RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1310, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Գրականությունում մի ժամանակակից ժանր կա, կոչվում էՙ «ինքնաներշնչում»: Դրա համահիմնադիրներից է Նապոլեոնը, բայց ոչ թե Բոնապարտը, այլ Հիլը, որիՙ «Մտածի՛ր եւ հարստացի՛ր» գիրքը լույս տեսավ հին, բայց գոնե Խորհրդային Միությունում ապրողների համարՙ ոչ բարի 1937-ին:

Բայց մինչեւ մտածենք եւ հարստանանք ասեմ, որ Նապոլեոն Հիլը ծնվել է 1883-ին Վիրջինիայում, մի փոքրիկ անտառային խրճիթում, որտեղ հավանաբար ավելի շատ երազելու բան կար, քան մտածելու: Թե ինչպես է անցել Նապոլեոնի մանկությունըՙ անտառում, շատ հայտնի չէ, հայտնի է միայն, որ երիտասարդ տարիքում, որպեսզի կարողանա Ջորջթաունի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում սովորել, Հիլը մի գավառական թերթում լրագրող է աշխատել: Հենց այդ տարիներին էլ նրան հայտնաբերել է ԱՄՆ Թեննեսի նահանգի ղեկավար Ռոբերտ Լ. Թեյլորը եւ հրավիրելՙ աշխատելուՙ բավականին հանրահայտ «Բոբ Թեյլոր» ամսագրում: Եւ սկսվում է Նապոլեոնի կայսերական ճանապարհը: Առաջ ընկնելով ասեմ, որ Հիլը հարցազրույցներ է ունենում ԱՄՆ երեք նախագահի, Հենրի Ֆորդի, աշխարհում այն ժամանակ շատ հայտնի մեծահարուստներ, մետալուրգիական խոշոր ընկերության ղեկավար Չարլս Շվաբի, մաստակի արտադրության հսկաներիցՙ Ուիլյամ Ռիգլիի, ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքի խոշոր մասնագետ, իրավաբան Քլարենս Դերոյի, եւ 500 այլ հայտնի-ազդեցիկների հետ: Այս զրույցների հիման վրա էլՙ Նապոլեոնը գրել է իրՙ «Մտածի՛ր եւ հարստացի՛ր» բեսթսելերըՙ փորձելով ցույց տալ, որ այս բոլոր մարդիկ եւ մարդն առհասարակ կարող է հարստանալ, եթե մտածի:

Գիրքը թարգմանվել է հայերեն: Կազմը, ինչպես դժվար չէ կռահելըՙ ոսկու գույն ունի, եւ հենց շապիկին գրված էՙ «Այս գիրքը կարող է քեզ դարձնել միլիոնատեր»: Բացառել իհարկե չի կարելի, բայց դժվարանում եմ ասել, թե աշխարհումՙ 1937-ից սկսած քանի՞ մարդ է միլիոնատեր դարձելՙ Հիլի խորհուրդներով:

Իրականում այս իսկապես հետաքրքրական եւ կարեւոր գրքի մասին չէ, որ ուզում էի խոսել, այլ հարստանալու, ավելի ճիշտՙ մտածելու: Հայաստանում, կարծում եմ, այս երկուսը միմյանց հետ կապ չունեն: Ամենեւին չեմ ուզում ասել, թե երկրում մեծահարուստները մտքերի առումով աղքատ են, բայց որպեսզի հարստանաս, մտածելը միայն բավարար չէ: Հակառակ պարագայում Հայաստանում ոչ ոք Ռուսաստանի սեփական գործարանները թողածՙ տաքսի չէր քշի, ինժեների դիպլոմով թաղի փոքրիկ կրպակը չէր աշխատացնի, եւ արվեստանոցում ավելի շատ չէր ծխի, քան նկարի: Հարստանալու մասին մեր մտքերն ու երեւակայությունը սահմաններ չունի, ընդ որումՙ ոչ աշխարհագրական, ոչ էլ մարդկային առումով: Ուրեմն ի՞նչ է պետք Հայաստանում հարստանալու համար:

Մի լավ ընկեր ունեմ, որը քաղաքականությունից այնքան հեռու է, որքան մենքՙ Նոր Զելանդիայից, այս հարցիս հարցով պատասխանեցՙ «Նայած երբՙ երե՞կ, այսօ՞ր, թե՞ վաղը»: Ես հետաքրքրված ու հարստանալու անհամբերությունից ասացիՙ իհարկե այսօր: Նա պատասխանեցՙ «Փաշինյանի եւ մյուս իշխանավորների հետ լավ հարաբերություններ»: Փոքր ինչ հիասթափվածՙ շարունակեցի, իսկ եթե երեկ, եւ նա ասաց. «Սերժ Սարգսյանի եւ նրա օրոք իշխանավորների հետ լավ հարաբերություններ»: Մենք լռեցինք եւ նա շարունակեց. «Իսկ վաղըՙ վաղվա իշխանության հետ լավ հարաբերություններ»:

Փառք Աստծո մենք արագ փոխեցինք խոսակցության թեման, բայց ընկերոջս պատասխանն ինձ տխրեցրեց: Եւ իսկապես, եթե նույնիսկ քաղաքականությունից մղոններով հեռու ընկերս վստահ է, որ Հայաստանում հարստանալու համար իշխանության հովանին է պետք, առնվազն չխանգարելու խոստումը, ուրեմն իսկապես քաղաքականությունը ոչ միայն մեր կյանք է մտել, այլեւ մեր գլխում է: Երեւի այդ պատճառով էլ մեր հարստանալը, ավելի ճիշտՙ դրա անհնարինությունը կապում ենք օրվա իշխանության հետ: Դե, այսինքնՙ հարուստ չենք, որովհետեւ «էս երկրում դա հնարավոր չէ», կամ «քանի սրանք են, դա հնարավոր չէ, այ երբ կգնան, ամեն ինչ լավ կլինի ու մենք կհարստանանք»: Այսպես ենք մտածումՙ հարստանալու մասին, դրա համար էլ հարուստ չենք:

Իսկ Նապոլեոն Հիլը ասում էՙ «Ինքնաներշնչման միջոցով միայն ձեր ուղեղ կներթափանցեն հիմնաքարային մտքեր, որոնք էլ կորոշեն ձեր հաջողությունը»: Հիլը 1933-ին դարձավ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի խորհրդականը: Հիշեցնեմՙ նա ծնվել էր Վիրջինիայում, մի փոքրիկ անտառային խրճիթում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ