RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2020-01-16 22:43:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3505, Տպվել է` 196, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՋԻՆԱՐԵՎԵԼՅԱՆ ՊՂՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՁՈՒԿ ՈՐՍԱԼ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Քաղաքագետներն ու փորձագետները արդեն բավական ժամանակ է, ինչ շնչները պահած փորձում են կռահել, թե ի՞նչ է տեղի ունենալու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» խմբավորման հրամանատար եւ ազգային պաշտամունքի հերոս դարձած Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:

Հարցերը բազմազան են համաշխարհային մամուլում: Ինչպե՞ս կարելի էր Իրաքի ինքնիշխանությունը վարկաբեկելՙ իր տարածքում հարված հասցնելով Սոլեյմանիին: Լարվածությունը է՛լ ավելի է սրվելո՞ւ, թե՞ գտնվելու է քաղաքական կարգավորում: Շրջանառվում են նաեւ այլ հարցեր, որոնց ճիշտ պատասխաններ գտնելը հեշտ գործ չէ, քանի որ կացությունը չափազանց հեղհեղուկ է:

Սկսենք նրանից, որ Մ. Նահանգներում եւ մասնավորապես Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Պոմպեոն իր ձեռքն է վերցրել իշխանությունը Սպիտակ տանը: Ռուբիկոնն անցնելը բնորոշ չէ նախագահ Թրամփի ոճին եւ մարտավարությանը: Մինչ օրս նա իր թշնամիներին գրգռելու արարքներով մշտապես տարակուսանքի մեջ է պահել քաղաքագետներին եւ լրատվամիջոցներին: Լեզվի ֆրեյդյան սայթաքում չէր, երբ Պոմպեոն հանրությանը հայտնեց, որ նախագահը «դժկամորեն» որոշում ընդունելու գործընթացում էր: Մեր օրերում Պոմպեոն կրկնում է Ջորջ Բուշի կառավարության ժամանակաշրջանում փոխնախագահ Դիկ Չեյնիի դերը, որ ձգտում էր ներխուժել Իրաք:

Կոնգրեսը պահպանողական դիրքերում մնաց: Օրենսդիրների մտքում կասկած չկար, որ Սոլեյմանին «չարության մարմնացումն» է, բայց նրան խաղից դուրս քշելը կոնգրեսական որոշման կարիքն ուներ: Սա իհարկե դեմոկրատների պնդումն էր, իսկ հանրապետականները համակարծիք էին նախագահի որոշմանը:

Իսկ Թրամփի որոշման ամենաջերմ պաշտպանն անշուշտ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն էր: Քիչ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ Վաշինգտոնի քայլը կանխարգելիչ բնույթ ուներ: Այն չեզոքացնում էր մի նոր միջինարեւելյան պատերազմի հնարավորությունը:

Այո, Նաթանյահուն խրված է սկանդալների մեջ: Մեղադրական ակտ է հարուցված նրա դեմ, իսկ նախընտրական արշավում ունի ուժեղ մրցակիցՙ հանձին Բեննի Գանցի: Ենթադրվում է, որ Նաթանյահուն պատրաստվում էր հարձակվել Իրանի միջուկային զինապահեստների վրա, տարածաշրջանում մի նոր պատերազմ հրահրելու հեռանկարով, այն պատճառաբանությամբ, որ Թեհրանի համար Իսրայելը ավելի մոտիկ ու հեշտ թիրախ է, քան Վաշինգտոնը: Այնպես որ, կարելի է ասել, թե Մ. Նահանգների պատերազմի հրձիգները իրենց վրա վերցրեցին կացությունը փրկելու կամ վերահսկելու պատասխանատվության բեռը: Այս մասին, իհարկե, շատ չի շրջանառվում լրատվամիջոցներում:

Միջազգային հանրության հակազդեցությունը միանշանակ չէր: Նույնիսկ Ամերիկայի ամենամոտիկ դաշնակիցըՙ Բրիտանիան, պահպանելով հանդերձ զորակցությունը Վաշինգտոնին, մտահոգություն հայտնեց հետեւանքների վերաբերյալ: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան , զսպվածության կոչ անելով, կատարվածը բնութագրեց որպես «ցինիկ մեքենայություն»: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորհուրդ տվեց կողմերին խուսափել իրավիճակի թեժացումից:

Չինաստանի հակազդեցությունը մեղմ էր: Արտգործնախարարը պարզապես բարձրաձայնեց ՄԱԿ-ի զգուշավոր մոտեցումը: Լսվեց նաեւ Երեւանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Մ. Նահանգների, այնպես էլ Իրանի հետ: Բարձրաստիճան պաշտոնյաները հատուկ նիստ գումարեցին եւ երկրի զինված ուժերը զգաստ վիճակում պահեցին:

Գերմանիայի Անգելա Մերկելը որոշեց ուղեւորվել Մոսկվա, հավանաբար նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությունը հայցելու համար, քանի որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի եւ Միջին Արեւելքում նրա թշնամիների (ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը) հետ:

Նման խառնաշփոթ ժամանակներում է, որ անակնկալ մեքենայություններ հաճախ տեղի են ունենում, իսկ Թուրքիան միշտ պատրաստ է միջազգային արկածախնդրություններիՙ հանուն մի քանի քար ավելացնելու իր օսմանյան ծրագրերին:

Չնայած Թուրքիան եւ Ռուսաստանը համագործակցում են Սիրիայում, եւ Անկարան, ի հեճուկս Վաշինգտոնի, համարձակվում է գնել ռուսական S-400 պաշտպանական հրթիռային համակարգեր, երկու երկրները պատմականորեն մրցակիցներ են եղել տարածաշրջանում Իրանի հարցում, եւ այդ մոտեցումը շարունակվում է մինչ այսօր: Թուրքիան իր ուժերն է կենտրոնացնում Ադրբեջանում, մասնավորապես Նախիջեւանում, մի բան, որ ունի իր ճյուղավորումները տարբեր ուղղություններով:

Որեւէ դիտորդ կարող է նկատել, որ Թուրքիայի նման քայլը ինքնանպատակ է եւ ծառայում է լոկ իր շահերին: Բայց Ռուսաստանը դրան նայում է իր պատմական կոնտեքստում, իսկ ՆԱՏՕ-ի ծրագրերը մշակողները գտնում են, որ դա երկակի խաղ է, քանի որ Թուրքիայի ներկայությունը այնտեղՙ Իրանի շեմին, մի կողմից ձեռնտու է իրենց, որպես դաշնակցի, իսկ մյուս կողմից ծառայում է Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակելուն:

Այս բոլորի լույսի ներքո, Կրեմլի հավաստիացումները, որ կկրկնապատկի Գյումրիի իր ռազմաբազային մարտունակությունը, այնքան էլ ցնծության առիթ չպետք է լինի, քանի որ դրա նշանակությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հայաստանի պաշտպանությունն է: Պատերազմական իրավիճակի պարագայում դրա առկայությունը երկիրը (Հայաստանը) առաջնային թիրախ է դարձնում տարածաշրջանային խաղի մասնակիցների համար:

Մինչ համաշխարհային լրատվության ուշադրությունը կենտրոնացած է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ թշնամական հարաբերությունների համեմատական սառեցման վրա, Թուրքիայի հաջորդ մեքենայությունը նրան դարձյալ Կիպրոս է հասցրել: Բավական չէր, որ ինքնիշխան պետության տարածքի 38 տոկոսին տարիներ շարունակ գրավյալ է պահում, Թուրքիան այժմ էլ իրավական պահանջ է ներկայացնում տիրանալու այդ նույն տարածքի արեւելյան առափնյա մասում գտնվող նավթի եւ գազի պաշարներին: Նա նաեւ մտադիր է ռազմակայան կառուցել Կիպրոսում:

Մյուս կողմից Օսմանյան կայսրության վերականգնման մարմաջը նրան տարել է Լիբիա, որն այժմ, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուժերը կործանեցին երկրի կայուն կառավարությունը, դարձել է զոհը պատերազմի հրձիգների եւ որջըՙ իսլամիստ ծայրահեղական զորքերի:

Լիբիան մինչեւ 1912 թվականը, երբ անցավ Իտալիայի տիրապետության տակ, մաս էր կազմում Օսմանյան կայսրության: Այժմ Անկարան ցանկանում է տիրանալ նաեւ այդ տարածքի գազի ու նավթի պաշարներին: Այդ նպատակով Թուրքիան զորք է ուղարկում Տրիպոլիՙ պաշտպանելու համար հակառակորդ խմբավորումներից մեկին եւ նրա հետ համաձայնագիր կնքելուՙ նախքան, որ այդ երկիրը վերակազմավորվիՙ խմբավորումների միավորման հետեւանքում: Թուրքիան սիրում է պղտոր ջրում ձուկ որսալ:

Սեթ Ջ. Ֆրանցմանը «Ջերուսալեմ փոստի» հունվարի 1-ի համարում գրել էր. «Թուրքիայի արկածախնդրության ետեւում ռազմական ուժն ու քաղաքական կամքն է: Անկարան իր նավատորմն էր ուղարկել (ի ցույց տալով իր դրոշն ու հզորությունը) հորատումներ կատարելու Կիպրոս կղզու շուրջ: Թուրքիան ստորջրյա հրթիռներ ունի, բայց նաեւ նոր հորատող նավեր է գնում: Կիպրոսը կարծում էր, որ առաջ է անցել այդ հարցում պայմանագրեր ստորագրելով 2003-ինՙ Եգիպտոսի, 2007-ինՙ Լիբանանի եւ 2010-ինՙ Իսրայելի հետ, բայց Թուրքիան այժմ մարտահրավեր է նետում»: Թուրքիան նաեւ Հունաստանին է զայրացնում պնդելով, որ իր առափնյա հորատման իրավունքներն ավելին են, քան հունական կղզիներինը:

Նախագահ Թրամփն զգուշացրել էր Թուրքիային, որ զորք չուղարկի Լիբիա, բայց նրա զգուշացումները, ինչպես քրդերին չսպանելու իր նախորդ զգուշացումները, ոչ մի արժեք չունեն: Եգիպտոսն իր նավատորմը կազմ ու պատրաստ վիճակում է պահում, բայց եգիպտական բանակը չի կարող մրցել թուրքականի հետ: Մ. Նահանգները, ճիշտ է, զինում է իր դաշնակիցներին, նրանց թվում նաեւ Եգիպտոսին, բայց միայն այն աստիճան, որ հնարավոր լինի վախեցնել տարածաշրջանային իրենց թշնամիներին, բայց ոչ երբեք գերազանցի Իսրայելի ռազմական հզորությանը Միջին Արեւելքում:

Էրդողանը նաեւ մեկ այլ արկածախնդրությանն է հետամուտ լինում, որն ունի միջազգային ենթատեքստ: Փորձելով վերակենդանացնել օսմանյան երազանքը, նա ձգտում է գերազանցել Աթաթուրքի ժառանգությունը եւ Թուրքիային պարգեւել համաշխարհային նվաճումների դափնեպսակը: Ստամբուլի նոր միջազգային օդանավակայանից եւ նոր կամուրջից հետո, նա ծրագրում է կառուցել «կանալ Ստամբուլը», որն անցնելուէ Բոսֆորի նեղուցին զուգահեռ, ըստ հաղորդագրություններիՙ թեթեւացնելու համար Բոսֆորի ծանրաբեռվածությունը: «Կանալի» կառուցման նախնական արժեքը գնահատվում է 20-ից մինչեւ 75 միլիարդ դոլար: Նախագիծը, որ բացի ներքին խոչնըդոտներից, ունի նաեւ միջազգային ենթատեքստեր, ուժգին քննադատության է ենթարկվել ընդդիմադիրների կողմից: Հարցն այն է, որ Բոսֆորում առեւտրանավերի եւ ռազմանավերի անցումը կանոնակարգվում է 1936-ին կնքված Մոնտրոյի կոնվենցիայով: Նոր «կանալի» կառուցման պարագայում խնդիր է առաջանալու վերանայելու այդ պայմանագիրը, որն իր հերթին խնդիրներ է առաջացնելու այդ կոնվենցիան ստորագրած բոլոր երկրների համար: Որոշ դիտորդների կարծիքով դա կարող է սրել ռուս-թուրքական հարաբերությունները եւ անգամ հասցնել հակամարտության:

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ժամանակին ասել էր, որ Օսմանյան կայսրության հպատակ ազգաբնակչությունը իդիլիական (խաղաղ, անվրդով) հարաբերությունների մեջ էր իրեն տանջող իշխանությունների հետ: Էրդողանը նույն կարծիքին է: Իրականում, այդ արյունահեղ իշխանությունը ամեն ինչ էր բացի իդիլիական լինելուց: Դա կեղտոտ անեծք էր Միջին Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի բոլոր ժողովուրդների համար, եւ դրա վերակենդանացումը ոչ մի լավ բան չի կարող խոստանալ:

Թարգմ. ՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ