RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1361, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2019 Թ.-ԻՆՙ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՎ ԸՍՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Տնտեսության ո՞ր ճյուղերն են աճ ունեցել, ո՞ր ճյուղերում է այն պատկերվել

Երկրորդ տարին է արդեն, ինչ վիճակագրական կոմիտեն սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները հրապարակում է ուշացումով: Այս անգամ եւսՙ 2019 թ.-ի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշները հրապարակվեցին այս տարվա հունվար ամսվա վերջին օրը: Թե ինչո՞ւ դրանք մեկ տարի առաջ սկսվեցին հրապարակվել ուշացումով, որեւէ բացատրություն այդպես էլ չտրվեց: Դատելով հրապարակումներում առկա ոչ իրատեսական տվյալներից եւ հակասություններից, կարելի է ենթադրել, վիճակագրական այդ ժամանակահատվածն օգտագործում է իշխանությանը ցանկալի տվյալներ ստանալու համար: Այժմ ցուցանիշների մասինՙ առավել հանգամանորեն :

Անցած տարի, ըստ վիճկոմի, տնտեսական ակտիվության աճը 7,8 տոկոս է կազմել: Ինչպե՞ս է ստացվել, որ բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը զուգահեռ տնտեսական ակտիվության նման աճ է գրանցվել, որքանո՞վ է այդ աճը իրատեսական, ո՞ր ճյուղերի շնորհիվ է դա տեղի ունեցել եւ ո՞ր ճյուղերն են «օգնության» հասել «թավշյա» վարչապետի ակնկալած ցոււցանիշը ստանալու համար:

Արդյունաբերության աճը կազմել է 9 տոկոս: Այն մեծամասամբ պայմանավորվել է հանքարդյունաբերական արտադրանքի արտադրության աճով, որն ըստ Նիկոլ Փաշինյանի մեկ տարի առաջ կատարած հայտարարության, մեր տնտեսության ապագան չէ: Նրա հայտարարություններըՙ հանքանյութի արդյունահանումից անցում կատարել մետաղի մշակման, դրանից պատրաստված արտադրանքի, գիտելիքի հիման վրա արտադրությանՙ այդպես էլ մնացել են հայտարարություններ, իսկ հիմա հենց հանքարդյունաբերության շնորհիվ վարչապետը հպարտանում է տնտեսական ակտիվության աճի ցուցանիշով:

Հաջորդը ծառայությունների ոլորտում 15 տոկոս աճն է: Ոլորտ, որտեղ աճ է արձանագրվում բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքների հաշվին: Եթե հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «մեզ նման աճ պետք չէ», ապա հստակ կդառնա, որ այս ոլորտում աճը տնտեսության համար էական նշանակություն չունի եւ հավելյալ արժեք չի ստեղծում:

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ տնտեսական ակտիվության աճի իրական հիմքերը առկա են միայն վերոնշյալ երկու ճյուղերում արձանագրված աճով, որը ոչ մի կերպ առչնություն չունի ներկայիս կառավարության գործունեության հետ: Տնտեսության մյուս երեք ճյուղերում էլ կատարվել են վերեւում հիշատակված «ճշտումները»ՙ ընդհանուր տնտեսական ակտիվության աճի ցանկալի ցուցանիշ ստանալու համար :

Գյուղատնտեսությունում անկումը շարունակվում է: Այն, ըստ վիճկոմի կազմել է 4,2 տոկոս: Սակայն, անգամ անզեն աչքով տեսանելի է, որ այստեղ անկումը խորացել է, ինչի անուղղակի վկայությունը անասնապահների զանգվածային դժգոհություններն էինՙ սպանդանոցների խնդրի հետ կապված: Դրա համար բավական է ծանոթանալ անցած 11 ամիսների ցուցանիշներում հրապարակված մսի արտադրության տվյալներին: Մսի արտադրության ծավալները նվազել են մոտ 4,2 տոկոսով, որից խոշոր եղջերավորների մսինըՙ 2,8 տոկոսով, խոզի մսինըՙ 15,9 տոկոսով, ոչխարի մսինըՙ 20,8 տոկոսով: Անկումն իսկապես որ աննախադեպ է:

Բուսաբուծության մեջ անկումը անցած տարվա վերջինՙ 9 ամիսների տվյալներով 7 տոկոս էր:

Այդուհանդերձ, վիճկոմը գյուղատնտեսությունում անկման խորացումը ոչ միայն չի արձանագրում, այլ դեռ մի բան էլ նվազեցնում է :

Նույն գործելաոճն է նաեւ շինարարության ցուցանիշների պարագայում: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանն այստեղ «բում» էր խոստանում, իսկ իրականության մեջՙ եղած աճի տեմպն էլ նվազեց, եւ տարվա արդյունքներով կազմեց 4,6 տոկոս: Ընդ որում , այս ցուցանիշը ստանալու համար դեկտեմբեր ամսին շինարարությունում ավելի քան 85 տոկոս աճ է ցույց տրվել: Դա անցած տարվա միջին ամսական ցուցանիշը գրեթե եռակի գերազանցող թիվ է: Այսինքն, ողջ տարվա ընթացքում, այդ թվում շինարարության համար սեզոնայինՙ գարնան եւ ամռան ամիսներին, շինարարությունում միջին ամսական ծավալները 30-31 մլրդ դրամ էին, իսկ դեկտեմբերին դարձան 89 մլրդ դրա՞մ: Սա պարզապես զավեշտ է, որի օգնությանը վիճակագրական կոմիտեն դիմել է 7,8 տոկոս տնտեսական ակտիվության աճՙ հետեւաբար եւ վարչապետի ֆեյսբուքյան գրառում «ապահովելու» համար:

Ինչ մնում է ամենամեծ ծավալներ ունեցող, բայց դարձյալ հավելյալ արժեք չստեղծող ճյուղինՙ առեւտրի շրջանառությանը, ապա այստեղ ցույց տրվող տարեկան 8,9 տոկոս աճը լուրջ կասկածների առիթ է տալիս:

Միանշանակ է, որ այդ աճի մեջ մեծ դեր է ունեցել ավտոմեքենաների զանգվածային ներմուծումըՙ շնորհիվ ԵԱՏՄ մտնելիս Հայաստանի կառավարության կողմից 2015 թ.-ին ձեռք բերված արտոնյալ ժամկետի: Սա նշանակում է, որ այս գործոնը նույնպես ներկա կառավարության հետ որեւէ կերպ չի առնչվում: Այն ստանում է նախկին կառավարության կողմից կատարված քայլի արդյունքներըՙ առեւտրի շրջանառության աճի ցուցանիշ եւ պետական բյուջեի հավելյալ մուտքեր, եւ դրանք վերագրում իրեն:

Այդուհանդերձ, առեւտրում աճի ցուցանիշը արժանահավատ չի թվում, քանի որ բացի ավտոմեքենաների ներմուծումից եւ վաճառքից, առեւտրի մյուս ճյուղերը վերջին մեկուկես տարվա ընթացքում խորը լճացման մեջ են: Տնտեսական վիճակի վատթարացումն իր ուղղակի անդրադարձն է ունենում բնակչության գնողունակության վրա, ինչի հետեւանքով էլ մարդիկ սկսում են ավելի քիչ ծախսել: Դա շղթայաբար բերում է առեւտրի շրջանառության նվազմանը, որը վիճակագրական կոմիտեն միայն իրեն հայտնի հրաշքով աճ է արձանագրում:

Այս ամենից ելնելով, ակնհայտ է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները ավելի անվստահելի են դարձել, քան նախորդ ժամանակներում էր: Եթե նախկինում այս կառույցն ամեն ինչ անում էր իրական պատկերը փոքր-ինչ բարելավված ներկայացնելու համար, ապա այժմ անցել է իրականությանը հակասող պատկեր ներկայացնելուն: Պատկեր, որի հետ հակասությանը բնակչությանը ամեն օր բախվում է իր կյանքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ