RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 7115, Տպվել է` 194, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՕՐԵԻՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո տարածաշրջանում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, ինչը օր-օրի ավելի լարվելու միտում ունի: Իրանի հրթիռային հարձակումը Իրաքում գտնվող ավիաբազաների վրա դրա վառ ապացույցն է:

Վերլուծելու համար ստեղծված իրավիճակըՙ տարածաշրջանի եւ ՀՀ-ի անվտանգության տեսանկյունից, պահանջվում է մանրակրկիտ ուսումնասիրություն, ինչը ՀՀ-ում գոնե վերջին տարիներին ինստիտուցիոնալ մակարդակով չի կատարվում: Առաջին հերթինՙ որովհետեւ այդ ինստիտուտները փակվել են, եւ երկրորդՙ որովհետեւ պետությունը նմանատիպ պահանջ դեռեւս գործող ինստիտուտների առաջ երբեք չի դրել:

Հայտնի «թավշյա հեղափոխությունից» հետո, նոր իշխանությունները, որպես իրենց նոր հեղափոխական առաջին քայլ, հարկ համարեցին փակել ՀՀ-ում գործող պետական ֆինանսավորման բոլոր ուղեղային կենտրոնները, որոնցից ամենախոշորը Նորավանք հիմնադրամն էր: Փակվեց նախագահին կից գործող Տեղեկատվական վերլուծական կենտրոնը եւ նույնիսկ պետական այն վերլուծական ինստիտուտները, որոնք չէին ֆինանսավորվում բյուջեից:

Հայաստանի զանգվածային ուղեղազրկման ֆոնին ստեղծվեց ինչ-որ Օրբելի կենտրոն, որը, ինչպես վարչապետ Փաշինյանը կասեր, «տնայնագործ գեոպոլիտիկների» մակարդակի աշխատանք է կատարում: Սակայն պարզ է, որ գերակտիվ ու ագրեսիվ տարածաշրջանում գտնվող պետության համար, որը, մեղմ ասած, խնդիրներ ունի իր երկու անմիջական հարեւանների հետ, զբաղվել ուղեղային կենտրոնի փակմամբՙ անպատասխանատու եւ անհեռատես գործելաոճ է:

Բարեբախտաբար մենք դեռ ԽՍՀՄ-ի տարիներից ժառանգություն ենք ստացել Արեւելագիտության լավագույն գիտական դպրոցներից մեկը, որը կենտրոնացված է ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտում: Սակայն նույնիսկ այդ գիտական կառույցը տարածաշրջանի աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական, աշխարհատնտեսական, անվտանգային կամ էներգետիկ հիմնախնդիրների ուսումնասիրության պետական պատվերներ չի ստանում:

Չնայած այդ ամենին, Արեւելագիտության ինստիտուտը պարբերաբար կատարում է համապատասխան հետազոտությունները եւ հրապարակում դրանք, սակայն պետական պատվերների առկայության դեպքում միայն հնարավոր կլինի այն կատարել ուղղորդվածՙ համապատասխան հարցերին պատասխանելու համար:

Ինչեւէ, կարելի է հստակեցնել, որ վերջին մեկուկես տարում բավականին թուլացել է տարածաշրջանային հետազոտություններով զբաղվող մեր համապատասխան կառույցների ներուժը, իսկ նրանք, որոնք դեռ կան, չեն ստանում պատվերներ պետությունից, որը պետք է պարբերաբար նման ուսումնասիրությունների պատվերներ իջեցներ: Տարածաշրջանային հետազոտությունների համակարգային ուսումնասիրությունների պայմաններում այդ աշխատանքը կատարում են, այսպես կոչված «տնայնագործ գեոպոլիտիկները», որոնք շատ դեպքերում ավելի գրագետ են կատարում այդ աշխատանքը, քան պետական ինչ-որ անհայտ «ինստիտուտներ»:

Ինչեւէ, իրավիճակը տարածաշրջանում սրվել է եւ շարունակական սրման միտում ունի, ու սա տեղի է ունենում Իրան-ԱՄՆ, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սրման ֆոնին: Նույն այդ ժամանակ Թուրքիան փորձում է օգտվել այս իրավիճակից եւ ամրացել իր դիրքերըՙ օգտվելով ստեղծված խառնակ իրավիճակից, եւ ինչպես ասում ենՙ կրակից շագանակներ հանել ուրիշի ձեռքերով:

Սոլեյմանիի սպանությունը «պատահականորեն» համընկավ մի շարք գործընթացների հետ, մասնավորապես Սիրիայում ահաբեկիչների վերջին հենարանիՙ Իդլիբի շուրջ ռազմական գործողությունների սրման, Թուրքիայի կողմից Լիբիա զորքերի ուղարկման եւ Կ.Պոլսում ռուս-թուրքական գազամուղի շահագործման հետ: Այս գործընթացներում ներգրավված են տարածաշրջանի մյուս պետություները եւս, մասնավորապես Իսրայելը, որը փորձում է այսպիսով թուլացնել Իրանի դիրքերը Սիրիայում եւ թույլ չտալ Ասադի իշխանության վերականգնմանը ամբողջ Սիրիայի տարածքի նկատմամբ:

Իրավիճակը իսկապես գերբարդ է, եւ նմանատիպ գործընթացները մի քանի ուղղություններով, մասնավորապես տերությունների շահերի բախման տեսանկյունից, այսինքն աշխարհաքաղաքականության իմաստով, խճճված են: Հետեւաբար ռազմավարական, ռազմական, տնտեսական, էներգետիկ, էթնոկրոնական բաղկացուցիչների ուղղությամբ պարբերական ուսումնասիրության խիստ կարիք կա: Իսկ նմանատիպ ուսումնասիրություններ նույնիսկ մեկ ինստիտուտ ի վիճակի չէ կատարելու, այն պետք է իրականացվի մի շարք գիտահետազոտական կենտրոնների եւ ուղեղային հաստատությունների համատեղ ուսումնասիրության արդյունքում:

Միանգամից ասեմ, որ նմանատիպ լայնամասշտաբ հետազոտություններ, առավել եւս պետպատվերի շրջանակներում, Հայաստանում վաղուց արդեն չեն իրականացվում: Հետեւաբար մեր շուրջը կատարվող գործընթացների մենք լուռ ականատեսն ենք ընդամենը ու նույնիսկ խորությամբ չենք կարող պատասխանել այն հարցին, թե այն ինչպես կազդի մեր քաղաքական ու ռազմական շահերի վրա:

Չմոռանանք, որ խոսքը վերաբերում է մեր անմիջական հարեւան Իրանին, որի հետ մենք ընդհանուր առմամբ ունենք մոտ 140 կմ սահման (Արցախի հետ), եւ այդ պետության շուրջ զարգացումները պետք է շարունակաբար լինեն մեր ուսումնասիրությունների տիրույթում: Իրանը մեր համար ռազմավարական նշանակության պետություն է, հետեւաբար բարիդրացիական հարաբերությունները մեր հազարամյա հարեւանի հետ ունի ռազմավարական նշանակություն ՀՀ-ի ու Արցախի համար:

Այդ հարաբերություններով է նաեւ, որ մենք մասամբ կարողանում ենք չեզոքացնել ադրբեջանա-թուրքական ռազմական ալյանսը տարածաշրջանում ու լրացնել մեր ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ: Հասկանալի է, որ մեր շահերից չի բխում Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրումը, մանավանդ որ դրանից կարող են օգտվել մեզ թշնամի պետություններ Ադրբեջանն ու Թուրքիան:

Ի դեպ «Թուրքական հոսք» գազամուղի պաշտոնական բացումը ազդարարում է, որ Ռուսաստանը ուժեղացնում է իր դիրքերը Եվրոպայի գազի շուկայում, միաժամանակ հնարավորություն տալով պաշտոնական Անկարային դառնալու տարածաշրջանային գազի տարանցման խաչմերուկ: Այս գործընթացին ԱՄՆ կարող էր խոչընդոտել միայն իրավիճակը տարածաշրջանում սրելու գնով, ինչին եւ ուղղված էր նաեւ գեներալ Սոլեյմանիի սպանությունը:

Ինչեւէ, իրավիճակը տարածաշրջանում սրված է, քան երբեւէ. ԱՄՆ-ը սպանում է իրանցի գեներալի, իսկ վերջիններս ի պատասխան հրթիռահարում են ամերիկյան ռազմաբազաները Իրաքում: Իրաքը իր հերթին պահանջում է ամերիկյան զորքերի դուրս բերումը իր տարածքից, իսկ այդ ֆոնին սրվում են ռազմական գործողությունները Սիրիայում եւ շահագործման է հանձնվում «Թուրքական հոսք» գազամուղը:

Ինչպիսին պետք է լինեն մեր քայլերը, ով կարող է գնահատել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում եւ առավել եւս դրա հետեւանքները: Տնայնագործական «կանխատեսումները», այս պայմաներում ոչ միայն ծիծաղելի են, այլեւ վտանգավոր, քանի որ առկա ռիսկերի զարգացման դինամիկայի սխալ հաշվարկը կարող է ծանր նստել ՀՀ-ի ու Արցախի վրա:

Մենք սխալվելու իրավունք չունենք, կեղծ չեզոքությունը կարող է վատ ծառայություն մատուցել մեզՙ սրել հարաբերությունները մեր երրորդ հարեւանի հետՙ հանգեցնելով սահմանի փակմանը, ինչը բխում է միայն մեր թշնամիներիՙ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից: Եկեք չմոռանանք, որ մենք Արցախյան հիմնախնդիր ունենք, որ թե՛ մեր անվտանգության եւ թե՛ մեր տարածաշրջանային առավելության գլխավոր պայմանն է, եւ մեր այդ առավելության չեզոքացումը Ադրբեջան-Թուրքիա դաշինքի գլխավոր նպատակն է. ներկա սրումը նրանք ցանկանում են օգտագործել հենց այս ուղղությամբ, իսկ մենք նոր 2020 թ սկսում ենք ազգովին պառակտված, սեւ ու սպիտակների բաժանված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ