RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 505, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱՙ ՆՈՐ ԶՈՀԵՐ ՊԱՏՃԱՌԵՑ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Թուրք ռազմական դիտորդների վկայությամբ Թուրքիան Իդլիբում Ռուսաստանի եւ Սիրիայի հետ պատերազմի մեջ է ներքաշվում

Փետրվարի 10-ին նախագահ Ասադի բանակի ստորաբաժանումները Իդլիբ քաղաքի հարավում 7 օրվա ընթացքում երկրորդ անմիջական հարձակումը ձեռնարկեցին թուրքական շարասյան կամ դիտակետերի վրա, վնասազերծելով 5 թուրք զինծառայողի, 5-ին էլ վիրավորեցին:

Տեղեկատվության բացակայության պատճառով մինչեւ օրս հայտնի չէ, թուրք զինվորները սպանվել են կրակոցի՞ց, հրետակոծվե՞լ, թե՞ հրթիռակոծության ենթարկվել: Պարզապես գիտենք, որ Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացման պայմաններում այնտեղ տեղակայված թուրքական 12 դիտակետերից 3-ը չեզոքացվել էին դեռեւս նախքան փետրվարի 3-ի 8 զինվորի սպանության պատճառ դարձած առաջին հարձակումը: Ինչ վերաբերում է 2-րդ հարձակմանը, ապա սիրիական զորքերին մինչ այդ հաջողվել էր պաշարել 6, 7, 8 եւ 9-րդ դիտակետերը, որոնցում տեղակայված թուրք զինվորներին վերահաս հարձակումից պաշտպանում էր ռուսական ռազմական ոստիկանությունը: Այսինքն օր օրի սեղմվում էր օղակը այդ դիտակետերի, ինչպես նաեւ Իդլիբ քաղաքի շուրջը, որից սիրիական զորքերն ընդամենը 7 կմ հեռավորության վրա են : Մինչդեռ Թուրքիան ամեն կերպ ջանում էր պահպանել դիտակետերը:

Ո՞րն էր դրա նպատակը: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ դեռեւս 2019-ի օգոստոսից Թուրքիան, բախվելով Սիրիայի կառավարական զորքերի դեպի Իդլիբ առաջխաղացման փաստին, սկսել էր համալրել դիտակետերը, որ ամրացնի դրանք: Թերեւս այդ առումով պատահական չէր Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջերս արած հայտարարությունը, թե մինչեւ օրս ռազմական տեխնիկայով հագեցված 2003 շարասյուն են ուղարկել Իդլիբ, դիտակետերը համալրելու եւ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Իրականում խնդիրը խաղաղ բնակիչները չէին, որովհետեւ այդ բնակչությունը մեծապես հակաահաբեկչական գործողություններից հետո Հալեպի, Համայի, Դեր Զորի, Ռաքքայի պես ահաբեկիչների դիմադրության նախկին կենտրոններից այսպես կոչված «կանաչ» ավտոբուսներով ան-Նուսրայի վերահսկողության տակ գտնվող Իդլիբ փոխադրված ահաբեկիչներից եւ սրանց ընտանիքներից է կազմված: Խնդիրն ոչ էլ դիտակետերում տեղակայված թուրք զինվորների համալրումն էր, այլ կորցրածը վերականգնելու համար նոր դիտակետերի տեղակայումը:

Ահա թե ինչու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակը Ասադի զորքերի թուրք զինվորների վրա ձեռնարկած 2 հարձակումից դեռեւս ամիսներ առաջ Իդլիբն անվանել էր վարձու մարդասպանների խոշորագուն աղբանոց, ընդգծելով, որ այնտեղ կան շատ ավելի մեծ թվով ահաբեկիչներ, քան ամբողջ Աֆղանստանում: Նրան վերջերս հավելեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը : Նա ասաց, որ Իդլիբում տեղակայված ահաբեկիչներն օրական հազար հարձակում են գործում ռուսական դիրքերի, կառավարական զորքերի, ինչպես նաեւ թուրք զինվորների վրա: Թուրքական կողմը չի կարող այդ մասին չիմանալ: Բայց Սիրիայում ձեռք բերած դիրքերը պահպանելու այլ հենարան չունի, քան ահաբեկիչները: Նա դրա համար չունի իրավական որեւէ հիմք, առավել եւս նոր դիտակետեր տեղադրելու իրավունք: Սակայն, հենվելով Իդլիբի ահաբեկիչների վրա, հակառակ 2018 թ. սեպտենբերի 17-ին Սոչիում Ռուսաստանի հետ ստորագրված պայմանգրից բխող պարտավորությունների, դիտակետերը պահպանելու իր նկրտումները բացատրում է «ահաբեկչության դեմ պայքարելու» անհրաժեշտությամբ, որ իբր ապահովվի խաղաղ բնակչության «անդորրը»:

Իդլիբի մերձակայքի թուրքական ռազմական դիտակետերը տեղակայվել են համաձայն 2017 թ. հունվարի 23-ին Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ Աստանայում ծավալված եռակողմ բանակցությունների, որ կանխվեն այսպես կոչված չափավոր ընդդիմության եւ կառավարական զորքերի միջեւ բախումները: 2018 թ. սեպտեմբերի 27-ին Սոչիի պայմանագիրը Թուրքիային պարտավորեցրել էր մինչեւ հոկտեմբերի 15-ը, այսինքն 3 շաբաթվա ընթացքում, զինաթափել Իդլիբի ահաբեկիչներին, իսկ մինչեւ 2019-ի հունվարն ապահովել M4 եւ M5 մայրուղիների անվտանգությունը, ազատելով դրանք ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից, վերականգնելու համար երթեւեկությունը: Սակայն հակառակ Ռուսաստանի եւ Իրանի բազմակի զգուշացումներին, Թուրքիան չկատարեց ստանձնած պարտավորություններից գրեթե ոչ մեկը:

Փոխանակ նշված բախումները կանխիՙ նա կանխեց ան-Նուսրայի ծնունդը հանդիսացող «Հեյ՛աթ-ի Թահրիր աշ-Շամի» բախումները «Ազատ Սիրիայի բանակի» հենքի վրա վարձկան մարդասպաններից կազմավորված «Սիրիայի ազգային բանակի» միջեւ, որ միավորվեն եւ նախագահ Ասադի վարչակարգի դեմ համատեղ պայքարի որոշում ընդունեն: Դրանով խախտվեց նաեւ նրա Սոչիի պայմանագրից բխող Իդլիբում ահաբեկիչներին զինաթափելու պարտավորվածությունը: Փոխանակ ահաբեկիչների հարձակումներից պաշտպանելու M4 եւ M5 մայրուղիները, (որոնցից առաջինը Հալեպը կապում է Լաթաքիայի հետ, միաժամանակ ապահովում քաղաքի ելքը Միջերկրական ծով, իսկ երկրորդըՙ Հալեպի հետ նաեւ Դամասկոսի կապն է հաստատում Իրաքի հետ, ձգվելով մինչեւ սահման), Թուրքիան Իդլիբում նոր դիտակետեր տեղակայելու նկրտումով պաշտպանեց «Հեյ՛աթ-ի Թահրիր աշ-Շամին», որին , ինչպես«Oda TV-ի» կայքէջում նշում է պաշտոնաթող գեներալ Ահմեդ Յավուզը , 2018-ի օգոստոսին ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն, որ համագործակցի:

Թուրքիայի քմահաճ վերաբերմունքը պատճառ դարձավ, որ Ռուսաստանն ու Սիրիայի կառավարությունը որոշեն Իդլիբի նահանգը մաքրել ահաբեկիչներից եւ «Ջումհուրիեթի» հեղինակ Մուստաֆա Բալբայի վկայությամբՙ մինչեւ գարուն Սիրիայում չթողնել Թուրքիայի ազդեցության տակ գտնվող ոչ մի տարածք: «Եթե դու,-«Halk TV-ի» էկրանից նշեց Բալբայըՙ դիմելով Էրդողանին,- Այնթապում սիրիական վտարանդի կառավարություն կազմավորես, նրանք էլ նման որոշումներ կընդունեն»: Որոշմանը հետեւեց Բաշար Ասադի զորքերի դեռեւս անցյալ տարվա օգոստոսին սկսած առաջխաղացումը դեպի Իդլիբ, որի ընթացքում նրանց հաջողվել է գրավել նահանգի հարավ-արեւելյան շրջանները, ազատելով M5 մայրուղին ահաբեկիչների ոտնձգությունից, հսկողության տակ վերցնել թուրքական 130 կմ-նոց սահմանն ու այդպիսով հյուսիսից եւս շրջափակել Իդլիբը:

Թուրքական աղբյուրնրի վկայությամբ, մասնավորապես «Halk TV-ի», «Haber turk-ի» եւ «Oda TV-ի», «Հեյ՛աթ-ի Թահրիր աշ-Շամի» ահաբեկիչները, որոնց թիվը 60-ից մինչեւ 100 հազար է գնահատվում, այլեւս չեն դիմադրում կառավարական զորքերին, այլ փախչում են Իդլիբից, ինչի հետեւանքով թուրքական սահմանին կուտակվել է 1.2 մլն մարդ: Այդ աղբյուրները միաժամանակ նշում են, որ Էրդողանի սխալ քաղաքականության հետեւանքով Իդլիբում ահաբեկչական կազմակերպությունների միջեւ ընթացող կռիվները վերաճել են Թուրքիա-Սիրիա պատերազմի, որը միանգամայն անհեռանկարային է, որովհետեւ դրա մեջ ներգրավված է նաեւ Ռուսաստանը: Ըստ երեւույթին Էրդողանը հավատարիմ է որդեգրած դիրքորոշմանը, որ հունվարի 10-ին Իդլիբում թուրք զինծառայողների սպանությունից հետո խոսեց Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին: Մինչ այդ, փետրվարի 5-ին, նա վերջնագիր էր ներկայացրել նախագահ Ասադին, պահանջելով մինչեւ փետրվարի 29-ը զորքերը հետ քաշել թուրքական դիտակետերի շրջանից:

Էրդողանին այդ հարցում ոգեւորեց Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին, առաջարկելով Թուրքիայի նախագահին անհապաղ Դամասկոսի գրավման ծրագիր մշակել: Այդ ընթացքում պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը , մատնանշելով 5 թուրք զինծառայոյի սպանության մասին, հայտարարեց, որ թուրքական զինված ուժերն արժանի հակահարված են հասցրել Ասադի զորքերին, պատճառելով 70 զոհ: Այնուհետեւ այդ զոհերի թիվը բարձրացավ 101-ի: Հատկանշական է, որ նույն օրը երեկոյան Անկարայում Էրդողանի նախագահությամբ գումարված Ազգային անվտանգության խորհուրդի նիստում առաջնահերթ նշանակությամբ քննարկվել էր հենց հակահարվածի հարցը: Ավելին, քանի որ ռուսական կողմը փակել է Սիրիայի օդային տարածքը, սպանված զինվորների աճյուններն ու վիրավորներին կարողացան Թուրքիա տեղափոխել ոչ թե ուղղաթիռով, այլ շտապօգնության մեքենաներով, որոնք 5 րոպեի փոխարեն հիվանդանոց հասան մեկ ժամում, ինչը կարող էր ճակատագրական լինել վիրավորների համար: Դա նշանակում է, որ Թուրքիան, անկախ Էրդողանի հոխորտանքներից, Ասադի վարչակարգի դեմ չի կարող ռազմական գործողություններ ձեռնարկել, որովհետեւ առանց օդուժի աջակցության անհեռանկարային է ամեն մի ցամաքային գործողություն:

Ավելինՙ թուրքական դիրքերի վրա Ասադի զորքերի հարձակման օրը Անկարայում ռուսական պատվիրակությունը թուրքականի հետ քննարկում էր Իդլիբում ստեղծված իրավիճակն ու թուրքական դիտակետերի ճակատագիրը: Բանակցություններում թուրքական կողմը պահանջել է, որ Սիրիայի կառավարական զորքերը դադարեցնեն կրակը, իսկ ռուսակասնըՙ դիտակետերի տեղափոխումը հյուսիս, թուրք-սիրիական սահմանին հարող շրջաններ: Նրանք ընդհանուր հայտարարի չեն եկել եւ ռուսական պատվիրակությունը վերադարձել է Մոսկվա: Գալով Իդլիբում դիտակետերը պահպանելու Թուրքիայի նպատակին, Թուրքիան դրանով ոչ միայն Սիրիայում պահպանում է իր ռազմաքաղաքական ներկայությունը, այլեւ նախադրյալներ է միաժամանակ ստեղծում ԱՄՆ-ի համար, որպեսզի վերջինն այդ երկրում վերականգնի Ռուսաստանին զիջած դիրքերը: Թերեւս այդ առումով պատահական չէր պետքարտուղար Մայք Պոմպեոյի ցավակցությունը զոհված թուրք զինվորների ընտանիքներին եւ Իդլիբի հարցում «ՆԱՏՕ-ի գծով դաշնակից» Թուրքիային զորավիգ կանգնելու հավաստիացումը:

Պետքարտուղարին հավելեց ԱՄՆ-ի նախագահի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմա Ջեֆրին , հայտարարելով ի լուր աշխարհի, թե Իդլիբում օրինական է Թուրքիայի ամեն մի գործողություն, ուստի իրենք պաշտպանում են: ՆԱՏՕ-ն, ինչպես նաեւ ՄԱԿ-ը հարկ համարեցին ռազմական գործողությունները Իդլիբում դադարեցնելու կոչ անել Ռուսաստանին ու Սիրիային: Վերոհիշյալ հայտարարությունները փետրվարի 12-ին եզրափակեց Էրդողանը, ասելով, որ իրենք Իդլիբում զգալի ամրապնդել են իրենց ռազմական ուժը, վարչակարգի զորքերին հետապնդելու են մինչեւ նահանջելը իրենց նախանշած սահմաններ, եթե որեւէ վնաս պատճառեն թուրք զինվորներին, ապա ամեն կերպ հարվածելու են կառավարական ուժերին, առանց հաշվի առնելու Սոչիի պայմանավորվածությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ