RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1576, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԱՏԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԴՐԱԿԱՆ ԵԼՔ ԱՊԱՀՈՎԵԼ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Միջազգային դիտորդները ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում են քաշմիրյան եւ կորեական խնդիրների տեսանկյունից, որոնցում ռազմականացված կողմերը մշտապես գտնվում են պատերազմի եզրին:

Անցյալ տարվա ընթացքում հինգ անգամ հանդիպելուց հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հունվարի 28-30-ը Ժնեւում դարձյալ հանդիպեցին: Ընդհանուր առմամբ տասներկու ժամ տեւած հանդիպումը, բանակցությունների ինտենսիվ բնույթն ու հովանավորող կողմիՙ ԵԱՀԿ-Մինսկի խմբի համանախագահների հրապարակած «երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» կարգախոսը նշում են այն մասին, որ առաջիկայում փոխզիջումային ինչ-որ կարգավորում է ակնկալվում:

Սակայն, բանակցությունների մանրամասնությունները գաղտնի են պահվում, թողնելով որ անորոշության մատնված փորձագետներն ու վերլուծաբանները կատարեն իրենց անձնական եզրակացությունները:

Որոշ ներքին եւ արտաքին, միջազգային հարցեր անշուշտ ազդում են բանակցությունների ընթացքի վրա: Այն փաստը, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդները ընտրությունների գործընթացի մեջ են, բացառում է իրավիճակի հնարավոր սրումը: Մյուս գործոնը հրաժարումն է Հայաստանի նախկին վարչակազմի դիրքորոշումից, որը նախընտրում էր ամբողջովին բացառել կամ նվազագույնի հասցնել պատերազմական հռետորաբանությունը:

Այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ Հայաստանը ձեռք է բերել մեծ քանակությամբ արդիական ծանր հրետանի: Զինվորական գերատեսչությունն իր հերթին հայտարարեց, որ վերանայում է իր ռազմական դոկտրինանՙ թշնամու տարածքում պատերազմական գործողություններ սկսելու նպատակով:

Փաշինյանը, որ կողմնակից է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը բանակցություններին, կոչ է արել նախագահական բոլոր թեկնածուներին հանդես գալ հակամարտության կարգավորման իրենց ծրագրերով, եւ զարմանալի չէ, որ բոլորն էլ ռազմավարական հայտարարություններով են հանդես եկելՙ հատկապես տարածքային զիջումների հարցի վերաբերյալ:

Թուրքիան, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն է առաջ տանում, գտնվում է այժմ իր դիրքորոշումը ճշգրտելու հանգրվանում: Ռուսական S-400 հրթիռները ձեռք բերելուց հետո, նախագահ Էրդողանը գիտակցեց, որ Մ. Նահանգները լուրջ է մոտենում խնդրին, հատկապես երբ չեղյալ համարեց իր ռազմական գործարքը: Նա չկարողացավ համոզել նախագահ Թրամփին, որ փոխի իր կարծիքը: Դրա համար էլ այժմ սկսել է հանդես գալ որոշ հակա-ռուսական արտահայտություններով եւ հայտարարություններով: Վերջերս Ուկրաինա կատարած իր այցի ժամանակ նա նշեց, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը» Ռուսաստանին եւ շարունակում է մտահոգվել այդ տարածքի թաթարների ճակատագրով:

Իսկ Իդլիբի (Սիրիա) անցած շաբաթվա իրադարձությունների առնչությամբ նա դարձյալ զգուշացրեց Մոսկվային:

Մյուս կողմից, լիբիական պատերազմական թատերաբեմում, Ռուսաստանը, Եգիպտոսի եւ արաբական այլ երկրների հետ, պաշտպանում է Մարշալ Հաֆթարին, մինչդեռ Թուրքիան զորք է ուղարկում այդ երկիրը պաշտպանելու համար Տրիպոլիի կառավարությանը: Եվ վերջապես Պաղեստինի հարցի վերաբերյալ Թրամփի առաջարկած «դարի գործարքի» կապակցությամբ Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են երկու հակադիր կողմերում:

Տարածաշրջանային հարցերի քննարկումներում անպայմանորեն հաշվի են առնվելու նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների վերոնշյալ բոլոր խնդիրները:

Քանի որ բանակցողները գաղտնի են պահում իրենց օրակարգը, լրատվամիջոցներն ու քաղաքագետները ստիպված են ենթադրություններ անել: Հիմնականում դրանք Մադրիդյան սկզբունքների շուրջն են պտտվում: Այն հարցին, թե ինքն ի՞նչ է մտածում, Փաշինյանը հարցով էր պատասխանել, թե «իսկ ադրբեջանցիները ի՞նչ են մտածում այդ հարցի մասին»: Ներկայիս, ոչ ոք տեղյակ չէ, թե Փաշինյանը ունի՞ արդյոք իր սեփական ծրագիրը, կամ թե ունի՞ քննարկված տեսակետների մասին իր սեփական կարծիքը: Քննադատները հարցականի տակ են դնում հարցերի ամբողջ կույտը հակիրճ եզրակացությամբ պարփակելու Փաշինյանի կարողությունը, մինչ ուրիշներ հավատացած են, որ լուռ մնալով եւ թողնելով, որ ուրիշները գուշակություններ անեն, նա վարում է ողջամիտ քաղաքականություն: 2007-ի մադրիդյան հանդիպումից հետո, ուրիշ փաստաթղթեր եւս հայտնվեցին համապատասխանաբար Սանկտ Պետերբուրգի եւ Կազանի հանդիպումների ընթացքում: Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկեց իրՙ լավրովյան ծրագիրը, որ հիմնականում մադրիդյանի մի տարբերակն է:

Մադրիդյան սկզբունքներին համառորեն կառչելու պատճառն այն է, որ դրանքՙ այդ սկզբունքները, շատ են քննարկվել եւ դրանց մեծ մասը երկու կողմերի հավանությանն է արժանացել: Սակայն կողմերը դեռեւս վարանում են ընդունելու ամբողջական ծրագիրը, որը տարբեր բաղադրամասերի համադրումն է:

Մադրիդյան սկզբունքները, որ 2007-ի նոյեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհուրդը մշակել է, հիմնված են Հելսինկիի 1975 թվի վերջնական Ակտի վրա, որը կոչ է անում խուսափել ուժի կիրառումից, պահպանել տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքները: Չնայած վերջին երկու հասկացությունները հակասական են, քաղաքական մյուս արտահայտությունները ավելի նման են մարտահրավերի` «Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվելու է հանրաքվեի միջոցովՙ թույլ տալով ԼՂ-ի ժողովուրդին ազատ եւ անկաշկանդ կամարտահայտվելու»: Մինչ այդ շրջանը (մարզը) «միջակա կարգավիճակ» է ունենալու: Փոխարենը, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքները վերադարձվելու են Ադրբեջանին հատուկ պայմաններ վերապահելով Քելբաջարին եւ Լաչինին:

Հակառակ որ հայկական քաղաքական հռետորաբանությունը բացառում է որեւէ տեսակի տարածքային զիջում, իրարահաջորդ բոլոր կառավարությունները հավանություն են տվել սկզբունքներին: Բայց հարցը ծրագրի, կամ սկզբունքների կիրառման մեջ է, որը նախատեսում է նաեւ խաղաղապահպան ուժերի ներկայություն, որպեսզի բացառվեն բախումները տուն վերադարձող փախստականների հետ:

Արեւմուտքի հանդեպ հարգանքից դրդված ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը դեմ են ռուս խաղաղապահպան ուժերի տեղակայմանը: Եթե Հայաստանը համաձայնվեր նրանց (ռուս խաղաղապահպանների) տեղակայմանը, Մոսկվան անմիջապես կշրջեր դեպի Հայաստանը, բայց ներկա քաղաքականությունը կողմերին պահում է տարակուսանքի մեջ, որն արտահայտվում է նաեւ համանախագահների մակարդակով:

Ադրբեջանը միայն «ամենաբարձր մակարդակի ինքնավարություն» է խոստանում Ղարաբաղին իր իսկ իշխանության ներքո: 1905-7, 1920 եւ 1988 թվականների կոտորածներից հետո հայերը երբեք չեն համաձայնվի իրենց վիզը կամավոր յաթաղանի շեղբին դնել:

Ադրբեջանին տարածքային զիջումներ չկատարելու Հայաստանի լուռ համախոհն է Իրանը, որովհետեւ կարող է վստահել իրանա-հայաստանյան սահմանի խաղաղ կարգավիճակին: Որեւէ խախտում կամ կրճատում այդ սահմանիՙ հօգուտ Ադրբեջանի, կնշանակի հավելյալ ռազմական լարվածության պարտադրում Թեհրանին, որովհետեւ ալիեւյան դինաստիան իր երկրի տարածքը դարձրել է փորձադաշտ Իսրայելի ռազմական ուժերի համար եւ հնարավոր հարթակՙ հարձակվելու Իրանի միջուկային հենակետերի վրա: Այդ պատճառով էլ, Իրանն իր լուռ համաձայնությունն է տալիս Ադրբեջանի հետ գործարքներում Հայաստանի որոշումներին:

Եվ կարծես որոշ համաձայնություն արդեն իսկ գոյացած է: Թե՞ դա ընդամենը ժամանակավոր դադար է զգուշություն դրսեւորելու:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ