RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1315, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՅԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՊՐԻԶՄԱՅԻ ՄԻՋՈՎ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Այս օրերին Եվրոպայում եւ հատկապես Լեհաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ նա արեց ԱՊՀ եկրների ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ: Պուտինը բացահայտորեն մերկացրեց Եվրոպայի Խորհրդի այն անդամներին, ովքեր դրանից մի քանի օր անց ԵԽԽՎ վերջին նիստում ընդունեցին կատաղի հակառուսականությամբ թաթախված մի փաստաթուղթ, թե իբր երբեմնի Խորհրդային Միությունն ու Հիտլերյան Գերմանիան հավասարաչափ մեղավոր են Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելու մեջ: ԱՊՀ գագաթաժողովում Պուտինն ընդամենը թվարկեց պատմական փաստաթղթեր, կատարեց ընդարձակ մեջբերումներ դրանցից: Ընդսմին, չմոռանալով շեշտել, որ դրանք այսօ՛ր էլ Արեւմուտքում գաղտնազերծած չեն:

Անձամբ ինձ համար Վլադիմիր Պուտինի հրապարակած փաստաթղթերից գրեթե ոչ մեկը նորություն չէր: Դեռեւս ուսանող տարիներից դրանց մեծ մասին ծանոթացել եւ դեռ տասնամյակներ առաջ եմ իմացել, որ Խորհրդային Միությունը, որը լեհերի կողմից եռանդով հիշատակվող Մոլոտով-Ռիբենտրոպ չհարձակման պայմանագիրը 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում ստորագրելովՙ իբրեւ թե դրանով խրախուսել է մեկ շաբաթ անց գերմանական զորքերի հարձակվելը Լեհաստանի վրա, պարզապես խեղաթյուրում է պատմությունը: 1933-ին գերմանական նացիստների կողմից այդ երկրում իշխանությունը զավթելուց հետո Մոսկվան բազմիցս դիմել է այն ժամանակվա եվրոպական առաջատար երկրներինՙ միասնական հակահիտլերյան ճակատ ձեւավորելու համար: Սակայն անխտիր բոլորը, այդ թվում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, նույն Լեհաստանը մերժեցին Ստալինի առաջարկը: Իբրՙ ինչպե՞ս կարելի է դաշնակից դառնալ բոլշեւիկյան Ռուսաստանին: Ավելին, հենց իրենք 1934-1935-ին դաշինք կնքեցին Հիտլերի հետ, հուսալով առաջիկայում սպասվող գերմանական ագրեսիան ուղղել... Խորհրդային Միության դեմ: Իսկ գերմասնացիները բոլորին խաբեցին, հարձակվեցին նախ Արեւմտյան երկրների, ապաՙ ԽՍՀՄ-ի վրա: 1939-ի օգոստոսի 23-ին Կրեմլում ընդունելով ֆաշիստական Գերմանիայի արտգործնախարար Իոախիմ ֆոն Ռիբբենտրոպին եւ նրա հետ կնքելով չհարձակման 10 տարվա պայմանագիր, հյուրին ճանապարհելուց հետո Ստալինը մերձավորներին հարցրեց. սա մեզ գոնե 5 տարվա խաղաղ կյանք կապահովի՞: Ավա՜ղ, չապահովե՛ց:

Փաստորեն, անարգելով նացիստներից իրենց երկիրն ազատագրած եւ այդ պատճառով զոհված 700 հազար խորհրդային զինվորների հիշատակը, սեփական աչքի գերանը թողած ՙ այսօրվա լեհերը մատնացույց են անում ռուսների աչքի շյուղը: Իսկ որ 1938-ի սեպտեմբերի 30-ին Լեհաստանի այն ժամանակվա արտգործնախարարը Մյունխենում կնքված հակաչեխական գործարքի ժամանակ ամեն կերպ նպաստում էր Չեխոսլովակիայի մասնատմանը, որի մի խոշոր պատառն էլ հենց իրենց հասավՙ այդ ոչի՞նչ: Պուտինը մեկ ժամ շարունակ մեջբերում էր այն ժամանակվա պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում Լեհաստանի արտգործնախարարի այն հավաստիացումը, թե եթե գերմանացիները կարողանան լուծել հրեական հարցըՙ իրենք Վարշավայում Հիտլերի արձանը կկանգնեցնեն: Պուտինը դրա համար լեհ արտգործնախարարին անվանեց տականք, սրիկա: Եվՙ իրավո՛ւնք ուներ:

Գերմանիայի ջախջախումից հետո այդ փաստաթղթերն ընկան խորհրդային հետախույզների ձեռքը: Սեփական ժողովրդից հենց այդ կարգի հավաստիացումները թաքցնող Լեհաստանի այսօրվա կառավարողները առավել քան չարացած են Պուտինի դեմՙ իրենց այն ժամանակվա արտգործնախարի արգահատելի կերպարը ամբողջ աշխարհի աչքում խայտառակելու համար: Բայց ռուսները մինչեւ ե՞րբ կուլ տան լեհերի կատաղի թշնամանքը: Պատմության հետնախորշերը քչփորելը վտանգավո՛ր բան է: Աշխարհում չի եղել քիչ թե շատ կարեւոր դերակատարաություն ունեցած որեւէ պետական-քաղաքական գործիչ, որի արարքների մեջ ամեն ինչ մաքուր լինի: Անգամ մեզ համար համազգային սրբություններ դարձած Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Զորավարի կենսագրություների մեջ կան էջեր, որ մինչեւ հիմա էլ հստակ բացատրություններ չեն ստացել: Ասել կուզեմՙ ամեն արարքի պետք է նայել իր ժամանակի, ո՛չ թե հետագայի պրիզմայի միջով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ