RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1484, Տպվել է` 159, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ՉԴՆԵ՛ՆՔ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Երբեւէ չի եղել որեւէ հեղափոխություն կամ նույնիսկ պետական հեղաշրջում, որի դրոշին ժամանակի ամենավսեմ կարգախոսները գրված չլինեին: Երբ ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության առաջնորդներից մեկին բարձրացնում էին կառափնարան (քանզի գրեթե բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, ընդսմինՙ ամբոխների հրճվալից աղաղակների ուղեկցությամբ), պարանոցը գիլյոտինի տակ դնելուց առաջ թշվառի աչքին ընկավ խոշոր տառերով գրված մի ցուցապաստառՙ Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն: Հենց այդ երեք բառերի մեջ էր ֆրանսիական հեղափոխության գլխավոր կարգախոսը, եւ նա մատը մեկնելովՙ բացականչեց. «Եվ, այնուամենայիվ, դա ե՛ս եմ ստեղծել»:

Ամենեւին միտք չունեմ անդրադառնալու այն հարցին, թե պատմական այս կամ այն անձնավորությունը կոնկրետ ի՞նչ ներդրում է ունեցել այս կամ այն հեղափոխության կամ նույնիսկՙ հաջողված ու նույնիսկ ձախողված պետական հեղաշրջումների մեջ: Եվ ապաՙ տվյալ հեղափոխությունը ժամանակին կամ թեկուզ հետագայում ինչպե՞ս է փոխհատուցել յուրաքանչյուր անհատ քաղաքացու վաստակը: Կամ գոնե ըստ արժանվույն գնահատե՞լ է նրան, թեկուզեւ ուշացումով հարգանքի տուրք մատուցե՞լ, թե՞ չի մատուցել հեղափոխության անմիջական կրողին:

Անշուշտ, մեծ կամ փոքր անհատների մեծ կամ փոքր դերակատարությունների դասակարգումը ավելի շատ պատմաբանների, քանՙ տվյալ իրադարձությանը մասնակից շարքային ակտիվ կամ պասսիվ քաղաքացիների գնահատման խնդիրն է: Սակայն թե՛ պատմաբանները, թե՛ հեղափոխական հորձանուտի մեջ կամա-ակամա ներքաշված հարյուր-հազարավոր մարդիկ իրավունք ունեն ու նույնիսկ պարտավո՛ր են իմաստավորել, թե տվյալ հեղափոխությունը հասա՞վ կամ հասնելու՞ է այն նպատակներին, որ դրել էր իր առջեւ: Եվ եթե հասավՙ ի՞նչ չափով, եթե չհասավՙ ի՞նչը խանգարեց: Արդ, եկեք դիտարկենք, թե կոնկրետ ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունը իր հաղթանակից ավելի քան երկու դար անց հասե՞լ է իր դրոշին գրված Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն կարգախոսի թեկուզեւ մեկ բաղադրիչին:

Ավա՜ղ, ըստ իսՙ դեռ չի՛ հասել: Ֆրանսիայում, անշուշտ, շարքային քաղաքացիների ազատությունը անհամեմատ ավելի մեծ է, քան ոչ-ժողովրդավարական պետությունների մեջ ապրող քաղաքացիներինը: Էլ չեմ ասումՙ ժողովրդավարության ուղին դեռ նոր ոտք դրած պետությունների քաղաքացիների ազատությունն է: Բայց այնտեղ կա՞ քաղաքացիների կատարյալ հավասարություն: Էլ չեմ ասումՙ եղբայրություն: Չկա եւ պարզապեսՙ չի՛ կարող լինել: Որովհետեւ մարդիկ բնականից հավասար չեն, մեկը գեղեցիկ է, մյուսըՙ տգեղ, մեկն աշխատասեր է, մյուսըՙ ծույլ, մեկն ընդունակ է, մյուսը գենետիկորեն տգետ: Մեկն ունեւոր է, մյուսն աղքատ, մեկն առողջ է, մյուսըՙ հիվանդոտ...Եթե բոլորը հավասարաչափ գեղեցիկ, խելացի, աշխատասեր ու բոլոր մյուս չափորոշիչներով իրար նման լինեին, ապա աշխարհի բազմազանությունը կվերանար, մարդիկ տվյալ հասարակության մեջ ուղղակի չէին կարողնա ապրել, շնչահեղձ կլինեին միօրինակությունից:

Նույնը եւՙ համընդհանուր եղբայրության գաղափարի հաղթանակի դեպքում: Դա նույնպես գեղեցիկ հեքիաթ է, համենայն դեպսՙ հայն ու թուրքը երբեք, նույնիսկ շատ հեռավոր ապագայում, եղբայրներ լինել չեն կարող: Տարբեր ժողովուրդների, եւ նույնիսկ միեւնույն ժողովրդի տարբեր խավերին պատկանող մարդկանց միջեւ արյան, թշնամանքի ու անհասկացողության օվկիանոսներ կան, որոնց հաղթահարելը անհնար է:

Որպեսզի որեւէ հեղափոխություն, այդ թվում նաեւ մոտ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը Հայաստանում իրական արդյունքների բերի, պիտի ազգովին հասկանանքՙ հեղափոխության հաղթանակից հետո դեռ շատ կարճ ժամանակ է անցել: Հարկ է դադարեցնե՛լ անիմաստ, հաճախ նաեւ անարդար պատերազմը անցյալի բոլոր լավ ու վատ դրսեւորումների դեմ: Հանուն մեր իսկ ապագայիՙ պետք է հաղթահարե՛նք մեկը մյուսին հոշոտելու մոլուցքը, որն ավա՜ղՙ գնալով խորանում է: Հարկ է համաներու՛մ հայտարարել մեր իսկ հեռավոր կամ մոտավոր անցյալի բոլոր իրական կամ երեւակայական մեղքերի համար: Եվ հետեւել, որ այսուհետ բոլորը հավասար լինեն օրենքի ու խղճի առաջ: Արեցի՞նքՙ կմտնենք զարգացման նոր փուլ, չարեցի՞նքՙ կվարկաբեկենք մե՛զ էլ, հեղափոխությունն էլ:

Ամենակարեւորըՙ հարցականի տակ կդնենք երկրի ապագան, սերունդների ճակատագի՛րը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ