RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1976, Տպվել է` 162, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՀԱՆԻՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ ԸՆԴԴԵՄ ԹՐԱՄՓԻ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իրաքը պահանջում է օտարերկրյա զորքերի դուրսբերում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում կոչ է արել համատեղ պատասխան մշակել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» խմբավորման հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության դիմաց:

Նրա խոսքերով, «Սուլեյմանիի սպանությունը եղել է մեծ սխալ, եւ մենք պարտավոր ենք միասնաբար հակազդել անխոհեմ քայլերին: Նախահարձակի գործողություններին ի պատասխան լռելը նրան ավելի համարձակ է դարձնում: Քանի որ Սուլեյմանին մեծ դեր է խաղացել տարածաշրջանում ահաբեկչության դեմ մղվող պայքարում, եւ Դուք (Թուրքիայի նախագահը) հասկանում եք, որ նա իր պարտքն էր կատարում տարածաշրջանի եւ իսլամի հանդեպ»: Մինչդեռ Անկարան չէր լռում: Բայց իրանցի գեներալի սպանությանն ի պատասխան նրա գործողությունները այնքան վճռական չէին, որքան կուզենար տեսնել Թեհրանը: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ իրենք մտահոգ են տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի փոխհարաբերություններում լարվածության աճից: Էրդողանն իր հերթին հայտարարեց, որ չի կարելի անպատասխան թողնել որեւիցե երկրի բարձրաստիճան զինվորական հրամանատարի սպանությունը: Բայց հետագայում ինչպե՞ս կգործի Թուրքիան, չէ՞ որ նա ՆԱՏՕ-ի երկրներից միակն է, որ սահմանակից է Իրանին:

Անկարան լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ, բայց բանը չի հասել դաշնակցային հարաբերությունների խզմանը: Բարդություններ կան Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության եւ քրդերի պատճառով: Էրդողանն էլ իր հերթին խիստ քննադատություններով է հանդես գալիս ԱՄՆ-ի հասցեին: Բայց նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հասցեագրված նրա քննադատությունը ցնցող չէ, քանզի երբեմն նույն կերպ հանդես են գալիս նաեւ Եվրոմիությունը, Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան: Թեեւ Սիրիայի հարցում Թուրքիան դաշն է կնքել Իրանի եւ Ռուսաստանի հետ, բայց ռազմավարական դիրքորոշում չի որդեգրել շահերի տարբերությունների պատճառով: Ճիշտ է, ավելի վաղ Անկարան հանդես էր եկել Թեհրանի հետ հարաբերությունները խորացնելու եւ դրանք դաշինքի մակարդակին հասցնելու օգտին: Դրանում ի հայտ էին գալիս աշխարհաքաղաքական տեխնոլոգիայի տարրեր, այն էՙ որպես միջնորդ հանդես գալ Արեւմուտքի եւ Իրանի փոխհարաբերություններումՙ հեռանկար դարձնելով ԵՄ-ին անդամակցելը, եւ նույնիսկ Իրանի հարաբերությունների բարելավումը Սաուդյան Արաբիայի հետ:

Այժմ իրավիճակը սկզբունքորեն փոխվել է: Թուրքիան Մերձավոր Արեւելքում կորցրել է իր միջնորդական ներուժը: Հիմա Թեհրանն է Անկարային առաջարկում հակաամերիկյան կոալիցիա կազմել, ինչը ենթադրում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է փոխի իր մերձավորարեւելյան ռազմավարությունը: Ավստրալական The Conversation հրատարակության կարծիքով, Մերձավոր Արեւելքը թեւակոխում է նոր փուլ, որը կարող է ենթադրել այսպես կոչված «արաբական գարնան» ընթացքում ծավալված նոր մրցակցությունից Թուրքիայի եւ Իրանի հրաժարում: Թուրքիան իսլամացվում էՙ հրաժարվելով քաղաքական աշխահիկ գաղափարախոսությունից եւ տեղաշարժվում է դեպի նոր ինքնություն, երբ սուննիները ոչ թե շիաների դեմ են, այլ նրանց հետ: Հենց սա է այն պարադոքսը, որն ընկած է Անկարայի եւ Թեհրանի հնարավոր դաշինքի հիմքում: Նրանց վաղեմի աշխարհաքաղաքական մրցակցությունը պայմանավորում է երկու երկրների միջեւ ոչ միայն պարբերաբար ծագող հակամարտությունները, այլեւ ընձեռում է թեկուզ մարտավարական բնույթի համագործակցության հնարավորություններ: Բացի դրանից, երկու երկրները կայսերական անցյալի հարուստ փորձ ունեն:

Ունենալով նման առավելություն, նրանք կարող են արագորեն անցնել հակամարտությունից դեպի համագործակցություն, գրում է ավստրալական հրատարակությունը: Քանի որ այդ երկրների իշխանությունները անհանգստացած են ըմբոստ տարածքների բնակիչների վարքագծից, որոնք կարող են անջատվելու փորձեր անել, նրանք բոլորը շահագրգռված են, որպեսզի կանխվի Քրդստանի ձեւավորումը: Նրանք նաեւ շահագրգռված են, որպեսզի հարեւան երկրների վարչակարգերը չփոխվեն եւ այդ երկրները չտրոհվեն, բացառությամբ այն դեպքերի, եթե միայն հենց իրենք չեն վերահսկում այդ գործընթացը: Նրանք կարող են պատերազմ մղել կամ աջակցել միմյացՙ օժանդակելով ապստամբական շարժումներին, բայց համատեղ նրանք ելնում են ընդդեմ անջատականության եւ անկայունության, երբ դրանք սկսում են հակասել իրենց շահերին: Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանի երկու խոշորագույն ոչ արաբական երկրներն են: Այս առումով նրանք ունեն գաղափարախոսական միասնություն: Եթե նրանց դաշինքը դառնա լիարժեք, ապա Մերձավոր Արեւելքում դրա հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի: Եվ առաջին քայլն արդեն կատարված է, ըստ որումՙ Իրաքում: Այդ երկրի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում կոալիցիայի հետ համաձայնագրի խզման եւ Իրաքից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին:

Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը, Իրաքի խորհրդարանի որոշմանն արձագանքելովՙ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադրություն է հայտնել այդ երկրի դեմ ձեռնարկել շատ խիստ պատժամիջոցներ: «Եթե նրանք իրոք խնդրեն մեզ հեռանալ, ապա նրանց դեմ կձեռնարկենք այնպիսի պատժամիջոցներ, որոնք նրանք երբեք չեն տեսել»:

Նախագահի խոսքերով, Իրաքում ամերիկացիների կառուցած միայն մեկ ավիաբազան ԱՄՆ-ի վրա նստել է մի քանի միլիարդ դոլար: «Մենք չենք հեռանա, եթե նրանք մեզ չվճարեն դրա դիմաց»: Իրաքում կառավարող «Դավա» կուսակցությունում հայտարարել են, որ անթույլատրելի է երկրի տարածքի օգտագործումը Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները պարզելու համար:

Ի դեպ, Իրաքում աշխարհազորայինների ջոկատներից մեկի հայտնի հրամանատար Կայս ալ-Խազալին հունվարի 6-ին հայտարարել է, որ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը կարող են փոխարինել Ռուսաստանը, Չինաստանը եւ այլ երկրներ:

Անհրաժեշտություն կա, որ Բաղդադը վերաձեւի իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, կարծում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Հետագա քայլերը կարող են կապված լինել քրդական հարցի եւ Քաթարի խնդրի առնչությամբ Թուրքիայի եւ Իրանի դիրքորոշումների հնարավոր մերձեցման հետ: Թեհրանը կարող է Անկարայից պահանջել, որ նա իր ռազմակայանները փակի ամերիկացիների ոչ միայն ռազմական, այլեւ փոխադրական ինքնաթիռների թռիչքների համար: Որոշ փորձագետների կարծիքով, ազդանշան կարող է ծառայել Իրանի հավանությունը Լիբիայում Թուրքիայի սկսած գործողություններին: Վերջին տասնամյակում Մերձավոր Արեւելքի պատմությանը հայտնի են աներեւակայելի կոալիցիաներ: Ինտրիգն այն է, թե իրեն ինչպես կպահի Թուրքիան, որի շահերը արդեն դուրս են գալիս տվյալ տարածաշրջանի սահմաններից: Առայժմ հայտնի է այն, որ Վաշինգտոնը ստիպված կլինի բախվել իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանության հետեւանքներին եւ հակաամերիկյան տրամադրությունների աճին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ