RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2022, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԻԲՐԻԴԱՅԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

(Քաղաքական grotesque)

Մեկ անգամ եւս ուզում եմ վերհիշել ՀՀ առաջին սահմանադրության գլխավոր հեղինակ Վլադիմիր Նազարյանի նշանավոր հարցադրումը, որը նա արեց ՌԱԿ գրասենյակում, որտեղ հրավիրվել էր լսելու կուսակցության առաջարկըՙ սահմանադրություն գրելու: (Այդ օրերին, 1995-ին, մի քանի կուսակցություններ, որոնց թվումՙ ՌԱԿ-ը, պատրաստվում էին ստեղծել սահմանադրության իրենց տարբերակըՙ դեռեւս սահմանադրություն չունեցող նորանկախ մեր երկրի համար): Վալոդը, ինչպես քաղաքական եւ իրավաբանական շրջանակներում սովորություն կար կոչելու Վլադիմիր Նազարյանին, միայն իրեն հատուկ ցինիկ գործնականությամբ հարց տվեց ՌԱԿ ղեկավարներին. «Իսկ դուք որոշե՞լ եք, թե ի՞նչ տեսակ սահմանադրություն եք ուզում: Ես կարամ պատրաստեմ ամեն տեսակ սահմանադրությունՙ միապետականից մինչեւ բռնատիրական, սոցիալիստականից մինչեւ ուլտրադեմոկրատական, նախագահականից ու կիսանախագահականից մինչեւ խորհրդարանական ու վարչապետական: Տղեք, գրավոր ձեւակերպեք ձեր պատվերը: Թե չէՙ ինձ համար ի՞նչ կա որ, կգրեմ: Բայց լավ իմացեք, գլխավորը, ի՛նչ տեսակ էլ լինի, այդ սահմանադրությամբ առաջնորդվելն է: Թե չէ, իմ կարծիքով, աշխարհի լավագույն սահմանադրությունը սովետականն էր, կրիստալի պես մաքուր ու ազնիվ: Բայց ո՞վ էր հարգում որ»:

Այսօր, մոտ 25 տարի հետո, եթե ողջ լիներ Վլադիմիր Նազարյանը, ի՞նչ կասեր մեր սահմանադրության, ավելի ճիշտՙ մեր երկրի սահմանադրականության, է՛լ ավելի ճիշտՙ չսահմանադրականության մասին: Ի՞նչ կասեր նա մանավանդ ա՛յս օրերին, երբ Ազգային ժողովում հեղափոխաշունչ 37 իմքայլականներ շարունակում են քայլել ու կոխկրտել իբր թե գործող մեր Սահմանադրությունը էջ առ էջ, հատ-հատ եւ ամբողջությամբ:

Ու քանի որ մտել ենք վիրտուալ իրականության դաշտ, անշուշտ կարելի է հարց տալ մենք մեզՙ այսօր ինչպիսի՞ սահմանադրություն գրելու պատվեր կտար Հեղափոխության առաջնորդը Վալոդինՙ միապետակա՞ն, որտեղ միապետը թե՛ խորհրդարան է, թե՛ կառավարություն, թե՛ նախագահ, թե՛ դատավոր ու դատախազ, ու դեռՙ գերագույն գլխավոր հրամանատար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, ՀԴՄ պահանջող ՊԵԿ պաշտոնյա, սանհանգույցներ ստուգող սանէպիդկայանի քննիչ, միանգամայն selfist եւ selfish:

Անշուշտ, պարտադիր չէ, որ Հեղափոխության առաջնորդը որեւէ պատվեր տար: Կան երկրներ, որոնք իսկի սահմանադրություն չունեն. կայացա՛ծ պետություններ, ինչպիսին է, օրինակ, Իսրայելը, որը սահմանադրության փոխարեն ունի հիմնական մի քանի օրենքներՙ վերադարձի, սեփականության իրավունքի, բանակում ծառայելու մասին եւայլն: Կամՙ Մեծ Բրիտանիան, որն առաջնորդվում է ենթաօրենսդրական ակտերով, ավանդություններով եւ, առավել եւս, նախադեպերով: Նրանք, այդ երկու պետությունները, սահմանադրություն չունեն, որովհետեւ մեծագույն հարգանք ունեն սահմանադրականության հանդեպ, եւ հասկանում են, որ սահմանադրություն ունենալու պարագային այն պետք է տարածվի անխտիր բոլոր քաղաքացիների վրա, Իսրայելի պարագայումՙ նա՛եւ իր բնակչության 20-25 տոկոսը կազմող պաղեստինցի արաբների վրա, մինչ Մեծ Բրիտանիայի պարագայումՙ բոլոր քաղաքացիական կատեգորիաների բրիտանացիների վրա:

Տակավին կան ուրիշ երկրներ, որոնց սահմանադրությունը անգիր է կամ կիսով չափ անգիր. մարդիկ այն հիշում են ու կիրառում ավանդաբար, թեեւ, ինչպես Լիբանանը, ունեն Սահմանադրության օր:

Հեղափոխության առաջնորդը, վստահ եմ, պիտի մերժեր անսահմանադիր կամ անգիր սահմանադրության երկիր ղեկավարելը- սահմանադրությունն ի՞նչ է որ չունենանք, ումի՞ց ենք պակաս: Հետեւաբար նրան մնում էր երկու տարբերակ: Առաջինՙ պահել այժմ գործող-չգործող սահմանադրությունը այնպես, ինչպես կա, սակայն այն միշտ ենթակա դարձնել փոփոխությունների կամ «բարեփոխությունների», այսինքնՙ մի տեսակ «Հարափոփոխ սահմանադրություն»:

Երկրորդ եւ, կարծում եմ, Առաջնորդի համար ավելի նպատակահարմար պիտի լիներ պատվիրել աշխարհում դեռեւս գոյություն չունեցող մի նոր եւ մոդայիկ տարբերակՙ «Հիբրիդային սահմանադրություն»: Սրա գլխավոր առավելությունը այն կլիներ, որ Առաջնորդին հնարավորւթյուն կտար տարբեր գործիքակազմերի կիրառմամբ շարունակ անակնկալի բերել իր հակառակորդներին, մրցակիցներին, յուրայիններին, ժողովրդային զանգվածներին, Վենետիկի հանձնաժողովին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին ու, երբեմն, զվարճանալու համար, սեփական անձին: Արդարացումը պատրաստ կլիներ միշտՙ ժողովուրդը այսպես է ուզում:

Ի՞նչ եք կարծում, Վալոդը պիտի ընդունե՞ր նման պատվերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ