RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հոգու խոհանոցը

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



ԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 4568, Տպվել է` 161, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱԶԳԱՅԻՆԻ ԴԵՄ ԱՅՍ «ԴԵՄԱՐՇԸ» ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՐԵՆ ԳԵՈՔԱՂԱՔԱԿԱՆ Է». ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Զրուցեց` ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ

ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականության եւ մասնավորապես «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զրուցել եմ ժամանակակից գրող, Bohem գրական-երաժշտական խմբի անդամ, մանկավարժ Գոռ Հարությունյանի հետ:

- Գոռ, ԿԳՄՍ նախարարության կողմից անցյալ տարեվերջին շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Առաջին իսկ օրից իմ բացասական կարծիքն եմ հայտնել եւ կարճ վերլուծականներ գրել այդՙ այսպես կոչված նախագծի աշխատանքային տարբերակի դեմ, մասնավորապես` բուհերի պարտադիր առարկայացանկից հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության դասավանդման «պարտադիր» բաղադրիչը հանելու առիթով:

- Բուհերից հայագիտական առարկաների դուրսմղումը համարենք բարի նպատակների իրագործման սխալ տարբերա՞կ, թե՞ միտում:

- Ըստ իս` ակունքում միտում կա, որը, ինչպես կասեր Մեծն լոռեցին` աչքի պես պարզ է ու բարդ: Ընդհանրապես, ես ու ինձ պես շատ չափավոր պահպանողական մարդիկ տարիներ, ոմանք` տասնամյակներ շարունակ, խոսում են ամեն ազգայինի դեմ եղող պայքարի մասին: Ազգայինի դեմ այս «դեմարշը» ծագումնաբանորեն գեոքաղաքական է: Եւ ցավ է, որ «տեղական» քաղաքականությունը եւ այն իրացնող պարոններն ու տիկինները բավականին անցավ են տուրք տալիս օրենքի հակաազգային նախագծեր դակելու «հրահանգներին» եւ գրեթե զրո դիմադրությամբ են ընդունում ամենայն գարշելին, որ ծառանում է ազգային պետություն ունենալու ճանապարհին: Եվ սա վերաբերում է բոլոր ժամանակների իշխանություններին այս կամ այն չափով: Իներցիան շարունակվում է. գուցե խորանում: Եթե նախարարությունն ու ինքը` նախարարը, միտումի հեղինակ կամ մաս չեն կազմում, ապա` «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», կատարում են միտումի հեղինակների բոլոր պահանջներն անտրտունջ եւ, մի բան էլ, կուրծք ծեծելով, դրանց մտացածին ճշմարտացիության համար:

- Դուք ժամանակակից գրականության սիրված դեմքերից եք, Ձեր երկրպագուներից շատերն այս օրերին բողոքի ցույցեր են իրականացնում` ընդդեմ ԿԳՄՍ նախարարության առաջ քաշած նախագծի: Դուք պաշտպանո՞ւմ եք այդ երիտասարդների նախաձեռնողականությունը:

- Իհարկե պաշտպանում եմ, բայց բացառապես քաղաքական ինտրիգներից զերծ պայքարը: Ոչ մի կերպ չեմ ողջունում այն «պայքարողներին», որոնք ուղղորդված են. նրանց պայքարի նպատակը քաղաքական է եւ ինձ համար` անազնիվ: Հասկանալի է, որ մեր օրերին հատուկ ներքաղաքական խառնիճաղանջության ծիրում պետք է այլազան մոտիվացիաներ ունեցող խմբեր ու խմբավորումներ, անհատներ ու կազմակերպություններ փորձեն պղտոր ջրերում իրենց քիմքին հաճո ձկներ որսալ, բայց ազգային հարցերից քաղաքական միավորներ հավաքելու ունակներին պետք է ցույց տալ իրենց անփառունակ տեղն ու դիրքը: Ես հավատում եւ աջակցում եմ ձեր նախաձեռնած պայքարինՙ ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական այն կազմին, որոնք զերծ են մնացել քաղաքական հայտարարություններ ու կոչեր հնչեցնելուց եւ ծայրահեղ ազնիվ են ազգային հարցերում իրենց ոգորումների մեջ: Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասով էլ նկատեմ, որ այն քաղաքական է իր հիմքում եւ քիչ աղերս ունի բարձրացված հարցերի հետ, քանի որ ոլորտային ռազմավարական հարցերը միանձնյա չեն ընդունվում, այլ ամբողջ կառավարության եւ դրա ղեկավարի կողմից են «դակվում»` իբրեւ տեսլական: Հետեւաբար, Հարությունյանին, ասենքՙ Փիլիպոսյանով փոխելը ոչինչ չի տա: Իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է անձ փոխվի, ըստ իս, փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն է թիվ մեկ մարդը, որ պետք է հրաժեշտ տա իր փոխպորտֆելին, որովհետեւ օդում կախված լուրերի համաձայն` հենց նա է տվյալ նախարարության թիվ մեկ ապազգային ֆիգուրը:

- Ազգային լեզուն, գրականությունն ու պատմությունն ի՞նչ տեղ պետք է ունենան մեր կրթական ոլորտում:

- Այ այստեղ է թաղված շան գլուխը. սա՛ է հարցի ողջ էությունն ու հենց այստե՛ղ էլ պետք է փնտրել փիլիսոփայությունը: Իրականում, սրանք ոչ թե սոսկ դասավանդվող առարկաներ են կամ, առավել եւս, քաղաքական գետնի վրա քննվող հարցեր, այլ` քաղաքակրթական նշանակության խնդիրներ, որոնք հարուցում են խորը մտահոգություններ այն իշխանության նկատմամբ, որը զանց է առնում սեփական ազգի լեզուն, պատմությունը եւ գրականությունը: Եկեք հպանցիկ հայացքով քննության առնենք վարչապետից մինչեւ ամենաստորին օղակում գտնվող չինովնիկը եւ տեսնենք` նրանցից քանի՞սն են հայերենը կամ, որ նույնն է` մեր մայրենի լեզուն, դիտարկում, կրում ու ընկալում ոչ թե սոսկ որպես հաղորդակցման միջոց, այլ` մշակույթ, վաղնջական բովանդակ մի ժողովրդի ու ազգի քաղաքակրթության անկյունաքար, հենման կետ եւ կամ լինելիության գրավական ու փարոս, քանի՞սն են հայ գրականության մեջ որոնում իրենց իսկ ազգային պատկանելության, իրենց իսկ տեսակի գեղարվեստական հերոսին, իրենց ազգի գեղագիտական իդեան ու իդեալը, քանի՞սն են հայոց պատմության մեջ որոնում ու գտնում իրենց ազգի ու ժողովրդի հերոսականությունը, պայքարի եւ հաղթնակի կոնցեպտը... Երեք իմաստակիր եւ հոդաբաշխ նախադասություն կազմել չկարողացող չինովնիկական մի փաղանգ լծվել է հայոց կողմից հազարամյակներով ստեղծված քաղաքակրթության երեք հիմնասյուների սաստիկ պրիմիտիվ քննման ու քննարկման ապաշնորհ ու անպտուղ գործին` հասցնելով դրանք դասավանդվող «շարքային» կամընտրական առարկաների մակարդակի, որոնք այլեւս ավելորդ են դիտվում ապագա ՀԱ՛Յ ֆիզիկի, կիբեռնետիկի, տնտեսագետի, իրավաբանի, կենսաբանի եւ այլոց համար: Այնինչ, պետք է առաջին կուրսից մինչեւ մագիստրատուրա վերջին կուրս ամենայն մանրակրկտությամբ դասավանդվեն, ուսուցանվեն, մատուցվեն այս երեք ազգային արժեքները, որոնցով է գերազանցապես ուրվագծվում մեր քաղաքակրթական արժեքն ու արժեհամակարգը: Ցավ ի սիրտ, հետանկախության բոլոր իշխանությունները զառանցական վերաբերմունք են ունեցել ինքնության այս երեք հզոր բաղադրիչների նկատմամբ:

- Եթե նախագիծը հավանություն ստանա նաեւ ՀՀ կառավարության կողմից, որպես գրող, մանկավարժ եւ ամենակարեւորը` հայ մարդ, ի՞նչ եք պատրաստվում անել:

- Անկեղծորեն մի ռոմանտիկ հույս եմ փայփայում, որ ազգի ամբողջական շահին ծառայելու գործուղված կամ այդ շահերը պատշաճորեն իրացնելու կոչված ընկերները կվերանայեն իրենց մոտեցումները: Հակառակ պարագային` ես այնտեղ եմ, որտեղ կարիք կա ամուր պահելու ԱԶԳԱՅԻՆ արժեքն ու արժեհամակարգը, իսկ թե ինչ ձեւով կդրսեւորվի իմ պայքարի կերպը` կթելադրի տվյալ ժամանակն ու իրավիճակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ