RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1770, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 190 ՀԱԶԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻՆ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

2015 թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունը համաձայնություն ձեռք բերեց, որ մինչեւ 2019 թ.-ը երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի քանի հարյուր ապրանքների, այդ թվում մեքենաների համար գործեն հին մաքսային դրույքաչափերը: Եվ ահա 2019 թ.-ը ավարտվեց, իսկ այս տարվանից Հայաստան ավտոմեքենաներ ներկրողներիՙ ֆիզիկական անձանց համար գործում են ԵԱՏՄ միասնականՙ ավելի բարձր մաքսադրույքները:

Ի՞նչ տվեց մեքենաների զանգվածային ներմուծումը եւ ո՞ւմ «շնորհիվ»

Անցյալ տարի, օգտվելով արտոնյալ մաքսատուրքով մեքենաների ներմուծման հնարավորությունից, Հայաստան ներմուծվեց մոտ 190 հազար ավտոմեքենաՙ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ճապոնիայից: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, գումարային առումով դա կազմել է 750 մլն դոլար: Եթե հաշվի առնենք, որ ընդհանուր տարեկան ներմուծումը Հայաստան կազմել է 5,5 մլրդ դոլար, ապա միայն մեքենաների ներմուծումը կազմել է ամբողջ ներմուծման գրեթե 14 տոկոսը: Տեղեկացնենք, որ օրինակՙ 2018 թ.ին ներմուծվել էր 362 մլն դոլարի, իսկ 2017 թ.-ինՙ 247 մլն դոլարի մեքենաներ: Ի՞նչ տվեց դա Հայաստանին:

Նախՙ պետական բյուջեն էական լրացուցիչ եկամուտներ ունեցավ: Վարչապետ Փաշինյանը հպարտանում է հարկային եկամուտների աճով, «մոռանալով», որ դա իր կառավարության գործունեության հետ որեւէ առնչություն չունի: Ըստ ՊԵԿ նախագահի հայտարարության, ներմուծված 190 հազար ավտոմեքենաներից յուրաքանչյուրից միջինը մոտ 450 հազար դրամ հարկային մուտքեր են ստացվում: Այսինքն, անցյալ տարի միայն ավտոմեքենաների ներմուծումից Հայաստանի պետական բյուջեն ստացել է մոտ 85 մլրդ դրամ:

Այս ցուցանիշը մեկ այլ փաստ էլ է բացահայտում: 2019 թ.-ի պետական բյուջեի հարկային եկամուտները նախատեսված էին եղել 1 տրլն 401 մլրդ դրամ, իսկ տարեկան հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 464 մլրդ դրամ: Եթե վերջին գումարից հանենք մեքենաների ներմուծումից ստացված 85 մլրդ դրամը, ապա կնշանակի, որ բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են բացառապես ներկա իշանության հետ կապ չունեցող այդ գումարի շնորհիվ: Հակառակ դեպքում, հարկային եկամուտները ոչ միայն չէին գերակատարվի, այլՙ կթերակատարվեին: Սակայն, հարկային եկամուտներից բացի, մեքենաների զանգվածային ներմուծումը լուրջ խնդիրներ է առաջացրել թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրսում:

Խնդիրներ Ղազաստանում եւ Հայաստանում

Հայտնի է, որ վերոնշյալ արտոնության շնորհիվ Հայաստանի քաղաքացիների կողմից զանգվածաբար գնված էժան ավտոմեքենաները հիմնականում ձեռք են բերել Ղազախստանի քաղաքացիները: Նրանք այսօր իրենց երկրում կանգնել են այդ մեքենաների գրանցման խնդրի առաջ: Ղազախստանի պնդմամբ, Հայաստանի համար արտոնությունը նախատեսված է եղել Հայաստանի, այլ ոչ թե ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիներին զանգվածային վաճառքի համար: Վերջերս Հայաստանում այդ երկրի դեսպանը հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ժամանակ անդրադարձավ այդ խնդրինՙ միաժամանակ մեջբերելով ԵԱՏՄ համաձայնագրի այն հոդվածները, որտեղ նշվում է, որ անցումային շրջանում Հայաստանի եւ Ղրղզստանի համար թույլ տրված արտոնությունները միայն ա՛յդ երկրների քաղաքացիների օգտագործման համար էին: Հիմա Ղազախստանի կառավարությունը պահանջում է իր քաղաքացիներից վճարել մաքսազերծման հին եւ նոր դրույքաչափերի տարբերությունը կամ էլ մեքենաների ներմուծումից Հայաստանի ստացած հարկային եկամուտներից վերաբշխում անել Ղազախստանի օգտին: Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ հակադարձում չկա, ինչը ենթադրել է տալիս, որ ղազախական կողմի փաստարկները հիմնավոր են: Ինչպես կլուծվի առաջացած խնդիրը, կերեւա առաջիկայում: Սակայն, առավել վատթարն այն է, այս գործոնով պայմանավորված ԵԱՏՄ երկրներից այլեւս չեն գալիս Հայաստան ավտոմեքենա գնելու: Սա փակուղու առջեւ է կանգնեցնում հազարավոր մարդկանց, որոնք առանց լուրջ հաշվարկների երկու հարյուր հազարին մոտ ավտոմեքաներ են ներմուծելՙ վարկեր ներգրավելով եւ իրենց տները գրավադրելով:

Ներմուծված 190 հազար մեքենաների մեծ մասը, տարբեր աղբյուրների համաձայն, առնվազն 100 հազարըՙ դեռեւս չեն վաճառվել: Եթե դրանք չվաճառվեն, ապա պարզ է, թե ի՞նչ սոցիալական խնդիր է առաջանալու: Հայաստանի ներքին պահանջարկը մի քանի անգամ փոքր է այդ թվից, եւ անգամ գների հավանական նվազման դեպքում այդ մեքենաների մեծ մասը չի վաճառվի :

Ստեղծված կացությունը բացասական է ազդելու տնտեսության եւ հետեւաբարՙ բնակչության եկամուտների եւ գնողունակության վրա: Եթե միայն մեկ տարվա ընթացքում Հայաստանից ավտոմեքենաներ ներմուծելու համար դուրս է եկել 750 մլն դոլար, դա նշանակում է, որ այդ գումարը չի շրջանառվել երկրի ներսում: Եթե բերված մեքենաները չվաճառվեն, այդ գումարը կշարունակի դուրս մնալ շրջանառությունից, խորացնելով բնակչության գնողունակության անկումը: Դա բերելու է տնտեսության այլ ճյուղերիՙ առեւտրի, ծառայությունների, գյուղատնտեսության եւ շինարարության ծավալների նվազմանը, իսկ հարկային հավելյալ մուտքեր այս տարի այլեւս չեն լինի :

Հարց է առաջանում. իսկ ի՞նչ պետք է անի կառավարությունը: Նախկինում նման խնդրի դեպքում ցուցարաները հայտնվում էին կառավարության շենքի առջեւ, եւ շատ հաճախ, նրանց ճնշմանը տուրք տալով, նախկին «կոռումպացված» իշխանությունը զիջումների էր գնում: Գործող կառավարությունը առայժմ ոչինչ չի ձեռնարկում այս խնդրի լուծման ուղղությամբ:

Պարզ է, որ կառավարությունը չէր կարող արգելել քաղաքացիներին ներմուծել մեքենաներ: Սակայն, միայն այն բանի համար, որ հարկային հավելյալ մուտքեր էին ստացվում, «ժողովրդի» վարչապետն ու կառավարությունը ոչ մի անգամ հանդես չեկան հորդորով կամ պարզաբանումներովՙ նման ծավալներով մեքենաների ներմուծման հնարավոր խնդիրների մասին: Մի՞թե կառավարությունում անտեղյակ էին ԵԱՏՄ անցումային դրույթների պահանջներից: Հաստատապեսՙ տեղյակ էին: Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչի՞ց են առհասարակ տեղյակ ներկայիս վարչապետն ու կառավարության անդամները: Խնդիրն այլ է. տեղյակ լինելով ոչ մի քայլ չէին ձեռնարկել, որպեսզի մարդկանց զգուշացնեին նման վիճակի մեջ հայտնվելու վտանգի մասին: Հիմա պետք է կրեն դրա պատասանատվությունը եւ փորձեն վերացնել հետեւանքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ