RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1761, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՆՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Չպարզված հանգամանգներում» մահացած երկու զինծառայողի մահվան լուրն այս անգամ անտարբեր չթողեց շատերին`տարին նոր է սկսվում, սա առաջին նման լուրը չէր, նախորդել էին ձնահյուսի պատճառով մահացած երեք զինծառայողի դեպքը, այսպես կոչված` «էլիտար» զորամասի դեպքը, որի առիթով կան ձերբակալվածներ: Նոր լուրը հունից հանեց շատերին: Մարդկանց համար անընդունելի է հենց այդ «չպարզված հանգամանքներում» մահացու «հրազենային վիրավորումը»: Հատկապես միմյանցից ժամուկես տարբերությամբ Արցախի տարբեր զորամասերում երկու երիտասարդ զինվորների` Տիգրան Մանվելյանի եւ Տիգրան Մխոյանի ցավալի մահերը մի տեսակ լցրեց մարդկանց համբերության բաժակը, մի շարք հարգված մարդիկ անգամ պաշտպանության նախարարի հրաժարականի հարց են բարձրացնում:

Ինչ է կատարվում, ինչ տեսակի հարաբերություններ են , ինչ տեսակի անկարգապահություն է բանակում, որ այս ցավալի մահերն անխուսափելի են դարձել: Կամ միգուցե կրիմինալն այն աստիճան է գլուխ բարձրացրել, այն աստիճան է հակադրվում ոչ կանոնադրական բարքերի կամ քրեական ենթամշակույթի դեմ պետության կողմից խստացվող օրենսդրությանը, որ դա նաեւ արտացոլվում է այս կերպ, ու դրա համար հնարավոր չի լինում նման մահերը կանխել: Մարդիկ ուզում են այս հարցերի պատասխանը ստանալ, անգամ Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության ղեկավարն է առաջարկում ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել` այս մահերի հանգամանքները պարզելու համար:

Վարչապետի արձագանքն այս հարցին խորհրդարանում չբավարարեց` նա խոսում էր այնպիսի բարքերի առկայության մասին, երբ անգամ լվացքի մեքենայում սեփական վարտիքը մյուսների վարտիքի հետ լվանալու անհանդուրժողականության մակարդակ կա մեր հասարակության երիտասարդ մասի, այդ թվում զինվորների բարքերում: Հասկանալի է, որ տարիներով բուծված այս ենթամշակույթը (այսպես ասած` նայողների կողմից դրամահավաքը, մարդկանց կամքի կոտրումը, ստորացնելն ու ենթարկեցնելը չգրված քրեանման կանոնների) որեւէ իշխանություն մի հրահանգով չի կարող վերացնել, սակայն բանակ մտնող ամեն զինվոր պետք է հանդիպի այնպիսի կարգապահության ու կանոնակարգված արդարամտության, որ ստիպված լինի իր` ոչ կանոնադրական բարքերի հակվածությունը թողնել զորամասից դուրս: Դրա համար հրամանատարից մինչեւ դիրքի պատասխանատու յուրաքանչյուր դեպքի համար պետք է խիստ եւ հանրությանը հասանելի իրազեկմամբ պատժվեն, այդ բարքերը հանդուրժողները կամ հրահրողները դրվեն ի ցույց: Մինչդեռ անգամ նախորդած դեպքի պարագայում, երբ պարզվեց, որ կան այսպես կոչված «էլիտար» զորամասեր, որտեղ «լրիվ պատահական» գլուխ-գլխի են մի շարք հայտնի ծնողների զավակներ, ու նրանք են հրահրում այդպիսի բարքեր, վկայում է, որ բանակում սննդի ու վարտիքի վիճակի լվանալուն զուգահեռ` բարքերի ու կարգապահության խնդիրը առաջվանն է, ու միգուցե ավելի վատ: Իսկ դրանք կյանքեր են արժենում: Խաղաղ պայմաններում երիտասարդ կյանքեր ենք կորցնում, որոնց համար պատասխանատուն նախ պաշտպանության նախարարն է: Նրանից, երկրի վարչապետից, նախագահից եւ բոլոր մնացածից մենք բոլորս, Հասմիկ Պապյանի նման, պետք է պահանջենք վերջ դնել այս մղձավանջին: Անհնար է այլեւս լուր լսել, թե չպարզված հանգամանքում մահացու հրազեենային «վիրավորում» է ստացել մեր զինվորը: Պարզեք, կանխեք, կարգուկանոն հաստատեք բանակում, ձեր գործը հենց դա է, ոչ միայն ընտրական տուրիզմից խոսելը, կամ սովորական տուրիզմով զբաղվելը:

Անգամ ԱԺ-ում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատասխանը, թե «էլիտար» զորամաս գոյություն չունի, դա լրատվության միջոցների տարածածն է, տեղի ունեցածի համար էլ պատասխանատուները կա՛մ պատժվել են, կա՛մ ձերբակալվում եւ կալանավորվում են, խոսում է այն մասին, որ խնդիրը խորքով հանրությանը չներկայացնելու սովորությունը դեռ առկա է, կոծկելու ու թաքցնելու վերջը դեռ չի եկել, ու դա էլ իր մեղքի բաժինն ունի կատարվածում:

Պարոն վարչապետ, մի պահ կտրվեք Էդմոն Մարուքյանի հետ «ռազբորկաներից», ՍԴ անդամներին իրենց տեղը ցույց տալուց, լրջորեն զբաղվեք բանակով, առանց աղմուկի ու հայտարարելու գնացեք դիրքեր, տեսեք` ինչ է կատարվում, լսեք սովորական զինվորներին, սեփական աչքով գնահատեք իրադրությունը, եւ ոչ թե ճաշարանների` հատուկ կազմակերպված ցուցադրական հյուրասիրությունների մակարդակով դատեք բանակի մասին:

Հասկանալի է, որ իշխանությունից բոլոր զրկվածները, որոնք ամենայն առիթ օգտագործում են միահամուռ հարված հասցնելու իշխանությանը, այս դեպքերն ու հատկապես վերջին ցավալի դեպքն օգտագործում են իշխանությանը քննադատելու համար, բայց , հավատացեք, դրանից հանրության պահանջը ոչ նսեմանում, ոչ առավելանում է, հանրությունն անկախ նախկինների պոպուլիզմից է պահանջում կարգուկանոն հաստատել բանակում: Դա արեք հնարավորինս շուտ, դրանով լրջորեն զբաղվեք, այդ զգայուն հարցը ունակ է հանրության սրտին կա՛մ դարման կա՛մ կրակոց դառնալու:

Երկու զինվորի մահվան թարմ լուրի ֆոնին` ինձ համար անհասկանալի էր նույն երեկո Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դրա վերաբերյալ տասնյակ հարցեր չլսելը եւ Էդմոն-Մարուքյան-վարչապետ լեզվակռիվը տեսնելը: Ու դրանից հետո էլ հակածխախոտային օրենսդրության շուրջ` Ազգային ժողովի երեկվա ողջ ինքնամոռաց էյֆորիան, Ազգային ժողովում «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» բանակի մահերի մասին լուրին հաջորդող երկօրյա մանրկրքային իրարանցումը: Փոխանակ տասն հարցով հարցախեղդ անեին պաշտպանության նախարարին ու վարչապետին, թե տնաշեններ, էս ինչ է կատարվում բանակում, ո՞վ է պատասխան տալու խաղաղ պայմաններում մեր զինվորների մահերի համար, Էդմոն Մարուքյան-վարչապետ մանր վեճն էին թեժացնում, հակածխախոտային պայքարի մարտիկների շարքում իրենց դիֆերամբներով ցուցակագրվում: Լավ, դուք չե՞ք պատկերացնում` որտե՞ղ եւ ինչո՞ւ եք գտնվում, եւ որ` երկրում տեղի ունեցած ցավալի դեպքը, առհասարակ` բոլոր հրատապ խնդիրները, ոչ թե մեկուկես հարցում պիտի արտացոլեք, այլ տասնյակ հարցերում ու ելույթներում, եւ` առաջնահերթ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ