած բանակցություններում որոշակի առաջընթաց է ձեռք բերվել: Ի հայտ է եկել ճանապարհային քարտեզի ստեղծման հնարավորություն, որը նախատեսում է Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարության կազմավորում: Այդ նախագծի դեմ հանդես է գալիս Թուրքիան: Նա վախենում է, որ իրադարձությունների այդպիսի ընթացքը կարող է խթան դառնալ նաեւ Թուրքիայում համանման ինքնավարության ձեւավորման համար: Ընդսմին Անկարան սերտորեն համագործակցում է Իրաքի հյուսիսում ստեղծված քրդական ինքնավարության հետ:

Բայց այստեղ ի՞նչ կապ ունեն հայերը: Մերձավորարեւելյան որոշ լրատվամիջոցներում հայտնվել են հաղորդումներ այն մասին, թե Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախաձեռնողը իբր եղել է Իրանը, որպեսզի հայկական գործոնի կիրառման միջոցով աշխարհաքաղաքական մեղմիչ ստեղծի քրդերի դեմ: Բավական է վերհիշել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի այն հայտարարությունը, թե «2016 թվականի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի նպատակը եղել է երկրի բաժանումը Հայաստանի եւ Քրդստանի միջեւ»: Անկարայում նաեւ ընդգծում են, որ «Հայկական հարցը սկիզբ է առել 1678 թվականին Իրանում հայկական բուրժուազիայի ձեւավորման հետ մեկտեղ: Վերջինս առեւտուր էր անում Մետաքսի ճանապարհի վրա եւ երազում էր Անատոլիայում հայկական անկախ պետականությունը վերականգնելու մասին»:

Ենթադրենք, թե այդպես է: Բայց մնում է պատմությունը մեր ժամանակների հետ կապելու հարցը: Հայերը նաեւ ունե՞ն արդյոք նման խաղի իրականացման ներուժ: Սիրիայի ժողովուրդների հետ համերաշխության կոմիտեի համանախագահ Օլեգ Ֆոմինի խոսքերովՙ հայերը Սիրիայում ունեն հայրենասիրական դիրքորոշում, մարտնչում են թե՛ սիրիական բանակում, եւ թե՛ աշխարհազորի ինքնապաշտպանական ջոկատներում: Իսկ «երբ ռազմական գործողությունները դադարեն, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել քաղաքական բարեփոխումների, սահմանադրության փոփոխությունների մասին, քանի որ սիրիացիները նույնիսկ բարձր մակարդակներում շատ դրական կարծիք ունեն հայերի մասին»:

Ներկայումս Սիրիայում աշխատում են ականազերծումներով զբաղվող հայ մասնագետներ, բժշկական անձնակազմ: Բացի դրանից, թուրքերի ռազմական գործողության ծավալումից ի վեր էթնիկ հայերի անվտանգության առնչությամբ հայկական կողմն ունի երկյուղներ: Ինչ վերաբերում է Իրանին, նա առանձնահատուկ վերաբերմունք ունի ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ, իսկ Սիրիայում ուրվագծված է ընդհանուր վերաբերմունք արտաքին խաղացողների ընկալման հարցում, չնայած այն բանին, որ Թեհրանի ու Երեւանի կարծիքները միշտ չէ, որ կարող են համընկնել տեղային եւ արտաքին խաղացողների շահերին:

Լինելով շրջապատման մեջ, Իրանը պատրաստ է օրախնդիր դարձնել Հայկական հարցը, ինչը կնպաստեր նաեւ երկրի միջազգային նկարագրին: Սրանում առկա են որոշակի բացառիկություն եւ դեպի Արեւմուտք Թեհրանի լայն քաղաքական-դիվանագիտական շրջադարձի հնարավորություն, կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Բայց ով էլ եղած լինի խորհրդարանում Սիրիայի Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը, Սիրիայում հնարավոր է Թուրքիայի պատմական ցավոտ հարցերի վերարծարծումը, որոնք, միմյանց վրա կուտակվելով, ստեղծում են բարդ ու խճճված աշխարհաքաղաքական պատկեր, որտեղ Անկարայի յուրաքանչյուր քայլ ոչ միայն չի պարզեցնում իրավիճակը, այլեւ է՛լ ավելի է բարդացնում այն:

Խմբ. կողմից.- Ռուս վերլուծաբանները, եւ ոչ միայն նրանք, իրենց եզրակացություններում ելնում են հիմնականում այժմյան ռազմաքաղաքական տվյալներից, այնինչ շատ կարեւոր են նաեւ պատմական տվյալները: Այս առումով բնավ մտահան պետք չէ անել, որ նույնՙ 1915-16 թթ.ին սիրիացի ու լիբանանցի մտավորականների մի մեծ խումբ, Դամասկոսի եւ Բեյրութի կենտրոնական հրապարակներում կախաղան բարձրացվեցին օսմանյան թուրքերի կողմիցՙ զսպելու համար այդ երկու ժողովուրդների ըմբոստական շարժումները թուրքական լծի դեմ: Ավելին, շատ ավելի ուշ, մինչեւ Սիրիայում ծագած ռազմական ու ահաբեկչական կռիվները, սիրիական պաշտոնական քարտեզներում ներառված էր Ալեքսանդրեթը (այժմՙ Հաթայ), որը ֆրանսիական դավաճանությամբ 1938 թ.ին բռնակցվեց Թուրքիային: Այնպես որ, թուրք-սիրիական հարաբերություններում թշնամանքը միշտ է առկա եղել, հաճախ առանց արտաքին դրսեւորումների, հաշվի առնելով այլեւայլ հանգամանքներ, ինչպես Սիրիա-Իսրայել հակամարտությունը::

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ