RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ

Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻՆԱԿԱՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Կծագի՞ արդյոք ընդհանուր ճգնաժամ

Կորոնավիրուսը վերակենդանացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ուրվականը: Մինչ Չինաստանի գործարանների բանվորները անգործության են մատնված կարանտինի պայմաններում, արեւմուտքցի փորձագետները գուշակություններ են անում, թե ինչպիսին կլինեն դրա հետեւանքները մոլորակի տնտեսության համար եւ չե՞ն հանգեցնի արդյոք տնտեսական անկման:

Վիրուսը Չինաստանում արդեն հարյուրավոր մարդկանց է սպանել եւ տարածվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Եթե վարակը դառնա համընդհանուր համաճարակ, ապա կարող է պատճառել այնպիսի վնասներ, որոնցով հայտնի է 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Մի ամբողջ տասնամյակ աշխարհն ապաքինվում էր դրանցից: Դեռ հազիվ ուշքի եկածՙ համաշխարհային երեք խոշոր տնտեսություններիՙ ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Չինաստանի վրա վերստին ամպեր են կուտակվել սկզբում «Բրեքսիտ», հետո առեւտրային պատերազմներ, իսկ հիմա էլ ահա կորոնավիրուս:

Մոտավորապես նույնը տեղի ունեցավ 2002-2003 թվականներին, երբ «անսովոր թոքաբորբ» անունով հայտնի կորոնավիրուսը սկսվեց Չինաստանում եւ ապա տարածվեց 25 երկրներում: Մահացավ 800 մարդՙ հիվանդացածների մոտավորապես մեկ տասներորդը: Այդ ամենը համաշխարհային տնտեսության վրա նստեց մոտ 40 մլրդ դոլար:

Բայց այն ժամանկ Չինաստանի համախառն արտադրանքի ծավալը չէր գերազանցում տարեկան 1,7 տրիլիոն դոլարը, իսկ հիմա նրա տնտեսությունը ինն անգամ ավելի հզոր էՙ 15 տրիլիոն դոլար:

Երկրի տնտեսությունը առանց ներկա կորոնավիրուսի էլ թուլացած էր: Անցյալ տարի Չինաստանի տնտեսությունն աճեց ընդամենը 6,1 տոկոսով: Այդքան փոքր աճ չէր արձանագրվել դարավերջից ի վեր: Վիրուսից կտուժեն առաջին հերթին տրանսպորտը, առեւտուրը, ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսը, քանի որ երկիրը պաշարողական վիճակում հայտնվեց հենց չինական Նոր տարվա շեմին: Ամանորյա մեկշաբաթյա արձակուրդը ճանապարհորդությունների եւ լայն սպառման ժամանակահատված է, որին ընկնում է երկրի տնտեսության 40%-ը:

Արդյունաբերությունը նույնպես հարվածի տակ է: Բազմաթիվ արտադրություններ փակված են, քանի որ իշխանությունների կարգադրությամբ աշխատողները տանը նստած են կարանտինի պայմաններում, իսկ տրանսպորտի անկանոն աշխատանքը ընդհատումներ է առաջացնում ապրանքների մատակարարման հարցում: Հոսքագծերը կանգնեցված են Toyota-ի եւ Volkswagen-ի չինական գործարաններում, փակ են «Ստարբաքսները» եւ «Մակդոնալդսները»:

Չինաստանը արդյունաբերական եւ սպառողական ապրանքների, հատկապես էլեկտրոնիկայի պահեստամասերի համաշխարհային մատակարար է: Նրան բաժին է ընկնում այդ կարգի մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդը աշխարհում եւ 40 տոկոսը տարածաշրջանում:

Վիետնամը, Կորեան, Կամբոջան, Սինգապուրը եւ Ճապոնիան զգալիորեն տուժում են չինացիների արտասահմանյան ուղեւորություններն արգելելու Պեկինի որոշումից, քանի որ զրկվեցին չինացի զբոսաշրջիկներ ավանդական ամանորյա ներհոսից: Արդյունաբերության արգելակումը հանածո հումքի գլխավոր մատակարարների, մասնավորապես Ավստրալիայի եւ Բրազիլիայի համար հղի է շոշափելի կորուստներով:

Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համար վտանգը քիչ ավելի միջնորդավորված է: Առայժմ նրանք կորցնում են միայն չինացի զբոսաշրջիկներին եւ պերճանքի առարկաներ սպառողներին: Իսկ արդյունաբերության համար նախատեսված էներգակիրների եւ հումքի էժանացումը եւ կապիտալի ներհոսքը միայն խթանում են Արեւմուտքի տնտեսությունը: Անշուշտ չինական պահեստամասերի մատակարարման ընդհատումները արեւմուտքցի արտադրողներին կստիպեն գտնել մատակարարման ուրիշ աղբյուրներ, ինչը կպահանջի հավելյալ ծախսեր եւ կնվազեցնի շահույթը:

Փոքր եւ միջակ բիզնեսը ավելի շատ կտուժի, քան խոշոր ընկերությունները, որոնք բավարար միջոցներ եւ փորձ ունեն մի քանի շաբաթվա ընդհատումներին դիմանալու համար, մանավանդ որ արդեն իսկ պատրաստ էին չինական Ամանորի հետ կապված ընդհատումներին:

Ճգնաժամի ուրվականը սարսափեցնում է ներդրողներին: Նրանք վաճառում են էժանացող ակտիվները. բաժնետոմսեր, նավթ, մետաղներ, զարգացող շուկաների պարտքեր: Եվ ձեռք են բերում զարգացած երկրների պարտատոմսեր ու ոսկի:

Նավթի գինն իջել է տարվա ամենացածր մակարդակին, քանի որ Չինաստանըՙ աշխարհում էներգակիրների խոշորագույն ներմուծողը, որը գնում է օրական 14 մլն բարել նավթ, դրա սպառումը կրճատել է 20 տոկոսով, հաշվարկել է Bloomberg գործակալությունը: Գործակալությունը տվյալ փաստը համաշխարհային տնեսությանն ուղղված ամենամեծ հարվածն է համարում 2008-2009 թթ ճգնաժամից հետո եւ նավթի սպառման խոշորագույն անկումը 2001 թ Նյու Յորքում համաշխարհային առեւտրի կենտրոնի կործանումից ի վեր:

Գնանկումը OPEC-ի երկրներին ստիպեց նավթարդյունահանման ծավալների կրճատան հարցը քննության առնել մարտի 5-6-ը նախատեսված հանդիպումից առաջ, ինչը դժգոհություն պատճառեց OPEC-ի գործընկեր երկիր Ռուսաստանին: «Ռոյթեր» գործակալության տվյալներով, նավթ արտահանող պետությունները միահամուռ կերպով որոշել են արդյունահանման օրական ծավալները կրճատել 500 հազար բարելով: Wall Street Journal թերթը հաղորդում է, որ միայն Սաուդյան Արաբիան ծավալները կնվազեցնի 1 մլն բարելով, բայցՙ ոչ երկար ժամանակով:

Արդյունաբերության մեջ օգտագործվող մետաղներիՙ պնձի, այլումինի, նիկելի գները միջին հաշվով 7 տոկոսով ընկել են վիրուսի համաճարակի բռնկումից հետո: Նման բան չէր եղել նույնիսկ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի առեւտրային պատերազմի թեժ պահին, նշում է BBC-ն:

Արեւմուտքի սակարանները վիրուսի հետ կապված առաջին հաղորդումները ընդունեցին զգուշավոր վաճառքով, բայց հետո աստիճանաբար վերականգնվեցին: Բուն Չինաստանում ֆոնդային շուկան հունվարի 23-ից փակ է ամանորյա արձակուրդի երկարաձգման պատճառով: Փետրվարի 3-ին բացվելովՙ այն գրեթե 8 տոկոսի անկում արձանագրեց, իսկ յուանի փոխարժեքը նվազեց:

Զարգացած երկրների պարտատոմսերը ներկայումս թանկանում են, քանի որ ներդրողները սկսել են գնել վստահելի ակտիվներ եւ ձերբազատվել ռիսկայիններից: Դա հանգեցնում է զարգացող շուկաներում կառավարությունների եւ ընկերությունների փոխառական միջոցների ու ծախսերի ավելացմանըՙ պակաս միջոցներ թողնելով զարգացման համար: Կապիտալի կտրուկ եւ զանգվածային դուրսբերումը սովորաբար հանգեցնում է արժեզրկման, գների աճի եւ ներդրումների կրճատման:

Չինաստանը տնտեսության մեջ արագորեն փող է ներդնում բանկերի միջոցով, եւ նույնիսկ ԱՄՆ-ում սկսել են խոսել կորոնավիրուսի հետագա տարածման դեպքում դրույքաչափերի հնարավոր իջեցման մասին: Բայց միայն դրամական քաղաքականության մեղմացմամբ անհնար է շտկել իրավիճակը, նախազգուշացնում են փորձագետները:

BBC-ն հիշեցնում է, որ անցյալ ճգնաժամի ընթացքում աշխարհը տնտեսությունը հեղեղեց փողերով, բայց առայժմ չի կարողացել վերադառնալ նորմային: Առեւտրային պատերազմների պատճառով անցյալ տարի շատ երկրներ ստիպված եղան ժամանակից շուտ դրամատպություն իրականացնել թույլ տնտեսությունները վերաշխուժացնելու համար:

Կենտրոնական բանկերի տոկոսադրույքները ներկայումս պատմական ամենացածր մակարդակի վրա են: Նրանց հաշվեկշիռներում պետական պարտքի միլիոնավոր դոլարներ կան: Նրանք վախենում են փող տպել նախկին տեմպերով եւ վկայակոչում են կառավարություններինՙ այժմ վերջիններիս հերթն է, որոնք պետք է գանձապետարանների հաշվին օժանդակեն տնտեսությանը:

Խոշորագույն հաստատություններն առայժմ դժվարանում են կանխատեսել, թե կորոնավիրուսը ինչպիսի հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության վրա: Թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, եւ թե՛ ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը ասում են, որ իրենք ուշի ուշով հետեւում են հիվանդության տարածմանը, բայց դժավարանում են կանխատեսել հետեւանքները:

Եթե չինական կորոնավիրուսը համաշխարհային տարածում գտնի, ապա կդառնա այն վերջին կաթիլը, որը պետություններին կստիպի դիմել անցած ճգնաժամի մեթոդինՙ փողի տպելուն, ինչը սոսկ կմեծացնի հիմնարար արժեքի եւ տնտեսության շուկայական արժեքի խզումը, իսկ դա հղի է սակարանների փլուզմամբՙ արժեթղթերի, նավթի, մետաղների գնանկմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ