RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1720, Տպվել է` 162, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՉԱՑՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տեւական ժամանակ է արդեն, որ առօրյա, ընթացիկ, սովորական տեսարանի են վերածվել մարդկանց ձերբակալելու գործողությունները Հայաստանում: Այնքան սովորականՙ որ նման տեսարանների բացակայությունը հեռատեսիլի, համակարգիչների ու հեռախոսների էկրաններից, վստահ եմ, զարմացնելու է մեր հայրենակիցներին, ներսում թե դրսում:

Դիմակավոր, հուժկու, ահարկու տեսքով ոստիկաններՙ ինչ-որ մեկի թեւերը մեջքի վրա ոլորած կամ հետեւի կողմից ձեռնաշղթաներ կապածՙ քարշ են տալիս դեպի մոտակա ավտոմեքենա, ոստիկանատուն կամ ԱԱԾ շենք. անցնող մեկուկես տարիներին քանի՞ անգամ ենք տեսել նման պատկերներ, որոնք բացի վախից ու անհանգստությունից, շատ մարդկանց մոտ առաջացնում են նաեւ արգահատանք ու զզվանք, անկախ այն բանից, թե ձերբակալվածը սովորական գրպանահա՞տ է, ավազա՞կ, օլիգա՞րխ, գործարա՞ր, թե՞ քաղաքական գործիչ:

Պատահում են նաեւ ավելի սարսափազդու տեսարաններ, հատկապես ձեռնաշղթա անցկացնելու արարողության ժամանակ, երբ մեկին կամ միանգամից մի քանիսին պառկեցնում են (քիչ էր մնացել լսողական հիշողությամբ օգտագործեի «պառկըցնել» ձեւը) ուղղակի ասֆալտին, տառացիորեն իրականացնելով մեր բարձրագույն պաշտոնյայի սպառնալիքները: Ո՛չ, դեռեւս չենք տեսել պատին ծեփված քաղաքացիների, սակայն ներկա ընթացքով կարող ենք վստահ լինել, որ կհասնենք նաեւ դրանՙ այնքա՜ն մեծ է հրահանգները տառացիորեն եւ ավելորդ ոգեւորությամբ կատարելու ոմանց պատրաստակամությունը:

Դեպի ո՞ւր են նայում Ազգային ժողովի մեր պատգամավորները, ներառյալ սորոսականները, որոնց հրահանգիչն անգամ նախորդ օրը բողոքեց «Ադեկվատի» տղաների նկատմամբ ոստիկանների «անհամաչափ ուժի կիրառումից»: Ո՞ւր են նայում մարդու տարատեսակ ու բազմատեսակ իրավունքների մեր իրավ կամ անիրավ պաշտպանները, համապատասխան նախարարությունների, զբոսաշրջության, արտաքին ու ներքին քարոզչության պատասխանատու մեր պետական այրերն ու... այրուհիները:

Ո՞ւր են նայում անվտանգության ծառայությունների, քննչական մարմինների ղեկավարները եւ առաջին հերթինՙ ոստիկանության պետերը, որոնց հրահանգով գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ տարածվում են տեսաձայնային հաղորդագրություններ իրենց քաջարի աշխատակիցների արդյունավե՜տ գործողությունների մասինՙ ընդդեմ տարբեր հանցագործների, զազրելի ոճրագործներից մինչեւ մի խեղճ քաղաքացուհու ավելի խեղճ պարունակությամբ դրամապանակը գողացողի: Ի՞նչ տպավորություն կթողնեն դրանք, այդ «բոյեվիկական» տեսարանները, մեր դեռահասների եւ առհասարակ քաղաքացիների վրա: Չհաշված սադիստական որոշ շրջանակներին, դրանք, անշուշտ, ծանր, ընկճող տպավորություն են թողնում բոլոր նորմալ մարդկանց վրա, գրեթե այնպես, ինչպես սովետական ժամանակաշրջանում թողնում էին Մոսկվայիցՙ կենտրոնական հեռուստատեսությամբ տրվող «Մարդը եւ օրենքը» հաղորդումները, որոնց ընթացքում անպայման մատնացույց էր արվում նաեւ մի հայ սպեկուլյանտի, օրինակՙ «տակից» կոշիկ վաճառելիս:

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե այդպիսով ցույց է տրվում բռնողների ուժը բռնվողների նկատմամբ, անվտանգության մարմինների աչալրջությունը եւ հզորությունը, առավել եւսՙ մեր օրենքի ու կարգուկանոնի երկիր լինելը: Երբեւիցե մտածե՞լ են այդ մարդիկ, թե նման տեսարաններն ու հաղորդագրությունները ինչպիսի՜ հակաքարոզչություն են նաեւ այն օտարերկրացիների համար, որոնք մտադրություն ունեն այցելելու մեր երկիրՙ ոչ միայն բնության ու պատմական հուշարձանների գեղեցկության, այլեւ, ի տարբերություն շատուշատ երկրներիՙ Հայաստանի ապահով երկիր լինելու համար, որը համարվում է մեր գրավչություններից մեկը:

Այստեղ թող թույլ տրվի ինձ «հովվերգական» մի շեղում կատարել դեպի... Ավստրալիա, որտեղ, տարիներ առաջ եղել եմ ընկերներիս հրավերով: Շուրջ 10 օր մնացի իսկապես չքնաղագեղ Սիդնեյում, որը ավստրալացիների պնդմամբՙ Աստված նկարել է իր իսկ ձեռքով, կիրակնօրյա հանգստի պահին: 10 օրում ես այդ քաղաքում որեւէ ոստիկանի, որեւէ համազգեստավորի չհանդիպեցի, թեեւ ընկերներս ասում էին, որ այդ երկրում, որը, ինչպես հայտնի է, ավելի քան 200 տարի եղել է Բրիտանական կայսրության կալանավայրը ցմահ ազատազրկման դատապարտվածների համար, անվտանգության ուժերը հսկում են աչալուրջ եւ շատ արագ եւ աննկատ վնասազերծում օրինախախտներին:

Արդարեւ, պետությունների ներքին անվտանգության, կարգուկանոնի եւ օրենքի գերիշխանության մակարդակը չի չափվում ոստիկանների, նրանց շարունակ աղմկող ավտոմեքենաների, վայրենի գործողությունների առատությամբ:

Սակայն այստեղ կա առավել կարեւոր մի խնդիրՙ ոստիկանության աշխատակիցներին, քննիչներին, դատախազներին, նույնիսկ դատավորներին փչացնելու խնդիրը: Մեր փոքր երկրում, ուր ամեն մարդ ամեն մարդու ճանաչում է եւ ուր հիշաչարությունն ու քինախնդրությունը դեռեւս փոխանցվում է սերնդեսերունդ, անմարդկային է իրենց ենթակա ծառայողներին նսեմացնելը, ժողովրդային լեզվով ասածՙ նրանց փչացնելը: Տակավին սովետական օրերից ի վեր Հայաստանում մարդիկ չեն ուզում լսելՙ «ի՞նչ անեի, հրահանգ էր», կամՙ «վլաստը (իշխանություն) նրանց ձեռքին էր, ես քանի՞ գլխանի էի, որ....» արդարացումները:

Մեղավորներին ձերբակալեք առանց կրքի ու ցուցամոլության, նրանց դատեք օրենքով ու խստությամբ, բայց մի՛ վիրավորեք նրանց արժանապատվությունը, մի՛ նսեմացրեք նրանց, ինչպես նսեմացնում եք նրանց ձերբակալող ձեր աշխատակիցներին, մեր ոստիկաններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ