RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3517, Տպվել է` 373, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ԱԳՈՒԼԻՍԻ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ԱՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրացավ մեր ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններից մեկիՙ Ագուլիսի եղեռնի 100 տարին: Մեկ դար առաջՙ 1919 թվականի դեկտեմբերի 24-25-ին, օսմանյան զինվորները եւ նրանց միացած ադրբեջանցի զինված խառնամբոխը հիմնահատակ ավերեցին ու հրո ճարակ դարձրին Գողթն-Նախիջեւանի հիասքանչ ոստան, հայ մշակույթի նշանավոր կենտրոն Ագուլիսը:

Օրերս «Լուսիկ Ագուլեցի» թանգարանը եւ «Նախիջեւան» հայրենակցական միությունը մտավորականությանը հրավիրել էին թանգարանՙ ներկա լինելու Ագուլիսի եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկոյին եւ խնկարկելու անմեղ զոհերի հիշատակը:

Երեկոն վարում էր Լուսիկ Ագուլեցու հարսըՙ ասմունքող Գայանե Սամվելյանը :

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Վազգեն եպս. Միրզախանյանի օրհնության խոսքից հետո ելույթ ունեցան պատմաբան-հուշարձանագետ Արգամ Այվազյանը , ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանը , ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր Թովմաս Պողոսյանը , Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը , «Նախիջեւան» հայրենակցական միության վարչության անդամ Խաչիկ Շմավոնյանը , ռեժիսոր Խաչիկ Մարգարյանը : Ելույթ ունեցողներն անդրադարձան Ագուլիսի պատմության էջերին, մշակույթին, պատմաճարտարապետական հուշարձաններին, զարմանահրաշ բարբառին, որոնք հայ մշակույթի եւ պատմության անբաժան մասն են:

Երեկոյի ավարտինՙ Վահան-Գեւորգ սրկ. Գեւորգյանը կիրառական արվեստի իր հավաքածուից արժեքավոր նմուշներ նվիրեց «Լուսիկ Ագուլեցի» թանգարանին, իսկ երգահան-երգիչ Արսեն Համբարյանը , քանի որ միջոցառման օրը զուգադիպում էր Գարեգին Նժդեհիՙ Վլադիմիրի բանտում նահատակության օրվան, հուզիչ եւ տպավորիչ կատարումով ներկայացրեց Սպարապետի հիշատակին գրած իր նոր երգը:

Գողթնի բազմագույն լեռների լանջերին փռված երբեմնի Ագուլիսը 17-րդ դարում ունեցել է 8000 տուն հայ բնակիչ, սալահատակ փողոցներ, երկհարկանի եւ եռահարկ տներ, արական եւ իգական դպրոցներ, գրադարան, գործարաններ եւ արհեստանոցներ, տասներկու վանք ու եկեղեցի: Սուրբ Թովմա Առաքյալի հռչակավոր վանքի որմնանկարների հեղինակը Նաղաշ Հովնաթանն է եղել, իսկ տեղի դպրոցներում դասավանդել են Րաֆֆին եւ Պերճ Պռոշյանը: Վաճառաշահ այս ավանի վաճառականները առեւտրական սերտ կապերի մեջ են եղել Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի բազմաթիվ երկրների հետ:

Ագուլիսը եւ պատմական Գողթն գավառի շրջակա գյուղերը հայությանն ու աշխարհին են տվել արմատներով այս երկրամասից սերված այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանն ու Կոմիտասը, Լուսին Ամարան եւ Զարուհի Դոլուխանյանը, Անրի Թրուայան եւ Ռուբեն Մամուլյանը, Հովնաթանյաններն ու Լազարյանները...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ