RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1654, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՈՒԺԻ...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Փետրվարի 5-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում լրագրող Պետրոս Ղազարյանի զրուցակիցը Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր: Մի հարցում լիովին համաձայն էի պարոն Մարուքյանի հետ: Նա գտնում էր, որ մենք այժմ ավելի կարեւոր խնդիր չունենք, քան ներազգային համերաշխության հասնելն է: Պնդում էր, թե այժմ հասարակության մեջ առկա թշնամանքի համար մեղավոր են թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունները:

Այստեղ, թերեւս, կարելի է ասել, որ այս բառացիորեն թունավոր մթնոլորտի համար ավելի շատ...գործո՛ղ իշխանություններն են մեղավոր::Քանզի այժմ իրե՛նք են երկրի տերերը, բայց երեւում էՙ դեռ չեն հասկացել, որ այլեւս երեկվա ընդդիմությունը չեն: Իշխանությունը նվաճելու առաջին իսկ պահից նորերը պատասխանատու են մեզանում տեղի ունեցող անխտիր բոլոր լավ ու վատ բաների համար: Պիտի հաղթահարե՛ն նվաճած պաշտոնները կորցնելու սարսափը, դադարեն անվերջ մատնանշել նախորդների մեղքերն ու թերությունները, հնարել նորերը: Իբր հիշեքՙ ի՛նչ ենք ժառանգել:

Իրոք, նախորդներից ժողովրդի լայն շերտերը դժգոհ էին: Դրա համար էլ գնացին նորերի ետեւից, մերժեցին նախորդներին: Բայց երեկվա վատ բաները մի՞թե այսօրվա վատ բաների արդարացումն են: Ի՞նչ է նշանակումՙ նախկինները քսան-երեսուն տարի երկիրը քանդել են: Նախ, նախորդները քսան-երեսուն տարում ոչ միայն քանդել, այլեւՙ չեղած տեղից պետականություն են կառուցել, պատերազմում ժողովրդին հաղթանակի՛ են առաջնորդել: Երկրորդ, եթե նորերը պիտի միայն նախորդների արած-դրածը սեւացնեին, արժե՞ր դրա համար շուրջպար մտնել: Չգիտեի՞նՙ ինչի՛ են հավակնում: Ամեն վատ բան նախորդների չարամտությամբ բացատրելը պարզապես մանկամտություն է:

Ալեքսանդր Մակեդոնացին մի անգամ հարցնում է մի սոփեստ փիլիսոփայիՙ աշխարհում մեռածնե՞րն են շատ, թե՞ ողջերը: -Իհա՛րկե ողջերը,- պատասխանում է,- ի՞նչ իմաստ ունի հաշվել... մեռածներին, նրանք արդեն չկա՛ն: Հուլիոս Կեսարը իր հերթին սովորություն ուներ մեծահոգաբար ներել բոլոր նրանց, ովքեր երբեւէ վատ էին արտահայտվել իր մասին: Ավելորդ զիջողամտության համար դիտողություն անողներին նա պատասխանում էր, թե ինքը դրանից ահռելի բարոյական բավարվածություն է զգում: Կեսարը վե՛ր էր մաղձոտ ու ճղճիմ վրեժխնդրությունից, դրա համար էլ հավերժացավ: Մի՞թե մեր ղեկավարները շուրջ 2000 տարի հետո էլ չեն հասնելու Կեսարի մակարդակի... գոնե կեսի՛ն:

Նույն երեկոյան մեր բարձրաստիճան պետական այրերից մեկը հեռուստաէկրանից թունոտ նկատում էր, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչները բավական լավ են օգտագործել Վենետիկի հանձնաժողովում ու Եվրոպայի Խորհրդում ունեցած իրենց լծակները եւ հասել են այն բանին, որ մեր սահմանադրական դատարանի ու նրա նախագահի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտի մասին մտքերը տեղ են գտել այդ կառույցների ղեկավարների ուղերձներում: Փոխանակ առաջին հերթին իրե՛նց մեղադրեն, որ Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված սրտխառնուք առաջացնող մթնոլորտը արժանացել է հիշյալ կառույցների դատապարտությանը, վիրավորվում են, թե նախկինները... աղբը տանից դուրս են հանել: Է, բարի լինեին չնպաստել, որ տան մեջ աղբ գոյանար, ոչ թե աղմուկ բարձրացնեին, թե ինչո՞ւ են հանրապետականները դա գցել «աշխարհի ականջը»: Ինքը, ներկայիս վարչապետը, երբ դեռ ընդդիմադիր գործիչ ու լրագրող էր, նույնը չէ՞ր անում: Նախորդների օրոք անձամբ ինքը մեր երկրի մասին քի՞չ թույն է կաթեցրել աշխարհի ականջին: Նույնիսկ հիմա՛ է դա անումՙ բոլոր հնարավոր ամբիոններից ներկայանալով որպես նախկին քաղբանտարկյալ եւ արդար ու անարդար ձեւով սեւացնելով նախորդներին:

Էդմոն Մարուքյանը ճիշտ էր, երբ պնդում էր, թե ով նախկինում մեղքեր է գործելՙ պիտի պատժվի: Իսկ ում չակերտյալ մեղքը միայն այն է, որ եղել կամ մնում է «նախկին», ապա այդ հաստատակամությունը հարկ է գնահատել: Ավելին, այդպիսիներին առաջ քաշել պետական պաշտոնների: Մանավանդ, վարչապետի մերձավոր շրջապատում ունակ կադրեր, ավա՜ղ, քի՛չ են երեւում: Չի կարելի անվստահությամբ վանել բոլորին: Վարչապետ Փաշինյանը ճիշտ կանի իր շրջապատից նախ եւ առաջ վռնդի... ՀՀԿ-ի պատեհապաշտներին: Քանզի նախկիններին դավաճանածները վաղ թե ուշ իրե՛ն էլ կդավաճանեն: Եվ կտուժի... պետությո՛ւնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ