RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2392, Տպվել է` 170, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ, ՄԵՐ ՏՈՒՆԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տարիներ առաջ Հայիթիում մեծ երկրաշարժ եղավ, մարդկային հսկայական կորուստ արձանագրվեց, տեղի բնակչությունը ծանր ողբերգություն ապրեց: Հիշում եմՙ մեր խմբագիրն այդ օրերին առաջարկեց անդրադարձ անել Կարիբյան ծովի այս կղզու բնակչությանը պատուհասած արհավիրքին. վատ էր զգում, ասացՙ մեր ոչ մի թերթ չարձագանքեց, լավ չէ օտարի ցավին այսպես անտարբեր լինելը. հիշեցինք 1988-ի դեկտեմբերի 7-ը եւ աշխարհի մարդասիրական վերաբերմունքը մեր հանդեպ, աջակցությունը...

Մեր մոլորակի մի մասնիկը հրդեհվում է, մոլորակը մեր տունն է, մենք նրա մի մասն ենք, ու աղետը ամենքինս է: Ավստրալիան, որ մեզանից թվում էր այդքան հեռու, հիմա այնքան է մոտեցել, որ կրակը կողքիդ է թվում, զգալիՙ մաշկիդ վրա: Անասելի տխուր է, անասելի ցավոտ, մոխրացած միլիոնավոր հեկտար անտառներ, մարդկային զոհեր, վիրավորներ, անտուններ... «Դժոխքը երկրի վրա», այսպիսի վերտառությամբ հոդվածներ եղանՙ սոսկալի հրդեհների ճարակ դարձած միլիարդի հասնող կենդանիների լուսանկարներով, ասես կրակն իր մեջ առած երկնքի ու օվկիանոսի տեսարաններով: Դժոխք մի աշխարհամասում, որը հայտնի է բուսական ու կենդանական աշխարհի հարստությամբ ու բազմազանությամբ եւ նաեւ հոգատարությամբ դրանց նկատմամբ - անհաղորդ մետաղի կտոր պիտի լինել, չազդվելու այս արհավիրքից:

...Ամանորի տրամադրությունները մեկ օր էլ չտեւեցինՙ առեւտրային քաշքշուկից հոգնած մարդիկ քաղաքի կենտրոնում ուրախություն որոնելու էին դուրս եկել, նայում ես դեմքերին, ժպիտ չկա, շատ գովաբանված քաղաքի զարդարանքները արդարացված չեն, ճաշակի բացակայություն կա, Հրապարակն ու Հյուսիսայինը երկու տարի առաջ շատ ավելի տոնական ու տրամադրող էին ու հետաքրքրականՙ չնայած դրամի ավելի նվազ ծախսին: Ավստրալիայում տոնի նախօրեին քաղաքները զուգող ծախսերի դեմ բողոքներ եղանՙ այդ գումարներն ուղղելու դեռ հոկտեմբերից սկսած աղետը կանխելուն, սակայն չնայած անտառային հսկայածավալ հրդեհներին, իշխանությունները չհրաժարվեցին Սիդնեյի ամանորյա նշանավոր հրավառությունից, իսկ հրդեհները ավելի ահագնացան հետտոնական շրջանում, որոնց սովոր տեղի բնակիչները հիմա արդեն դրանց աննախադեպ ծավալներից խուճապահար, շփոթված են:

Մարդն ու բնությունը, եւ կրակը նրանց միջեւ, ու չգիտեսՙ բաժանե՞ց, թե՞ միացրեց նրանց: Բնությունը վաղուց մեզ զգուշացնող նշաններ է ուղարկում, ահազանգեր. ականջալուր մարդիկ ու խմբերը արթուն են այդ ձայներին, մի բութ մաս շարունակում է անհոգի ավարը, մի զգալի հատված անտարբերՙ անհաղորդ մետաղի պես, ասես իրենք դրա մի մասը չեն, ասես այս մարմինը հողին չի վերադառնալու, որից ծառեր են... նաեւ աճում: Այնպես է կտրվել, հեռացել իրեն սնուցող աղբյուրից, ինքնահավան, ինքնագոհ, որ թվում էՙ մնացած շերտերն աշխարհիՙ հանքանյութեր, բույս ու կենդանի, ստեղծված են միմիայն ի բարեկեցություն իրեն, որից միայն օգուտ, շահ են անում: Ու զարմանում ես, երբ ասում ենՙ կենդանիներ են էլի, ասում եսՙ տարբերությունը ո՞րն է, գլոբալ աղետ է: Նորվեգիայում, օրինակ, հունվարին այս երկրի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել:

Զարմանում ես, որ կարելի է այսպիսի վերնագիր ձեւակերպելՙ «Ավստրալիայում հրդեհների հետեւանքով ավելի քան մեկ միլիարդ կենդանի է սատկել»: Հայերենում բառի պակաս կա՞... Կարեկցանքի դեֆիցի՞դ է, զգայնության բթացու՞մ: Բայց ինչպե՞ս, ո՞նց չփլվես կրակի մեջ նետված մարդու անասելի ճիգերով փրկված, վիրավոր գլուխը կնոջը սեղմած կենգուրուի տխուր, շնորհակալ հայացքից, մարդու ոտքերին փարվող փոքրիկ կոալայի օգնություն հայցող շարժումից, ահավոր ցավից խտացած նրանց մղկտոցներից, շփոթահար, աղերսող, մարդկայնացված հայացքներից:

Մարդու ու կենդանու այսպիսի աննախադեպ մերձեցումը աղետի պահին հուշող խորհուրդ գուցե ունի... Գուցե թե լռեն բալիստիկ, ամենամոդեռն ու գերհզոր մահաբեր հրթիռների ձայները, ու լսելի սկսի դառնալ իրանցի պատանու թվիթերյան սրտառուչ գրառումը. «Թրամփը 73 տարեկան է, Խամենեինՙ 83: Նրանք չեն պատրաստվում սպանվել պատերազմում: Բայցՙ հիմնականում երիտասարդ զինվորներ աղքատ ընտանիքներից»... երբ ամերիկյան զինվորի լուսանկարի խոնավ հայացքի մակագրությունը կարելի լինի կարդալ ըստ էության, թե ինչեր է այդ հայացքը տեսել, ինչ է թողել ետեում, երբ մարդը խոնարհված զգա իրեն իր նման յուրաքանչյուրի, Աստծո ստեղծած ամեն արարածի առաջ:

Եվ որովհետեւՙ Սերգեյ Փարաջանովի ասածի պեսՙ «Հրաշք գոյություն չունի, գոյություն ունի միայն սեր»: Ցավոք, հետզհետե վերացող...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ