RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)

«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ». ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

(«Ազգի» հայտը համանուն մրցանակաբաշխությանը)

Շատերիս հիշողության մեջ դեռ թարմ է Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում այս տարի Գյումրիում մեծ շուքով անցկացված «Մեր ժամանակի հերոսը» անդրանիկ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում երկրի բարձրագույն ղեկավարության կողմից մրցանակների արժանացան Հայաստանի հասարակ քաղաքացիներՙ ամենատարբեր զբաղմունքի տեր մարդիկ, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը, եւ այդ մարդիկ պետք է օրինակ լինեն մյուսների համար։

Այդ միջոցառումը Հայաստանի ու հայ ժողովրդի մասին է, որով հարգանքի տուրք է մատուցվում մեր ժողովրդի տոկունությանը, իմասնությանն ու տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու կարողությանը։

Մեր ժամանակի հերոսներն այն մարդիկ են, ովքեր ունեն աշխատելու ու նախաձեռնելու խիզախություն, ովքեր չեն վախենում դժվարություններից, իրենք են կերտում իրենց ճակատագիրն ու չեն սպասում որեւէ մեկից որեւէ բան ստանալ։

Քանի որ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն այս տարի հռչակվեց ամենամյա, ուստի «Ազգը» միջոցառման ժյուրիի, ինչպես եւ ընթերցողի դատին է ներկայացնում 2020-ի հնարավոր հավակնորդներից մեկինՙ Սարգիս Մելքոնյան : Չզարմանաք, նա ընդամենը 17 տարեկան է, բայց տեսեք, թե ինչպիսի հաջողությունների է հասել բազմակողմանի զարգացած ու շնորհալի այս երիտասարդը, եւ իր կշռադատված քայլերով ու խելացի մտածողությամբ ինչպիսի մարտահրավերներ է նետում իր ապրած ժամանակին ու ապագային:

Առաջ անցնելովՙ ընդամենը մեկ փաստ վկայակոչենք. լինելով դեռեւս դպրոցական եւ դասերին զուգահեռ տարբեր աշխատանքներ կատարելով ու չնչին գումարներ վաստակելովՙ նա նույնպես միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամենամսյա աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարած «մարտահրավեր-չելենջին»ՙ պարտավորվելով Նիկոլ Փաշինյանի նշած գումարից էլ ավելի մասհանում կատարելՙ ամեն ամիս 30 դոլար փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: Եվ սա այն դեպքում, երբ մեծաքանակ փողատերեր դեռեւս լռություն են պահպանում: Ծանոթացեք մեր ժամանակների հերոսի հետ:

Սարգիս Մելքոնյանն ապրում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, սովորում է հայրենի գյուղի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում։ Բարձր առաջադիմությանը զուգահեռՙ աշխատում է Ագարակի Յուրի Գագարինի անվան Արմաթ ինժեներական լաբորատորիայում որպես խմբակավար։

Սարգիսը Հայկական Կարմիր խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի Կամավորների ներգրավման եւ երիտասարդների հետ աշխատանքի պատասխանատուն է. զբաղվում է կամավորների հետ կապված ցանկացած հարցով։ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի անդամ է, www.17.am կայքի թղթակից։ Նախկինում աշխատել է «Ասպարեզ» շաբաթաթերթում եւ bSmart.am Տեղեկատվական տեխնոլոգիաների բլոգում որպես լրագրող։

Հաճախել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Աշտարակի «Բումերանգ» ակումբի համահիմնադիրն է։ Խմբագրական աշխատանքներ է կատարում Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում։ Սարգիսը նաեւ կամավոր է այս տարի Հայաստանում իրականացվող ԼԻՏ Ազդեցիկ խոսքերի մրցույթում (անգլերեն ասմունքի մրցույթ է, եւ նա Մեդիա թիմում է)։

Այս ամենից զատ, տղան հաճախում է նաեւ Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի Արագածոտնի մարզում իրականացվող դասընթացներին

- Դեռ վաղ տարիքից ստեղծագործում եմ,-պատմում է Սարգիսը։ Բարերար Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ 2014-ին տպագրվել է իմ բանաստեղծությունների անդրանիկՙ «Անցողիկ հավերժություն» ժողովածուն։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված «Իմ ֆինանսական պատմվածքը» պատմվածքների մրցույթում, ինչպես նաեւ Պետական գործիչների երիտասարդական դպրոցի կողմից հայտարարված «Մայրիկ, ես չեմ ուշանա․․․» էսսեների մրցույթում զբաղեցրել եմ 1-ին պատվավոր հորիզոնականը։

Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներում փայլուն հանդես գալու համար արժանացել եմ ՀՀ Սփյուռքի նախարարի շնորհակալագրին։ Հայոց լեզվի առարկայական օլիմպիադայում արժանացել եմ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի վկայագրի եւ ՀՀ Արագածոտնի մարզպետի պատվոգրին։ Մասնակցել եմ «Ամենախելացին» հեռուստախաղին։ Ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթում հայտնվել եմ լավագույն տասնյակում։ Իսկ ԼԻՏ Ազդեցիկ խոսքերի մրցույթում զբաղեցրել եմ 2-րդ հորիզոնականը։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ինժեներական մասնագիտացումներում» մրցույթում զբաղեցրել եմ առաջին պատվավոր հորիզոնականը եւ պարգեւատրվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից։

Սիրում եմ երգել։ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի մրցույթ-փառատոնում արժանացել եմ պատվոգրիՙ ռուսական ռազմական երգերի լավ կատարման համար։

Միջին դպրոցն ավարտել եմ գերազանցության վկայականով։ Պատրաստվում եմ ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարան եւ դառնալ մանկավարժ։

Ինչպես ստացվեց, որ սկսեցի աշխատել Արմաթում

2018 թվականը մեզ համար խորհրդանշական տարի էր, քանի որ լրանում էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, հայրենի գյուղիսՙ Ագարակի վերածննդի 10-ամյակը։ Տարեսկզբին մեր նշանավոր հայրենակցիՙ Սանկտ Պետերբուրգում բնակվող ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի մոտ միտք առաջացավ Հայաստանի եւ Երեւանի դրոշներն ուղարկել տիեզերք: Այդ մասին հանրությունն իմացավ թավշյա հեղափոխության օրերին, երբ տիեզերագնացներ Անտոն Շկապլերովի եւ Օլեգ Արտեմեւի լուսանկարները տարածվեցին համացանցումՙ Հայաստանի եւ Երեւանի դրոշներով: Քանի որ 2018-ին լրանում էր նաեւ Ագարակի վերածննդի 10-ամյակը, որոշվեց, որ կարելի է հոկտեմբերի 7-ին Ագարակ հրավիրել ՀՀ վարչապետին եւ հանդիսավոր կերպով դրոշը հանձնել նրան: 195 օր տիեզերքում գտնվելուց հետո դրոշը երկիր իջեցվեց եւ այն ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը բերեց Հայաստան: Մեր բարերար Հրաչյա Պողոսյանը շատ էր ցանկանում, որ եթե ոչ տիեզերագնացության, ապա գոնե նորագույն տեխնոլոգիաների հետ հայրենի գյուղն էլ կապ ունենա, որպեսզի նոր սերունդը անմասն չմնա ժամ առ ժամ զարգացող այդ ոլորտից, եւ կարողանա իր ներդրումն ունենալ համայնքի, եւ ինչու ոչ, աշխարհի զարգացման գործում: Եւ քանի որ հրաշալի առիթ էր ու տիեզերական անակնկալներ պիտի տեղի ունենային այդ օրը, նա որոշեց Ագարակում հիմնել ռոբոտաշինության դասասենյակ: Համագործակցելով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ, Ագարակում հիմնվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան: Այն անվանակոչվեց ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով, իսկ թույլտվությունն էլ տվեց Մոսկվայի Կրեմլ թանգարան-արգելոցի տնօրեն եւ մեծ տիեզերագնացի դուստր Ելենա Գագարինան:

Երբ լաբորատորիան պիտի բացվեր դպրոցում, տնօրինությանն առաջարկվեց թեկնածու առաջադրել լաբորատորիայում դասավանդելու համար։ Քանի որ ամեն շաբաթ մի հետաքրքիր ու ուսուցանող դաս էի կազմակերպում դպրոցի աշակերտների համար եւ բոլորը տեսնում էին, թե ես ինչ խանդավառությամբ էի աշխատում ընկերներիս հետ, հենց ինձ առաջարկեցին դառնալ լաբորատորիայի խմբավար։ Ու քանի որ բազային գիտելիքներ ունեի ՏՏ ոլորոտում, ինչ-որ չափով տիրապետում էի ծրագրավորման լեզվի եւ նաեւ հետաքրքրություններ ու հեռանկարներ ունեի այդ ոլորտում, հաջողությամբ հանձնեցի քննությունը եւ վերապատրաստվելուց հետո սկսեցի ծավալել գործունեությունս «Արմաթ» լաբորատորիայում։

Արմաթում որպես խմբակավար աշխատելը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ինձ համար, որովհետեւ գործ ունեմ երեխաների հետ, ովքեր նուրբ են եւ զգայուն, եւ անհրաժեշտ է ամեն կերպ նրանց ոգեւորել, որպեսզի ավելի լավ սովորեն եւ ավելի լավ արդյունքներ գրանցեն։ Խմբակ հաճախող երեխաներն ինձ ընդունում են որպես ընկերոջ, որովհետեւ ի վերջո իմ եւ նրանց միջեւ տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Դասերն անցնում են ընկերական միջավայրում, ու այն, ինչ սովորում են նրանք, շեղվում է այն մոդելից, որ ուսուցիչը բացատրում է դասն, իսկ աշակերտները լսում են։ Արմաթում երեխաներն իրենք են բացահայտում գիտելիքը։ Երբեմն ես Արմաթ հաճախող երեխաներին սիրում եմ «ուսանողներ» ասել։ Պարսկերենից եթե բառացի թարգմանենք ուսանող բառը, կհնչի «գիտելիք որոնողներ» դա այն է, ինչը մեծապես նկարագրում է իմ խմբակի սաներին։

Արմաթում ունեցած հաջողությունները

Որպես խմբակավար աշխատանքիդ արդյունավետությունը կարելի է գնահատել, երբ սաներդ հաջողության են հասնում, իսկ թիմը քեզ վստահում եւ հույս է դնում քեզ վրա։ 2019 թվականին, երբ մեր խմբակի սաները գտնվում էին տեխնոճամբարում, «Ռոբոտների խելացի քաղաք» մրցույթում իրենց ջոկատը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Նրանք պատրաստել էին ռոբոտ, որը գնում էր ճանապարհով, կանգնում էր խաչմերուկներում, կարողանում էր ինքնուրույն կանգնել կայանատեղիում, աղբ հավաքել եւ դա ինքնակառավարվող ռոբոտ էր։

Երբ այս տարի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն էր տեղի ունենում Հայաստանում, մեր երկիր ժամանած տարբեր պատվիրակություններ Դիջիթեք էքսպոյի ժամանակ շատ էին տպավորվել Արմաթի սաների նորարարական լուծումներով եւ ցանկացել էին իրենց աչքերով տեսնել, թե ինչպես է անցնում այս երեխաների ուսումնական գործընթացը։ Եւ որպես օրինակելի լաբորատորիաՙ պատվիրակություններն այցելել են մեզ։ Հյուրերի թվում էին Աֆղանստանի Նորարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆահիմ Հաշիմին, Եթովպիայի Նորարարության եւ տեխնոլոգիաների նախարար Գեդահուն Մեկուրան, մարոկկոցի քաղաքական գործիչ Աբդելլատիֆ Բելմկադեմը, ինչպես նաեւ պատվիրակություն Բանգլադեշից։ Նրանք բոլորն էլ տպավորվել էին մեր սաների կրթական հաջողություններով եւ գաղափարներով։

Մինչ այդ մեզ այցելել էր նաեւ պատվիրակություն Հնդկաստանից, ովքեր ստորագրել էին հուշագիր, որը նրանց թույլ կտար Հնդկաստանում եւս ունենալ Արմաթ ինժեներական լաբորատորիաներ։ Մի քանի օր առաջ ինձ առաջարկեցին մեկնել Հնդկաստանի ամենազարգացած քաղաքներից մեկը եւ 6 ամիս շարունակ օգնել մեր հնդիկ գործընկերներինՙ վերապատրաստելով նրանց եւ օգնելով դասավանդել Արմաթի մեթոդաբանությանը համապատասխան։ Աշխատանքն ինքնին բարձր վարձատրվող էր, ավելին գործընկերները հոգում էին կեցության եւ ամեն ինչի համար։ Բայց քանի որ դպրոցական էի եւ շուտով պիտի մեկնեի զինվորական ծառայության, հրաժարվեցի առաջարկից։

Բարիք գործիր եւ փնտրիր բարին ամենուրեք

Կամավորությունը անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական եւ այլ հմտությունների զարգացման միջոց, այն նպաստում է բարության սերմանմանը եւ մարդկային կյանքի որակի բարելավմանը։ Դպրոցից ու

Արմաթի աշխատանքից զատ մեծ, անչափ մեծ տեղ եմ հատկացնում կամավորությանը։ Եթե ուզում ես ինքդ քեզ գտնել, եթե ուզում ես ինքդ քեզ բացահայտել, դու պիտի կամավորություն անես։ Դա մի բան է, որն անում ես առանց վճարվելու, որովհետեւ այն, ինչ անում ես, անգին է։ Դու քո ամբողջ էությամբ կարողանում ես նվիրվել գաղափարներին։ Իմ դեպքումՙ մարդասիրության ու Կարմիր խաչի արժեքներին։ Այժմ կամավորությամբ եմ զբաղվում Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղում, ընկերներիս հետ օգնում ենք միայնակ ապրող անժառանգ տարեցներին տնային գործերում, ինչպես նաեւ Կարմիր Խաչի պարենային օգնությունն ենք փոխանցում նրանց ամեն ամիս։ Դա այն է, ինչ մենք անում ենք հանուն ավելի լավ աշխարհ ունենալու, հանուն ավելի լավ երկիր ունենալու։

Ի դեպ, օրեր առաջ հանդիսավոր պայմաններում ստացա ինձ համար շատ պատվաբեր մի մրցանակՙ ճանաչվեցի Հայկական Կարմիր խաչի տարվա ամենաներգրավված կամավոր:

Երբվանից եմ գումար աշխատում եւ ինչի վրա եմ ծախսում աշխատածս

13 տարեկանում որոշեցի «բիզնես դնել»։ Եփված եգիպտացորեն էի վաճառում Երեւան-Գյումրի մայրուղու հարեւանությամբ գտնվող տաղավարներից մեկում։ Մի քանի շաբաթ տեւեց իհարկե, որովհետեւ աշխատանքը սեզոնային էր, սակայն այդ ընթացքում որոշակի փորձ եւ գիտելիք կուտակեցի։ Հետո սկսեցի աշխատել bSmart.am տեղեկատվական տեխնոլոգիաների բլոգում որպես լրագրող։ Ամսական մոտ 30 000 դրամ էի ստանում ու զուգահեռ զարգացնում էի նաեւ լեզվական հմտություններս։ 15-16 տարեկանում ունեցա իմ առաջին «ստվերից դուրս» օրինական աշխատանքը «Ասպարեզ» շաբաթաթերթում։ Գրանցվեցի կուտակային կենսաթոշակային համակարգում ու սկսեցի վճարել եկամտահարկ։ Ուղղակի պատկերացնել է պետք այն ուրախությունը, որը ես ունեի եկամտահարկ վճարելիս։ Միայն այն գիտակցումը, որ պետության ընդհանուր բյուջեում քո շատ-շատ փոքրիկ, բայց ներդրումն ունես, բավարար էր ուրախանալու համար։ 16 տարեկանից գրանցված աշխատող եմ եւ կանոնավոր կերպով հարկ եմ վճարում։

Այս պահին աշխատավարձիս ուղիղ կեսը ծախսում եմ իմ աշխատանքային հիմնական գործիքիՙ համակարգչի վրա։ 15 տոկոսով վճարում եմ ծրագրավորման դասերի վարձը, 20 տոկոսը նվիրաբերում եմ բարեգործությանը, իսկ մնացած 15 տոկոսըՙ տրանսպորտային ծախսեր են։ Դժվար է հավատալ, բայց կարողանում եմ նաեւ գումար խնայել եւ ունեմ առանձնացված 20 դրամանոցների դրամատուփ, որտեղ ներդրում են նաեւ ընկերներսՙ փոքրիկ բարեգործությունների համար։ Աշխատում եմ ամեն օր նաեւ հանգանակել եղբորս դրամատուփում։

Զուգահեռ ազատ գրաֆիկով աշխատանք եմ անում, որից ստացված գումարով հոգում եմ մնացած ծախսերը, երբեմն էլ գումարը չի բավականացնում ու դիմում եմ մտերիմներիս օգնությանը։

Ես նույնպես միացել եմ պարոն Փաշինյանի հայտարարած «մարտահրավեր-չելենջին»

Մենք հայրենիքին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես մեր սեփական տանը։ Երբ մտնում ենք տուն ու տեսնում, որ ինչ-որ բանի կարիք կա, աշխատում ենք, որպեսզի հաջորդ անգամ, երբ կրկին մտնենք տուն, տեսնենք, որ այդ կարիքն այլեւս չկա եւ հաճույք ստանանք։ Նույնն էլ պետությունն է, երբ դուրս ենք գալիս փողոց ու տեսնում, որ, օրինակ, մեր համայնքում ինչ-որ բանի պակասություն կամ ինչ-որ խնդիր կա, մենք մեր ամբողջ ներուժը պետք է ուղղենք այդ խնդրի լուծմանը։ Միայն այդ դեպքում կկարողանանք կառուցել իսկապես հզոր եւ զարգացած երկիր։ Կարծում եմ, հենց այս մտահոգությամբ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ համայն հայությանը կոչ արեց աջակցել հիմնադրամին եւ ամսական մասհանումներ կատարել իրենց եկամուտներից: Վարչապետն առաջարկել էր դա անել ամսական 10 000 դրամ գումարի չափով, բայց ես կարծում եմ, որ հիմնադրամին ամեն ամիս 30 դոլար նվիրաբերելն ամենաքիչն է, որը մեզնից յուրաքանչյուրը կարող է անել, ինչն էլ ես պարտավորվում եմ իրականություն դարձնել:

Ընդհանրապես, երբ մենք նայում ենք զարգացած ենթակառուցվածքներով եւ բարձր կենսամակարդակով երկրներին, ասում ենքՙ ինչո՞ւ Հայաստանը եւս չի կարող այսպիսին լինել։ Մենք պետք է մշտապես ձգտենք ավելիին ավելի շատ գիտելիք ու հմտություն ձեռք բերենք, որ ավելի բարձր եկամուտ ստանանք, ավելի շատ հարկեր մուծենք ու ավելի օգտակար լինենք մեր երկրին, մենք պետք է օգնենք նրան, ով կարիքի մեջ է, պետք է դուրս գանք որպես օգնություն ձուկ նվիրելու տրամաբանությունից, ու իրական եւ արժանապատիվ օգնությունը դիտարկենք ձուկ որսալ սովորեցնելու տրամաբանության մեջ։

Հիմա, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի թափանցիկ եւ հաշվետու է, ու ավելի մեծ է նրա նկատմամբ վստահությունը, մենք կարող ենք միանալ աշխարհի բոլոր հայերով ու նվիրաբերել մեր եկամտի ինչ-որ մասը բոլոր հայերի հիմնադրամին, որը կձեւավորի մի գումար, որն ամենաարդյունավետ կերպով կօգտագործվի բոլոր հայերի կարիքների համար, ենթակառուցվածքների զարգացման եւ մեր երկրի կառուցման համար։

Հայրենասիրությունը հանուն հայրենիքի ապրելու մեջ է, հանուն հայրենիքի ինքնակատարելագործվելու եւ ավելի բանիմաց ու գիտակից քաղաքացի լինելու մեջ է, հայրենիքի ամեն ծառի ու թփի համար դողալու մեջ է։

Ներկայացնում եմ հայրենասիրության մասին իմ պատրաստած տեսանյութի հղումը.

Ովքեր են իմ ընտանիքի անդամները

Դպրոցական շարադրություններում շատ էի սիրում գրել, որ իմ ընտանիքը բաղկացած է 7 հոգուցՙ մայրիկս, հայրիկս, տատիկս, երկու քույրերս, եղբայրս ու ես։ Սակայն հիմա ցավոք ստիպված եմ ասել, որ ես մոտ երկու ամիս առաջՙ հոկտեմբերի 28-ին, կորցրի եղբորսՙ Մելքոնին: Նա այդ օրը Երեւանումՙ Տիգրան Մեծ պողոտայում, փողոցն անցնելիս, վրաերթի ենթարկվեց: Ականատեսների վկայությամբՙ այդ պահին փողոցն ազատ է եղել, մեքենաներ չեն եղել, եղբայրս փորձել է անցնել, բայց հանդիպակաց գծով շատ մեծ արագությամբ ընթացող 17 SS 286 պետհամարանիշով BMW մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել նրան: Դեպքից հետո վարորդը դիմել է փախուստի: Երկու տարի Արցախում պատվով ծառայելուց հետո եղբայրս 3 ամիս էր, ինչ վերադարձել էր բանակից: Տնտեսագիտական համալսարանում էր սովորում, բանակից վերադառնալուց հետո որոշեց ուսումը հեռակա դարձնել, որպեսզի նաեւ աշխատի եւ հոգա իր կարիքները: Աշխատանքի անցավ ռեստորանում: Ամեն ինչ բնականոն հունով էր ընթանում, մինչեւ չարաբաստիկ դեպքը: Եղբորս թաղմանը հազարավոր մարդիկ էին եկել, թե՛ իր ծառայած զորամասից, թե՛ համալսարանից, թե՛ աշխատավայրից... Բոլորը սգում էին նրա մահը, հիացմունքով եւ ափսոսանքով էին խոսում նրա մասին...

Ճակատագրի չար դիպվածն ահա այդպիսի ցավալի անդրադարձ ունեցավ մեր երջանիկ ու խաղաղ ընտանիքի վրա...

Ունեմ խելացի եւ բանիմաց ծնողներ, տատիկ ու քույրիկներ։ Ավագ քույրս սովորում է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում։ Մասնագիտությամբ իրանագետ է։ Սովորում է անվճարՙ շնորհիվ իր գերազանց առաջադիմության եւ նույնիսկ կրթաթոշակ է ստանում։ Կրտսեր քույրս սովորում է 10-րդ դասարանում։ Պատրաստվում է դառնալ բժիշկ, որպեսզի փրկի մարդկային կյանքեր։ Մայրս մանկավարժ է եւ աշխատում է դպրոցում։ Հայրս իրավագետ է։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքի անդամներին ու իմ մոտ ազգականներին, որովհետեւ նրանք այն եզակի մարդիկ են, ովքեր միայն ամենալավն են ցանկանում ինձ ու մտահոգվում են իմ ապագայով եւ առաջընթացով։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ոգեշնչում են ինձ եւ անկեղծորեն ուրախանում իմ ամենափոքրիկ հաջողություններով։

Իմ հետաքրքրություններն ու ժամանցը

Ունեմ շատ հետաքրքրություններ, սիրում եմ երգել, նկարել, լսել երաժշտությունՙ դասականից մինչեւ ռոք։ Հատկապես տարբեր աշխատանքներ կատարելիսՙ շատ եմ սիրում երաժշտություն լսել։ Երբեմն, երբ աշխատում եմ համակարգչով եւ անհրաժեշտ է կենտրոնանալ, միացնում եմ Գեորգի Գյուրջիեւի ստեղծագործություններից, ով համաշխարհային հռչակ ունեցող հայ կոմպոզիտոր է, սակայն, ցավոք, Հայաստանում նրան քչերն են ճանաչում։ Ընդհանրապես, մենք այն ենք, ինչ լսում ենք, ինչ ուտում ենք եւ ինչով կերակրում ենք մեր հոգին։ Ու, սովորաբար, մենք դիմացինին տալիս ենք այն, ինչ ունենք։

Հղումով կարող եք ծանոթանալ Գյուրջիեւի երաժշտությանը.

https://www.youtube.com/watch?v=IgD9NzUR67U

Օրվա մի մասն անցնում է դպրոցում, իսկ դասերից հետոՙ Արմաթում։ Շատ եմ սիրում դպրոցն ու երեխաներին, որովհետեւ նրանց մեջ մեր ապագան եմ տեսնում։ Ինչ կստանան նրանք այսօր, թե գիտելիքի ու հմտությունների ինչ պաշար կունենան, որքան ինքնուրույն կլինեն ու որքան աշխատասեր, հենց սրանցով կպայմանավորվի մեր երկրի ապագան։

Սիրում եմ ֆիլմեր դիտել, շատ եմ սիրում վավերագրական ֆիլմեր եւ մուլտֆիլմեր։

Երեկոները անցնում են ինքնազարգացմամբ եւ ուրիշներին օգնելով։ Ժամանակիս մեծ մասն օգտագործում եմ ինքնակրթության վրա եւ կարծում եմ, որ առանց ինքնակրթության երբեք ոչ ոք արդյունքի չի հասնի։ Ինչքան էլ որ լավագույն մասնագետները փորձեն քեզ հանճար դարձնել ու սովորեցնել, դա նրանց չի հաջողվի, եթե դու ցանկություն եւ պատրաստակամություն չհայտնես այդ ամենն անելու, եթե դու չաշխատես այդ ուղղությամբ, եթե չփորձես ամեն օր կատարելագործել քեզ։ Մեծ սեր ունեմ գրքերի հանդեպ, վաստակածս գումարով փորձում եմ նաեւ գրքեր գնել ու ստեղծել իմ սեփական գրադարանը։ Աշխատում եմ ամսվա ընթացքում գոնե մեկ գիրք կարդալ։

Շատ եմ սիրում նկարել։ Չնայած, որ վերջին տարիներին ավելի շատ լուսանկարում եմ։ Ունեմ նկարահանած մի քանի վավերագրական ֆիլմեր։ Այս հղումներով կարող եք դիտել իմ վավերագրական ֆիլմերից երեքը.

https://www.youtube.com/watch?v=b8yr-Y2d7g0

https://www.youtube.com/watch?v=JxwlqAA_BHE

https://www.youtube.com/watch?v=IDODpVEXC9Y

Ապագայի պլաններ

12-րդ դասարանի շատ աշակերտների պես ես էլ իմ ապագան կամ գոնե առաջիկա տարիները պատկերացնում եմ համալսարանում։ Եթե ինձ մի քանի ամիս առաջ հարցնեին, ես կպատասխանեի, որ ցանկանում եմ ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան, դառնալ ծրագրավորող կամ տվյալագետ ու աշխատել շատ հզոր ու ճանաչված ընկերությունում։ Սակայն մեր կյանքում լինում են պահեր, երբ մենք փոխում ենք մեր որոշումները, որոնք դեռ երեկ անբեկանելի էին թվում։ Եղբորս վաղաժամ կորուստը մեծ վիշտ ու ցավ էր բոլորիս համար։ Ես համոզված եմ, որ եղբայրս կփրկվեր, եթե նա, ով կատարել էր վրաերթը, պատասխանատվության զգացում կամ գոնե խիղճ ունենար եւ ժամանակին օգնություն ցուցաբերեր, ոչ թե փախուստի դիմեր։ Գուցե այս ամենը չլիներ, եթե վարորդին իր ուսուցիչները կամ ծնողները սովորեցնեին, որ անհրաժեշտ է քաջություն ունենալ եւ ժամանակին առերեսվել սեփական արարքների հետ։ Ու քանի դեռ մեզանում մեծանում են պատասխանատվության զգացումից զուրկ ու առանց խղճի մարդիկ, ես հասկացա, որ ավելի ճիշտ կլինի, եթե ես դառնամ մանկավարժ ու փորձեմ հնարավորություն ունենալ դեռ փոքր տարիքից նպաստել երեխաների «առողջ» արժեհամակարգ ունենալուն։ Պատրաստվում եմ ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանՙ շարունակել մորս եւ հորաքույրներիս գործը եւ դառնալ մանկավարժ։ Մեր կրթական համակարգի թերություններից մեկն էլ այն է, որ կին ուսուցիչներն ավելի շատ են, քան տղամարդ ուսուցիչները։

Ապագաս պատկերացնում եմ նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ցանկանում եմ խորացնել գիտելիքներս եւ ունենալ եւս մեկ մասնագիտություն, լինել պահանջված ծրագրավորող։ Այս առումով արդեն քայլեր անում եմ ու ինքնուրույն ծրագրավորման լեզուներ ուսումնասիրելուց զատ հաճախում եմ նաեւ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի Արագածոտնի մարզում կազմակերպվող դասընթացներին։

Հիմա մի նոր ժամանակաշրջան է իմ ու իմ երկրի համար։ Եւ ես շատ լավ եմ գիտակցում, որ ինձնից շատ բան է կախված։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ