RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1517, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻԴԼԻԲՈՒՄ ՍՐԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Դա ԱՄՆ-ի առջեւ բացում է Սիրիայում կորցրած դիրքերը Ռուսաստանից ետ ստանալու հեռանկարներ

Հունվարի 24-ին Էլյազիգում եւ Մալաթիայում տեղի ունեցած երկրաշարժը ցնցել էր Թուրքիային: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը երկիրը ցնցվեց Իդլիբում սպանված թուրք զինվորների բոթով: Առավոտյան Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Իդլիբի մերձակայքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը հրետակոծել են թուրքական շարասյունը, ինչի հետեւանքով զոհվել է 4 թուրք զինվոր, 9-ը վիրավորվել է, մեկըՙ ծանր: Այնուհետեւ նախարարությունը զոհվածների մասին նոր հայտարարություն տարածեց, թե սպանվել է 5 զինծառայող եւ 1 վարորդ, որը քաղաքացիական անձ էր: Զոհված քաղաքացիների թիվը բարձրացավ նաեւ 3-ի, փետրվարի 4-ին միայն վերջականապես պարզվեց, որ իրականում զոհվել է 8 մարդ, մեկը վարորդ, մնացածներըՙ զինծառայողներ:

Սա թուրքական զինված ուժերի հետ Սիրիայի կառավարական զորքերի անմիջական առաջին բախումն էր, սիրիական բանակի առաջին ուղղակի հարձակումը թուրքական հենակետերի վրա: Ուստիեւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Որոշ թուրք փորձագետներ նշեցին, որ Իդլիբում թուրք զինվորների սպանությունը վերջ կտա Ռուսաստանի նախաձեռնությամբ սկզբնավորված Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացին, լուրջ վնաս կհասցնի Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, սրելով միաժամանակ Իրանի հետ վերջինի հարաբերությունները: Նրանք միահամուռ ընդգծեցին, որ առանց Ռուսաստանի համաձայնության Ասադի զորքերը չէին հանդգնի հարձակվել թուրք զինծառայողների վրա:

Մինչ փորձագետները 2017 թ. մայիսի 4-5-ին սկզբնավորված Աստանայի գործընթացից զատ նաեւ Սոչիի համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողման հետեւություններ էին անում, որը կնքվել էր 2018-ի սեպտեմբերի 17-ին, պարտավորեցնելով Թուրքիային մինչեւ 2019-ին զինաթափել Իդլիբում տեղակայված ահաբեկիչներին, Ռուսաստանի հետ առճակատման մտավախությամբ, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասաց, որ թուրքական զինված ուժերն հակահարված են տալիս Ասադի զորքերին, որոնց դիրքերը Հաթայից (Ալեքսանդրետի սանջակ) հրետակոծվում են, իսկ F-16 ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցնում, արդեն վնասազերվել է ավելի քան 30 սիրիացի բանակային: Վնասազերծվածների թիվն այնուհետեւ բարձրացավ 73-ի, ինչը հաստատեց նաեւ Էրդողանը :

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց զոհերի մասին Աքարի տվյալները, մատնանշելով միաժամանակ, որ թուրքական ռազմական որեւէ ինքնաթիռ չի խախտել Սիրիայի օդային տարածքը: Երբ երկու երկրների նախարարությունները շարունակում էին իրարամերժ հայտարարություններ անել, Էրդողանը նախ չարանենգ արարք համարեց Իդլիբում թուրք զինծառայողների սպանությունը, ապա սպառնաց նախագահ Ասադին, որ պատասխան է տալու դրա համար եւ իրենք վճռական են հակահարվածները շարունակելու հարցում: Նա Իդլիբի միջադեպին անդրադարձավ նաեւ Անկարայի օդակայանում , նույն օրը պաշտոնական այցով Կիեւ ուղեւորվելիս, ասելովՙ «Մեր զինվորականների սպանության պատասխանը մենք տասնակի ենք տվել:

Առավոտյան սիրիական բանակի 46 օբյեկտների ուղղությամբ հասցվել է 122 հրետանային եւ 100 ականանետային հարված, գործի են դրվել F-16 կործանիչները: Նրանք, ովքեր թուրքական վճռականության մասին կասկածներ ունեն, կհասկանան իրենց սխալը»:

Նա,պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ իրենք խնդիր չունեն ռուսների հետ, թող նրանք մի կողմ քաշվեն, քանի որ իրենց խնդիրն Ասադի հետ է, պաշպանության նախարարն ու արտգործնախարարը Մեւլութ Չավուշօղլուն արդեն հեոախոսակապ են հաստատել իրենց ռուս գործընկերների հետ, եթե նրանք արդյունքի չհասնեն, ապա ինքը անձամբ կդիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի հետ առճակատման կարիքը չկա եւ Թուրքիան չի պատրաստվում հետքայլ կատարել ռուսական S-400 համակարգերի առումով: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանն անդրադառնալիս Էրդողանը Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին անվանեց «ապօրինի բռնակցում»:

Նա Կիեւում այդ նույն արտահայտությունը կրկնեց նաեւ Զելենսկու հետ հանդիպմանը, այնտեղ հանդիպեց նաեւ Ղիմի թաթարների ներկայացուցիչ Մուստաֆա Աբդուլմեջիլ Քըրըմօղլուին, ապա ընդունեց թուրք-մեսխեթների եւ գագաուզների (որոնք ունենալով հանդերձ թուրքական ծագումՙ քրիստոնյա են) ներկայացուցիչներին: Էրդողանի այս հանդիպումներին, ինչպես նաեւ Ղրիմի մասին խոսքերին, ինչպես «Ինտերֆաքսն» է նշում, բուռն հակազդեցությամբ արձագանքեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը , ասելով. «Մենք բացարձակ դեմ ենք թուրք գործընկերոջ ձեւակերպումներին, բազմիցս ընդգծել ենք, որ բոլորովին հիմնազուրկ են Ղրիմի թաթարների կացության վերաբերյալ մտահոգությունները»:

Հունվարի 4-ին վերադառնալով Անկարաՙ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ: Թուրքական լրատվամիջոցները դա լուսաբանեցին առանց մանրամասնելու: Ըստ նրանց, Էրդողանը նշել է, որ Սիրիայում թուրք զինվորների հրետակոծությունը խափանում է այդ երկրում խաղաղություն հաստատելու համատեղ ջանքերը եւ Անկարան կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը, եթե լինեն նոր զոհեր:Ռուսական լրատվամիջոցների վկայությամբ էլ կողմերը Իդլիբում իրավիճակի սրման առնչությամբ մտահոգություն են հայտնել, Պուտինը Էրդողանի ուշադրությունը հրավիրել է ահաբեկչական խմբավորումների շեշտակի ակտիվացման վրա, նշել է, որ դա բազմաթիվ զոհեր է պատճառել խաղաղ բնակչությանը, պահանջելով թուրք գործընկերոջից անշեղորեն հետեւել Իդլիբի առնչությամբ ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածություններին:

Այդ ընթացքում, «Ռոյթերի» տվյալներով, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել է, որ թուրք զինծառայողները փետրվարի 3-ի լույս գիշերն ընկել են ահաբեկիչների վրա հարձակվող Ասադի զորքերի հրետակոծության տակ, որովհետեւ թուրքական կողմը չէր նախազգուշացրել սիրիացիներին: Թուրքերն էլ ճիշտ հակառակն են պնդում: Ի՞նչ է եղել իրականում: BBC News-ը նշում է, որ Իդլիբը ներկայումս ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող միակ նահանգն է Սիրիայում: Վերջին 2 տարում Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությամբ Հալեպի, Համայի, Դումայի պես Ասադի վարչակարգին հանձնված բնակավայրերից ահաբեկիչներին տեղափոխել են Իդլիբ, որտեղ բացի 12 թուրքական ռազմական դիտակետից, ստեղծվել էին նաեւ ռուսական դիտակետեր, կանխելու համար հնարավոր բախումները կառավարական զորքերի հետ: 2018-ի սեպտեմբերի 17-ին Սոչիում ստորագրված համաձայնագրով Թուրքիան պարտավորվել էր 2019-ին զինաթափել Իդլիբի ահաբեկչական խմբավորումներին: Քանի որ նա չէր կատարել ստանձնած պարտավորությունը, ավելինՙ այդ խմբավորումներից Հեյաթ-ի Թահրիր աս-Շամն ու Թուրքիայի հովանավորությամբ կազմավորված «Սիրիայի ազգային բանակի» հրոսակները, համաձայնության գալով Դամասկոսի իշխանությունների դեմ համատեղ պայքարելու հարցում, հարձակումներ էին գործում շրջակա բնակավայրերի վրա, ուստի Ասադի զորքերը հունվարի վերջերին ռազմական գործողություններ ձեռնարկեցին , որ ճնշեն նրանց:

Կառավարական զորքերի առաջխաղացումը խիստ մտահոգել էր թուրքերին, որովհետեւ Իդլիբի ազատագրումը չեզոքացման վտանգի առջեւ էր կանգնեցնում թուրքական դիտակետերը, որոնցից 3-ը արդեն պաշարված էին: Ստեղծված իրավիճակում Թուրքիան որոշում է Սիրիայի սահմանին զորքեր կուտակել եւ դիտակատերը համալրելու համար Իդլիբ է ուղարկում ռազմական 2 շարասյուն, տանկերով, զրահամեքենաներով հագեցված: Ըստ երեւույթին ռուսական կողմը նախազգուշացվում է շարասյուների մասին, հայտնելով դրանց անցուղու կոորդինատները, սակայն ընթացքից դրանք փոխում են անցուղին, ապա ընկնում հրետակոծության տակ:

Խնդիրը սակայն թուրքական շարասյուների հրետակոծությունը չէ,այլ Իդլիբում ռազմական ներկայությունը պահպանելու Թուրքիայի համառությունն ու դրա իրագործման պայմանավորումն այդ ահաբեկիչնեչի պահպանմամբ: Դրանում, ըստ ամենայնի, շահագրգռված է նաեւ ԱՄՆ-ը, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն թուրք զինծառայողների սպանությունից հետո հիշեց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի մասին եւ ցավակցություն հայտնեց զոհվածների համար: Թուրք դիտորդները նշել են, որ Իդլիբի ահաբեկիչներին, ի դեմս Թահրիր աս-Շամի, աջակցում է նաեւ ԱՄՆ-ը, այլապես դրանք ամերիկյան տարրերին թույլ չէին տա մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտվող տարածքներ: Ըստ ամենայնի ԱՄՆ-ի խնդիրն էլ ահաբեկիչները չեն, այլ Սիրիայում կորցրած դիրքերը Ռուսաստանից ետ ստանալու համար ահաբեկչական խմբավորումներին հնարավորինս արդյունավետ օգտագործելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ