RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



ՆՐԱՆՔ ԵՎ ՄԵՆՔ

Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1788, Տպվել է` 160, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱ՛Մ ԼՈՒՍԻՆ, ԿԱ՛Մ ՎԻՍԿԻ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանից շատ հեռուՙ Մեծ Բրիտանիայում, կոնկրետՙ Ուելսի Սուոնսի քաղաքի` բանաստեղծ Դիլան Մարլայս Թոմասի կենտրոնի մոտ, տեղի է ունենում մի պատմական իրադարձություն: Հանդիպում են հոռետեսն ու լավատեսը: Քանի որ Մեծ Բրիտանիայում բոլոր պապարացիները գործուղվել են Կանադաՙ հետաքննելու, թե ինչով են գիշեր-ցերեկ զբաղված արքայական կոչումներից հրաժարված արքայազնը եւ կինը, ավելի ճիշտՙ ուղղակի Հարրին եւ Մեգան Մարքլը, այս հանդիպումը ուշադրության չի արժանանում: Մինչդեռ հոռետեսը, գուցե մառախլապատ եղանակի, հնարավոր էՙ միգամած բնավորության պատճառով ասում է. «Ես չգիտեմ, թե ինչով կավարտվի Բրեքսիթը, եւ կհասնի՞ արդյոք բրիտանական ափ չինական կորոնավիրուսը, բայց ես վստահ եմ, որ մեր երկրում ավելի վատ չի լինի»: Լավատեսը, սակայն, առարկում է. «Ոչ, ոչ, ի՞նչ ես ասում, կլինի, այ կտեսնես, հաստա՛տ կլինի»:

Լուրջ ենթադրություն ունեմ, որ Ուելսի ծովափնյա այս քաղաքում, որտեղ, իմիջիայլոց, գտնվում է Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների գրանցման կենտրոնական գրասենյակը եւ Ուելսի ամենամեծ փակ շուկան, այս պատմական հանդիպման ներկաները հայեր են եղել: Ընդ որումՙ ե՛ւ հոռետեսը, ե՛ւ լավատեսը: Խնդիրն այն է, որ միայն հայերը կարող են ասել, թե ավելի վատ չի լինի, եւ պետք է անպայման հայ լինես, որ հակառակը պնդեսՙ ինչպե՞ս թե, հաստատ կլինի:

Հենց այս տրամաբանությամբ էլ ապրում ենք Հայաստանում: Բայց որպեսզի գործող իշխանությունը չնեղանա, իսկ գործող իշխանությունը սիրում է նեղանալ, ինչը կարող է ծանր հետեւանքներ ունենալ նրա համար, որից նեղանում է, ասեմ, որ Հայաստանում այս սկզբունքով ապրում էինք ե՛ւ Տեր-Պետրոսյանի ժամանակ, ե՛ւ Քոչարյանի օրոք, ե՛ւ Սերժ Սարգսյանի տարիներին: Հիմա պարզապես իշխանությունը վստահեցնում է, որ երկրում ավելի վատ չի լինելու, իսկ ընդդիմությունը պնդում էՙ հաստատ լինելու է: Ուշագրավ է, որ երբ իշխանությունը վստահեցնում է, թե ավելի վատ չի լինելու, նկատի ունի, որ ինքը միշտ մնալու է իշխանություն, իսկ ընդդիմությունը երբ պնդում է, որ հաստատ ավելի վատ լինելու է, նույնպես կարծում է, որ այս իշխանությունը միշտ մնալու է եւ ինքը միշտ լինելու է ընդդիմություն: Իհարկե կան առանձին երջանիկներ իշխանության մեջ, որոնք զարմանում են, երբ որեւէ մեկը Հայաստանում ինչ-որ բանից բողոքում է, քանի որ ըստ իրենցՙ երկրում ամեն ինչ իդեալական է: Կան նաեւ առանձին համարձակներՙ ընդդիմության մեջ, որոնց կարծիքով էլիՙ հաստատ ավելի վատ է լինելու, բայց եթե իրենք չգան իշխանության, այ երբ գան, հաստատ ավելի վատ չի լինի:

Իրականում այս ամենը ծիծաղելի էՙ ճիշտ Հրայր Թովմասյանի գրիչի պես կամ «հանրային պահանջով» ձերբակալությունների: Ծիծաղելի է, քանի որ օրինակ Երեւանի ավագանու Իմքայլական անդամը, որը հայտարարեց, թե երկրում քաղաքացի է ձերբակալվելՙ հանրային պահանջով, չի կարող հիմնավորել հանրային պահանջը, երբ օրինակ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր կապտա-կանաչ աչքերով ուղիղ նայի նրան: Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը եւս առնվազն դժվարություններ պետք է ունենա, եթե Բուքիքիոն նրան ուղիղ հարց տաՙ ինչո՞ւ եք ասում, թե Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՀՀ ՍԴ նախագահՙ հիմնվելով միայն նրա դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքի վրա, այն պարագայում, երբ այդ մեղադրանքի հետ կապված հարցեր կան, իսկ դրանք հաստատող դատավճիռ չկա: Բայց քանի որ ես լավատես ու, կներեք, հայրենասեր եմ, հավատում եմ, որ պարոն Ջիանի Բուքիքիոն երբեք չի նայի Երեւանի ավագանու անդամի աչքերի մեջ եւ հարց չի տա Հայաստանի վարչապետին: Լավատեսությունս ինձ նաեւ հուշում է, որ Հայաստանում սահմանադրական կարգը ոչ ոք չի տապալի, իշխանության մի թեւըՙ մյուսին չի ճնշի, նախկինները ռեւանշի մասին չեն մտածի, գործողներն էլ նախ կմտածեն, բայց ոչ թե նախկինների, այլ ապագայի մասին: Եւ վերջապես քաղաքականությամբ այսքան մեծ թվով երիտասարդներ չեն զբաղվի, որովհետեւ կյանքում շատ ավելի հետաքրքրական բաներ կան: Օրինակ, ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան հրաշալի առաջարկ ունի: Նա փնտրում է նվազագույնը 20 տարեկան աղջիկՙ միասին դեպի Լուսին ճանապարհորդելու համար: Պայմաններն ենՙ աղջիկը պետք է լինի կենսուրախ եւ աշխարհին խաղաղություն ցանկացող, մնացածը, ինչպես ասում ենՙ տեխնիկայի, կամ միլիարդների հարց է: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ Մաեձավայի հետ հայուհի ոտք դնի Լուսնի վրա...Ճապոնացուն անմիջապես կմոռանան, փոխարենըՙ կեցցե Հայաստանի վարչապետը, որի օրոք հայը Լուսին հասավ կասեն:

Պարոն Մաեձավայի կոնտակտները համացանցում կան: Ինչպե՞ս գտնել, շատ հեշտ, պարզապես համացանցում պետք է ոչ թե ուշադրություն դարձնել վխտացող ատելությանը, որն արդեն կենցաղ է մտել, այլ գեղեցիկ բաներին, որոնց մեծ մասը, ցավոք, հայերեն չէ, ճիշտ ուելսցի Դիլամ Թոմասի ստեղծագործությունների պես: Ի դեպ, Թոմասը, որ մահացավ 1953-ին, 39 տարեկանումՙ Մանհեթենի Սպիտակ ձի պանդոկում մի լավ հարբելուց հետո, վերջինն ասաց հետեւյալը. «Ահա այն ամենը, ինչը ես արեցի 39 տարում»: Ավելի վաղ, երբ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թոմասն աշխատում էրՙ կառավարության համար գրելով քարոզչական տեքստեր, հաճախ էր պարծենումՙ դատարկած շշերի թվով: Մի անգամ նույնիսկ ասել է. «Ես միանգամից խմեցի 18 շիշ թունդ վիսկի, ինձ թվում էՙ սա ռեկորդ է»: Ասեմ, որ բանաստեղծի այս նախադասությունը ավելի հայտնի է, քան նրա վերջին բառերը:

Այնուամենայնիվ, մեկ այլ Թոմասՙ ԱՄՆ 3-րդ նախագահ Ջեֆերսոնը, կարողացավ Ամերիկայի անկախության հռչակագրում գրել մի բառ, ինչի կարիքը միշտ եւ ամենուր ամենաշատը կա: Երջանկություն... բոլորիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ