RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1685, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՔ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՎ ՄԵԿ ՀՐԱՇԱԼԻ ԲԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ Հայաստանում մարդիկ ավելի հաճախ այո՞ են ասում, թե՞ ոչ: Դե, այսինքն կոռուպցիային, պատերազմին, ազգակործան-ազգամիջյան գունազարդումներին, որի հիմնադիրը հավանաբար վառ երեւակայութուն չի ունեցել, քանի որ ներկապնակում գույները սեւ ու սպիտակ են միայն: Կամ խանութում, փող տալիս, ամուսնուն, կնոջը, սիրածին, զավակին, ծնողին մենք ավելի շատ այո՞ ենք ասում, թե՞ՙ ոչ: Իմ կարծիքովՙ ոչ, եւ սա մեր առաջին սարսափելի բանն է:

Ավելի սարսափելին երկրորդն է: Ոչ թե այն, որ մենք չգիտենք, թե ինչ է Սահմանադրությունը, այլ այն, որ տեսանելի ապագայում այդպես էլ չենք իմանալու: Նույնիսկ ապրիլի 5-ից հետո: Չենք իմանալու, որովհետեւ հանրաքվեիՙ իշխանության իսկ հայտարարած նպատակը ոչ թե Սահմանադրության, դրա պահպանման անհրաժեշտության, այն անվերապահորեն հարգելու մտածելակերպի քարոզն ու կամքի ներարկումն է, այլ նախկին իշխանության վերջին բաստիոնը գրավելը, որպեսզի շնանման դուրսպրծուկների վնգստոցն այլեւս չլսվի: Ով դեմ է, պետականությանն է դեմ, ով պետականության դեմ է, դավաճան է: Այսինքն ապրիլի 5-ին մենք պետք է «Այո» ասենք, որ երկրում բոլորս միանման մտածենք, միասին մեծարենք, խոնարհվենք, փառաբանենք, ցնծանք, եւ չլինի մեկը, որ կհամարձակվի այլ կերպ մտածել: Եթե համաձայն չեք, եւ ես մեծ հույս ունեմ, որ համաձայն չեք, ապա խնդրում եմ նամակ գրեք Հայաստանի վարչապետին, որպեսզի մարդն իմանա, թե Հայաստանի քաղաքացիներից քանիսն իր հետ համաձայն չէ:

Եւ երրորդը, ամենասարսափելին: Պայմանականորեն այն կոչենք քաջնազարություն, մանավանդ որ Նազար ստեղծող Թումանյանի ծնունդն է շուտով մոտենում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանում կա մի մեծաթիվ, բավականին տպավորիչ զինանոցով, կիզիչ բառամթերքով, շոյող աշխատավարձերով,... շերտ, որի գործը հրամանի սպասելն էՙ գյադե՛ք, էս կուռն անցեք: Հենց հնչում էՙ անցնում են, ընդ որումՙ հիմնավորելով, թե ինչու է պետք հատկապես այդ կուռն անցնելը եւ ինչո՞ւ են դավաճան բոլոր նրանք, ովքեր չեն անցել: Իսկ երբ լսվում է մեկ այլ հրամանՙ Չէ, չէ, գյադեք, էս կուռն անցեք, նրանք անմիջապես փոխում են կուռը եւ հիմնավորումՙ նրանք, ովքեր մնացել են այն կուռում, դավաճան են:

Այս մարդկանց շատ անուններ են տալիս: Կան սրբապիղծներ, որոնք ժողովուրդ ասելիսՙ բացառապես նրանց նկատի ունեն, բայց ժողովրդական գրող Թումանյանը նրանց գյադեք է կոչում...

Ի դեպ, Թումանյանի ծննդյան օրըՙ փետրվարի 19-ը, արդեն 12 տարի հայտնի է նաեւ որպես գիրք նվիրելու օր: Առաջարկում եմՙ ամեն ինչում նորը սիրողներին նվիրել Նյումեգ հրատարակչության նոր գիրքը: Մարկ Մենսոնի հերթականՙ համաշխարհային բեսթսելլերն է, կոչվում էՙ «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը»:

Հրաշալի բանն այն է, որ հույսը երբեք չի կորում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ