RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



ԻՆՔՆԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1805, Տպվել է` 160, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՙ ՈՐՔԱՆ ԷԼ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳԱ, ՏԱՊԱԼՎԵԼՈՒ Է, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ»

Հարցազրույցըՙ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ

Զրույցՙ գրող, մտածող, վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ

- Ձեր գործունեությունը գաղափարական հստակ ուղղվածություն ունիՙ հանրային գիտակցության փոփոխություն, ինչը փորձում եք անել վերլուծական, գեղարվեստական հեղինակային գրականության, հեռուստատեսային հաղորդաշարերի միջոցով. տարիներ առաջ ձեւավորեցիք մտավորականների «Վերելք» ակումբը, ներկայում համանուն հաղորդաշար եք ստեղծել եւ վարում եք: Դրանց ազդեցությունը, արդյունքը ինքներդ ինչպե՞ս եք գնահատում:

- Հայ ժողովրդի մտածողությունը խեղվել է վերջին հազար տարում, անրաժեշտություն կա վերափոխել այդ մտածողությունը: Դա անելը ծանր ու դժվարին գործ է: Իմ ջանքերը, համեմատությամբ խնդրի ծավալներին, կարելի է համարել չնչին, էական ազդեցություն չի թողել եւ չէր էլ կարող թողնել. սա մեկ մարդու գործ չէ: Եթե անգամ պետական համակարգը սա ըմբռնի եւ փորձի ողջ ռեսուրսները ներդնել ազգային վերափոխման համար, տասնամյակներ կպահանջվի: Իսկ մեկ անձ, որ չունի առանձնակի լծակներ, էական հաջողությունների հասնել չի կարող: Բայց եթե համեմատենք 20 տարի առաջվա հայ քաղաքական միտքը ներկայի հետ, նկատելի է, որ իմ նմանները որոշակի ներդրում ունեցել են, խորքային մտածողների շերտ է գոյացել, շատ փոքր, բայց կա: Նաեւ ասեմ, որ այսօր ավելի բարենպաստ իրավիճակ է այսպիսի մտածողություն տարածելու, քան 2018-ի գարնանը, քանի որ ժողովուրդը նկատելիորեն հասունացել էՙ տեսնելով, որ իշխանափոխությունը բավարար չէ էական վերափոխումների համար:

- Տեսնո՞ւմ եք արդյոք հանրային մեկ այլ լուրջ ամբիոն, որը հետեւողականորեն նման քաղաքականություն վարի եւ լայն լսարան ապահովի:

- Մեր քաղաքական դաշտը գտնվում է մակերեսային մտածողության տիրույթում, եւ սա էլ իր պատճառներն ունի: Դեռ հարյուր տարի առաջ նկատել են Նժդեհը, Հայկ Ասատրյանը եւ փաստել, որ հայությունը, պատմական անցյալով պայմանավորված, խորքային, պատճառահետեւանքային մտածողություն չունի: Մեր ժողովուրդը գրագետ չի եղել քաղաքականապես, մշակութապես, գտնվել է օտարի լծի տակ, ո՞վ պիտի նրա կրթությամբ զբաղվեր, ուստի կարողանում է լուծել զուտ կենցաղային մակարդակի խնդիրներՙ օրվա ապրուստի եւ կամ անձնական կյանքի անվտանգության. այս ուղղությամբ արհեստավարժ է դարձել: Երբ ունեցանք պետություն, մեր առջեւ ծառացան մեծ խնդիրներ եւ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ, որոնց լուծումը դժվարին գործ էր կենցաղային մտածողության սովոր մեր ժողովրդի համար: Այդ պատճառով նշվում են իրադրության պատճառների եւ դրանից ելնելու պարզունակ տարբերակներ. այսպեսՙ եթե կյանքը վատ է, ապա մեղավորը միմիայն վերեւներն են, փոխենք իշխանությունը, եւ հարցերը կլուծվեն: Այսքան տարիՙ որքան էլ համառորեն հրահրում էի առանցքային քաղաքական գործիչներինՙ խորքային պատճառները հասկանալու, իրական ելքերը որոնելու, ինձ չէր հաջողվում այս մտածողությունը ներդնել: Եթե Հայաստանում եղել է հարթակ, որ սկսել է զբաղվել նման հարցերով, իմ կամ ինձ հետ համագործակցած մարդկանց ստեղծածն է, եւ սա շատ նեղ շրջանակ է:

- 2018-ի ժողովրդական շարժման հիմնական լեյտմոտիվը «արժեքների հեղափոխություն» գաղափարի մեջ էր, ընտրվել էր շատ գրավիչ կարգախոս: Ներկայում ստեղծված հանրային մթնոլորտը դրա հակառակն է եւ, առհասարակ, այն ինչ լսեցինք հրապարակներում մեկ ու կես տարի առաջՙ թունդ խոստումներ, կառավարման ամենադեմոկրատական մեթոդներՙ անգամ հին հունական ագորայի մասին հիշատակվեց, այսօր մոռացված է: Ի՞նչ արժեքներ ներմուծեց հասարակության մեջ այս հեղափոխություն համարվածը:

- Եկեք միասին դիտարկենք, թե նոր իշխանությունները որքանով են ըմբռնում այն խնդիրը, որի մասին խոսեցի: Կարելի է արձանագրել, որ զրոյական վիճակ է, իրենք չեն արտահայտվել այս մասին, չեն կարեւորել եւ բնականաբար լուծում էլ չեն առաջարկել: Պատկերացրեք մի բժշկի, որը հիվանդի իրական ախտորոշումը չտվածՙ բուժում է սկսումՙ արտաքին փոփոխությունների վրա կենտրոնանալով: Ի՞նչ է լինելու. մի որոշ ժամանակ անց հիվանդությունը ներսից նորից է գլուխ բարձրացնելու: Որեւէ նոր արժեք չի ներմուծվել, ժողովրդին վերափոխելու ուղղությամբ ոչինչ չի արվում, ավելի ակնհայտ դրսեւրում են ստացել հասարակության մեջ եղած հազար տարիների բացասական որակները: Որեւէ իշխանություն, որքան էլ բարի նպատակներով գա, ինչ կարգախոս էլ ընտրի, տապալվելու է, քանի դեռ չի կարեւորում հասարակության արատները:

- Ձեր վերջին հաղորդման մեջ հետաքրքրական միտք արտահայտեցիք, թե մեր հանրության այսչափ ապաբարոյականացման ծավալներն իրական չեն, թե սա ավելի շուտ վիրտուալ հարթության մեջ այսպես կոչված ֆեյք «ինստիտուտների» սարքած գործն էՙ հանրային խորը պառակտման տպավորություն թողնելու, հուսահատություն առաջացնելու:

- Փորձենք այս երեւույթը հասկանալ: Արդեն ասացի, եկել է նոր իշխանություն, եւ սոցիալական, տնտեսական ասպարեզում հաջողություն չի կարող ունենալ, քանի որ անտեղյակ է հասարակության մեջ եղած բացիլներին: Ուստի դժգոհություններ են առաջանալու, ինչն իրենք փորձելու են սաստել տարբեր միջոցներով: Այժմ տարածված է վարկաբեկել, վատաբանել քննադատողներին, անգամ խելացի միտք արտահայտողներին, ձեւավորվել է վճարվող, ուղղորդվող մարդկանց մի խումբ, ովքեր տասնյակ ֆեյք ստեղծելովՙ լցվում են ասպարեզ ու հազարի տպավորություն թողնում: Սրան ավելանում է ցածրամշակույթ շերտը, որ հեղափոխությունների ժամանակ սովորաբար ակտիվանում է, քանի որ չունի ինքնուրույն դատողական, վերլուծական միտք եւ ինքնադրսեւորման այլ ասպարեզ, անմիջապես ոգեւորվում ու ակտիվանում էՙ հայհոյելով քննադատող եւ հատկապես առողջ մտածողներին. նա դառնում է իշխանությունների պաշտպան: Եւ ահա վերոնշյալ ֆեյքերը սրանց ոգեւորում են, ծափահարում, ու այս մարդիկ դառնում են հանրային դեմք, իրենց կարեւորված զգում: Այս երկու հոսանքներն այսօր միացել եւ ստեղծել են այսպիսի մթնոլորտ:

Դեռ Թումանյանն էր ասումՙ մեր ժողովրդի մեջ խտացված չարություն կաՙ պայմանավորված հազար տարվա նվաստացումով: Ես միշտ էլ ասել եմՙ հեղափոխությունը հակացուցված է նման ժողովուրդներին, որովհետեւ ատելության ջինը դուրս է գալիս, ու ստորին շերտը ակտիվանում է. նրանք հիմա հեղեղել են համացանցը: Եվ հարցն այն է, որ իշխանություններին այս պահին ձեռնտու է սա, որովհետեւ այդ շերտը, որին մորեխների պարս եմ կոչում, սաստում է առողջ քննադատողներին, եւ իշխանությունն իրեն պաշտպանված է զգում:

- Իհարկե կա նաեւ մեկ այլ շերտՙ նախկին իշխանությունների պաշտպաններըՙ որոշակի ազդեցություն, զանազան հնարավորություններ կորցրածների, որոնք պակաս ակտիվ չեն եւ ֆեյքերի պակաս բանակ չեն ստեղծում: Իսկ այսօրինակ ինքնահաստատման ու ինքնապաշտպանության ռեալ վտանգը ո՞րն է:

- Վտա՞նգը. այս պատկերը տեսնելովՙ հասարակության առողջ շերտը հուսահատվում է, կարծելով, թե ժողովուրդն իսկապես այսպիսին է, եւ ուրեմն հնարավոր չէ վերափոխել նրան, ու մարդը արտագաղթում է. դա լինում է ֆիզիկապեսՙ լքում է երկիրը, կամՙ հոգեպես. նա մեկուսանում է: Սա ռեալ վտանգ է պետության համար: Չեմ ասում, թե միտումնավոր է արվում, հնարավոր էՙ հետեւանք է, բայց սա կարող են օգտագործել արտաքին ուժերը...

Ես շատ եմ շփվում մարդկանց հետ, մեծ մասի վրա այդ պատրանքային բացասական ազդեցությունը կա, թե անհույս վիճակ է, թե բոլորն ախտահարված են: Սա հիբրիդային պատերազմի մի ձեւ էՙ ազդել ժողովրդի վրա, հուսահատեցնել նրան: Սակայն եթե իրական հարցում արվի, այլ պատկեր կունենանք. մեր ժողովրդի մեջ կան բավարար ռեսուրսներ, կա այն շերտը, որի միջոցով հնարավոր է երկրում իրական վերափոխումներ անել:

- Սոցիալական տարբեր խմբերի բողոքները բնական երեւույթներ են. կուտակված հարցերի լուծումը հեշտ չէ, ժամանակատար է, սակայն կա՞ դրա քաղաքական կամքը, թե՞ միայն մի շերտի համար ժամանակի գործոնը դեր չունի: Այդ ինչպե՞ս է, որ ժողովրդական հուզումների ալիքի վրա իշխանության եկողները այսպես արագ մոռանում են ժողովրդին ու կտրվում նրա իրական հոգսից: Վերջին բողոք - ընդվզումը ֆերմերների, ինչպես իրենք ասացին, ընդունված որոշումներիՙ իրականությունից կտրված լինելու հետեւանք է:

- Եկեք չմտածենք, թե երկրում միայն իշխանությունները պիտի քայլեր ձեռնարկեն, մենք կարող ենք ինքնակազմակերպվել, ներքեւից ինքնակազմակերպման տարբերակը չմոռանանք: Սրա նախաձեռնողները պետք է լինեն հենց այդ առողջ ուժերը ՙ լուծման ուղիներ բերողները: Սա չի լինելու հակաիշխանական ուղղվածության հոսանք, այլ ազգային ինքնակազմակերպված միավոր, որ առնչվելու է թե՛ իշխանությունների, թե՛ հասարակական տարբեր շերտերի հետ. հնարավորություն կա, ես տեսնում եմ այդ նախադրյալները: Ի՞նչ եմ առաջարկում ես. գործող խորհրդարանը կա՛մ պահում ենք, կա՛մՙ ոչ, ձեւավորում ենք կորպորատիվ խորհրդարան հետեւյալ կերպ. նախապես ստեղծված հանրային տարբեր խավերի ոլորտային միությունները (ֆերմերների, բժիշկների, ուսուցիչների, իրավաբանների եւ այլ) իրենց ներկայացուցչին ուղարկում են կորպորատիվ խորհրդարան. վստահաբարՙ լավագույն մասնագետներին կընտրեն: Ենթադրենք դրվում է հարցՙ սննդի անվտանգության, մսամթերքի որակի բարձրացման, այդ ժամանակ ֆերմերների միության ներկայացուցիչը պարզաբանում է առկա խնդիրները, որպեսզի օրենքն ընդունելուց առաջ արվեն նախնական անհրաժեշտ քայլեր, գուցե գյուղերում խոշորացնեն տնտեսությունները, կորպորացիաներ ստեղծենՙ մեծաքանակը տեղափոխելու եւ այլն: Կառավարությունը, տեղեկանալով խնդրի մասին խորքային ու համակողմանի, որոշումները կկայացնի նկատի առնելով դրանք, սակայն ներկայիս շատ որոշումներ, գուցե լավն էլ են, բայց հակառակ ազդեցությունն են գործում, որովհետեւ կտրված են իրականությունից:

- Այսինքնՙ մասնագիտական ներկայացուցչական մարմի՞ն:

- Այո, եւ նախաձեռնողները պիտի բավարար ինքնակազմակերպված լինեն, հեղինակություն եւ ուժ ունենանՙ իշխանությանը իրենց ձայնը լսելի դարձնելու:

Կա մեկ այլ խոչընդոտՙ իշխանությունների ինքնասիրահարվածության պահը, թե իրենք ամեն ինչ գիտեն, եւ այսպիսի մտահոգությունները իրենց երկրորդական են թվում:

- Մտածող մարդկանց, մտքի էլիտայի պասիվությունը նրանց քանակի՞ մեջ է, թե՞ այս մարդկանց դեմ տարիների հետեւողականորեն տարվող քաղաքականությանՙ մեկուսացնելու, լռեցնելու:

- Հայ ժողովուրդը պատմական դաժան անցյալի պատճառով ենթարկվել է այլասերումներիՙ հոգեբանական եւ այլ, ու եթե չբուժենք նրան այս արատներից, նույնը կրկնվելու է: Մեզանում հարյուրավոր տարիներ մտավորականներին ճնշել, մեկուսացրել, բռնությունների են ենթարկել, թողել են ներքին շերտը, արդյունքումՙ դեգրադացված հանրություն ունենք: Հիշու՞մ եքՙ ԽՍՀՄ -ը խարխլվելու շրջանում ինտելիգենտ արտահայտությունը դարձավ հայհոյանք, գլուխ բարձրացրեց պլեբսը, ամեն ինչ նրա ձեռքում էր, պետություն չէր ճանաչում, արժեքներ չկային, ու հիմա էլ նույնն է: Վերջին շարժման ժամանակ ամենաակտիվ տարրը հիմնականում հենց այս շերտն էր, շարժման ղեկավարների առաջին քայլը պիտի լիներ մինչ իշխանության գալը այս շերտի մակարդակը բարձրացնելը: Ես դեռ հանրահավաքների ժամանակ եմ ասել, որ հրապարակները ողողած եւ ոգեւորված այս մարդիկ բնականաբար պահանջելու են իրենց հեղափոխական ներդրումի հատուցումը, եւ շարժման ղեկավարները իշխանության գալով ստիպված են լինելու բավարարելու այդ պահանջներն ու գերի են մնալու այդ շերտին, որովհետեւ եթե հեռացնեն, ապա կմնան օդում: Իսկ այդ շերտի վրա հիմնվելով հնարավոր չէ նոր որակի երկիր կառուցել:

- Այնուամենայնիվ, հետաքրքրական էՙ այս շերտը սոցիալապես ամենաանապահովն է, բազմաթիվ խնդիրներ ունի, այդ ինչո՞ւ է շարունակում ծափահարել իշխանություններին, երբ դրանք հիմնականում չեն լուծվում:

- Պլեբսը սիրում է հաց կամ տեսարան, եթե հաց չի ստանում, բավարարվում է «կերակրվել» տեսարանով:

- Մի՞թե: Եվ որքա՞ն նա կբավարարվի տեսարանով, ծաղրուծանակի է վերածվում արդեն, անհեթեթ բաներով են սկսել «կերակրել»:

- Մի ինչ-որ ժամանակ նա դեռ կբավարարվի տեսարանով: Կա վտանգ, որ այն հետզհետե կվերածվի մի հրեշի, որն անընդհատ «զոհ» է պահանջելու: Ու եթե մի քանի ամիս դադարեն նրան «կերակրել զոհերով», սկսելու է խժռել արդեն իշխանություններին:

- Կան քաղաքական ուժեր, անհատներ, որոնք ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու միջոցով են պատկերացնում իրավիճակից դուրս գալու ելքըՙ համագործակցությամբ արտախորհրդարանական տարբեր ուժերի, որոնցից մի քանիսի հայտարարությունների տեքստերում արձագանքներ նկատելի էին, եւ իշխանության, եթե այդ կամքի դրսեւորումը լինի վերջինիս կողմից. մտահոգությունըՙ երկիրը ավելորդ ցնցումներից ետ պահելն է: Կարծես դուք եւս այսպիսի առաջարկ հնչեցրիք:

- Առաջիններից մեկը, որ խոսել է նոր ընտրությունների եւ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին, թերեւս ես եմ եղել: Երբ հայտարարվեց, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, ես հակադարձեցի, որ ճգնաժամը խորհրդարանական է: 2018-ի դեկտեմբերի 9 -ի ժողովուրդը չորս ամիս անց այլեւս չկար եւ ամսեամիս փոխվում է: Այս խորհրդարանը պատմական հիշողություն է, արտահայտում է չեղած ժողովրդի իղձերը, ԱԺ-ում պետական լուրջ խնդիրներ չեն քննարկվում, օրվա մտահոգիչ հարցերն այնտեղ չեն հասնում, այնտեղ հանգստություն է տիրում, կապը ժողովրդի հետ խզված է, մինչդեռ ժողովուրդը ցնցումների մեջ է, ցույցեր են արվում, փողոցներ են փակվում: Նման իրավիճակներում նորմալ երկրներում նոր ընտրություններ են անցկացվում, որպեսզի առկա իրավիճակին համապատասխան առաջացած հոսանքներն իրենց ներկայացուցիչները բերեն խորհրդարան:

- Իսկ ի՞նչ են փոխելու նոր ընտրությունները, երբ նույն որակի հանրություն ունենք, ի՞նչ է պետք անել, որ մարդկանց մեծամասնությունը կարողանա նոր որակի քաղաքական մտածողություն կրողներին տարբերել, ճանաչել:

- Նոր ընտրությունները եւ ազգային համաձայնության կառավարությունը անհրաժեշտ են, քանի որ սա կօգնիՙ բողոքի այս ալիքները, ագրեսիաները համացանցից ու փողոցից տեղափոխելու ԱԺ դահլիճ, որ քննվեն այնտեղ, հաշվի առնվեն տարբեր դիրքորոշումներ եւ ավելի արդյունավետ որոշումներ կայացվեն: Ագրեսիան կթուլանա ժամանակավորապես, որեւէ քաղաքական ուժ խորհրդարանում ճնշող մեծամասնություն չի ունենա: Իմ կարծիքով, իշխող խմբակցությունը չունի հիմա այն հեղինակությունը, որ 51 տոկոսը հաղթահարի: Բացի դա հարկավոր է անցողիկ շեմն իջեցնել, որպեսզի 7- 8 հոսանք մտնի խորհրդարան, իրական մտահոգություն լինի, բանավեճեր ընթանան: Մինչ այդ հարկավոր է որոշ ինքնակազմակերպման եւ կազմակերպչական աշխատանքներ տանել ժողովրդի հետ: Սակայն ընտրություներն էական փոփոխություններ չեն բերի, ընդամենը գալու են եղած լարվածությունները ժամանակավորապես թուլացնելու, այլապես նման սրված մթնոլորտը հնարավոր է քաղաքացիական ընդհարման տանի: Դարձյալ կրկնեմՙ երկիրը հիմնովին վերափոխելու համար քաղաքական այնպիսի հոսանք է հարկավոր, որը ժողովրդի խնդիրները հասկացել է խորությամբ, ախտորոշել է դրանք եւ ունի լուծումներ, ճանապարհային քարտեզՙ թե ինչպես Թումանյանի ասած «խալխին» հանի այս իրավիճակից ու վերածի պետականակիր ժողովրդի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ