RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



ՄԱՏՆԱՆՇՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 985, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՕՐԻՆԱԿ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ցանկություն չունեմ որեւէ մեկին վիրավորելու կամ որեւէ հեղինակի վաստակն արհամարհելու, բայց գրքեր կան, որոնք թերթելուց հետո որեւէ մեկը չի կարող համոզել մեզ, որ այն գրված է մասնագետի կողմից, առավել եւս դժվար է համոզել, որ այն խմբագրի հայացքի է արժանացել:

Օրեր առաջ նման մի գիրք ընկավ ձեռքս, որը դրված էր գրախանութի դարակների պատմության բաժնում եւ ջանում էր վաճառվել մոտ երեք տասնյակ հազար դրամով:

Խոսքս 2018թ. հրատարակված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տեղեկատու» գրքի մասին է` հեղինակությամբ Սամվել Ավետիսյանի եւ Վահագն Գրիգորյանի : Գիրքը հրատարակության է երաշխավորվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հյուսիսային համալսարանի գիտական խորհուրդների կողմից: Գրախոսներն էլ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Շիրակի պետական համալսարանի աշխարհագրության, կենսաբանության եւ քիմիայի ամբիոնի վարիչ Լեւոն Մարտիրոսյանն ու Հայաստանի ագրարային համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն են:

Հստակ չեմ կարող ասել, թե գրքում քանի «վրիպակ» կա, բայց կբերեմ մեկ-երկու օրինակ միայն, որից հետո, կարծում եմ, հեշտ կլինի կարծիք կազմել գրքի մասին:

Ուրեմն` խոսելով Գեղարքունիքի մարզի Փամբակ (իմ ծննդավայրի) եւ Դարանակ (ծննդավայրիս հարեւան գյուղը) համայնքների մասին, հեղինակներն ի թիվս տեղագրական այլ սխալների, թույլ են տվել նաեւ որոշապես կոպիտ սխալներ, որոնք վայել չեն նման ծավալ ու խորագիր ունեցող գրքին, ավելինՙ վայել չեն պատմաաշխարհագրական նման լայն ընդգրկում ունեցող գիրք կազմողների անվանը:

Հեղինակները 376-րդ էջում գրում են, որ Դարանակ գյուղը հիմնադրվել է 1921 թվականին` հարեւան Փամբակից տեղափոխվածների կողմից: Թվում է` ամեն ինչ կարգին է, սակայն պետք է նշեմ, որ 453-րդ էջում նույն հեղինակները գրում են, որ Փամբակ գյուղը հիմնվել է 1932 թվականին: Այստեղ արդեն պետք է հետաքրքրական լինի, թե Դարանակն ինչպե՞ս է հիմնվել Փամբակից տեղափոխվածների կողմից, եթե, ըստ գրքի հեղինակների` Փամբակը հիմնվել է Դարանակի հիմնումից տասնմեկ տարի անց:

Իրականում հեղինակները մասնակիորեն ճիշտ են` Դարանակը հիմնվել է Փամբակից տեղափոխվածների կողմից, ուղղակի Փամբակը հիմնվել է 1928թ.ին, գրքում նշված տարեթվից չորս տարի առաջ, իսկ Դարանակը` 1932-ին` գրքում տրված տարեթվից տասնմեկ տարի հետո:

Պարզից պարզ է, որ գիտական անբարեխղճությունն ու վրիպակներն այսպիսի տհաճ պատկեր են ստեղծել գրքում, բայց եթե միայն այդքանը լիներ, կարելի էր լռել: Ցավոք, հեղինակները պնդում են նաեւ, որ Փամբակ գյուղը 1873թ. ունեցել է 166 բնակիչ, 1897-ին` 283: Հետաքրքրական է` ինչպե՞ս է ստացվել, որ 1928թ. հիմնված գյուղում (իրենց պնդմամբ`1932) բնակիչներ կային դեռ 1873թ.ին:

Իհարկե, չեմ փորձում պնդել, որ մինչ բուն գյուղի հիմնումն այդ տարածաշրջանում բնակչություն չի եղել: Եղել է, միանշանակ, որի մասին փաստում են այդ վայրերում հին հայկական գերեզմանատներն ու միջնադարյան խաչքարերը, բայց այդ բնակության հետքերը կապել Փամբակ գյուղի հետ, եւ նրանց անվանել փամբակեցիներ, մեղմ ասած, սխալ է եւ աղերսներ չունի գիտական մոտեցման հետ:

Միաժամանակ ուզում եմ նշել ու հավաստիացնել, որ Դարանակ համայնքում մարդիկ չեն զբաղվում ծխախոտագործությամբ ու թռչնաբուծությամբ, ինչպես պնդում են գրքի հեղինակները: Այդ տեղեկությունը վերաբերում է խորհրդային շրջանին, երբ գյուղը Դարա (Ձոր) էր կոչվում եւ բնակչությունն էլ, ամբողջովին, բաղկացած էր ադրբեջանցիներից: Այս փաստն արդեն խոսում է այն մասին, որ գրքի հեղինակները ոչ թե օգտվել են հանրագիտարաններից ու չխմբագրված համացանցային տեղկություններից, այլեւ` ուղղակիորեն արտագրել են այնտեղ գրվածը, որն էլ դարձել է այսպիսի սխալ տեղեկություններ ներկայացնելու պատճառ: Հետանկախության շրջանում տպագրված որեւէ հանրագիտարանում նշված չէ, որ հիշյալ տարածաշրջանի որեւէ գյուղում մարդիկ ծխախոտագործությամբ են զբաղվում: Դա նույնպես փաստում է, որ գրքի հեղինակներն օգտվել են խորհրդային շրջանում տպագրված հանրագիտարաններից:

Բացի այդ, գյուղի բնակիչների մի մասը գաղթել է ոչ թե Տաշքենդից (ինչպես պնդվում է գրքում), որը Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի նախկին` խորհրդային շրջանի ադրբեջանական անվանումն է, այլ` Դաշքեսանից, որը գտնվում է ժամանակակից Ադրբեջանի տարածքում:

Կարծում եմ այսքանը բավարար է կարծիք կազմելու այդ գրքի մասին, մանավանդ որ ես ստուգել եմ ընդամենը երկու գյուղի տվյալներ` չլինելով պատմաբան, ոչ էլ աշխարհագրագետ:

Ահա թե տասնամյակների անուշադրությունն ու անհետեւողականությունն ինչի են հանգեցնում: Եթե պատկան մարմինները հայոց լեզուն ու մշակույթը երկրորդ-երրորդ պլան մղելու փոխարեն զբաղվեն նմանատիպ երեւույթները բացառելով, ամեն ինչ ավելի լավ կլինի... ինքնին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ