RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3034, Տպվել է` 306, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿԻՊՐՈՍԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲՌՆԱԿՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՍԱՐՍԱՓԵԼԻ ՍՑԵՆԱՐ Է. ԿԻՊՐԱՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ (ԿԻՊՐՈՍՑԻՆԵՐԻ) ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հայտարարել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Մուստաֆա Աքընջըն

«Ազգ-ի» նախորդ համարներում, անդրադառնալով Թուրքիայի առջեւ ծառացած արտաքին խնդիրներին, նշել էի, որ դրանց մեջ կարեւորությամբ առանձնանում են Լիբիայի եւ Սիրիայի խնդիրները: Հունվարի 14-15-ին Մյունխենում հրավիրված անվտանգության համաժողովը Լիբիայում իրավիճակի բարելավման առումով շոշափելի որեւէ քայլ թերեւս չի արձանագրել, սակայն որոշել է առափնյա ջրերում պարեկություն անելու համար ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերից կազմել նավատորմ, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ի վիճակի չլինեն զենք ու զորք տրամադրել հակամարտող կողմերին: Այս որոշումը փաստորեն չեղարկում է 2019 թ. նոյեմբերի 27-ին Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության հետ Թուրքիայի ստորագրած ռազմական համագործակցության պայմանագիրն ու ծովային գոտիների սահմանազատման մասին հուշագիրը: Դրանով ի չիք են դառնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արեւելյան Միջերկրականում ազդեցություն տարածելու միջոցով Հունաստանին եւ Կիպրոսի Հանրապետությանը «կարգի հրավիրելու», այսպիսով «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» այսպես կոչված իրավունքները վերջիններիս «ոտնձգություններից» պաշտպանելու նկրտումները:

Թուրքիայի շուրջն օղակը սեղմվում է նաեւ Սիրիայում: Այն առումով, որ Իդլիբում տեղակայված ռազմական դիտակետերի հարցը ռուսական կողմի հետ քննարկելու համար փետրվարի 17-ին Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը բանակցությունների առաջին օրը որեւէ արդյունքի չի հասել, իսկ եկրորդ օրը «Պրավդան» գրել է, որ Թուրքիան հեռանում է Իդլիբից: Իհարկե դա դեռ չի նշանակում, որ թուրքերը կհեռանան, բայց որ հեռացման մասին մոսկովյան թերթի հրապարակումն ինքնին Թուրքիայի տեսանկյունից Մոսկվայի բանակցությունների ձախողումն է ազդարարում, ակնհայտ է:

Լիբիայի եւ Սիրիայի կնճիռները խիստ սրել էին ներքաղաքական լարվածությունը Թուրքիայում, վերածելով իշխանություն-ընդդիմություն պայքարը կատարյալ առճակատման: Մինչ շարունակվում էր սրվել այդ առճակատումը, իսկ Լիբիայի ու Իդլիբի վերջին զարգացումները հիասթափություն էին պատճառում երկրում հարձակումների թիրախ դարձած Էրդողանին, ահա Թուրքիային ուղղված ելույթով ասպարեզ է իջնում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Մուստաֆա Աքընջըն : Նա անգլիական «Գարդիան» թերթին տված հարցազրույցում, խոսելով Կիպրոսի թուրքական հատվածը Թուրքիային միացնելու հավանականության մասին, նշում է, որ դա կլինի այնքան «ահավոր», որքան Ռուսաստանին Դրիմի «բռնակցումն» է եղել :

Աքընջըի խոսքերը սառը ցնցուղի ազդեցություն են գործել Թուրքիայում: Դրան միջազգային մամուլի հետ, անշուշտ, արձագանքել են նաեւ թուրքական լրատվամիջոցները: Բայց վերջիններս հարցազրույցի բովանդակությունն աղավաղելու համար խուսափել են հատվածաբար կատարված մեջբերումների ճշգրիտ թարգմանությունից, որ թուրք ընթերցողը, բովանդակության փոխարեն, իր ուշադրությունը սեւեռի հարցազրույցի առաջացրած հակազդեցության վրա:

Աքընջըն «Գարդիան» թերթին մասնավորապես ասել է. «Անհրաժեշտ է, որ կղզում երկու համայնքները դաշնության հիմունքներով միավորվեն մեկ ընդհանուր տանիքի ներքո, եկել է այդ որոշումը կայացնելու պահը: Ես չեմ պատրաստվում երկրորդ Թայֆուր Սյոքմենը դառնալ: Դաշնային լուծման համար շտապել է պետք: Եթե միավորվելը (հույների հետ) չհաջողվի, ապա հետզհետե կաճի Կիպրոսի հյուսիսային հատվածի կախումը (Թուրքիայից), Անկարան ի վերջո կուլ կտա նրան եւ նա կվերածվի թուրքական վիլայեթի: Չենք ուզում Հաթայի պես կուլ գնալ Թուրքիայի նկրտումներին: Կիպրոսի թուրքերը ձգտում են պահպանել իրենց աշխարհիկ ժողովրդավարական ինքնությունը: Հյուսիսային Կիպրոսի միացումը Թուրքիային սարսափելի է լինելու»: Այդ մասին փետրվարի 8 -ի եւ 9-ի համարներում համապատասխանաբար նշել են BBC News-ն ու թուրքական «Birgun-ը»:

Նախքան հակազդեցություններին անցնելը նշեմ, որ Թայֆուր Սյոքմենը եղել է Հաթայի վիլայեթ վերանվանված Ալեքսանդրեթի սանջակի առաջին ու վերջին նախագահը: 1939-ին Սիրիայի մաս կազմող այս սանջակը Ֆրանսիայի նախաձեռնությամբ տարանջատվել եւ անկախություն էր հռչակել, որ բռնակցվի Թուրքիային: Դրանում մեծ էր Քեմալ Աթաթուրքի մտերիմներից Սյոքմենի դերը: Աքընջըի հարցազրույցը համարելով ոտնձգություն «Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքերի արդարացի դատին, Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը դատապարտեց նրան եւ ներողություն խնդրելու կոչ արեց: Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին պահանջեց, որ Աքընջըն անհապաղ հրաժարական տա «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահի պաշտոնից, ավելացնելով. «Փոխանակ կիպրացի թուրքերի պատմական իրավունքներն ու շահերը պաշտպանելու, այս արարածը կասկածելի հաշվարկներ է անում Միջերկրականում, ջուր լցնում գլոբալ իմպերիալիզմի ջրաղացին եւ ծառայում է հույների ռազմավարական նպատակներին: Այս անամոթությունն ու անբարոյականությունը չի կարող որեւէ տեղ ունենալ մեր վարած քաղաքականության մեջ»:

Բահչելիին հավելեց արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն : Նա նույնպես դատապարտեց Աքընջըին եւ ասաց, որ նրա նման անազնիվ քաղաքական գործչին ինքը երբեւէ չի հանդիպել ոչ Թուրքիայում, ոչ էլ այլ երկրում: Նրա օինակին հետեւեցին բազմաթիվ այլ գործիչներ, ինչպես նաեւ գրեթե բոլոր թերթերն ու մյուս լրատվամիջոցները, պայմանավորելով Աքընջըի «սկանդալային ելույթը» Հյուսիսային Կիպրոսում նախատեսվող նախագահական առաջիկա ընտրություններով, որոնք նշանակված են ապրիլի 26-ին: Հակառակ Թուրքիայի քաղաքական գործիչների եւ կուսակցությունների, Աքընջըն դրական արձագանքի է արժանացել Հյուսիսային Կիպրոսում:

Թուրքական «Birgun-ի» փետրվարի 11-ի համարի հավաստմամբ «Հասարակական ժողովրդավարություն», «Միացյալ Կիպրոս» եւ «Անկախության ուղի» կուսակցությունների ղեկավարները, դատապարտելով հակազդեցության վերոհիշյալ դրսեւորումները, դրանք միաձայն որակել են Կիպրոսի անկախությանն ուղղված ոտնձգություն եւ ընդգծել են, որ կանգնած են Աքընջըի թիկունքում: Ավելին, «Հասարակական ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Ջեմալ Օզյիղիթը ընդգծել է. «Կիպրոսի ժողովուրդը դաշնային լուծում է պահանջում: Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ կիպրացի թուրքերի պահանջները: Միտումնավոր լարվածություն են առաջացնում: Ակնհայտ է, որ Աքընջըի գոյությունն ու որդեգրած դիրքորոշումը մտահոգություն է պատճառում Թուրքիայի որոշ շրջանակներին: Սակայն Կիպրոսի ժողովուրդը սատարում է Աքընջըին»:

Հարկ է նշել, որ դեռեւս փետրվարի 9-ին Աքընջըն պատասխանել էր Թուրքիայում հնչած հակազդեցություններին, մատնանշելով. «Բռնակցման սցենարն է, որ վերջ է տալու «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» գոյությանը: Իմ խոսքերն առաջին անգամ չեն հնչում, ես խոսքերիս տերն եմ»: Իդեպՙ նոր չէ նաեւ Աքընջըի Թուրքիային հասցեգրած քննադատությունը: Նա դեռեւս անցյալ տարի, հոկտեմբերի 13-ին, Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ձեռնարկած ռազմական «Խաղաղության աղբյուր» գործողությունները դատապարտելիս դատապարտել էր նաեւ 1974-ին Կիպրոսի վրա Թուրքիայի հարձակումը, որը հանգեցրեց կղզու տարածքի 36.4 %-ի գրավմանը: Նա «Ամերիկայի ձայնի» վկայությամբ ասել էր. «Որքան էլ մենք «խաղաղության գործողություն» անվանենք 1974-ի ներխուժումը, դա պատերազմ էր եւ թատերաբեմում արյուն էր հոսել: Սիրիայում իրականացվող գործողություններն էլ հիմա «Խաղաղության աղբյուր» ենք անվանում, բայց այնտեղ եւս հոսում է արյունը, ոչ թե ջուրը»:

Օգտվելով առիթից նշենք, որ Թուրքիայի կողմից 1974-ին բռնազավթված Կիպրոսի հյուսիսային հատվածում 1983-ի նոյեմբերի 15-ին հռչակվել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»: Թեեւ Անկարայի հորդորներով Բանգլադեշը իսկույն ճանաչել էր ինքնակոչ այդ հանրապետությանը, սակայն տեղի տալով Վաշինգտոնի ճնշումներին, հաջորդ օրը չեղյալ էր հայտարարել ճանաչման որոշումը: Անկարան Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը պայմանավորում է կղզու մասնատմամբ, որպեսզի հնարավոր լինի հյուսիսային հատվածը կցել Թուրքիային: Նա, ելնելով այս ռազմավարությունից, հիմնահարցի չկարգավորվածությունը պահպանելու նպատակով վիժեցնում է կարգավորման ամեն մի նախաձեռնություն: Ավելին, թուրքական զորքերի Կիպրոս ներխուժման պատճառով Անգլիա ապաստանած շուրջ 40 հազար կիպրացի թուրքերի փոխարեն հենց 1974-ին Թուրքիայի խորքերից կղզու հյուսիսային հատված էր տեղափոխել 120 հազարանոց բազմություն, որ հիմք հանդիսանա հետագա բռնակցման համար:

Իր ելույթով Մուստաֆա Աքընջըն ոչ միայն հիմնազուրկ է անում Արեւելյան Միջերկրականում Էրդողանի այսպես կոչված կիպրացի թուրքերի իրավունքներով պայմանավորված ծրագրերը, այլ կասկածի տակ է դնում դրանց օրինականությունն ու բացահայտում բռնակցման նկրտումներով Կիպրոսի հիմնահարցի կարգավորման քողի տակ ամեն գնով չկարգավորվածությունը պահպանելու Թուրքիայի ռազմավարության չարանենգ էությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ