RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2977, Տպվել է` 365, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Անցյալ հինգշաբթի, դեկտեմբերի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ամենամյա ասուլիսով: Մասնակցում էին հարյուրավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինչպես անծայրածիր Ռուսաստանի անգամ ամենահեռավոր անկյուններից, այնպես էլ աշխարհի շատ ու շատ մայրաքաղաքներից Մոսկվայում հավատարմագրված ռադիո-հեռուստատեսային ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ: Սովորական աշխատանքային մթնոլորտ էր, Պուտինը ընդգծված քաղաքավարի էր, ուշադիր լսում էր հարցերը ու հարգանքով պատասախանում: Լոնդոնյան BBC-ի թղթակիցը հարցրեց, թե նա ի՞նչ է մտածում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին, որը, ինչպես հայտնի է, քիչ չի պղտորել ռուսների արյունը: - Վարչապետ դարձած Ջոնսոնը այլ մարդ է, մինչեւ վարչապետ ընտրվելըՙ միանգամայն այլ մարդ էր,-պատասխանեց Ռուսաստանի նախագահը, - մենք հակված ենք Ջոնսոնի հետ համագործակցված աշխատելու:

Չորս ժամից ավելի տեւած միջոցառման ժամանակ շոշափվեցին ինչպես զուտ ռուսաստանյան ներքին, այնպես էլ համաշխարհային քաղաքական կլիմայի վրա ուղղակի ազդեցություն թողնող բազմաթիվ այլ հարցեր: Օրինակ, Ալթայի երկրամասից մի երիտասարդ կին-լրագրող Պուտինի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց մոտ ալթայերեն լեզվի միակ միջնակարգ դպրոցը տեւական ժամանակ փակվել է եւ խնդրեց օգնել վերանորոգմանն ու վերաբացմանը: -Ալթայում ապրում է թուրքալեզու ժողովուրդներից ամենահինը,-արձագանքեց Ռուսաստանի նախագահը,- այդ երկրամասի բնիկ ժողովրդի նկատմամբ նման անուշադրությունն անթույլատրելի է...

Դառնալով աշխարհում աճող ռուսատյացությանը, Պուտինը խոստացավ մեկ օր անց Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստից հետո բացվող ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովում հատուկ անդրադառնալ նաեւ այդ հարցին: Եվ պետք է ասելՙ կատարեց այդ խոստումը: Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբերի 20-ին հրավիրված ԱՊՀ գագաթաժողովում, որին ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ի դեպ, նստեցրել էին Իլհամ Ալիեւի կողքին) հանգամանալից խոսեց երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նացիստական Գերմանիայի հետ սիրախաղ սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ մի քանի ուրիշների կողմից վարվող խայտառակ քաղաքականության մասին, հրապարակեց պարտված Գերմանիայից առգրավված փաստաթղթեր, որոնք Արեւմուտքը առ այսօր չի գաղտնազերծել: Հենց Արեւմտյան այդ երկրները վիժեցրին հակագերմանական ճակատ ստեղծելու մասին Խորհրդային Միության դեռեւս 1935-ի առաջարկությունը, նպաստեցին 1938 թվականի սեպտեմբերի 30-ի Մյունխենյան գործարքի կայացմանը, որով մասնատվեց Չեխոսլովակիան: Դրանից ամենաշատն օգտվողներից էր Լեհաստանը, որը հիմա մեղադրում է երբեմնի Խորհրդային Միությանըՙ 1939 թվականի օգոստոսի 23-ին ռուս-գերմանական չհարձակման պայմանագիր կնքելու (այսպես կոչված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը) եւ իբրեւ թե հենց դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը նպաստելու համար:

Պուտինի ասուլիսում խոսք գնաց նաեւ աշխարհում ներկայումս տիրող անկայունության, այստեղ-այնտեղ ծավալվող գունավոր հեղափոխությունների մասին: -Մենք մի անգամ, 1917 թվականի հոկտեմբերին, այդպիսի սխալ արդեն արել ենք,-արձագանքեց Պուտինը,-հիշու՞մ եք կարգախոսըՙ Այս հին աշխարհը կփորենք մենք, Մինչեւ հիմքերը եւ հետո...Կյանքը ցույց տվեց, որ ոչինչ պետք չէր քանդել, կործանելը շատ ավելի հեշտ է, քան նորը կառուցելը...

Սրանով Պուտինը հրապարակավ ցույց տվեց, որ ինքը խիստ բացասաբար է վերաբերում հեղափոխություններին, թեեւ միանգամայն հնարավոր էՙ երբեւէ խանդավառված է եղել 1917-ի Հոկտեմբերով: Վաղ պատանության տարիներին ե՛ս էլ ոգեւորված էի Հոկտեմբերյան հեղափոխությամբ: Միայն հասունանալուց հետո եմ հասկացել, թե դա ի՜նչ սոսկալի աղետ էր երբեմնի ռուսական կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվումՙ հայերիս համար:

Տա Աստվածՙ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իբրեւ թե թավշյա, ոչ բռնի, իբրեւ թե սիրո ու համերաշխության հեղափոխությունը, ինչպես սիրում է կրկնել Հայաստանի վարչապետը, մեր գլխին նոր փորձանք չդառնա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ