RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2185, Տպվել է` 171, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԶՈՒԳԱՀԵ՞Ռ...

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի մասին հայտարարություններ անելիս, վարչապետ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեցՙ խոսքը նո՞ր աշխատատեղերի, թե՞ ստվերից դուրս բերվածների մասին է: Վերջին անգամ նրա հայտարարած այդ ցուցանիշը 91 հազարն էր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իրական կյանքում ոչ միայն նոր աշխատատեղեր չեն ավելանում, այլեւ գործազրկությունն ավելի է խորանում: Այն բանից հետո, երբ վիճակագրական կոմիտեն արձանագրեց 2019 թ.-ի առաջին եռամսյակում գործազրկության աճ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործող վարչապետը ձեռնամուխ եղավ վիճկոմի միջոցով այդ ցուցանիշը «ճշգրտելուն»ՙ հօգուտ իրականությանը հակառակ եւ իր իշխանությանը ձեռնտու պատկեր ապահովելուն:

Հիշեցնենք, որ 2019 թ.-ի առաջին եռամսյակում գործազրկությունը Հայաստանում աճել էր 6,7 տոկոսով, կազմելով 253,6 հազար մարդՙ նախորդ տարվա առաջին եռամսյակի 237,6 հազարի դիմաց, իսկ գործազուրկների թիվն ավելացել էր մոտ 16 հազարով: Գործազրկության մակարդակը աճել էր 0,9 տոկոսով եւ կազմել 21,9 տոկոսՙ նախորդ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի դիմաց: Սա նշանակում էր, որ «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կյանքի կտրուկ բարելավման Նիկոլ Փաշինյանի խոստումները ոչ միայն չէին իրականացել, այլեւ ընդհակառակըՙ կենսամակարդակն ավելի էր վատթարացել, իսկ մասնավորապես գործազրկությունըՙ աճել:

Արդեն հաջորդՙ անցած տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում աշխատատեղերի թիվը վիճակագրական կոմիտեն ավելացրեց 46 հազարով: Չնայած, որ մեր նման փոքր երկրի աշխատաշուկայի համար նման ցուցանիշը գործնականում անհնար է եւ այդքան աշխատատեղերի ավելացում երեք ամսում կարող է լինել միայն այնպիսի մեծաքանակ բնակչություն ունեցող երկրներում ինչպես ԱՄՆ-ն կամ Ռուսաստանն է, ինչի մասին փորձագիտական մի շարք փաստարկներ բերվեցին, սակայն վիճկոմն ու նրան հրահանգողը մնացին իրենց դիրքերում: Սակայն հավաստիության պատրանք ստեղծելու համար, անցած տարվա արդեն երրորդ եռամսյակում ցուցանիշների «վագրային թռիչքի» թափը փոքր-ինչ նվազեցրին:

Երրորդ եռամսյակում գործազրկությունը, ըստ վիճկոմի, նախորդ եռամսյակի համեմատ բարձրացել էր 0,3 տոկոսով: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հավատարիմ մնալու համար էլ նույն հրապարակմամբ նշվում էր, որ զբաղվածության մակարդակն էլ է բարձրացելՙ 1,4 տոկոսով: Այս դիլեման վիճկոմը բացատրել է նրանով, որ առաջին ցուցանիշը հաշվարկել են աշխատուժի թվաքանակի համեմատ, երկրորդըՙ աշխատանքային ռեսուրսների թվաքանակի համեմատ:

Այսպես թե այնպես, ակնհայտ է, որ 2019 թ.-ի երրորդ եռամսյակում գործազրկությունը աճել է կազմելով մոտ 217 հազար մարդ, նախորդ եռամսյակի 207 հազարի դիմաց: Համապատասխանաբարՙ բարձրացել է նաեւ գործազրկության մակարդակըՙ հասնելով 18 տոկոսիՙ նախորդ եռամսյակի 17,7 տոկոսի դիմաց :

Այն, որ գործազրկության ցուցանիշը ավելի վատթար է, քան ներկայացնում է վիճակագրական կոմիտեն, ակնհայտ է ոչ միայն անզեն աչքով, այլեւ հենց նույն վիճկոմի տարբեր ցուցանիշներ համադրելով:

Թերեւս ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում, որ եթե տնտեսությունը աճում է, ապա գործազրկությունը նվազում է: Առավել եւս եթե տնտեսությունն աճում է բարձր տեմպով: Հիմա ներկայացնենք 2019 թ.-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)ՙ տնտեսական աճի ցուցանիշները անցած տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակներում եւ դրանք համադրենք նույն եռամսյակների գործազրկության ցուցանիշների հետ:

Ըստ վիճկոմի, 2019 թ.-ի երրորդ եռամսյակում տնտեսական աճը երկրորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 30,6 տոկոս: Այսինքն, ստացվում է, որ երրորդ եռամսյակում տնտեսությունը երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 30,6 տոկոսով, իսկ գործազրկությունը երրորդ եռամսյակին երկրորդի համեմատ այս աճին զուգահեռ ոչ միայն չի նվազել, այլ, ինչպես նշեցինք վերեւում, աճել է 10 հազարով, հասնելով 217 հազարի կամ 0,3 տոկոսով, հասնելով 18 տոկոսի:

Վիճկոմին թողնենք պարզելու համար, թե իր հրապարակած այս երկուՙ միմյանց հակադրվող ցուցանիշներից ո՞րն է կեղծվածՙ տնտեսական աճի՞նը, թե՞ գործազրկության աճինը: Մինչ վիճկոմում կկողմնորոշվեն այդ հարցում, դատելով այս ցուցանիշների հակասությունից, կարող ենք արձանագրել, որ երկուսն էլ աղավաղված եւ իրականությանը չհամապատասխանող տվյալներ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ