RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 621, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՄ ԹՆԴԱՆՈԹՈՎ ՃՆՃՂՈՒԿ ՈՐՍԱԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Չորս օրից մեր երկիրը թեւակոխելու է մի նոր փուլ, որը, առանց գուշակ լինելու հավակնության, դառնալու է ազգային անմիաբանության խորացման, տեւականացման շրջան, որի համար մեր հետագա սերունդները ամաչելու են, անշուշտ եթե մինչ այդ ապաքինված լինեն ատելության վարակից: Հիսուն օրեր ատելավառ քարոզչության եւ հակաքարոզչությանՙ Մեծ երգիծաբանի հայտնի հերոսի ասածի պեսՙ «խաւարը լուսոյ դէմ, տգիտութիւնը գիտութեան դէմ, սուրը գրիչին դէմ, կրակը ջուրին դէմ, միսը բանջարեղենին դէմ»: Եվ այս բոլորըՙ հայկական քաղաքական ֆոլկլորի բոլոր տարրերի կիրառմամբՙ նորերը հների դեմ, սեւերըՙ սպիտակների, եւ... շարունակեցեք ինքներդ: Երեսուն տարի շարունակվող այդ ֆոլկլորը անկասկած հարստանալու է նորանոր տարրերովՙ ոտանավորներով, երգերով, անեծքներով, սպառնալիքներով, ամբողջ աշխարհին զարմացնող տուրիզմի նոր տեսակներով, որոնք, օրինակ Իսրայելում, վաղուց են կիրառվում:

Մի պահ զգաստանանք եւ հարց տանք մեզՙ ինչո՞ւ համար այս հանրաքվեն: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարեցմա՞ն, մյուս վեց դատավորների պաշտոնազրկմա՞ն, դատավոր Վահե Գրիգորյանի եւ մյուսի (անունը չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ) գահակալման համա՞ր: Ինչո՞ւ այս հանրաքվեն, այսքան ջանք ու եռանդ, այսքան ծախս, աշխատանք, այսքան ճառ, հոխորտանք, հայհոյանք: Քաղաքներից, գյուղերից, արտերից ու այգիներից, գրասենյակներից ու աշխատավայրերից, զորանոցներից ու ճակատային գծերից քվեարկողներին տանել ընտրական տեղամասերՙ որպեսզի ի՞նչ լինի: Թնդանոթով ճնճղո՞ւկ ենք որսալու: Ինչո՞ւ ենք վատնում մեր ուժերը: Ավարտե՞լ ենք մեր անհետաձգելի գործերըՙ բանակաշինություն, անվտանգություն, Արցախյան հիմնահարց, հայրենադարձություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսության փրկություն եւ այլ հոգսեր: Ի՞նչ է լինելու ապրիլի 5-ից հետո: Ի՞նչ է անելու Սահմանադրական նոր դատարանը: Նոր սահմանադրությո՞ւն է գրելու, հանրապետության նախագահին լրիվ իրավազո՞ւրկ է դարձնելու, Ստամբուլյան կոնվենցիա՞ն է վավերացնելու, կաթողիկոսին կարգալո՞ւյծ է հռչակելու, երկրորդ նախագահին ցմահ բանտարկությա՞ն է դատապարտելու, վհուկների որսը նոր սաստկությա՞մբ է շարունակելու, տարածքնե՞ր է զիջելու եւ, վերջապես, դատական իշխանությունն էլ ամբողջությամբ մեկ մարդու ձե՞ռքն է տալու:

Մենք ստիպված ենք այս հարցերը տալ, առաջին հերթինՙ մենք մեզ: Մեզ համար տեսանելի պետք է լինի ամեն ինչ, նույնիսկ եթե ոգեւորված ենք Հեղափոխության առաջնորդի կերպարով, առինքնված նրա հռետորաբանությամբ: Մենքՙ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե դեպի ո՞ւր է գնում մեր երկիրը, անկախ մեր կողմնորոշումներից, հների ու նորերի նկատմամբ մեր հակակրանքից ու համակրանքից: Վերջապես պետք է հասկանանք, որ հները իրավունք չունեն վերադառնալու, իսկ նորերը այնքան էլ նոր չեն, քանի որ ծնունդ են առել հներից, նրանց սխալներից, նրանց ծուռ գործերից, անգամՙ նրանց քվեարկու ձայներից:

Գեթ մի անգամ սթափվենք, վերանանք արտաքին երեւույթներից, ձեւով դեմոկրատական, բովանդակությամբ միապետական բեմադրություններից: Գեթ մի պահ մտածենք ազատ, բոլոր ազդեցություններից ազատագրված: Գեթ մի անգամ ձերբազատվենք հայկական ավանդականՙ մեր աշխատանքային, ընտանեկան, անգամ սիրային ձախողությունների համար միշտ ուրիշներին մեղադրելու խասյաթից: Թոթափենք մեզնից զգուշավորության, հարմարվողականության, հաշվենկատության, «ինձինչ»ության սինդրոմը, որն այսօր, խորհրդային ժամանակների հանգույն, տիրապետող է դարձել ակադեմիական, մտավորական, մտածող մարդկանց շրջանակում անգամ:

Ինչ վերաբերում է կոնկրետՙ գործող Սահմանադրական դատարանի դեմ հանրաքվեի անցկացման հիմքում դրված իրավաբանական միակ խոցելիՙ դատավորներից ոմանց պաշտոնավարության ժամկետների 2-3 անգամ գերազանցման խնդրին, յուրաքանչյուր ոք պետք է հարց տա ինքն իրենՙ Հեղափոխության առաջնորդը այդ երբվանի՞ց սկսեց նկատել այդ խախտումը, կամՙ ինչո՞ւ էր աչք փակել դրա վրա մինչ այդ:

Իսկ ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին (որի դիվայնացումը (demonisation) պետք է համարել ամբողջացած այն պահից, երբ իմքայլական մի պատգամավորուհի ասաց, որ մանկապարտեզի երեխան թեեւ չի ճանաչում նրան, սակայն գիտի, որ նա վատ մարդ է), կարծում եմՙ ճիշտ ժամանակն է, որ նա աստվածաշնչյան ոգով ասիՙ «Տեր, հեռացրու ինձնից այս բաժակը» եւ հեռանա, մեր ժողովրդի ու երկրի վրայից հեռացնելով քինախնդրությամբ եւ ատելությամբ լեցուն այդ լեղի բաժակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ