RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1970, Տպվել է` 181, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԿՇՐՋԱՆՑԻ՞ ԼԻԲԱՆԱՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Եթե ճիշտ էր լիբանանահայ հեղինակավոր ֆինանսիստներից մեկիՙ «Պետությունըՙ դա դրամն է» սկզբունքը, ապա այժմ կարելի է վստահությամբ պնդել, որ Լիբանան պետությունը կարող է գոյություն չունենալ այլեւս: Այդ սկզբունքը իրեն արդարացրել էր քաղաքացիական պատերազմի (1975-1990) ամբողջ տեւողության, երբ երկրում չէր մնացել պետական ոչ մի կառույցՙ բացի Կենտրոնական բանկից, որը անասելի դժվարություններով պահպանում էր ազգային արժույթՙ լիրանՙ դոլարային տիրապետությունից: Այդ սկզբունքը իրեն արդարացրեց նաեւ հետպատերազմյան տարիներին, երբ երկիրը վերաշինության եռուզեռի մեջ էր, արտերկրներից ու հատկապես Ծոցի պետություններից փոխանցվող գումարների, այդ թվում լիբանանյան սփյուռքի ներդրումների, այլեւ լիբանանցիների բնատուր կենսասիրության շնորհիվ: ՀՆԱ-ն մեկ անձի համար հասել էր 15000 դոլարի, ու բանկերը, ինչպես ասում են, տրաքում էին արտարժույթների, առաջին հերթինՙ դոլարի առատությունից, հատկապես Սադդամ Հուսեյնի անկմանը հաջորդող փողերի փախուստի շրջանում: Մինչեւ որ ասպարեզ իջավ «Մեծ Մերձավոր Արեւելք» դավադիր ծրագիրը, եւ արաբական երկրների վրա փչեց «Գարնանային» ուրագանը ՙ բոլորիս ծանոթ իր կազմաքանդումներով, փլուզումներով, հեղաշրջումներով եւ արյունալի պատերազմներով: Թվում էրՙ Լիբանանը ինչ-որ հրաշքով զերծ էր մնում այդ վերիվայրումներից: Ավա՜ղ. եթե հարեւանիդ տանը հրդեհ է, չես կարող տունդ զերծ պահել կրակի ճիրաններիցՙ եթե չունես դիմադրելու համապատասխան միջոցներ: Իսկ այս պարագայում այրվող տունը անմիջական հարեւանն էրՙ հրդեհվող Սիրիան, որը Լիբանանի ցամաքային միակ ճանապարհն է դեպի արաբական այլ երկրներ, մյուսը լինելով Իսրայելըՙ 1948 թ. զինադադարից ի վեր իր փակ սահմաններով:

Բայց այս բոլորի մեջ ամենախոցելին Լիբանանն ինքն էրՙ իր ներքին համայնքային (18 համայնք) կառուցվածքով, նվիրականացված կոռուպցիոն իր համակարգով, փողերի լվացման իր գործառույթներով, քաղաքացիական պատերազմի հանցագործներից ու նրանց զավակներից բաղկացած պետական իշխանավորների տիրապետությամբ, իր փոքրիկՙ 10,5 հազար ք.կ. տարածքի վրա շուրջ 1 միլիոն պաղեստինցի հին գաղթականներով եւ Սիրիայից խույս տված 1,2 միլիոն նոր փախստականներով:

Այսինքնՙ դիմադրողականությամբ թույլ երկիր, որը գտնվում է միջազգային ու տարածաշրջանային ուժերի ողորմածության տակ, եւ որի միակ ուժը, ինչպես լիբանանցիք իրենք են սիրում ասել, իր թուլության մեջ է... Լիբանանում չկան բռնապետեր, մենիշխանություն, նավթ, ոչ խոշոր եւ ոչ էլ միջակ արդյունաբերություն: Միակ ուժը, ինչպես ասվեց, ֆինանսական հաբ լինելն էր, ինչը քայքայելը, օգտվելով ներքին «ֆաուդայից» (արաբերենՙ անկարգություն, խառնիճաղանճ վիճակ), ֆինանսական շուկայում արտաքին խաղացողների համարՙ մեկից մեկ է, ինչպես ասում են:

Դրամի 25-30 տոկոս անկումը, ահռելի սղաճը եւ գործազրկությունը սոցիալական սուր իրավիճակ ստեղծեցին երկրում, որի դեմ, անցյալ հոկտեմբերին, ընդվզման ու բողոքի բուռն շարժում առաջացավ, հիմնականումՙ բոլոր համայնքների ու կրոնների պատկանող երիտասարդության համատեղ առաջնորդությամբ: Ցուցարարների պահանջը երեքն էրՙ վերջ տալ համատարած կոռուպցիային, պետական սխալ վարչարարությանը եւ պետական թայֆաբազությանը: Ցուցարարները պահանջում էին նաեւ Սաադ Հարիրիի գլխավորած կառավարության հրաժարականը եւ վերջինիս փոխարինումը ապաքաղաքական տեխնոկրատներով: Վարչապետը տեղի տվեց, սակայն, բնականաբար, տնտեսական անկումը շարունակվեց գահավեժՙ դեֆոլդի առաջ կանգնեցնելով երկիրը: Բանկերն սկսեցին շաբաթական ընդամենը 200 դոլար բաց թողնել ավանդատուներին, եղան նաեւ դեպքեր, երբ մարդիկ դրամատուներում իրենց ունեցած ավանդները 25-35 տոկոս զեղչով վաճառեցին կանխիկ դոլարի դիմաց, իսկ հանրային պարտքը հասավ ՀՆԱ-ի 150 տոկոսի սահմանագծին:

Այս շաբաթասկզբին կազմվեց նոր կառավարությունը Բեյրութի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Հասան Դիաբի գլխավորությամբ, բաղկացած Հըզբոլլահ շարժման եւ վերջինիս դաշնակից կամ հարող կուսակցությունների աջակցությունը վայելող 20 նախարարներից, որոնցից 6-ը, արտառոց դեպք արաբական աշխարհում, կանայք, որոնցից մեկն էլ, Զեյնա Աքարը, ստացավ պաշտպանության նախարարի պորտֆելը (լիբանանցիք միշտ էլ սիրել են նորաձեւությունը), մինչ մեր ազգակից Վարդինե Օհանյանը (ՀՅԴ) տիրացավ երիտասարդության եւ սպորտի նախարարի պաշտոնին:

Այժմ, նորակազմ կաբինետը, որը հավակնում է կոչվել փրկության կառավարություն, անմիջականորեն կարիք ունի առնվազն 11 մլրդ դոլարի, որի համար արդեն իսկ դիմել է Լիբանանի ավանդական մենտոր Ֆրանսիային, ապաՙ Սաուդյան Արաբիային, Մ. Նահանգներին: Նրանցից առաջինը պահանջում է նա՛խ կարգուկանոնը վերահաստատել ֆինանսական շուկայում, իսկ վերջին երկուսըՙ հրաժարվել Հըզբոլլահի ազդեցությունից ու թելադրանքից: Պահանջներՙ որոնց կատարումը նորընծա կառավարության ուժերից վեր է ներկա իրավիճակում: Իսկ եթե Հասան Դիաբի կառավարությանը հաջողվի դա իրականացնել եւ դրանով փրկել երկիրը ամբողջական կոլապսից, ապա կարելի է ասել, որ «Արաբական գարունը» շրջանցել է Լիբանանը:

Տա՛ Աստված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ