RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
2020-09-21 16:07:40Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում
2020-09-21 16:06:48Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
2020-09-21 14:37:26Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



Տեղադրվել է` 2020-01-16 22:43:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 7099, Տպվել է` 224, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐՀԱՑ ԽՆԴԻՐՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկ անգամ չէ, որ նշել ենք, թե իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը բազմաթիվ երկիմաստությունների պատճառով այդպես էլ չդարձավ իրավիճակի լիարժեք կառավարիչ: Նախ եւ առաջ այն պատճառով, որ մեդիա դաշտի մեծ մասը շարունակում են տիրապետել նախկին իշխանությանը մոտ կանգնած մարդիկ: Գաղտնիք չկա այն բանում, որ որեւէ իշխանության գլխավոր զենքը տեղեկատվության տիրապետումն է: Նախկին իշխանությունը, ինստիտուցիոնալ կոռուպցիայով բրգային համակարգին զուգահեռ` մեդիա կայսրություն էլ էր հիմնել, որտեղ գլխավոր խնդիրը ոչ թե պետությանը նեցուկ կանգնելը կամ հանրային շահը սպասարկելն էր, այլ օրվա իշխանությանն ամեն կերպ բացասական կերպարով ներկայացնելուց զերծ պահելը: Ընդ որում` այդ մեդիադաշտի որոշ միավորներ մոլորեցնում էին հանրությանը` հանդես գալով կեղծ ընդդիմադիր դիրքերից եւ այժմ էլ շարունակում են նույն դիրքից առաջվա գործն անել: Այդ «առաքելությունը» կատարողները տարիներով լավագույնս վարձատրվել են, այդ թվում` առարկայական բոնուսներով: Իշխանությունը փոխվեց, սակայն այդ մեդիադաշտն իր միավորներով մնացել է, նա ոչ մի տեղ չի անհետացել, նրա շահառուները շարունակում են մնալ նախկինների տարբեր շերտերը: Եթե այդ մեդիան զուտ ԶԼՄ-ական իր կոչմանը համապատասխան` իրազեկման, կրթական գործառույթ իրականացներ, կարելի էր հանգիստ լինել հանրության համար, սակայն այդ մեդիան արդեն դարձել է ինքնաբավ քաղաքական կողմ, եւ երկրում, որքան էլ տարօրինակ, երկիշխանություն է` քաղաքական իշխանություն եւ չորրորդ իշխանություն կրողներով:

Քավ լիցի, մենք հակված չենք չնկատելու իշխանության սխալները` դրանց մասին բազմիցս խոսել ենք մեր անցյալ հրապարակումներում, բայց ընթերցողին մոլորեցնելով կեղծ իրականության պատրանք ստեղծելը մեզ համար ամենաանդունելի բանն է:

Որ այս պատերազմում սովորաբար տեսականորեն միշտ կարող է գերադաս դիրք ունենալ մեդիան` կարծում ենք կասկածել պետք չէ:

Երեկ Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումներում եւս այս մասին խոսվեց, որտեղ նաեւ պարզ դարձավ մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների նոր կարգավորումերի ուղղվածությունը` հեռուստաընկերությունների լիցենզավորման ավելի խիստ պահանջներ են սահմանվելու նոր պատրաստվող օրենսդրությամբ, որոնց կարող են չբավարարել հեռուստաընկերություններից շատերը, օրակարգում է նաեւ ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկության հարցը: Կառավարության նիստից էլ պարզ դարձավ, որ աուդիտ է իրականացվելու հեռուստագովազդ չափող ընկերությունում, որի չափումների արդյունքում գովազդի գումարները բաշխում էր բաշխող ըներությունը` զույգ ընկերություններին տիրապետողների քիմքին համապատասխան: Ակնկալվում է գովազդային դաշտի ազատականացումը: Այս բոլորը պետք է արձանագրվեն օրենսդրական փոփոխություններում, որոնք պետք է իրականացվեն մինչեւ ամառ, երբ մուլտիպլեքսի հանրային տիրույթի հեռարձակման մասնակցության նոր մրցույթ կհայտարարվի: Դա միգուցե եւ ճիշտ է, եւ վարչապետ Փաշինյանի ասած «Կոռուպցիա գրուպ» հեռուստաընկերություններին կստիպի ավելի թափանցիկ աշխատել, մանավանդ` ֆինանսական աղբյուրների բացահայտումը եւս օրենսդրությամբ պարտադրվելու է: Բայց մտահոգություն, այնուամենայնիվ, կարող է լինել` հանկարծ թացն էլ չորի հետ ոտքի տակ չգնա: Համենայնդեպս այս գործընթացում պատկերացումների տարբերություն եւ դիմակայություն նկատվեց լրագրողական կազմակերպությունների ղեկավար Աշոտ Մելիքյանի , Բորիս Նավասարդյանի , ՀՌԱՀ տնօրեն Տիգրան Հակոբյանի եւ անգամ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրության բարեփոխմանը նվիրված լսումները կազմակերպած Աժ հանձննաժողովների նախագահների ելույթներում, իսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը խոստովանեց` ոլորտի օրենդրական կարգավորումները դիմակայության են արժանանում: Այո, ոլորտը դժվար կարգավորելի է, եւ առիթի դեպքում ավելի կմանրամասնենք պրոբլեմները:

Ինչու է աղմկում Վանեցյանը

Մենք կրակն ենք ընկել ԱԱԾ նախկին տնօրենների ձեռքը: Այ մարդ, ողջ աշխարհում հատուկ ծառայությունների աշխատակիցները պարտավորություն են ստորագրում` երեսուն տարի չխոսել, քանի որ այդպես է պահանջում անվտանգության հայեցակարգերի մի կարեւոր բաղադրիչը: Մեր մոտ հակառակն է` ԱԱԾ նախկին տնօրենները խոսում ու խոսում են, խոսում ու խոսում են, ընդ որում` բացառապես ընդդիմադիր դառնալուց հետո: Անվտանգության ոլորտ ներկայացնողի (անվտանգության նախկին պաշտոնյա չի լինում` եթե տիրապետած տեղեկությունները ծավալը նկատի առնենք) ընդդիմադիրը ո՞րն է, անվտանգության աշխատողները, հատկապես կադրային սպայի ուսադիրները կրողները, մի կանխավարկածից, մի պատուհանից պետք է նայեն մարտահրավերներին, ըստ այդմ` մշտապես կապի մեջ լինեն ու օգնեն պետության անվտանգության գործին: Չէ, մերն ուրիշ է, նախկին մեկը, պարզվում է, ոնց ուղնուծուծով քաղաքական գործիչ եղել է, այդպես էլ մնացել է, այդ թվումՙ ԱԱԾ պետ եղած ժամանակ, եւ այժմ ինչ գիտի-ինչ չգիտի` խոսում է: Մյուսն էլ, Վանեցյանը, անընդհատ սպառնում է` այ կխոսեմ, այ քաղաքական գործիչ կդառնամ: Երկրի անվտանգությության մասին բամբասանքի մակարդակով շատախոսությունը սարքել եք ձեր քաղաքական կարիերայի անհրաժեշտ բաղկացուցիչ, ամոթ է, էլի: Երկրի ղեկավարին թիրախավորելը, հարգելի ԱԱԾ նախկին պետ, հակաանվտանգային է, սպառնալիք է հենց պետությանը, անկախ նրանից` սիրում եք այդ ղեկավարին, թե ոչ, չգիտեիք` իմացեք, իսկ թե նախապես դրա համար էիք պաշտոն ստանձնում` սա էլ ձեզ բուծողների խղճին է: Չնայած մեր տիպի երկրներում ամեն տեսակի սցենարներ էլ հնարավոր են` նայած խաղարկողների, ու արտահոսքը, թե Վանեցյանն ու ներկա իշխանությունը պայմանավորված են խաղում` է, որպես վարկած նույնպես տեղ ունի: Բոլոր դեպքերում Վանեցյանի պերմանենտ խոսամոլության շարժառիթը հանրությանը հասկանալի չէ, նրան թերթի կամ անհամարժեք պատասխանողի միջոցով հակադարձելը`անընդունելի, իսկ անվտանգության գաղտնիքներին տիրապետողի մուտքը քաղաքականություն` դատապարտելի:

Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները

Այն ինչ չհաջողվեց Սերժ Սարգսյանին` հաջողվում է Վլադիմիր Պուտինին. վերջինս իր կառավարման ավարտից երեք տարի առաջ արդեն պատրաստում է իր իշխանության հանձնումը իրեն հարմար մարդկանց եւ շրջանակների`մտադիր լինելով սահմանադրական փոփոխություններով փաստացի ուժեղացնել նախագահի ինստիտուտը, միաժամանակ օրենսդրական մարմնին ֆորմալ առումով ավելի մեծ լիազորություններով օժտելով: Ինչու չհաջողվեց դա մեզ մոտ, բայց հաջողվում է Ռուսաստանում` պատճառները տարբեր են, Ռուսաստանն ավելի ամբողջատիրական երկիր է, միեւնույն ժամանակ` ավելի ռեսուրսաշատ եւ ինքնաբավ: Թեեւ դեռ հայտնի չէ` մեկ մարդու որոշումներով երկրի իշխող կարգում նոր փոփոխությունների նախաձեռնությունը կհանդուրժվի՞, ինչպես երկար տարիներ հանդուրժվել է նրա մենիշխան կառավարումը, թե՞ տարբեր ինքնակազմակերպվող քաղաքական եւ տնտեսական խմբերի դիմակայությանը կարժանա: Կապրենք,կտեսենք: Առայժմ Պուտինն անսպասելիությամբ շշնեցրել է իր քաղաքական հակառակորդներին` ՌԴ Պետդումային ուղղված իր հերթական ուղերձում առաջարկելով սահմանադրական փոփոխություններ անել: (Այս մասին ավելի մանրամասն կարդալ Մոսկվայից մեր թղթակցի նյութում: Էջ 4):

Պուտինն այսպիսով փորձում է առաջ ընկնել ժամանակից` ինքը դառնալով Ռուսաստանում հրամայական փոփոխությունների գեներատորը եւ թույլ չտալով իր պաշտոնավարման ավարտին սպասվելիք ընդդիմադիր շրջանակների հարվածներով թուլացնել իր իշխանությունը: Կընդունի՞ բազմամիլիոն Ռուսաստանը մեկ մարդու պատկերացրած` պետության կառուցվածքների լիազորությունների վերաբաշխման, ըստ էության ՌԴ ներկայիս իշխանության հետագա վերարտադրության նախաձեռնությունը, մանավանդ երբ պարզ կլինի, թե ինչ պաշտոնի է հավակնում Պուտինն ինքը` իր գծած սխեմայում, կապրենք-կտեսնենք: Համենայնդեպս` նա արդեն պաշտոնաթող Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել է նոր ստեղծվելիք Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե քարտուղարն էլ ինքն է լինելու, նշանակում է` երկուսն էլ առանցքային դերակատարներ են մնում դեռ երկար ժամանակ:

Այն, ինչ Ռուսաստանում հիմա անում են, Հայաստանում հնարավոր չեղավ` նախկին իշխանության բազմաթիվ դեմքերի անհագ ախորժակի, մինչեւ ուղնուծուծը կոռուպցիայի մեջ թաղված լինելու, փոխվելու ոչ մի ցանկություն ցույց չտալու, ժողովրդի համբերության պաշարը սպառելու եւ Սերժ Սարգսյանի`վարչապետ դառնալու սխալ որոշման պատճառով: Իսկ թե ինչ անդրադարձ կունենա Ռուսաստանում տեղի ունեցողը Հայաստանի վրա` ակնդետ հետեւելու բան է:

Մանավանդ` Հայաստանում եւս կարծես մտադրություն ունեն հետողորմյա անել եւ ուժեղացնել նախագահի ինստիտուտը` համենայնդեպս այդպիսի խոսակցություն կա, եւ նոր ստեղծվելիք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ձեւավորելու է պետության կառույցների լիազորությունների բաշխման նոր մոտեցումներ: Անգամ խորհրդարանական կառավարման մեխանիզմը Հայաստանի համար վաղ լինելու կարծիքներ են հնչում: Սակայն սահմանադրական փոփոխությունները որպես կոստյում կարելու նախկին փորձերն այժմ կրկնելը մեծագույն սխալ կլիներ, հատկապես եթե նախագահի ինստիտուտն ուժեղացվում է որոշակի մարդու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ