RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-01-16 22:43:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 5447, Տպվել է` 198, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կամՙ «հալալ» եւ «հարամ» փողեր

Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում բնավ ամոթ չի համարվում հետաքրքրվել ընկերոջ, բարեկամի, նույնիսկ նոր ծանոթացած մարդու աշխատավարձի չափով: Ամերիկայում, օրինակ, ոչ ոք չի համարձակվի նույնիսկ հարազատ մարդուն հարցնել, թե որքան է աշխատավարձը կամ, ինչպես ամերիկահայերն իրենք են ասումՙ «որքա՞ն դրամ կը շինես»: Դա խիստ անձնական, ինտիմ հարց է այնտեղ: Իսկ Լիբանանում, որտեղ անցկացրել եմ իմ երիտասարդության տարիները, մարդիկ միմյանց այդ հարցը չեն տա, որովհետեւ գիտեն, որ դիմացինը ստացած աշխատավարձի կրկինը կամ եռապատիկը պիտի ասիՙ որքան շատ ես ստանում, այդքան կարեւոր մարդ ես սկզբունքով: Մինչդեռ Հայաստանում, հատկապես Սովետի տարիներին, ավելորդ էր նման հարց տալը. ամեն մարդ գիտեր մյուսի աշխատավարձի չափըՙ ըստ մասնագիտության: Դա էլ էր կանոնակարգված, ինչպես ամեն ինչ, ինչպես շնչելն ու արտաշնչելը: Ասենք, այդ օրերին, մարդկանց ոչ այնքան աշխատավարձն էր հետաքրքրում, որքան ստվերային եկամուտը, այսինքն պետությունից գողանալու հնարավորությունը: Այսուհանդերձ հարցնում էինՙ «որքա՞ն ես ստանում»:

Հիշում եմ, այդ օրերին, Երեւան այցելություններիցս մեկի ժամանակ, մայրաքաղաքի շրջաններից մեկի դատախազը, պատկառելի մի կին, ինձ եւ ընկերներիս հրավիրեց Գառնիՙ մատաղ ուտելու: Երբ աչքերի մեջ նայեցի, դատախազուհին չքմեղանքով ասացՙ «Մատաղը իմ հալալ փողով եմ անում»: Այսինքնՙ ոչ մի սրբապղծություն, ոչ մի անմաքուր, «հարամ» բան...

Սովետը գնաց, «հալալն» ու «հարամը» մնացին: Հիմա թեեւ հնարավորություն կա «հալալ» փող աշխատելու, բայց բնավ չէր խանգարի «հարամ» փող էլ ունենալը, թե՛ բիզնեսում, թե՛ ծառայության մեջ: Վերջին բառս վերաբերում է պետական ծառայությանը, պաշտոնին, որին ձգտում են շատ շատերը, ու կձգտեն տակավին այնքան ժամանակ, երբ պետական սեկտորը, իներցիոն մղումով, դեռեւս համարվում է բարեկեցության աղբյուր, հասարակական դիրքի հարթակ, սեփական փոքր կամ մեծ բիզնեսի պաշտպանության կռվան: Պետության փողը, իբր, ոչ ոքի չի պատկանում:

Այս կարծրատիպը դեռեւս կարծր է մնում նաեւ «նոր» Հայաստանում: Երիտասարդների մի հոծ խումբ, թեեւ արդարացիորեն գազազած նախկին կաշառասուն իշխանության հաստատած ու վերահաստատած բարքերի դեմ, սակայն չունենալով որեւէ հմտություն պետական կառավարման ու վարչարարության, գրեթե ողջ ուշադրությունը սեւեռել է նախկինների ստվերային գործունեության վրա, առանց կարողանալու ստեղծել այնպիսի տնտեսություն ու բարքեր, որ մարդիկ, մանավանդ իրենքՙ երիտասարդները, նախընտրեն «հալալ» եկամուտները «հարամ» փողերից, փոխարենն իրենց անգործունեության արդարացումը գտնելով նախկինների մութ գործերի բացահայտմամբ զբաղված լինելու պատճառաբանման մեջ: Մանավանդ որ այդ երիտասարդներից շատերին անձնապես անծանոթ չեն օտարերկրյա տարբեր կազմակերպություններից ստացվածՙ փաստորեն անաշխատ եկամուտներըՙ մատուցած ու մատուցելիք ինչ-ինչ ծառայությունների դիմաց:

Այս կացության դեմ հանդիման երկրի վարչապետին ուրիշ բան չէր մնում եթե ոչՙ զգալի չափով բարձրացնել պաշտոնյաների ու օրենսդիրների «հալալ» եկամուտները եւ, միաժամանակ, որդեգրել պարգեւավճարներով ու բոնուսներով նրանց արդյունավետ կամ անարդյունավետ աշխատանքն ու հավատարմությունը խրախուսելու քաղաքականությունը, միաժամանակՙ «հարամ» փողերով նրանց կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու գործելակերպը: Այսինքն, կաշառքՙ կաշառք չվերցնելու դիմաց: Այսինքնՙ «հարամ» փողերՙ պարգեւավճար անվամբ, որոնցից ոչ ոք, ո՛չ կառավարությունում եւ ոչ էլ Ազգային ժողովում ո՛չ ոք չհրաժարվեց... Արտառոց փաստ:

Ընդունենք, որ սա տարօրինակ, շատ տարօրինակ վարչարարություն է, որը հատկապես նախատոնական օրերին բուռն հետաքրքրություն ստեղծեց եւ դժգոհության լայն արձագանքՙ հասարակական ու քաղաքական տարբեր խավերի մոտ, դժբախտաբար առանց խնդրի բուն էությանը թափանցելու փորձերի:

Ինչ խոսք, մեր չինովնիկներն ու օրենսդիրները, նմանապես դատավորներն ու դատախազները իսկապես պետք է ավելի լավ հագնվեն, ավելի արժանավայել ապրեն: Բայց «վարձատրության» այս ձեւը ո՛չ արդար է, ո՛չ էլ բարոյական: Նախընտրելի կլիներ պարգեւավճարների ու բոնուսների փոխարեն նրանց օրինական աշխատավարձը է՛լ ավելի բարձրացնելՙ գործարքային սկզբունքովՙ նայած նրանց աշխատանքի արդյունավետությանը: Իսկ ավելի նախընտրելինՙ անգլիական ձեւն է, ուր պետական բարձրաստիճան պաշտոնյաները, նույնիսկ վարչապետը, թեեւ համեմատաբար քիչ են ստանում, սակայն ունեն գրավիչ մի շարք արտոնություններՙ բնակարանի, երեխաների խնամքի ու կրթության, բժշկական հոգատարության, արձակուրդային պայմանների, թոշակի եւլն:

Իսկ ինչ վերաբերում է դատավորներին, պարսկահայ բարեկամս վերջերս ապշեցրեց ինձ, երբ պատմեց, թե Իրանում դատավորները բացի աշխատավարձից կարող են օգտվել նաեւ հավելավճարներիցՙ ըստ իրենց ցանկության, ավելի ճիշտՙ ըստ հավելյալ ծախսերի համար ներկայացրած իրենց ցուցակի, որը ենթակա չէ մերժման: Հավանաբար հենց դրա համար էլ Իրանում դատավորները ակնածանքի առարկա են միշտ:

«Հալալը» մի՛շտ է արժանի ակնածանքի, եթե տեղին է եւ արդար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ