RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1502, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

RAND Corporation-Ը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

RAND Corporation-ն ԱՄՆ-ի կարեւորագույն ռազմավարական կենտրոններից է: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայում: Կազմավորվել է դեռեւս 1948 թվին: Սերտորեն համագործակցում է ամերիկյան պետական կառույցների, մասնավորապես պետքարտուղարության հետ: Թուրքական «Milli Gazete-ն» հունվարի 24-ի համարում նշում է, որ այս կենտրոնը ստեղծել է CIA-ն: Իհարկե չի բացառվում: Սակայն այսպիսի կենտրոնները, եթե չհամագործակցեն պետական կառույցների հետ, ապա անիմաստ կդառնա նրանց գործունեությունը, մանավանդ ԱՄՆ-ի պես աշխարհի միակ լիարժեք գերտերության մեջ: Ոչ էլ պահանջարկ կունենան նրա մշակած նախագծերը, որոնցից թերեւս կարելի է առանձնացնել մահմեդական երկրների համար նախատեսված «չափավոր իսլամականության» նախագիծը:

Ի դեպ, RAND Corporation-ը, ի դեմս հանրահայտ քաղաքագետ Պոլ Գոբլի, 1992-ին մշակել էր նաեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նախագիծ: Մեկ տարի անց հրապարակվեց դրա «կատարելագործված» տարբերակը, որը ադրբեջանցիների երկու տարբեր հատվածներին միավորելեու քողի տակ Մեղրին հանձնում էր Ադրբեջանին, որ Թուրքիան Նախիջեւանից Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ ունենա: Այս տարբերակն այնքան էր ոգեւորել Ձախ ժողովրդական կուսակցության առաջնորդ Բյուլենթ Էջեւիթին , որ Մեջլիսի ամբիոնից, դիմելով թուրքական կառավարությանը, նա պահանջել էր Լաչինի դիմաց զենքի ուժով գրավել Մեղրին: Այդ թվերին ԽՍՀՄ-ը նոր էր փլուզվել, ԱՄՆ-ը ձգտում էր ռուսական ազդեցությունից պաշտպանել Հարավային Կովկասը: Սակայն Ռուսաստանի հնարավոր հակզդեցությունից խուսափելու համար նախընտրեց Թուրքիայի միջոցով գործել Հարավային Կովկասում, բայց ապարդյուն:

Ժամանակներն արդեն փոխվել են: Չնայած դրան RAND Corporation-ը պահպանել է իր դերն ու նշանակությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: Ամերիկյան վարչակարգը հաշվի է նստում նրա կարծիքի հետ, քանի որ դրան արձագանքում են «Վաշինգտոն փոստի», «Նյու Յորք թայմսի», «Ուոլ սթրիթ ջոռնալի» պես հեղինակավոր թերթեր, ուստի այդ կարծիքը միաժամանակ հասարակական հնչեղություն է ստանում երկրում: Նկատի ունենալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության երկարատեւ բնույթը, կարելի է ասել, որ այդ ամենը մեծապես վերաբերում է «Թուրքիայի ազգայնամոլ ուղղվածությունը. ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական հարաբերություններն ու ամերիկյան բանակը» խորագրով զեկուցագրին, որտեղ RAND կենտրոնը քննության է առնում թուրքական իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնադրույթներն ու «Թուրքիայում ԱՄՆ-ին բարեկամ ընդդիմություն ձեւավորելու» կոչ է անում Վաշինգտոնին:

276 էջանոց այս զեկուցագիրը պատրաստվել է Պենտագոնի համար: Քանի որ այնտեղ քննադատության է ենթարկվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի վարած «հակամերիկյան» քաղաքականությունը, ընդգծվում է այդ վարչակարգի փոխարինման անհրաժեշտությունը, ուստի թուրքական մամուլը. չզայրացնելու համար «համաշխարհային առաջնորդին», մի քանի կցկտուր տեղեկություններով շրջանցել է RAND Corporation-ի ծավալուն եւ բովանդակալից զեկուցագիրը: Հակառակ դրան, «Սպուտնիկը» հունվարի 24-ի համարում Էլիֆ Սուդագեզերի վերլուծական հանգամանալից հոդվածով մանրամասնել է զեկուցագրի բովանդակությունը:

Ինչպես նշված է նախաբանում, ցեկուցագրով RAND Corporation-ը նպատակ է հետապնդում կանխել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների տեւական բնույթ ստացած «կործանարար» ընթացքը: Ստեղծված իրավիճակը պատճառաբանվում է «որդեգրած քաղաքականության հիմքում տնտեսական զարգացման փոխարեն ազգայնամոլությունն ու աղանդավորականությունը դնելու» թուրքական իշխանությունների գործելակերպով: Աղանդավորականության պարագայում խոսքը շիաներին, ալավիները ներառյալ, հակադրելու համար, սուննի իսլամին փառաբանելու էրդողանի դիրքորոշման մասին է: Զեկուցագիրը ուշադրություն է հրավիրում թուրքական պետության եւ Արեւմուտքի միջեւ գոյացած անջրպետին եւ դա պայմանավորում է 4 գլխավոր սցենարով: Ըստ դրա, «Թուրքիան, որպես խնդրահարույց երկիր, այնուամենայնիվ, կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի կազմում, կա՛մ հնարավոր իշխանափոխության արդյունքում վերստին կշրջվի դեպի Արեւմուտք, կա՛մ էլ զարկ տալով Եվրասիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ խուսանավելու քաղաքականությանը, վերջնականապես դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից»:

Զեկուցագիրն առանձնակի տեղ է հատկացնում ԱՄՙՆ-ի, Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի առճակատմանը, որտեղ ՆԱՏՕ-ի համար որպես սպառնայիք է դիտարկվում Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային համակարգերի ձեռքբերումը եւ Արեւելյան Միջերկրականում վարած ագրեսիվ քաղաքականությունը: Այնտեղ միանշանակ դատապարտվում է թուրքական պետության բնական գազի եւ նավթի որոնման, ինչպես նաեւ հորատման աշխատանքները, բնութագրելով դրանք թշնամականՙ Հունաստանի ու Կիպրոսի դեմ եւ երկրում համատարած բնույթ ստացած կամայական ձերբակալությունների օրինակով ժողովրդավարության սկզբունքներից Թուրքիայի հեռացմանՙ հետեւություն է արվում: RAND Corporation-ի վկայությամբ, ըստ Վաշինգտոնի, արտաքին քաղաքականության մեջ չկա մի ոլորտ, որ Անկարայի հետ համընկնեն դիրքորոշումները: ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, Ժողովուրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներինՙ YPG-ին ահաբեկչական համարելու դիրքորոշումը, Երկրում հետզհետե աճող հակամերիկյան տրամադրությունները, այդ թվում նաեւ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու պահանջները:

ԱՄՆ-ը, ըստ RAND-ի, մտահոգված է նաեւ Սեւ ծովում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ խուսանավելու Անկարայի դիրքորոշումով, քանի որ դա նպաստում է «Աբխազիայում եւ Հայաստանում ունեցած ռազմական ներկայության պատճառով» առանց այդ էլ Սեւ ծովում ամուր դիրքեր ունեցող Ռուսաստանի ազդեցության հետագա աճին: RAND Corporation-ի զեկուցագիրը մեկնաբանելու խնդրանքով «Սպուտնիկը» դիմել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուկ Լողօղլուին , ահա թե ինչ է ասել նա. «Այս կազմակերպությունը պետական աջակցություն վայելող կենտրոններից է: Նրա զեկուցագրերը ամերիկյան հասարակության մեջ, ինչպես նաեւ պետական կառույցներում մեծ համբավ ունեն: Վերջին զեկուցագրում առանձնանում է կարեւոր երկու հանգամանք: Առաջինըՙ դա Թուրքիայում բարեկամական ընդդիմության ձեւավորումն է: Նա Թուրքիայի ներքին գործերին ուղղակի միջամտություն է ենթադրում, հետեւաբար ընդունել չի կարելի: Երկրորդըՙ թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքը կազմող երկու երկրների բանակների համագործակցությունն է , որը ժամանակի ընթացքում խախտվել է: Ինչ խոսք, դրա վերականգնումը փոխվստահության առումով կարեւոր է: Թուրքիան եւ ԱՄՆ-ն էլ միմյանց համար են կարեւոր: Առկա տարակարծությունները չեն նշանակում, որ երբեմնի դաշնակիցները հետայսու չպետք է համատեղ գործեն»:

Lողօղլուն, նկատի առնելով Սիրիա եւ Լիբիա զորք մտցնելու թուրքական իշխանությունների գործելակերպը, հաստատել է զեկուցագրի «Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմականացման» տեսակետը: Նրան հավելել է M5 հանդեսի գլխավոր խմբագիր Ջեյհուն Բոզքուրթը : Նա մասնավորապես ասել է, որ ամերիկյան ուղեծրից դուրս է եկել նախ թուրքական բանակը, ապա պետությունը, զեկուցագիրը Թուրքիային կարգի հրավիրելու խորհուրդներ է տալիս Վաշինգտոնին, որը, համարելով իր համար կորած թուրքական պետությանը, գիտակցում է դրա դժվարությունը: Ըստ Բոզքուրթի, զեկուցագրում այդ ղժվարության հաղթահարումը պայմանավորվում երկու երկրների միջեւ բանակից բանակ հարաբերությունների ամրապդմամբ, քանի որ դրանք Էրդողանին իշխանության բերելու նկատառումով ամերիկացիներն էին թուլացրել: Նա Էրդողանի իշխանությունների վարած քաղաքականության ազգայնամոլ բնույթի, ինչպես նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմականացման հարցերում համամիտ է RAND Corporation-ի հետ:

Այս ամենի լույսի տակ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի խնդիրը, հետեւաբար եւ RAND Corporation-ի, Թուրքիայում իշխանության թեկուզ չափավոր իսլամականացումը կամ ռազմականացումը չէ, ոչ էլ Էրդողանի որդեգրած քաղաքականության ազգայնամոլությունն ու աղանդավորականությունը, որովհետեւ Էրդողանին տարիներ շարունակ Վաշինգտոնն էր խրախուսում, այլՙ Սիրիայում վերահսկողությունը Ռուսաստանին զիջելու հանգամանքը: Կկարողանա՞ դա ետ ստանալ ԱՄՆ-ը: Հազիվ թե, մանավանդ որ Թուրքիան, օգտվելով հնարավորությունից, կարողացել է հաջողությամբ խուսանավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ: Այդ առումով պատահական չէ խուսանավման հաճախակի շեշտադրումը զեկուցագրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ