RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հետևեք կարանտինի օրենքներին

#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



Տեղադրվել է` 2020-01-16 22:43:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3835, Տպվել է` 203, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻԲԻԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Պարզապես իրար հետեւից ձախողվում են թուրքական նախաձեռնությունները, պատճառելով Էրդողանին նորանոր հիասթափություններ

2019 թ. հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ սկսած «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում 22-ին վերջ գտան: Թեեւ քրդական ուժերը 32 կմ հեռացան թուրքական սահմանից, սակայն նրանց ազատած տարածքն անցավ ռուսական զորքերի եւ նախագահ Բաշար Ասադի բանակի վերահսկողության տակ: Այսպիսով ի չիք դարձան «անվտանգ» գոտին Իրաքի սահմանից մինչեւ Մանբիջ ձգելու, ապա Արեւելյան Սիրիան ամբողջությամբ գրավելու Էրդողանի հաշվարկները:

Մինչ թուրքական քաղաքական եւ հասարակական շրջանակներն այդ արկածախնդրության համար անխնա քննադատում էին Էրդողանին, հարցնելովՙ թե ի՞նչ շահեցինք այդ գործողություններից, ահա նոյեմբերի 27-ին Ստամբուլում Թուրքիան «անվտանգության եւ ռազմական համագործակցության» համաձայնագիր ստորագրեց Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության հետ, որը գլխավորում է Ֆաիզ ալ-Սարաջը, ինչպես նաեւ հուշագիրՙ ծովային տնտեսական գոտիների սահմանազատման մասին: Ակամա հարց է ծագում. ինչո՞ւ համաձայնագիր, այլ ոչ թե պայմանագիր: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ Լիբիայում երկիշխանություն է: Ալ Սարաջի կառավարությանը զուգահեռ Բենգազիում էլ գործում է Աբդալլահ Աբդուրահման ատ-Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը վայելում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆե Խաֆթարի աջակցությունը: Բացի այդ, Լիբիայի խորհրդարանը գտնվում է ոչ թե Տրիպոլիում, այլ Բենգազիում, այսինքն այն հատվածում, որը վերահսկում է Խաֆթարը, իսկ պայմանագիրը, ի տարբերություն համաձայնագրի, ենթադրում է խորհրդարանի պարտադիր հաստատում:

Խաֆթարը ստորագրման պահից անվավեր է ճանաչել Էրդողանի նախաձեռնությամբ ալ-Սարաջի հետ ստորագրված համաձայնագիրն ու հուշագիրը: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն այդ հարցում պաշտպանել են Խաֆթարին:

Աջակցության, ինչպես նաեւ ռազմածովային բազա ստանալու ակնկալիքով Էրդողանը մեկնել է Թունիս, իսկ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլունՙ Ալժիր, բայց ապարդյուն: Այս երկու երկրներն էլ պահանջել են, որ Թուրքիան չխառնվի Լիբիայի ներքին գործերին: Այդ առումով Էրդողանին անձամբ զգուշացրել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը , մատնանշելով, որ զերծ մնա Լիբիայում քաղաքական զարգացումների մեջ խորանալու գայթակղությունից:

Հատկանշական է, որ բացի արաբական երկրներից Խալիֆե Խաֆթարին են պաշտպանում Ֆրանսիան, Իտալիան, հավանաբար նաեւ Գերմանիան, Հունաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը: Քանի որ նշված երկրներից Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունն անմիջականորեն ներգրավված են Արեւելյան Միջերկրականի նավթի եւ բնական գազի պաշարները շահագործելու նախագծում, իսկ հորատման աշխատանքները, որոնց մասնակցում է նաեւ Եգիպտոսըՙ Իսրայելի գլխավորությամբ, ուստի Խաֆթարին պետք է պաշտպանի նաեւ Իսրայելը: Վերջինի պարագայում խնդիրը Եվրոպական Միության երկրների աջակցությունը վայելող նշված նախագիծն է: Դա արժանացել է նաեւ Թրամփի հավանությանը, այն հաշվով, որ նախագծի իրագործումը կթուլացնի ԵՄ-ի երկրների կախվածությունը ռուսական գազից ու նավթից: Չնայած դրան, նախագծին հավանություն է տալիս նաեւ Ռուսաստանը, ըստ ամենայնի Արեւելյան Միջերկրականում ծավալվող գործընթացներին ակտիվորեն ներգրավվելու առաջադրանքով:

Ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիան արդեն սոսկ դուրս չի մնացել այդ գործընթացներից, այլեւ օտարվել է տարածաշրջանի երկրներից: Նա ավելի քան 10 տարի դեսպան չունի Սիրիայում, Իսրայելում եւ Եգիպտոսում: Նրա հարաբերությունները չափազանց լարված են Սաուդյան Արաբիայի եւ առհասարակ արաբական բոլոր երկրների հետ, բացառությամբ Քաթարի, ինչը, թերեւս, մեծապես պայմանավորված էր «Մուսուլման եղբայրների» հանդեպ Էրդողանի անզուսպ հակումներով, առավել եւս դրանց տարբեր երկրներում իշխանության բերելու ձեռնարկումներով: Նա դեռեւս 2011-ին փորձել էր այդ բանն անել Սիրիայում, եւ թերեւս այդ էր պատճառը, որ Դամասկոսի Օմայյան մզկիթում նամազ անելու հույսեր էր փայփայում:

Էրդողանի հույսերը չարդարացան, ավելինՙ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված թուրք զինվոները սկսել են ապաստանել Ալ Բաբի ռուսական դիրքերում: Իդլիբում թուրքական զորքերն ունեն 12 դիտակետ, ու քանի որ Բաշար Ասադի ուժերը պաշարել են դիտակետերը, ուստի դրանց անվտանգությունը ռուսական ռազմական ոստիկանությունն է ապահովում: Այս ամենը «Խաղաղության աղբյուր» գործողությունների անփառունակ ավարտի ցայտուն վկայությունն է: Չի բացառվում, որ նույն արդյունքին հանգի Տրիպոլիի կառավարության հետ ստորագրված «անվտանգության եւ ռազմական համագործակցության» համաձայնագիրն ու ծովային տնտեսական գոտիների սահմանազատման մասին հուշագիրը:

Էրդողանն այս հուշագիրը պայմանավորում է Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի եւ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» «ոտնահարված իրավունքները» վերականգնելու առաջադրանքով, դիտարկելով հուշագրից բխող նավթի ու գազի որոնման եւ հորատման աշխատանքները, որպես այլընտրանք Իսրայելի ու Եգիպտոսի մասնակցությամբ Հունաստանի եւ Կիպրոսի իրականացրած վերոհիշյալ նախագծին: Բայց ինչպե՞ս: Էրդողանի նախանշած թուրքական ծովային գոտին անցնում է Կիպրոսի հյուսիսով եւ Կրետե կղզու հարավով, իսկ Տրիպոլին, որի հեռավորությունը Թուրքիայից ավելի քան 2 հազար կմ է, գտնվում է Լիբիայի արեւմուտքում, Թունիսին սահմանամերձ հատվածում: Այդ իսկ պատճառով էլ երկու գոտիների շփման գիծը չափազանց կարճ է:

Այդ գոտիների շահագործման արդյունավետությանը ենթադրում է Թուրքիայի համագործակցությունն առնվազն Թունիսի եւ Ալժիրի հետ, իսկ վերջիններս կտրականապես դեմ են դրան: Դրա հետ մեկտեղ Տրիիպոլիի ազգային համաձայնության կառավարությունը, որ մինչ Թուրքիայի հետ գործարքը, վերահսկում էր երկրի տարածքի 20 %-ը, ներկայումս դա, Խաֆթարի 60 հազարանոց բանակի առաջխաղացման հետեւանքով կրճատվեց 6 %-ի: Այդ ընթացքում մարշալ Խաֆթարին հաջողվեց գրավել Սիրտե քաղաքն ու պաշարել Տրիպոլին, անելանի վիճակի մեջ գցելով ազգային համաձայնության կառավարությանը:

Այդ էր, թերեւս, պատճառը, որ ալ-Սարաջը դեկտեմբերի վերջերին շուտափույթ ռազմական օգնության խնդրանքով դիմեց Էրդողանին: Օգնության պարագային խնդիրը զենքն ու զինամթերքը չէր, չնայած զենքի տրամադրումը Լիբիա արգելելու ՄԱԿ-ի որոշմանը, Թուրքիան դրանք ալ-Սարաջի կառավարությանը տրամադրում էր նախքան ռազմական համագործակցության համաձայնագիրը, ուղարկելով միաժամանակ Սիրիայից գրոհայիններ : Հետեւաբար խոսքը Տրիպոլի թուրքական զորք, ռազմանավեր, ռազմաօդային ուժեր ուղարկելու մասին էր: Էրդողանն արձագանքելով օգնության խնդրանքին, ասաց. «Եթե մեզ հրավիրում են, ապա մենք կգնանք: Թուրքիայի եւ կիպրացի թուրքերի շահերը պահանջում են, որ Տրիպոլիում իշխանության դեկին մնա ալ-Սարաջի կառավարությունը»:

Ավելինՙ նա արտերկիր զորք ուղարկելու թույլտվության պահանջով դեկտեմբերի 30-ին դիմեց Թուրքիայի ազգային մեծ ժողով` Մեջլիսին, որը հունվարի 2-ին «Արդարություն եւ բարգավաճում», ինչպես նաեւ Ազգայնական շարժում կուսակցությունների կողմ ձայներով հաստատեց դիմումը: Ժողովրդա-հանրապետական, Ժողովուրդների դեմոկրատական եւ «Լավ» կուսակցությունները ոչ միայն դեմ քվեարկեցին, այլ պահանջեցին Էրդողանից բացատրել, թե ի՞նչ գործ ունեն թուրքական զորքերը Լիբիայի անապատներում, ե՞րբ են ուղարկվելու, որքա՞ն ժամանակով, ինչպիսի՞ թվակազմով եւ առաջադրանքով: Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուն նույնիսկ առաջարկեց Լիբիա զորք ուղարկելու փոխարեն հակամարտող կողմերի միջեւ հրադադար հաստատելու հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու խնդրանքով դիմել ՄԱԿ-ին, կապ հաստատել նաեւ երկիրը գրեթե ամբողջությամբՙ ավելի քան 90 %ով վերահսկող Խաֆթարի հետ:

Էրդողանն առաջարկին ի պատասխան ասաց, որ Քըլըչդարօղլուն բացարձակ չի հասկանում միջազգային հարաբերություններից, Խաֆթարին անվանեց իշխանության բռնազավթիչ եւ ահաբեկիչ, իսկ վերջինի բանակինՙ հրոսակախումբ, ընդգծելով, թե ինքն արդեն կապի մեջ է միջազգայնորեն ճանաչված ալ-Սարաջի օրինական կառավարության հետ: Ի դեպ ՄԱԿ-ը ոչ թե ճանաչել է այս կառավարությանը, այլ ընդամենն ընդունել նրա ճանաչման դիմումը: Ընդդիմությունը փորձեց Էրդողանին ետ պահել նոր արկածախնդրությունից, իսկ նա ստացած լինելով Մեջլիսի թույլտվությունը նախ ահաբեկչական նոր խմբավորումներ ուղարկեց Տրիպոլի,փաստորեն համալրելով 70 %-ը այլազգի վարձկաններից կազմված Տրիպոլիի բանակը, ապա նաեւ հատուկ նշանակության 70 հոգանոց զորախումբՙ կորպուսի գեներալի հրամանատարությամբ: Այնուհետեւ Թուրքիայի նախագահը ձեռնամուխ եղավ ռազմանավեր եւ ռազմական ինքնաթիռներ ուղարկելու նախապատրաստության:

Էրդողանի ձեռնարկումներն էլ ավելի շիկացրին Թուրքիայի ներքաղաքական կյանքի առանց այդ էլ ընդդիմության հետ փոխադարձ մեղադրանքներով շիկացած մթնոլորտը: Այդ ընթացքում Արաբական լիգան արտակարգ նիստում դատապարտեց Լիբիայի զարգացումներին արտաքին միջամտության ամեն մի դրսեւորում: Կահիրեում հրավիրվեց արաբական երկրների արտգործնախարարների խորհրդակցություն, Եգիպտոսը Թուրքիայի միջամտությունը կասեցնելու կոչով դիմեց միջազգային հանրությանը, եգիպտական ռազմանավերը Լիբիայի ափերում զորավարժություններ անցկացրին, սահմանելով միանգամայն հունական նավերի հետ համատեղ պարեկություն: Սակայն Էրդողանը մնաց անդրդվելի, բայց մինչեւ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ստամբուլ:

ՌԴ նախագահը Ստամբուլ այցելեց հունվարի 8-ի «Թուրքական հոսք» գազատարի գործարկման մեկնարկը տալու նպատակով : Սակայն մինչ այդ նա ուղեւորվեց Դամասկոս, որտեղ նախագահ Ասադի ուղեկցությամբ եղավ Օմայյան մզկիթում: Թուրք քաղաքական մեկնաբանները խիստ խորհրդանշական համարեցին մզկիթ այցելու հանգամանքը, մատնանշելով, թե նախագահ Պուտինը դրանով կանխորոշեց Էրդողանի դերակատարության ավարտը Սիրիայում: Ինչպես երեւում է, Լիբիայում հակամարտող կողմերի միջեւ հրադադար հաստատելու նախաձեռնությամբ Պուտինն էլ սպառելու է նաեւ ալ-Սարաջի կառավարությանն աջակցելու պատրվակով Տրիպոլում «Մուսուլման եղբայրներին » իշխանության ղեկին պահելու, ինչպես նաեւ ծովային գոտիները սահմանազատելու մասին հուշագիրով Արեւելյան Միջերկրանում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու Էրդողանի դիրքորոշումը:

Հունվարի 8-ին Ստամբուլում նախագահ Պուտինը Էրդողանին առաջարկեց Լիբիայում հրադադար հայտարարելու կոչ անել հակամարտող կողմերին: Առաջարկի ընդունումից հետո հունվարի 12-ը նշանակվեց հայտարարման օր: Ենթադրվում էր, որ ալ-Սարաջի ազգային համաձայնության եւ աթ-Թանիի ժամանակավոր կառավարությունները կընդունեն հրադադարի առաջարկը: Թերեւս մնում էր համոզել մարշալ Խաֆթարին: Այդ պարտականությունը, Չավուշօղլուի դիպուկ արտահայտությամբ իր վրա էր վերցրել ռուսական կողմը, խոստանալով թուրքերին, թե կհամոզի: Ստանալով հակամարտող կողմերի համաձայնությունը, հունվարի 13-ին Մոսկվայում հրավիրվում է հանդիպում, որին մասնակցում են նաեւ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակությունը թուրքականի հետ մշակում է հրադադարի պայմանագրի նախագիծ: Ալ Սարաջն ստորագրում է նախագիծը, իսկ Խալիֆա Խաֆթարը նախագիծն ուսումնասիրելու համար մինչեւ առավոտ լրացուցիչ ժամանակ է պահանջում, իսկ առավոտյան իր պատվիրակության հետ վերադառնում է Թոբրուք: Ճիշտ է, Ռուսաստանի ճնշման տակ նա ստիպված հայտարարում է, որ իրեն երկու օր էր հարկավոր, այնուամենայնիվ հրադադարի պայմանագրի ստորագրման ռուսական նախաձեռնությունը, թեկուզ ժամանակավոր, ձախողվում է: Էրդողանը այս փաստի առնչությամբ հայտարարեց. «Իշխանության բռնազավթիչ Խաֆթարը առանց ստորագրելու թողեց փախավ, մնացածն արդեն նախագահ Պուտինի գործն է»:

Նա այդ հայտարարությամբ հանձնելով ողջ պատասխանատվությունը Ռուսաստանին, ակամա ընդունում է Լիբիայի ճգնաժամում Թուրքիայի դիրքերի սպառումը, ինչն Էրդողանի տեսանկյունից հերթական ձախողում է նշանակում: Մանավանդ որ Խաֆթարը, ինչպես հետո պարզվեց, առարկել է նախագծի հրադադարի պահպանման հսկողությունը Թուրքիային հանձնարարելու կետին եւ պահանջել է, որ նախքան պայմանագրի ստորագրումը օտարերկրյա բոլոր զինծառայողները դուրս բերվեն Լիբիայից: Ի դեպ, վերոհիշյալ հանդիպումից մեկ օր առաջ Մոսկվա էր այցելել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, քննարկելու Պուտինի հետ հունվարի 19-20-ին Բեռլինում նախատեսվող Լիբիայի ճգնաժամին նվիրված կոնֆերանսին առնչվող խնդիրները: Դա Գերմանիայի հետ համատեղ ջանքերով կազմակերպելու է Ռուսաստանը: Քննարկումներում որոշվել է հակամարտող կողմերից բացի հրավիրել նաեւ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Անգլիային, Իտալիային եւ Չինաստանին:

Ինչ խոսք, կհրավիրվի նաեւ Թուրքիան, բայց դիտորդի կարգավիճակով, ինչը Էրողանի համար կհանդիսանա հիասթափության նոր աղբյուր: Գուցե նա դրանով վերջապես կհասկանա եւ կհրաժարվի մեծ տերությունների ղեկավարների հետ ոտք մեկնելու գայթակղությունից: Համենայն դեպս, հաջողության դեպքում Բեռլինի կոնֆերանսն ազդեցության առումով կարող է Ռուսաստանի առջեւ բացել նոր հեռանկարներ Միջերկրականում: Քանի որ դա նվիրված է Լիբիային, իսկ այս երկիրը կենտրոնական Միջերկրականի ափին է, ոչ թե արեւելան, որտեղ ռուսական ազդեցությունը սկսեց տարածվել դեռեւս 2015-ի սեպտեմբերից, երբ Պուտինն որոշեց միջամտել Սիրիայի քաղաքական զարգացումներին, ուստի դժվար չէ կռահել դեպի Արեւմտյան Միջերկրական առաջխաղացման համար Ռուսաստանի առջեւ բացվող հեռանկարի մասին: Ընդ որում Ռուսաստանը Միջերկրականի ավազանի երկիր չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

AZG Daily #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ