RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1718, Տպվել է` 168, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՒՐ ԿՏԱՆԻ ՄԵԶ 2020-Ը

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հետամանորյա այս օրերին հայ հանրության բացարձակ մեծամասնության մաղթանքը 2020 թվականից մեկն է. թող այն խաղաղության ու աշխատանքի տարի լինի: Առաջինը, հայոց բանակը, զինվորից մինչեւ սպա, միանշանակ երաշխավորում են, մեր խոնարհումը նրանցից յուրաքանչյուրին: Երկրորդը, ըստ համընդհանուր մոտեցման ու գնահատման, երկրի իշխանություններն են, եւ այստեղ առաջնայինը ՀՀ կառավարության անելիքն է, որն ըստ իրենցՙ առավելագույնս արվում է: Օր չի լինի, որ բարձրագույն ղեկավարությունը չհիշեցնի տնտեսական նվաճումների եւ այս ու այնտեղ կազմակերպվող աշխատանքի շուկաներում արձանագրվող ազատ աշխատատեղերի մասին, մեր մարդկանց էլ չհանդիմանի աշխատանքից խուսափելու համար եւ նման բաներ: Որ այստեղ մասամբ ճշմարտություն կա, անժխտելի իրողություն է: Սակայն անհերքելի է նաեւ, որ եթե բարձրագույն այրերի համար դժվար է համակերպվել յուրաքանչյուր ամիս կանոնավոր վճարվող 600-700 հազար դրամ աշխատավարձի ստացման հետ, որն ուղեկցվում է ծառայողական այլեւայլ արտոնություններով ու արտերկրներ գործուղումներով, շարքային քաղաքացին իր տեղում չի պատկերացնում օրը 5-6 հազար դրամի ազդեցությունն ընտանեկան ծախսերի վրա. երիտասարդի ուսման վա՞րձը վճարի, թե՞ տան նվազագույն ջեռուցումն ու հարմարավետությունները լուծի, բժշկական հետազոտությունների՞ գնա, թե՞ արտերկրներից ներմուծված անհայտ ծագման ու որակի էժանագին կաթնա-մսամթերքներից շարունակի օգտվել, ի վերջոՙ վարկ ձեւակերպելով ընտանիքը վերջին 10-ամյակում դարձյալ Ուրեկի վրացական մատչելի հանգստավայր տանի: Այսօրվա հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնության համար գրեթե անհասանելի են առօրյա կյանքի պարզ ու հասարակ այնպիսի դրսեւորումները, որպիսիք են համերգներ այցելելը, գրքեր ու թերթեր գնելը, ամիսը գեթ մեկ անգամ ծաղիկներով տուն մտնելը, չխոսելով ընտանյոք հասարակական սննդի վայր այցելելուց կամ շաբաթ-կիրակին քաղաքից դուրս կազմակերպելուց: Եվ հարցըՙ դեպի ո՞ւր ենք շարժվում, հնչում է բնականաբար:

Այսօրինակ մտորումների ընթացքում մի հետաքրքրական լրատվություն ունկնդրեցի. դանիացի գարեջրագործներն ամանորյա յուրահատուկ նվեր են պատրաստել իրենց արտադրանքի սիրահարներին, թողարկելով ամանորյա խորհրդանիշ դարձած ոչ թունդ այս ալկոհոլային ըմպելիքի 360-րդ տեսակը: Ընդունելով այս խմիչքի նշանակությունը մեր կենցաղում, այսուհանդերձ նշեմ, որ խոսքը բոլորովին էլ այն անվերապահ գերակա նպատակ համարելու մեջ չէ, այլ այն վայելելու, ժամանց կազմակերպելու, ընկերների ու հարազատ մարդկանց հետ շփվելու, այլեւայլ միջոցներով ու միջոցառումներով առօրյան հագեցնելու մեջ, որը մեր զբաղեցրած տարածքն ունեցող հյուսիսային այս երկիրը մոլորակի լավագույն կյանք ու կենցաղ ունեցող պետությունների դասակարգման առաջին եռյակի ցանկում է ընդգրկվում:

Պարզ է, որ խոսքը գարեջրամոլությանը չի վերաբերում, այլ այն տրամադրությանն ու միջավայրին, որը կազմավորվում է երբեմնի կառապանների խմիչք հայտարարվող այս ըմպելիքի շուրջ: Գուցե ոմանք տեղին ու համոզեցուցիչ չհամարեն, սակայն ցանկանում եմ համաշխարհային վիճակագրությությունից հայթայթված մի քանի տեղեկատվություն ներկայացնել: Ոչ մեծ տարածք, ընդամենը 43 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող արդեն հիշատակված Դանիան յուրաքանչյուր տարի 10-12 մլն տոննա հացահատիկ է մշակում, մոտ 2 մլն տոննա հիմնական մսատեսակներ արտադրում, երբ մեր ստեղծածն առաջինի դեպքում հազիվ 2 տոկոսն է, երկրորդի դեպքում մի փոքր ավելինՙ 5 տոկոսը: Մսարտադրությունում գլխավորը խոզաբուծությունն է, 1,5 մլն տոննա, 1 բնակչի հաշվով համաշխարհային առաջատար, մոտ 300 կգ, երբ ՀՀ ցուցանիշը դրա հազիվ 1 տոկոսն է կազմում: Այլ ցուցանիշներով ձեր նախաամանորյա տրամադրությունը չգցեմ:

Լրագրողական հետաքրքրությունս այսքանով սահմանափակեմ եւ ոչ փոքր շրջապատիս մոտ կազմավորված հարցն ուղղեմ ՀՀ բարձրագույն իշխանությանը, որի ներկայացուցիչներն այս պահին իրենց ամանորյա ուղերձներն են պատրաստում ու նկարահանում նախատոնական ժամերին հայ հանրությանը հղելու նպատակով. ե՞րբ հայաստանցին կապրի համեստ կենցաղավարություն ունեցող դանիացու պես. 10, 20, 30, 50 թե՞ 100 տարի անց: Քանզի այսօրվա ձեր արածն ընդամենը հայաստանցու աշխատանքից խուսափելու չափաբաժինը Աստծո յուրաքանչյուր օր հիշելն է, յուրօրինակ աշխատանք, որը մարդկությունը սիզիփոսյան է որակել: Ընդհանրական գնահատականների ու ձեւակերպումների շնորհիվ շրջանցելով կառավարչական ապարատի անգործությունը, պետության միջոցներով պահվող համակարգաստեղծ հաստատությունների անզորությունը, տնտեսվարական ու տնտեսագիտական մտքի բացակայությունը, կառավարում որակվող այլ գործընթացների խեղաթյուրումը, իրոք ունենք վիճակ, երբ գյուղաբնակի արածն անարդյունավետ է, փոքր ու միջին գործարարությունը չի կայանում, հայի ստեղծել-արարելու ցանկությունը չի ամբողջանում, Հայաստանն իրեն նվազագույնս սնել-պահպանել չի կարողանում: Արդեն հիշատակված Դանիայում, էապես սակավ ծնունդների պայմաններում անցած տարիների ընթացքում բնակչությունը 5 մլն-ից 6 մլն-ի է հասել, մեր 3,7 մլն-ը 2,9 մլն-ի է իջել:

Եվ հարցըՙ ո՞ւր կտանի մեզ 2020-ը, բնականաբար անհանգստությամբ է հնչում:

Այսուհանդերձՙ շնորհավոր բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը. Աստված հայությանը պահապան:

08.01.2020 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ